Ակնթարթներ անց պատմության գիրկը կանցնի նաեւ 2011 թվականը, եւ մենք նորովի, նոր հույսերով ու ակնկալիքներով կդիմավորենք հերթական Ամանորը:
Անցնող տարին մեր մարզում նշանավորվեց մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով, որոնք կերտվեցին հայրենի կառավարության եւ ժողովրդի անդուլ աշխատանքի ու ջանքերի արդյունքում: Տարին նշանակալից եղավ հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Կտրուկ աճեցին հացահատիկի արտադրության ծավալները` վերջին տարիներին առաջին անգամ գերազանցելով 125 հազար տոննայի սահմանները: Ներկրված բարձրորակ ցորենի սերմերի ցանքի եւ մշակության արդյունքում ոչ միայն հնարավոր եղավ բարձր բերքատվության ապահովումը, այլ նաեւ` աշնանացանի ցանքատարածությունների կտրուկ ավելացումը, որն այժմ կազմում է 20.300 հեկտար: Ստեղծված են բոլոր նախադրյալները` Գեղարքունիքի մարզը հացահատիկի շտեմարանի վերածելու, բուսաբուծությանը առանձնակի զարկ տալու համար: Մարզի տնտեսություններում արտադրվեց 255.100 տոննա կարտոֆիլ, 57.200 տոննա կաղամբ եւ բանջարբոստանային այլ մշակաբույսեր, 23.500 տոննա պտուղ: Կուտակվեց 425.000 տոննա անասնակեր: Նախորդ տարվա համեմատ նկատելի աճ է արձանագրվել անասնապահական մթերքների արտադրության եւ մեղվաբուծության ճյուղերում: Մարզի գյուղատնտեսության մեջ անգնահատելի էր նաեւ ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի ներդրմամբ ոռոգման համակարգի ընդլայնումը մարզի ինը համայնքներում, ինչպես նաեւ Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայանների կառուցումը:
Զգալի առաջընթաց ապրեց նաեւ մարզի քաղաքաշինության ոլորտը: Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվեց 19 դպրոց, 1 մշակույթի տուն, 1 պետական քոլեջ, շարունակվեց Վաղաշենի միջնակարգ դպրոցի եւ Լիճքի մշակույթի տան կառուցումը: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 1 միլիարդ 135 միլիոն դրամի հաշվին հիմնանորոգվեց 2 դպրոց, 10 մշակույթի տուն, 5 մանկապարտեզ, 4 քաղաքային համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքները, 6 համայնքի ջրամատակարարման համակարգերի ներքին ու արտաքին ցանցեր, 4 համայնքերի գազամատակարարման ներքին ցանցեր: Եվս 1 միլիարդ 135 միլիոն դրամի հատկացմամբ արդեն հաստատվել եւ գործողության մեջ են դրվել կենսական նշանակության նոր ծրագրեր, որոնք կիրականացվեն 50 համայնքներում:
Առաջընթաց է արձանագրվել նաեւ մարզի ճանապարհաշինության ոլորտում: Պետբյուջեի, ՙՀամաշխարհային բանկի՚ եւ ՙԱսիական զարգացման բանկի՚ կողմից ներդրվել է 5 միլիարդ դրամ, ինչի շնորհիվ հիմնանորոգվել է 48.5 կմ երկարության միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհ, մեկ կամուրջ եւ Սեւանա լճի բարձրացման հետեւանքով առաջացած չորս փլվածք:
Տեղական բյուջեների կատարման ուղղությամբ հաջողվեց պահպանել նախորդ տարիների ձեռքբերումները, որով եւ շատ համայնքներում հավաքագրված միջոցների մեծ մասը ուղղվեց սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի իրականացմանը կամ համաֆինանսավորմանը:
Հաջողությամբ մարզում կազմակերպվեց եւ անցկացվեց մարդահամարը, մեծ շուքով նշվեցին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները:
Խորացվեց համագործակցությունը Ֆրանսիայի հանրապետության Իզերի մարզի հետ, ինչի արդյունքում նկատելի ծրագրեր իրականացվեցին տուրիզմի զարգացման, առողջապահության եւ ֆրանսերենի ուսուցման ոլորտներում: Որակական նոր աստիճանի վրա բարձրացան կապերը Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի, կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների հետ:
Հարգելի հայրենակիցներ
Այս եւ այլ հուսադրող ձեռքբերումները մեզ ոչ միայն հիմք, այլ աշխատանքային նոր թափ ու եռանդ են տալիս` եկող տարին հայրենաշեն նոր գործերով նշանավորելու, տարիներով կուտակված հիմնախնդիրներին լուծում տալու, կյանքի որակը էապես բարելավելու համար: Մեր անզիջում պայքարը, մեր նպատակներն ու ձգտումները ուղղված են համայն հայության հայրենիք Հայաստանը հզոր ու բարգավաճ, շեն ու ծաղկուն դարձնելուն, ինչի համար միշտ պետք է ապրել ու ջանալ, ստեղծել ու պաշտպանել: Ուստի հերթական Ամանորն ու Սուրբ Ծնունդը թող ավելի ուժ տան հայոց ոգուն ու բազկին, նորացնեն մեր տունը, մեր աշխարհը, մեր հոգեւոր ու աշխարհիկ անդաստանը, նշանավորվեն խաղաղությամբ ու միջազգային համերաշխությամբ, համահայկական հաղթանակներով: Բոլորիս աշխատանքով ու ձեռքերով թող հուռթի լինի հայոց հողի բերքը, բացվող բոլոր օրերը` արգասաբեր:
Թույլ տվեք հազար ու մի վառ, բարի նպատակներով եւ ջերմ ցանկությամբ շնորհավորել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների նոր տարին ու Սուրբ ծնունդը, մաղթել անսպառ սեր, հավատ ու երջանկություն, անխաթար խաղաղություն, բարություն ու առատություն, անխախտ շենություն ու ընտանեկան ջերմություն, համազգային միաբանություն, լուսապայծառ ժամանակներ:
Բարին ընդ ձեզ:
Մարզպետ Նվեր Պողոսյան
0 comments:
Отправить комментарий