Արդեն երկու շաբաթ է, ինչ Ծաղկունքում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Կյանքի է կոչվում ծրագրի առաջին մասը, որն իրականացնում է ՙԲագրատունի՚ արտադրական կոոպերատիվը: Կոոպերատիվի տնօրեն Վահագն Ավետիսյանը հայտնեց, որ այժմ կառուցվում է զտիչ կայան եւ ջրհավաք ավազան: Այն ունի 108 մետր երկարություն, 17 մետր լայնություն եւ 3.7 մետր խորություն: Ջրահավաք ավազանի կառուցման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի առաջին կեսում: Դրանք ավարտելու համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 48 միլիոն դրամ:
Ինչպես հայտնում է Ծաղկունքի համայնքապետ Պետիկ Աղաջանյանը՝ ցանցի կառուցման ծրագիրն ամբողջականացնելու համար անհրաժեշտ կլինի շուրջ 140 միլիոն դրամ: Իսկ պետբյուջեի հատկացումներով հնարավոր կլինի իրականացնել միայն ծրագրի մի մասը: Մնացած մասի համար ներդրումներ կարվեն համայնքի բյուջեից, ֆինանսական աջակցություն կցուցաբերեն նաեւ համայնքի բարերարները: Ծաղկունքի համայնքային միջոցներից տրամադրվել է շուրջ 6 միլիոն դրամ՝ գյուղի հին ջրամբարը վերանորոգելու համար:
Նորակառույց ջրի ցանցը կտարածվի շուրջ 5.5 կիլոմետր տարածքով՝ խմելու շուրջօրյա ջրով ապահովելով Ծաղկունքի ողջ բնակչությանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեղադրել պոլիէթիլենային նոր խողովակաշարեր եւ ապահովել վայրկյանում 8 լիտր թողունակություն:
Ծաղկունքի ջրահամակարգը վերանորոգման չի ենթարկվել շուրջ 40 տարի: Բնակչությունը չի ունեցել մշտական ու կանոնավոր ջուր, եւ հիմնականում օգտագործվել են բակերի ջրհորներն ու սարերից իջնող աղբյուրները:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий