ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՄԱՅՐԻԿԻՍ...

Սողոմոն Թեհլերյանի ընտանիքը
 Անհունի աղջամուղջի մեջ հիշատակդ իսկ թառամելու, առհավետ կորելու գաղափարից զարհուրած` փնտրեցի քեզ, մա՛յր իմ…
 Թափառեցի երկրեերկիր, անապատից անապատ: Անցա մեր տարաբախտ ու ավերակույտի վերածված հայրենիքի քաղաքներն ու գյուղերը, սարերն ու ձորերը…
 Զուր եղան իմ բոլոր որոնումները… Ամեն կողմից ամայության զարհուրելի համայնապատկերն էր  ներկայանում իմ աչքերում: Չկար այլեւս այն կյանքը, եռուզեռը, դաշտերի հմայիչ երեւույթը, առվակների կարկաչյունը, թռչունների ուրախ, զվարթ ճռվողյունը…
 Բոլո՛րը, բոլո՛րը չքացել էին արյունոտ բորենու գազանային բնազդին բավարարություն տալու հետեւանքով:
 Բուերի թագավորությունն էր տիրապետողը հայրենիքում…
  Ամայությու՛ն, ամայությու՛ն…
 Եփրատը անհանգիստ ու գժտված էր ձեր խոշտանգած դիակներով իր անսկիզբ ժամանակների ընթացքը խանգարելու պատճառով… Բողոքի ու ըմբոստության մռնչյունները լսվում էր միայն իր կոհակներից: Նա էլ էր ողբում իր անցյալը:
 Վճիտ ու հստակ ջրերը ներկված էին հայ մայրերի, երեխաների ու ծերերի անմեղ արյունով... Իր հոգին եւս վրդովված էր՝ հայ ցեղի ահռելի ողբերգության կենդանի վկան ու ականատեսը լինելու համար...

 Հեռավոր ու անծանոթ անապատները անողոք ու լուռ էին: Կարծես հագեցած լինեին իրենց հրկիզված ավազների վրա ցրված ոսկորներից...
 Դառնորեն ողբացի ի տես մարդկային պատմության մեջ տեղի ունեցած արհավիրքներից այս ամենազարհուրելիից: Տատանումներ ունեցա՝ մինչեւ հուսահատության անփառունակ ոլորտները տանող, բայց կսկիծը, ողբերգության ահավոր տեսարանները ցնցեցին իմ հոգին, ուժ ու կորով ներշնչեցին ինձ՝ ապրելու, կյանքը շարունակելու մարմաջը պարտադրելով: Թերեւս նրա համար, որ առիթ ունենամ քո հանդեպ, մա՛յր իմ, եւ քեզ հետ բյուրավոր հայ մայրերի, որոնք խաչվեցին հայ գողգոթայի վրա, իմ՝ հայ զավակի՝ տարրական պարտականությունս կատարելու... որեւէ ձեւով հավերժացնելու հիշատակը թափված արյան գետերի...
 Դու, մայր իմ, որ կյանք տվիր ինձ, արտասվաթոր աչքերով համբուրեցիր ինձ՝ դառն զգացումով լցված, թե այլեւս պիտի չտեսնվեինք. իրավունք ունեիր: Քո հառաչանքը նույնպես ճիշտ էր եւ արդարացի՝ ՙհազիվ մեծացրի, թեւ առ ու թռիր, հեռացիր ինձանից՚: Այո՜, հեռացա: Այլեւս քեզ հավիտյանս չտեսնելու պայմանով, բայց քո տված կաթը, քո ունեցած մայրական անսահման գուրգուրանքը այնպիսի խոր արմատներ էին գցել իմ  հոգու խորքերում, որ մոռանալ այդ բոլորը, անտարբեր մնալ, մանավանդ քո եղերական վախճանից հետո, չէր կարելի...
 Այսօր, խորհդրապաշտ հավատացյալի նման, ուզեցի ՙԱնծանոթ մոր անհայտ գերեզման՚ կառուցել հոգուս մեջ ու երկյուղածորեն երկրպագել այդ կոթողի առաջ, որպես հնամենի բագին...
 Ուզեցի իմ հեթանոս աղոթքի խորհուրդները, միացրած խնկի ու կնդրուկի բուրումնավետ ծխին, ցրել ու հասցնել անհունի առեղծվածային բարձունքներին, որպես իմ սրտագին պաշտամունքը քո անմոռանալի հիշատակին, մա՛յր իմ,  ինչպես նաեւ հազար-հազար ողջակիզվածներին, որոնք նահատակվեցին մեր ցեղի ազատագրության պայքարի համար ու անէացան առհավետ՝ առանց հողակույտի, առանց շիրիմի...
Սողոմոն Թեհլերյան            

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More