Թեեւ Գեղարքունիքի մարզում դեռ պահպանվում է խստաշունչ եւ ձնառատ ձմեռը, այդուհանդերձ, համայնքներում գյուղացիական տնտեսությունները այս օրերին արդեն նախապատրաստվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղակատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանը, գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գեղարքունիքի մարզպետարանը շուկայականից էժան գներով ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի եւ 2700 տոննա դիզվառելիքի ներկրման հայտ: Այս խիստ անհրաժեշտ ձեռնարկով գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում գյուղացիները հնարավորինս պաշտպանված կլինեն պարատանյութի եւ դիզվառելիքի թանկացումների վտանգից եւ հնարավորություն կունենան գարնանացանի աշխատանքները ժամանակին եւ արդյունավետ ավարտելու համար: Փետրվարի 10-ի դրությամբ` արդեն համայնքներից հավաքվել եւ պայմանագրային պարտավորությունները կատարող ներդրողներին է փոխանցվել 260 միլիոն դրամ պարարտանյութի արժեք՝ ներկայացված 420 միլիոն դրամի փոխարեն եւ 35 միլիոն դրամի դիզվառելիքի արժեք՝ ներկայացված 945 միլիոն դրամի փոխարեն: Մինչեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը մարզում հիմնականում ներկրված կլինեն պարարտանյութի եւ դիզվառելիքի պահանջվող քանակությունները:
0 comments:
Отправить комментарий