ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 18 сентября 2011 г.

ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՏԻԿԻՆԸ


Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղական ինքնակառավարումը միշտ ունեցել է տնավարի եւ տոհմատիրական կառավարման ձեւ, թեեւ մենք ապրում ենք 21-րդ դարի ժողովրդավարական Հայաստանում: Այլ բառերով հնարավոր չէ որակել Ազատի ՏԻՄ գործունեությունը, քանի որ առաջին իսկ հայացքով գյուղի կացությունն ու վիճակը դիտելն իսկ բավական է հասկանալու, որ այստեղով կործանող ու քանդող ձեռքեր են միայն անցել: Իսկ մեր ասածը հաստատելու համար բավական է ընթերցել Գեղարքունիքի մարզպետի այս տարվա թիվ 5-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացված վարչական հսկողության ուսումնասիրության տեղականքը Ազատ համայնքի ավագանու եւ գյուղապետի գործունեության մասին: Ուսումնասիրություններն ընդգրկել են իրավական ակտերի ընդունման, համայնքային ծառայության, սոցիալ-տնտեսական կառուցվածքի, գործավարության, ֆինանսական, հողաշինության եւ հողօգտագործման ոլորտները: Չկա համայնքի ղեկավարի եւ ավագանու գործունեության մի ոլորտ, ուր հնարավոր լինի թեկուզ մեկ տողով դրական տեղաշարժ կամ ձեռքբերում գտնել: Փոխարենը կարելի է անվերջանալի հատորներով խախտումներ, բացթողումներ ու թերություններ գտնել բոլոր ոլորտներում: Ավելի ճիշտ՝ կարելի է ոչինչ չգտնել, քանի որ այստեղով դեռ չի անցել տեղական ինքնակառավաման շունչը, օդն այստեղ լցված է մի որիշ նյութով կամ անհայտ զանգվածով: 


 Հիմա խոսենք փաստերով:  2009-2010 թվականների ընթացքում այստեղ գումարվել են ավագանու նիստեր, կայացվել ավագանու ու համայնքի ղեկավարի որոշումներ, արձակվել համայնքի ղեկավարի կարգադրություններ, որոնց հիմնական մասը չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին եւ  համարվում են ուժը կորցրած: Ազատ համայնքի ավագանին ընտրվել է 2010թ. փետրվարին, սակայն այսօրվա դրությամբ դեռ չի հաստատել նորընտիր ավագանու կանոնակարգը, համայնքի զարգացման 2009-2012 թվականների քառամյա ծրագիրը: Համայնքի 2008, 2009, 2010 թվականների բյուջեները որպես նորմատիվ իրավական ակտեր չեն ներկայացվել լիազոր պետական մարմնի իրավական փորձաքննությանը եւ չեն ստացել պետական գրանցումներ: Համայնքի ղեկավարի կողմից հաստատված չեն նաեւ աշխատակազմի կանոնադրությունը, ավագանու եւ համայնքի ղեկավարի կողմից ՝ քաղաքացիների ընդունելության կարգը, համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին  կանոնները, գործավարության կարգը:
  Վիճակը ոչնչով մխիթարական չէ սոցիալ-տնտեսական բնագավառում: Թե քանի տուն է քանդվել Ազատում եւ քանի տնտեսություն է հեռացել Ազատ գյուղից՝ այլ տեղերում տուն ու բախտ գտնելու հույսով, դա հարցի ընդամենը մեկ կողմն է, իսկ հարցի մյուս կողմն այն է, որ այստեղ ընդհանրապես չի իրականացվել կենսական նշանակության որեւէ ծրագիր, չի նորոգվել որեւէ ճանապարհահատված, համայնքը գազաֆիկացված չէ, չունի մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, մարզամշակութային օբյեկտներ, հասարակական սննդի, առեւտրի եւ սպասարկման կետեր, ֆերմերային տնտեսություններ: Գյուղապետարանը չունի սեփական վարչական շենք: Իսկ զավեշտալին այն է, որ գյուղապետարանում չի պահպանվել ՀՀ կառավարության 1997 թվականի թիվ 51 որոշմամբ համայնքին հատկացված սեփականության ցանկը, չի վարվում նաեւ հիմնական միջոցների գիրքը: 
 Խմելու ջուրը չի բավարարում համայնքին: Ազատը չունի նաեւ վերգետնյա ոռոգման ցանց: Անառարկելի է, որ այստեղ չեն կատարվել օրենսդրորեն եւ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմնի համար սահմանված պարտադիր լիազորությունները: Սակայն առավել զավեշտալին համայնքի ղեկավարի գործունեությունն է ֆինանսական բնագավառում: Ազատում տարիներ շարունակ թերակատարվել են սեփական եկամուտների հավաքագրումները, ինչի պատճառով այստեղ կուտակվել են աշխատավարձի հոդվածով հսկայական պարտքեր, որոնք 2011թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 5 միլիոն 800 հազար դրամ: Հաշվապահական հաշվառումն այստեղ տարվել է օրենքի կոպիտ խախտումներով, կամայականորեն եւ սխալներով: Տեղեկանքում արձանագրվել է, որ ընթացիկ տարվա աշխատավարձի եւ սոցվճարի հաշվարկային գումարները բյուջեում ճիշտ չեն արտացոլվում: Խնդիրն այն է, որ ավագանու կողմից հաստատվել է 5 դրույքային միավոր, որտեղ հունվարից ապրիլ ամիսներին հաշվարկվել է ամսական 335 հազար դրամ աշխատավարձ, իսկ մայիս-դեկտեմբեր ամիսներին՝  260 հազար դրամ աշխատավարձ, որը 2009 թվականի հաշվարկով կազմում է 3 միլիոն 580 հազար դրամ, այն դեպքում, երբ ծախսային մասում աշխատավարձի պլանային գումարը ցույց է տրված 3 միլիոն 3100 դրամ: Սոցվճարի հոդվածով հաշվարկային գումարը ցույց է տրված 2 մլն. 402 հազար դրամ, որը կազմում է ցույց տրված աշխատավարձի 80 տոկոսը, այն դեպքում, երբ իրականում  հաշվարկված 3 մլն. 580 հզ. դրամ աշխատավարձի համար օրենքով հաշվարկվում է 909 հազար 800 դրամ սոցվճար: Բացի այդ, աշխատավարձի կանխիկ գումարների ստացման ցուցակներում ընթացիկ տարվա եւ նախորդ տարիների պարտքերի դիմաց վճարումները իրարից տարանջատված չեն: Վճարման ցուցակներից ոչ մեկը լրիվ ամսվա վճարում չէ, այլ կանխավճարային կամ ավանսային վճարումներ են, սակայն որպես այդպիսիք չեն հաշվառված: Ցուցակներից չի երեւում, թե դրանք որ տարվա, որ ամիսների համար են վճարված, ընթացիկ տարվա վճարումնե՞ր են, թե նախորդ տարիների պարտքեր: Չկան նախորդ տարիների ամփոփ պարտքերի ցուցակներ, ուստի եւ հնարավոր չէ ճշգրտել պարտքերի արժանահավատությունը: Փաստորեն համայնքում սահմանված կարգով հաշվապահական հաշվառում չի իրականացվել, չի կիրառվել սկզբնական փաստաթղթերի տվյալների հավաքագրման, գրանցման եւ ընդհանրացման համակարգը, չի տարվել կատարված գործառայությունների համընդհանուր եւ անընդհատ փաստաթղթային գործառույթը, չեն բացվել հաշվապահական հաշիվներ, չեն կազմվել շրջանառության տեղեկագրեր, հաշվառումը չի վարվել կրկնակի գրանցման եղանակով, չի վարվել գլխավոր գիրք, սկզբնական տվյալները չեն ընդհանրացվել եւ չեն գրանցվել այդ չեղած գրքում: Աշխատավարձի հաշվառման համար չեն պահանջվել տաբելներ, գրանցված չեն աշխատողներին հաշվարկված եւ փաստացի վճարված գումարները, ըստ ֆիզիկական անձանց ձեւակերպված չեն աշխատավարձերի պարտքերը, վճարումները չեն ստացել համապատասխան գրանցումներ: Մարզպետարան չեն ներկայացվել համայնքի բյուջեների կատարողականների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններ: 
 Վիճակը ոչ մի բանով մխիթարական չէ նաեւ հողաշինարարության եւ հողօգտագործման բնագավառներում: Համայնքային նշանակության 381.5 հա վարելահողերից կադաստրային պետական գրանցում ունի  261.75 հեկտարը, որը կազմում է համայնքային վարելահողերի 68.6 տոկոսը: 13.32 հեկտար խոտհարքների օգտագործման համար չկան վարձակալական պայմանագրեր: Հողատեսքի վարձակալության մրցույթի անցկացման համար հայտարարություններ չեն տրվել, որով խախտվել են ՀՀ ՙՀողային օրենսգրքի՚ պահանջները: 
 Այստեղ արդեն ոչ թե պետք է վերջակետ, այլ մեկնակետ դնել՝ բացահայտելու այն ամբողջ գաղտնիքը կամ իրականությունը, որի տակ թաքնված է խնդիրների ընդհանուր կծիկը: Հողն այս գյուղի արտադրության գլխավոր միջոցն է, որը հազարամյակներ շարունակ պահել ու կերակրել է սերունդներ: 
 Հայի շունչը հրաշքով կրկին վերագտած գյուղը, սակայն, չկարողացավ ձերբազատվել հազարամյակներ տեւած  ավատատիրությունից: Ադրբեջանցիների կույր վրիժառությունից հազիվ մազապուրծ, տուն-տեղ  կորցրած հայերն Ազատում կարծես թե Հայրենիք գտան, ուր, սակայն, նրանց շատ բանով ժամանակի ընթացքում հիասթափեցրին նորելուկ կալվածատերերը: Հիմնականում հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվող թյուրքալեզու բնակչությանը փոխարինած հայերը չհասցրին ամբողջությամբ տիրապետել արտադրության հիմնական միջոցներին զանազան պատճառներով եւ գլխավորապես գյուղատնտեսությանը մոտ կանգնած չլինելու պատճառով: Փոխարենը հողին տիրապետեցին տեղացիները՝ արմատավորելով եւ խորացնելով ավատատիրությունը անկախության եւ ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի Հանրապետությունում: Եվ այս նախադեպը միայն Ազատում չէր: Ավատատիրությունը նաեւ հողի հետ մեկտեղ գրավեց տեղական իշխանությունը՝ գյուղը վերածելով սովորական կալվածքի եւ նրան թելադրելով ոչ այնքան մեր երկրի օրենքը, որքան՝ իր անսահմանափակ կամքը եւ բութ ու իշխանատենչ մտածելակերպը, որից ազատվելու համար դեռ հարկավոր է էլի ճանապարհ անցնել: 
Հիմա խոսենք թվերի լեզվով: Ազատ գյուղն ունի 464.37 հեկտար վարելահող, 13.32 հեկտար խոտհարք, 279 հեկտար արոտ, 36.95 հեկտար այլ հողատեսքեր, 20.71 հեկտար տնամերձ: Գյուղում այժմ ապրում է 54 տնտեսություն, բնակչության ընդհանուր թիվը կազմում է 178 շունչ: Ավելորդ չէ հիշեցնել, որ ժամանակին այստեղ բնավորվել է մոտ 105 փախստական հայ ընտանիք, որոնց մեծ մասը աստիճանաբար լքեց գյուղը, իսկ նրանց զբաղեցրած բնակարաններից մնացին միայն ավերակույտեր: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս պարզ վիճակագրության ծալքերում ուրվագծվում է այն իրողությունը, թե գյուղի բնակիչները տիրապետում են ընդարձակ հողատարածքների եւ նրա վրա ծավալած եկամտաբեր արտադրության: Սակայն խորքում մի այլ իրողություն է, քանի որ այստեղի ընդարձակ հողատարածքները մշակում եւ տիրապետում են ընդամենը մի քանի ընտանիք՝ զրկելով գյուղի մարդկանց հարազատ հողի վրա ապրելու, վաստակ, եկամուտ ու բարեկեցություն ստեղծելու հնարավորությունից: Բացառությամբ տնամերձ հողամասերի՝ այստեղ ձեռքերի վրա կարելի է հաշվել ազատցի այն ընտանիքներին, ովքեր գյուղում հող վարձակալելու, մշակելու կամ տիրապետելու հնարավորություն  ունեն: Ավատատիրությունն այստեղ ժամանակին արմատավորել է Վարդենիս քաղաքի բնակիչ Վահան Մելիքյանը: Հոգու մեղք է մահկանացուն կնքած մարդու մասին խոսելը վատ իմաստով, բայց վատ գործի ոչ միայն հուշը, այլ նաեւ հետեւանքները ծածկել-ծրարելն է անհնար: Իր կառավարման տեւական ժամանակի ընթացքում  նախկին գյուղապետ Վահան Մելիքյանը գործադրել է ամեն ջանք՝ Ազատի հողերը կամ ունեցած հարստությունը լիովին իրենով անելու համար՝ գումարած՝ իշխանության տեղական մարմինը: Ավատատիրությանը գումարվել է նաեւ տոհմատիրությունը, ինչի արդյունքում եւ արագ զարգացող մերօրյա աշխարհում անգամ, մեր երկրում գործող իշխանության ընտրական համակարգում անգամ, Վահան Մելիքյանին կարողացավ փոխարինել նրա կինը՝ Կարինե Մելիքյանը: Ազատի եւ նրա բնակչության  համար կորավ եւս չորս անպտուղ տարի, քանի որ բնակչությունից հավաքագրված տեղական բյուջեի սեփական միջոցները միայն ու միայն ծախսվեցին գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձերը եւ նախկին պարտքերը փակելու վրա: Իսկ ինչպե՞ս են գոյացել ապառքները, ովքե՞ր են անբարեխիղճ հողօգտագործողները, որ չեն վճարել հողի հարկերն ու վարձավճարները, որի պատճառով գյուղապետն ու աշխատակազմի անդամները տարիներով զրկվել են աշխատավարձ ստանալու իրավունքից, գյուղում գոնե մեկ սոցիալ-տնտեսական ծրագիր իրականացնելու հնարավորությունից: Չե՞ք զարամանա, եթե ասեմ, որ դրանք հենց նույն մարդիկ են, նույն հողատերերը, նույն Մելիքյանները, որոնց ստեղծած տեղական ինքնակառավարման սեփական մոդելը վեր է ամեն երեւակայությունից: Ազատի բնակիչներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը, սրտի ցավով նկարագրեց Ազատի գլխով անցած վերջին տասնամյակների ընդհանուր պատկերը. <<Հենց գալիս էր նոյեմբերը, Մելիքյանները կողպում էին գյուղապետարանի դուռն ու իջնում Վարդենիս: Աչքից հեռու գյուղում ո՞վ կիմանար, որ այն մեկ էլ կարող է բացվել ամառնամուտին: Նրանց ե՞րբ է հետաքրքրել գյուղի մարդկանց ճակատագիրը...>>
 Միակ բանը, որով Ազատը տարբերվում է սովորական յայլաղատեղից, որոնց թիվը մեր մարզում անցնում է մի քանի տասնյակը, դա դպրոցի գոյությունն է, ուր այժմ սովորում են ընդամենը 16 աշակերտ եւ աշխատում ինը մանկավարժ: Մի անկյուն էլ կա Ազատում, որ նորոգ տեսք ունի՝ գյուղի բուժկետը՝ նորոգված զարգացման ծրագրերից մեկով եւ մարզի ղեկավարության միջամտությամբ: Սակայն, ով զարմանք, այս դեպքում էլ գյուղի բուժքրոջ պարտականությունները <<համատեղությամբ>> կատարում էր, գիտե՞ք թե ով, նույն Կարինե Մելիքյանը: Ուրիշ ինչի՞ մասին կարող է խոսք լինել...
 Վերջաբանի փոխարեն - Այս օգոստոսին Ազատում կայացած  համայնքի ղեկավարի ընտրություններում Կարինե Մելիքյանը չառաջադրեց իր թեկնածությունը՝ տեղը զիջելով իր դստեր ամուսնուն կամ գյուղապետի տեղակալ Վահագն Ստեփանյանին: Սակայն այս անգամ կատարվեց հրաշքը,  ու տոհմապետերը դուրս մնացին իշխանական համակարգից՝ տեղը զիջելով նորընտիր գյուղապետին՝ Սիմոն Սահակյանին, ով, ինչպես համագյուղացիներն են հաստատում, թեեւ նույնպես Մելիքյանների մյուս դստեր ամուսինն է, սակայն Կարինե Մելիքյանի յուրայինը չէ  ու, որպես Ազատում մշտապես բնակվող, փորձելու է բեկել Ազատում տիրող վիճակը, տեր կանգնել մարդկանց հոգսերին, նրանց համար աշխատելու, վաստակելու եւ շենանանալու, բարեկեցության հասնելու հնարավորություն ստեղծել: Կապրենք, կտեսնենք:
Կարող է նաեւ ոմանց մոտ հարց ծագել. արդյո՞ք ուշացած կամ իմաստազրկված չէ այս հրապարակումը, երբ արդեն Կարինե Մելիքյանը վայր է դրել իր լիազորությունները: Մեր դիտարկմամբ ու համոզմամբ, սակայն, այն, գուցե թեկուզ փոքր-ինչ ուշացած, տեղին ու հնչեղությունը չկորցնող հրապարակում է միշտ, քանի դեռ Ազատի օրինակով Տեղական ինքնակառավարման ՙնավեր՚ են վարվում նաեւ մի շարք համայնքներում, քանի դեռ այդ տեղերում էլ ձեռք ձեռքի տված են իշխում տոհմատիրությունն ու ավատատիրությունը: Սպասեք հաջորդ հրապարակումներին:
լուսանկարներում Ազատ գյուղի ավերակներն են
<<Գեղամա աշխարհ>>

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More