ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 20 декабря 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ


(սկիզբը՝ նախորդ համարներում)
 Այդ հավատի վառ օրինակը Ռուբենը խտացրել է Բիթլիսցի Մուշեղի կերպարում: Այս ազգային ու հեղափոխական գործիչը, ով մասնակից է եղել նաեւ Բակ Օտոմանի գրավմանը եւ մի շարք այլ խիզախ ձեռնարկների, կալանավորվել է թուրքական իշխանությունների կողմից եւ դատապարտվել 101 տարվա բանտարկության եւ կախաղանի: Սակայն ամենադաժան պատիժներն ու տառապանքներն անգամ, պարզվում է, անզոր են եղել հայոց մարտիկի ու հեղափոխականի անսասան կամքի առաջ: Հեղափոխականի ու մարտիկի առաջին ծանրակշիռ քայլերն արած երիտասարդի ուղարկած նվերներին ու նամակին ի պատասխան` Բիթլիսցի Մուշեղը մի գիր է գրում բանտից, որ ընթերցվում ու հնչում է սրբազան պատգամի նման, տիրական խոսքի ու աղոթքի պես: Մեկ հարյուրամյակ հեռվից էլ Բիթլիսցի Մուշեղի` Ռուբենին նվիրված նամակը չի կորցրել իր հնչեղությունն ու արդիականությունը, իր կարեւորությունն ու անհրաժեշտությունը, իր արժեքն ու իմաստը: Ահա այն ամբողջությամբ` կարճ, բայց բովանդակալից: ՙԾո, Ինտիլինկինտօ, դուն այնպիսի բաներ ես ճամբած, որ բնավ ինծի վայել չէ, այլ վայել է ուրիշներուն: Չե՞ս հասկնար, որ ամեն օր կրնան գալ եւ զիս կախել: Չե՞ս գիտեր, որ մենք ժամանակի համար ոջիլ մրցակցության կը հանենք: Ապրեշում գուլպա, վարտիք ու շապիկ որու՞ն ժառանգություն պիտի մնա: Կը վախնամ փարա պոլ եք գտած, առած, ճամբած եք: Թե որ այդպես է, նորեն ետ կը ճամբեմ, ծախեցեք եւ  դրամը իր տեղը դրեք: Իսկ եթե քու անձնական հաշվեն է, իմ աչքին վրա:
Գալով գրած նամակիդ` ավանդություն մը պատմեմ, որ ճիշդ եղած բան է: Սուրբ Հակոբ մը ունեինք, որուն վանքը մնացած էր Մասիսի տակը: Ան ամեն օր կը փորձեր Մասիսի գագաթը ելլել ու Նոյին տապանը տեսնել եւ լույսի եւ ազատության սահմանը գտնել: Ամեն օր որ կը բարձրանար քանի մը քայլ, նույնքան ալ լեռնեն խիճն ու ավազը զայն ցած կիջեցնեին: Ամբողջ կյանքը ան փորձեց եւ տեղեն առաջ չկրցավ երթալ եւ այդպես ալ մեռավ: Գիտե՞ս ինչու չկրցավ գագաթը բարձրանալ: Ս. Հակոբ իր վրա հավատ չուներ, թեեւ ան Աստծուն կը հավատար: Ամեն անգամին, երբ ան վերեւ կը բարձրանար, կը լսեր դեւերու ձայնը, քամին ու ձյունը: Կասկած կընկներ իր հոգու մեջ, եւ ան կը մտածեր. ՙԱյս անգամին տեսնենք` պիտի կարողանա՞մ ելլել, թե պիտի չկարողանամ՚: Ատոր համար իր ոտքերը կը ծալվեին, եւ ան քարերուն հետ կիջներ իր եղած տեղը: Մեկ խոսքով` Ս. Հակոբ եւս ինտիլինկինտօ էր՚:
Ինտիլինկինտո բառի իմաստը հեղինակը մեկնաբանում է որպես արհամարական մակդիր` հանդեպ բոլոր մտավորական, հարուստ եւ բարեկեցիկ խավերից ազատագրական պայքարի բովում հայտնվածների: Բայց Մուշեղի պատասխանը, որքան էլ տարօրինակ, ավելի է ամրապնդում Հավատը: Ռուբենն իր գրքում ամենատարբեր առիթներով չի մոռանում նկարագրել նաեւ շարժման մեջ թափանցած եւ Մուշեղի ասած ինտիլինկինտոներին, սակայն չի շրջանցում նաեւ իր ապրած մանկության, պատանության հուզաթաթախ պատմությունը: Նա վաղ է կորցնում իր հորը` 5 տարեկան հասակում: Որբ են մնում  6 փոքրիկներ, որոնց խնամքն ընկնում է ավագ եղբոր` 16-ամյա Հարությունի ուսերին: Հօդս են ցնդում հոր մահից հետո Հարությունի երազները` գնալ Եվրոպա, ուսում ստանալ, մեծ, անվանի մարդ դառնալ: Այդ անում են նրան տարեկից շատ ընկերներ, այդ թվում` Համո Օհանջանյանը, բյաց Հարությունը փայլում է մեկ այլ ճակատում` ընտանիքի բաեկեցությունն ապահովելու, որբացած քույր-եղբայրներին տնավորելու գործում: Տան հայրությունն իր ուսերին առած Հարությունը դառնում է մեծ փողատեր, ձեռք բերում հզոր կարողություն ու անուն, կրթության տալիս ու տնավորում իր քույր-եղբայրներին, սակայն ոչ մի ուժով ու հնարքով չի կարողանում հետ պահել ուխտյալ իր եղբորը` Ռուբենին, ով կամավոր նետվել էր դաժան պայքարի արհավիրքների մեջ: Հինգ տարի շարունակ Վանում եւ Տարոնում գործող ու մարտնչող Ռուբենից տանը չեն ստանում ոչ մի լուր, ոչ մի նամակ: Նրան համարել են մեռած, նույնիսկ հոգեհացի արարողություն կազմակերպել նրա հիշատակին, կարծելով, որ այդ ճանապարհով գնացողները սովորաբար չեն վերադարձել: Բայց հրաշք է պատահել, ու դժոխքի կրակներից վերադարձել է հերոսացած,  փառք ու փաշայի անուն կռած Ռուբենը` երջանկության ալիք սփռելով կարոտից մաշվող իր ընտանիքում: Թիֆլիսի կայարանում իր կորած եղբորը դիմավորելու եկած Հարությունի երջանկությունն ասես աստղերին է հասնում. ՙԵրջանիկ էր Հարություն աղբարը, այնքան երջանիկ, որ տխուր մարդոց վրա կը զարմանար, այնքան երջանիկ, որ դրամին հաշիվը չէր ըներ: Մեր պայուսկաները շալկողին արծաթ մը նետեց եւ ծիծաղելով ըսավ` մնացածը քեզի պահե, ու միասին ուրախացավ: Գավաթ մը օղի կոնծեց, արծաթ դրամ մը նետեց եւ ՙմնացածը քեզի պահե՚ ըսավ եւ միասին ուրախացավ: Հարություն աղբար երջանիկ էր եւ կուզեր, որ ամենքն ալ երջանիկ ըլլան՚:
Ընտանիքի գիրկը վերադարձած ֆիդայապետն ու հռչակ ձեռք բերած մարտիկը, ապահով կարծելով արեւմտահայության վիճակը Հուրիաթից հետո, որոշում է ուղեւորվել արտասահման` ուսումը շարունակելու: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ է գալիս; Ընտանիքի ջերմությունը վայելող Ռուբենը հեղափոխական գործիչ Սարգսից մի կարճ գիր է ստանում, որը հնչում է գույժի նման ու կրկին պայքարի կանչում արդեն փորձությունների միջով անցած մարդուն. ՙՎտանգն այնքա~ն մոտիկ է, այնքա~ն սաստիկ է, որ կը սպառնա սրբել ու տանիլ լավին ու վատին: Եթե թանկ է անցեալդ, թանկ ենք մենք եւ ժողովուրդը, այդ պարագային անմիջապես մեկնիր...՚: Նամակի հեղինակը մի գործիչ է, որ փորձում է օսմանյան հեղափոխության բարեշրջման ուղիով ապահովել հայության շահերը: Նրանից գիր ու հրավեր ստացող Ռուբենը մի գործիչ է, ով փորձում է հայության շահերն ապահովել ազատագրության ճանապարհով:Առյուծածին ֆիդայիների մեջ ստանալով իր բացառիկ մկրտությունը` Ռուբենը կարողանում է սթափ գնահատել նաեւ պահի լրջությունը: Մերժել Սարգսի հրավերը` նշանակում է մերժել նաեւ հեղափոխականի ու մարտիկի անցած ճանապարհը, դառնալ շնչավոր դիակ, Բիթլիսցի Մուշեղի ասած Ինտիլինկինտոն: Ընդունել հրավերը` նշանակում է դառնալ էշի նահատակ խաղաղ պայմաններում:
Երկընտրանքը կծկում-չարչրկում է զենքը ցած դրած, հույսերով ու նոր երազներով բոցավառված Ռուբենին: Եվ այստեղ օգնության է հասնում մայրը` Մայր Հայաստանի պես սիրով ու վճռական: Այս դրվագում մոր եւ որդու երկխոսությունը հայրենիքի եւ նրան սիրահար զավակի սրտաբաց, բայց ալեկոծ երկխոսություն է, նվիրման կանչ, մաքառման կոչ, ոգեղեն զրույց, մայրական ջերմության մեջ կռած-կոփված հերոսություն: Այսպիսի սրտառուչ, հոգեբուխ պատկեր մեր գրականության, անգամ համաշխարհային գրականության էջերում դժվար է փնտրելը, պատկեր, որ որքան ապրեցնող, հուզող, այնքան էլ ոգեշնչող է մնում: Մայրական ցավի ու սիրո օվկիանը, հանդարտ կամ ալեծուփ, միշտ մեծ է, անեզերք, անկշռելի: ՙԿես գիշեր անց էր, երբ մայրս մոմ մը ձեռքին, ճերմակ գիշերանոցով, մոտեցավ անկողինս: Զգույշ էին քայլերը գորգի վրա: Երբ լույսը ինկավ աչքերուս, մայրս տեսավ, որ ես քնացած չեմ:
Մընիկ ջան, Մընիկ, դեռ քնացած չե՞ս: Իմ քունը չէր տանի, եկա տեսնելու, թե վրադ բացված չէ՞:
Ու նստավ անկողնիս ծայրը:
-Ցուրտ է, կը մրսիմ, -ըսավ ան եւ մտավ անկողինս:
Սեղմեց զիս իր կուրծքին եւ լավ մը համբուրեց: Ու ես զգացի, որ փոքրիկ տղա մըն էի անոր ծոցին մեջ, երբ գլուխս դրած անոր ծունկերուն կը ննջեի, երբ ան մատները մազերուս մեջ խրած` կը շոյեր զիս քունս բերելու համար: Մայրս չէր կրնար արցունքներս տեսնել, մոմը հանգած էր, բայց գիտցավ, որ ես կու լայի:
-Մընիկ, ըսե տեսնեմ, ի՞նչ է քու դարդը...՚
/շարունակելի/
Էջը` Խոսրով  Խլղաթյանի 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More