ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՖԻԴԱՅԻՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ ՙՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԸ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ՚ ԳՐՔՈՒՄ


(սկիզբը՝ նախորդ համարներում)
Սերոբի զորեղ թիկունքից հեռացել է ամենազորեղ զինվորը: Ու թե ինչ է դա նստել հայդուկապետի վրա, արդեն բարձրաձայնում է պատմությունը: Գեղաշենցի Ավեն ծխախոտի միջոցով թունավորում է Սերոբին, իսկ մատնությամբ վրա հասած թուրքերն ու քրդերը Գելիգուզանում պաշարում են Սերոբի ընտանիքն ու զինվորներին: Սպանվում են Սերոբի երկու եղբայրները՝ Մխոն ու Զաքարը եւ որդին՝ Հակոբը: Վիրավոր վիճակում գերվում է քաջարի Սոսեն: Բշարե Խալիլը կտրում է Սերոբի գլուխը: Եվ մեր կյանքի դաժան, դժվար, բայց հերոսական իրականությունը այսպես է առասպելաբանում Ռուբենը ՙԼեռնականները նոր կը սկսին հասկընալ, թե ինչ կը կատարվի, երբ Ալայ բեկ արդեն կը հեռանա Կելիկիւզանի սահմաններեն, իր հետ տանելով Սերոբ փաշայի գեղեցիկ գլուխը, որ ահ ու սարսափ էր կառավարութեան համար եւ պաշտամունքի առարկա՝ Տարոնի հայութեան համար: Ահա այսպես անփառունակ մեռաւ Սոխորդի, Նեմրութի եւ Բաբշենի առասպելական հերոսը՝ երեւի հաստատելու համար ժողովրդական այն իմաստութիւնը, որը կըսե ՙՄի՜ անցնիր նամարդի կամուրջիցը, թող հեղեղը քեզ տանի, մի՜ պառկիր աղվեսի շվաքումը, թող ասլանը քեզ ուտի՚:
Սերոբը ոչ միայն Տարոն աշխարհի հայության, այլ Գեւորգ Չաուշի պաշտամունքն էր: Եղբայրասպանության արահետն անցած Գեւորգի հոգում սկիզբ է առնում Սերոբի հանդեպ պաշտամունքի եւ ատելության կռիվը: Հաղթում է ատելությունը: Սակայն Գեւորգը, իր մեջ հարազատ հորեղբորը գնդակահար անելու ուժ գտնող Գեւորգը, ձեռք չի բարձրացնում կամ իր մեջ ուժ չի գտնում՝ ձեռք բարձրացնելու Սերոբի վրա: Տարոնի բոլոր հայերի պես Գեւորգն էլ անվերապահորեն Սերոբին համարում է հայ ազգի գլխավորը, նրան նույնացնում ազգի, հայրենի հող ու ջրի պաշտամունքի հետ:
Անձնական այս մեկ ցավից դեռ չազատված՝ Գեւորգ Չաուշը գլորվում է ցավի շատ ավելի խորը անդունդը: Նրա սրտում հանկարծ բողբոջում է վաղուց, շատ վաղուց մոռացված սերը: Այդ բողբոջը Գեւորգը կարող է կտրել իր ձեռքով: Բայց նրա կոշտ ձեռքն ու կոշտ սիրտը ջրում, ծիլ են տալիս սիրո այդ բողբոջին: Որքան էլ Գեւորգի եւ Եղսոյի սիրային կապին դեմ են եղել Սպաղանաց Մակարն ու մյուս ֆիդայիները, որքան էլ այդ կապն անմիաբանություն, անհամաձայնություն է առաջացրել Գեւորգի զինվորների մոտ, այդուհանդերձ, ֆիդայապետը հանձնել է իրեն սիրո մռայլ ու փոթորկոտ ճակատագրին: Գեւորգն ու Եղսոն սիրել են իրար դեռատի տարիքում: Սակայն Գեւորգը մկրտվել է հեղափոխական ու հայդուկ, պսակվել զենքի հետ: Օրենքը օրենք է բոլոր ֆիդայիների, այդ թվում՝ Գեւորգի համար: Նրան արգելված են այլեւս սեր ու ամուսնություն, եւ Եղսոն ստիպված է ամուսնանալ մեկ ուրիշի հետ: Եղսոյի ամուսնու անունը Պըճուկ է: Եղսոյին նրա հետ ամուսնացրել են բռնի: Բայց Գեւորգն ու Եղսոն չեն կարողացել մոռանալ իրար ծանր ժամանակների թոհուբոհի մեջ: Նրանց գաղտնի հանդիպումները, ինչպես վկայում է Ռուբենը, բամբասանքների առիթ են տվել ֆիդայիների ու ժողովրդի մեջ: Խստապահանջ Հրայր Դժոխքը փայտի հարվածներով պատժում է Եղսոյին, իսկ Գեւորգին աքսորում Վան: Ապա Գեւորգի համար վրա են հասնում ավելի անհաղթահարելի, տառապանքներով լի պահեր: Սասունի 1904 թվականի ապստամբության պարտությունից հետո Գեւորգ Չաուշի ուսերին էր դրված ֆիդայապետությունը: Հենց նա էլ պարտավոր էր ապահովել ֆիդայական խստաբարո ավանդույթները: Առվարինջի անհաջող կռվից հետո, երբ սպանվում են տասի չափ քաջարի ֆիդայիներ եւ 130 անմեղ առվարինջցի հայեր, Գեւորգն ավելի ու ավելի է մխրճվում հուսահատության, մելամաղձության, անորոշության գիրկը: Եվ այս ծանր ապրումների ծովը հանկարծ փոթորկում է Գեւորգի հին, մոռացված սերը© ՙԱյդ հոգեկան վիճակի մեջ Եղսոն կերեւնա Հեղինի կողմերեն: Փախչելով իր ամուսինին տունեն, եկեր էր Մշո դաշտը, իր քեռիին՝ Ս. Յովհաննու վանքի վանահայր Մկրտիչ Վարդապետի մոտ: Եղսոն կը յայտնե իր քեռիին, որ խիստ վարդապետ մըն էր, թե թողած էր Պըճուկը, եւ փախած անկեն, թե ինքը կը սիրեր Գեւորգ Չաուշը եւ կը փափաքեր մեկ քանի խոսք փոխանակել անոր հետ եւ հանգիստ սրտով մեռնիլ: Ի զուր վարդապետը կը սպառնա, որ իր ծամերը կը կտրե, եւ արար աշխարհի առջեւ խայտառակ կընե ու շանսատակ՝ իբրեւ կերակուր շուներու եւ ագռավներու: Յուսահատ նամակ մը կը գրե՝ այդ խայտառակութիւնը, յայտնելով Գեւորգ Չաուշին եւ խորհուրդ կը հարցնե: Գեւորգը իր սրտին վիշտը թաքցուած՝ կը պատասխանե©-Արեք, ինչ կուզեք, ինծի ինչու՞ կը հարցնեք, ես պսակված եմ հրացանի հետ...
Մի քանի անպաճույճ տողերի ու պարզ բառերի խորքերում Ռուբենը դրել է սիրո հույզերի մի սքանչելի աշխարհ՝ մարդկային ապրումների ու ձգտումների անկրկնելի պատառիկներ հյուսելով հայ հերոս ֆիդայու եւ նրա սիրած կնոջ առասպելական ու հավերժական սիրո մասին: Քա՛նի-քա՛նի ոսոխի շղթա է ճեղքել Գեւորգ Չաուշը, քան՛ի-քա՛նի թուրք ու քուրդ է հրացանազարկ արել ու ահաբեկել նա: Բայց հիմա ծնկի է եկել սիրո անհաղթահարելի ուժի առաջ: Եվ որքան էլ զարմանալի է, նա անզոր է թաքցնել զինվորներից իր ապրումներն ու արցունքները, իր մարդկային հոգու թուլությունը: ՙՅետոյ, չկրնալով այլեւս պահել ինքզինք սառնասիրտ ֆետայիի նման՝ կը քաշվի ծառերուն տակ, եւ Ստեփան վարդապետի ու իր մտերիմ Գալեի ներկայութեան կու լա երեխայի նման՚: Ցավի ու սիրո արցունքների միջից էլ Գեւորգը տալիս է իր վճիռը՝ Ան թող մեռնի Ս. Յովհաննու վանքի մեջ, իր քեռիին ձեռքով, զիս ալ թաղեցեք Ս. Կարապետի մեջ, ձեր ձեռքով...
Եվ Գալեն ու Փեթարա Մանուկը գնում են դեպի վանք՝ ի կատար ածելու ֆիդայապետի դաժան վճիռը:
Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More