Գավառի 68-85 տարեկան 17 տարեցների համար ՙՀայկական Կարիտասի՚ Գավառի գրասենյակի կողմից կազմակերպվել էր էքսկուրսիա ճանաչված կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Այստեղ տարեցները ծանոթացան արվեստագետի թանգարանի շուրջ 1400 նմուշներով հավաքածուին:
Տարեցները շատ մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ էին հետեւում թանգարանի ուղեկցորդի ամեն մի մեկնաբանությանն ու ցուցադրությանը: Բարձրաձայնում էին նաեւ իրենց հուզող հարցերը:
Տարեցների էքսկուրսիան կազմակերպվել էր ՙՏնային խնամք միայնակ ծերերին՚ ծրագրի շրջանակներում: Գավառի գրասենյակի համակարգող Անդրանիկ Եղիազարյանը հայտնեց, որ տարեցների էքսկուրսիայի համար պատահական չէր ընտրվել Ս. Փարաջանովի տուն-թանգարանը. այնտեղ ամեն ինչ պարզ է ու հասանելի տարեցներին:
Այնուհետեւ տարեցների հաջորդ կանգառը եղավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այստեղ էլ տարեցները հիացան եկեղեցով, աղոթեցին, մոմ վառեցին ու ներկա գտնվեցին ընթացող պսակադրությանը:
Օրվա ավարտին մեծահասակները շրջեցին կենտրոնական հրապարակում: Տարեցներին ուղեկցում էին ծրագրի երեք կամավորները, բուժաշխատողը:
-Ես վերջին անգամ հանրապետության հրապարակում զբոսնել էի խորհրդային տարիներին, թանգարան այցելելու հնարավորություն երբեւէ չէի ունեցել, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էլ միայն հեռուստացույցով էի տեսել,- իր տպավորություններով ՙԳեղամա աշխարհի՚ հետ կիսվեց շահառու Ժենյա Ղասաբօղլյանը:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий