Աշխատանքի պատվիրատուն Գեղարքունիքի մարզպետարանն է, ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեի միջոցներից: Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է ՙԻշխանհատակ՚ ՍՊԸ-ն: Շինարարական ընկերության ղեկավար Հենրիկ Հարությունյանը ՙԳեղամա աշխարհին՚ հայտնեց, որ շինվերանորոգման աշխատանքները մեկնարկել են հունիսի վերջերին:
Ըստ պայմանագրի՝ աշխատանքների ավարտը նախատեսվում է նոյեմբերի 1-ին, սակայն կազմակերպությունը պատրաստ է աշխատանքները հանձնել սեպտեմբերի առաջին տասնօրյակում:
Զոլաքարի մշակույթի տան հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 28 միլիոն դրամ, որը բավականացնում է միայն շենքի մասնակի հիմնանորոգմանը: Նախատեսվում է կոսմետիկ վերանորոգում իրականացնել մարզադահլիճում ու գրադարանում: Այս պահին մշակույթի տանը հին պատուհանների մի մասը փոխարինվում են եվրոպատուհաններով, հարդարվում են պատերն ու առաստաղը: Հատակը փոխարինվում է լամինատով եւ կերամոգրանիտով:
Շինարարական աշխատանքներում ընդգրկված է 15 աշխատող:
Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը հավելեց, որ դեռ շատ գումար անհրաժեշտ կլինի մշակույթի տունը լիարժեք հիմնանորոգելու համար: Հին ու կիսանորոգ լինելով հանդերձ, սակայն, մշակույթի տունը բավարար չափով սպասարկում է Զոլաքար համայնքին: Այնտեղ գործում է ընտանեկան անսամբլ, խաղասրահ, ինչպես նաեւ թենիսի ու բիլյարդի սրահներ:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий