Գավառ քաղաքի մանկատան սաներին դեկտեմբերի 16-ին այցելեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հանրաճանաչ ֆուտբոլիստին եւ նրան ուղեկցող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամներին եւ լրագրողներին դիմավորեց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, ում ուղեկցությամբ էլ հյուրերը շրջեցին մանկատանը, ծանոթացան մանկատան սաների կենցաղին, առօրյային, նրանց համար ստեղծված հրաշալի պայմաններին: Այնուհետեւ մանկատան սաները միջոցառումների դահլիճում երգով, պարով, ասմունքով, ֆուտբոլային ցուցադրումներով ու պայծառ տրամադրությամբ ողջունեցին Հենրիխ Մխիթարյանին, Հայաստանի հավաքականի բոլոր խաղացողներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Հանդիսության ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը մանկատան սաներին իր ընտանիքի կողմից հատկացրեց չորս համակարգիչ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից` քաղցրավենիքով լի տոպրակներ, սպիտակ շապիկներ, դպրոցական պայուսակներ, որոնք ստացան Գավառի մանկատան բոլոր 64 սաները: Նրանք ստացան նաեւ ֆուտբոլի գնդակներ:
Պատասխանելով <<Գեղամա աշխարհի>> հարցին` Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ Հայաստանի 2011 թ-ի լավագույն ֆուտբոլիստի կամ «Ոսկե խաղակոշիկ»-ի արժանի նվաճողը ոչ միայն ինքն է, այլ Հայաստանի ֆուտբոլի հավաքական թիմը, որի բոլոր անդամներն էլ հիանալի մրցաշրջան են անցկացրել:
«Մենք դարձել ենք այնպիսի ընտանիք, այնպիսի համերաշխ ու կուռ թիմ, որ պայքար ենք մղում մեր ազգի համար մինչեւ վերջ, եւ արդար է, որ լավագույն ֆուտբոլիստ համարվի այդ թիմը»,- ասաց Մխիթարյանը:
Գավառի մանկատնից Հենրիխը ՀՖՖ անդամների ուղեկցությամբ մեկնեց Մարտունի քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ Մարտունու քաղաքապետարանում, ապա այցելեց Մարտունու ֆուտբոլի դպրոց, ծանոթացավ մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցի ընդանուր վիճակին ու խնդիրներին, զրուցեց պատանի ֆուտբոլիստների հետ: Վերջում հանրաճանաչ ֆուտբոլիստը ՀՖՖ անունից 100-ից ավելի ֆուտբոլի կաշվե գնդակներ նվիրեց Մարտունու մարզադպրոցին:
Խոսրով Խլղաթյան
0 comments:
Отправить комментарий