ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 13 июля 2013 г.

ԳԵՏԻԿՈՒՄ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԸ

Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղը բոլորում է իր հիմնադրման 90 տարին: Համայնքի ղեկավար Սարգիս Այունցը, համայնքի ավագանին եւ աշխատակազմը, համայնքի անդամներն ու օտար եզերքներում հաստատված գետիկցիները մի առանձին խանդավառությամբ են նախապատրաստվում Գետիկի հիմնադրման 90-րդ տարելիցի տոնակատարությանը: Զինվորական կյանքում  թրծված, հայրենի երկրի սահմանների պաշտպանության ողջ ընթացքում դիրքերում անսասան կանգնած Սարգիս Այունցն այսօր մաքառում է ոչ պակաս դժվարին ճակատում` Գետիկի ծաղկման ու զարգացման եւ գետիկցիների բարեկեցության ստեղծման պատասխանատու եւ պարտավորեցնող գործում: Սրանով նա եւս մեկ անգամ հավաստում ու հաստատում է, որ հայրենասիրությունը մարդը պիտի կրի եւ տանի իր հոգում, լինի ռազմադաշտում, թե խաղաղ ժամանակներում, որպեսզի արդարացնի իր նախնիների, մեր գոյապայքարի պատմության ընթացքում հերոսաբար ընկածների սպասելիքները, իղձերն ու երազները, տեր ու պաշտպան կանգնի հայրենի հողին ու երկրին:
Եվ այն սրտացավությունն ու նվիրումը, որ հարազատ երկրի ու գյուղի համար դրել է Այունց Սարգիսը, արդեն տվել են առաջին պտուղները, նշմարելի դարձրել հայրենաշեն գործերն ու ձեռնարկները: Իսկ, որ ամենակարեւորն է, նրա ջանքերը մարդկանց մեջ հույս ու հավատ են սերմանում հարազատ տան ու վաղվա օրվա հանդեպ: Նա, ի տարբերություն իր ժամանակի շատ մարդկանց, ապրում է բոլորովին այլ արժեհամակարգի ձգտումներով, շրջապատում սերմանում քաջություն, եռանդ, ստեղծագործական կամք ու կորով, աշխատասիրություն ու ազնվություն: 

Գետիկի գյուղապետ Սարգիս Այունցը եւ Գեղամա աշխարհ թերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը
Նա հպարտորեն նշում է Գետիկ գյուղի  հիմնադիր, իր ազգական, ծնունդով արծվաշենցի Հայկ Այունցի անունը, ով եղել է նախորդ դարի պայծառ ու ազնվագույն, մեծագործ հայերից մեկը: Սարգիսը մեզ համար բացահայտում է, որ Այունց Հայկը եղել է անցյալ դարասկզբի հայ երեւելի գրագետներից մեկը: Նա ուսանել է Ներսիսյան դպրոցում, ապա հայոց լեզու եւ գրականություն դասավանդել հայրենի Արծվաշենում, Ախալցխայում, Թիֆլիսում, Դիլիջանում, Երեւանում: 1905-1907 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել եւ ղեկավարել է Արծվաշենի ինքնապաշտպանությունը: Այդ նա է իր ձեռքով կազմել Գետիկ գյուղի հատակագիծը եւ 1924 թվականին նախաձեռնել մի խումբ արծվաշենցիների վերաբնակեցումը: Եվ անցնող իննսուն տարիների մեջ այսօր Հայաստանը, շնորհիվ Այունց Հայկի, ով ազգային գաղափարների ու նպատակների իրագործման  համար տխրահռչակ 1937 թվականին բռնադատվել ու գնդակահարվել է, իր արեւելյան սահմանին ունի մի գրավիչ գյուղ` 150 տնտեսությամբ եւ 484 բնակչությամբ: Սարգիս Այունցի որդի Սմբատը` հայկական բանակի մերօրյա մարտիկը, իր հորեղբոր հետ մի առանձին ջերմեռանդությամբ կազմել է իրենց ազգի տոհմածառը` մոռացումից փրկելով ոչ միայն իր նախնիների անունները, այլ նաեւ նրանց կատարած գործերն ու սխրանքները: 
Մեր այցի օրը Գետիկ Սարգիս Այունցի համար նշվում էր երկու կարեւոր իրադարձություն: Առաջին դեպքում Գետիկը Հայոց  բանակ էր ճանապարհում իր այս տարվա միակ նորակոչիկին` Սամվել Դալլաքյանին: Երկրորդ դեպքում Սարգիս Այունցի ընտանիքը նշում էր թոռան` Նիկոլայի ծննդյան չորրորդ տարին:
Համայնքի հոգսաշատ ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր Գետիկի համար գերխնդիր է դարձել մարդկանց հայրենի հողի վրա պահելը:
-Ժամանակ է եղել,- ասաց Սարգիս Այունցը,- որ Գետիկում բնակչության թիվը հասել է մինչեւ 800-ի, դպրոց հաճախել են մինչեւ 300 աշակերտ: Սակայն հիմա դպրոցում ունենք հազիվ 40 աշակերտ եւ գործող 83 տնտեսություն: Մարդիկ հիմա բարեկեցություն ավելի շատ փորձում են փնտրել դրսերում, իսկ մենք այն ձգտում ենք ստեղծել տեղում` փորձելով զարկ տալ գյուղատնտեսությանը, ագրոտուրիզմին, մանր արտադրություններին: Հեշտ գործ չէ դա, բայց մենք նահանջի կամ համակերպվելու տեղ ու ճանապարհ չունենք:
Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մեջ գյուղապետն առանձնացնում է խմելու ջրի մատակարարման խնդիրը: Մոտ 12 կիլոմետր երկարության եւ 5 լիտր վայրկյան հզորության ջրատարի արտաքին ցանցն այսօր հիմնանորոգման կարիք ունի, որի նորոգման եւ ջրահավաք ավազանների կառուցման համար հարկավոր է մոտ 150 միլիոն դրամ: Անցած տարի Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրատվությամբ եւ ՀՀ կառավարության կողմից հատկացված 19 միլիոն 300 հազար դրամ գումարով Գետիկում կառուցվել է 2 ջրահավաք ավազան եւ 500 մետր խմելու ջրատարի ներքին ցանց, ինչի արդյունքում խմելու ջրով ապահովվել են գյուղապետարանի շենքը եւ գյուղի մի քանի բնակարաններ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում Գետիկն այն բացառիկ գյուղական բնակավայրն է, որտեղ ժամանակին կառուցվել ու գործում է կոյուղի` իր մաքրման կայանով: Ու պատահական չէ, որ գյուղապետը Գետիկի համար ջրամատակարարումն ու ջրահեռացումը համարում է օրախնդիր հարց: 
Ժամանակին Գետիկն ունեցել է նաեւ ոռոգման համակարգ: Գետիկ գետի վրա կառուցված պոմպակայանի մղած ջրերով ոռոգվում էր 49 հեկտար վարելահող, սակայն  1990-ական թվականներին այդ կայանը մատնվեց անգործության, թալանվեց, եւ մինչ  օրս գետիկցին վարելահողերը ոռոգելու չնչին հնարավորություն իսկ չունի: Այլ կերպ էլ հնարավոր չէ այստեղ պատկերացնել հողագործության զարգացումը: Գյուղապետի տեղակալ Ժիրայր Դալլաքյանն իր հերթին կարոտով ու ցավով է հիշում ԽՍՀՄ ժամանակների Գետիկի զարգացած գյուղատնտեսությունը, արդյունավետ դաշտավարությունը, որից հիմա գրեթե ոչինչ չի մնացել. գետիկցին շատ դժվարությամբ է կապվում հողին, հողի մշակության մեջ չի տեսնում իր վաղվա օրը, եկամուտն ու շահագրգռվածությունը: Այս ոլորտում պետական աջակցությունից առավել կարեւոր են արտաքին աշխարհի հետ համագործակցության հաստատման ծրագրերը, գյուղմթերքների իրացման շուկաների որոնումներն ու բացահայտումները, որտեղ արդեն արվել են նշմարելի քայլեր:
   
Գետիկ գյուղում վերջին երկու տարիների ընթացքում շոշափելի քայլեր են ձեռնարկվել ագրոտուրիզմի սկզբնավորման եւ զարգացման ուղղությամբ: Ընդ որում, Գետիկ Գետի ավազանում, Միափորի եւ Արեգունու լեռնաշղթաների ստորոտի գողտրիկ անկյունում,  գտնվող գյուղը հասցրել է գրավել լեհական եւ իտալական կազմակերպությունների ուշադրությունը:
 Գետիկը լեհական կողմի համար բացահայտել է ՙՄիլենիում՚ կրթական հետազոտությունների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը: ՙՄիլենիումի՚ եւ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում 2011 թվականին Գետիկում իրականացվել է դրամաշնորհային ծրագիր, որին մասնակցել են գետիկցի 11 շահառու ընտանիքներ: Ագրոտուրիզմի զարգացման նպատակով դրամաշնորհային մրցույթին մասնակցած ընտանիքներին գումար է հատկացվել` իրենց բնակարանները տուրիզմի սպասարկման պահանջներին համապատասխան հիմնանորոգելու եւ կենցաղային պայմանները բարելավելու համար: Նույն ծրագրի շրջանակներում Գետիկի մասին հրատարակվել է ճանաչողական գրքույկ` հայերեն եւ անգլերեն լեզուներով, եւ պատրաստվել է գյուղի գովազդային վահանակը: 2012 եւ 2013 թվականների ընթացքում Գետիկում ՙՄիլենիումի՚ կողմից շահառու ընտանիքների համար կազմակերպվել են ագրոտուրիզմի սպասարկան խնդիրներին նվիրված սեմինար դասընթացներ: ՙՄիլենիում՚ կրթական հետազոտությունների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի հավաստմամբ` Գետիկն արդեն հասցրել է տուրիստներ ընդունել Լեհաստանից, Հունգարիայից, Հայաստանի այլ բնակավայրերից: 
-Գյուղի անսպառ գրավչությունները` բնական անտառները, ծաղիկներով ու դեղաբույսերով հարուստ սարալանջերը, աղբյուրները, Գետիկ գետը, որսորդության ու ձկնորսության հնարավորությունները, պատմաճարտարապետական հուշարձանները կարող են տուրիստների բազմաքանակ խմբեր բերել աշխարհի տարբեր անկյուններից, ինչի համար կարեւոր է երկու գործոն. գովազդային նյութերի տարածում ամենատարբեր լեզուներով եւ տուրիզմի սպասարկման բավարար պայմանների ապահովում: Երկու դեպքում էլ մենք արձանագրել ենք հաջողություններ, եւ այս գործում անսահման է եղել Գետիկի գյուղապետարանի աջակցությունը, գյուղապետի թափած ջանքերը՝ առավել եւս,- ՙԳեղամա աշխարհ՚-ի հետ զրույցում նշեց ՙՄիլենիումի՚ գործադիր տնօրեն Ջինա Մանուկյանը:
զբոսաշրջիկները Գետիկում
Իսկ գյուղապետ Սարգիս Այունցը հավաստեց, որ Գետիկը գյուղատնտեսության եւ ագրոտուրիզմի զարգացման ոլորտներում 2011 թվականի վերջերից համագործակցություն է սկսել իտալական ՙՍլոու ֆուդ՚ կազմակերպության հետ: Գետիկում արտադրված այծի պանիրը Իտալիայում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-մրցույթում 200 մասնակից երկրների մեջ արժանացել է  հատուկ մրցանակի: Իտալական կողմի հրավերով Բրա քաղաք է այցելել Գետիկի պատվիրակությունը, որը գլխավորել է Սարգիս Այունցը:  Մոտակա ժամանակներում սպասվում է Իտալիայի Միլան եւ Բրա քաղաքների պատվիրակությունների եւ տուրիստների այցը Գետիկ:
Սարգիս Այունցը լիահույս է  նաեւ, որ  իտալացիների հետ համագործակցության  արդյունքում ոչ միայն կզարգանա ագրոտուրիզմը, այլ նաեւ գետիկցիների համար կդյուրանա կաթի վերամշակումը, իրացումը, նոր վերելք կապրի անասնապահությունը, մասնավորապես` այծաբուծությունը:
  Գետիկ գյուղի եւ ՙՀայ  միասնության խաչ՚ հասարակական կազմակերպության  համագործակցությունն ունի շուրջ մեկ տարվա պատմություն: ՙՀայ  միասնության խաչ՚ կազմակերպությունը  Հայկական Կարիտասի ֆինանսավորմամբ Գետիկ գյուղում ստեղծել է փոքրիկ արհեստանոց, որտեղ տաս կին արդեն զբաղված են  գորգագործությամբ, կարպետագործությամբ  եւ մանածագործությամբ:  Համագործակցությունը չի սահմանափակվում միայն սոցիալական ոլորտում, քանի որ ՙՀայ  միասնության խաչի՚ կողմից գյուղում իրականացվում են նաեւ կրթամշակութային ծրագրեր, որի շրջանակներում  այստեղ բացվել եւ գործում է մանկական թատերախումբ: 
Սարգիս Այունցն առանձնահատուկ շեշտում է ՙԴիագոնիա՚ կազմակերպության ցուցաբերած եւ առայժմ չընդմիջվող  նյութական ու բարոյական աջակցությունը գետիկցիների կյանքում: Այս կազմակերպությունը 12 տարի շարունակ նյութական աջակցություն է ցուցաբերում Գետիկի սոցիալապես անապահով ընտանիքներին, փոխանցում է բուհերում սովորողների ուսման վարձը, անհատույց անասուններ ու թռչուններ է հատկացնում աղքատ ընտանիքներին, պայմանով, որ նրանք էլ իրենց հերթին բազմացրած անասուններից անհատույց նվիրեն մյուս աղքատ ընտանիքներին, հովանավորել է մանկապարտեզի գործունեությունը, գյուղի համար կոմբայնի ձեռքբերումը, դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգումը, դպրոցին հատկացրել է 4 համակարգիչ: Ի նշան երախտագիտության` Գետիկի ավագանին արդեն որոշել է` Պատվավոր գետիկցու կոչում շնորհել ՙԴիագոնիա՚ կազմակերպության նախագահ Պարույր Ջամբազյանին:
Աշխատանքային հանդիպումից հետո Սարգիս Այունցը մեզ հրավիրեց Գետիկի արարողությունների սրահ, որտեղ գյուղովի մասնակցում էին համայնքի միակ նորակոչիկ Սամվել Դալլաքյանի բանակ մեկնելու տոնախմբությանը: Երգ ու պարի, բաժակաճառերի թեւավորող խոսքերի ներքո մի ուրիշ ոգեւորություն էին ապրում նորակոչիկը, նրա ծնողները, հարազատները, գյուղի մարդիկ: Մենք մերժել չկարողացանք նաեւ գյուղապետի երկրորդ հրավերը` մասնակցելու իր թոռան ծննդյան տոնի արարողությանը:
Սարգիս Այունցի ընտանիքում ամեն ինչ հիացնող էր, գրավող, օրինակելի: Սարգիսը սրբորեն իր տան մի անկյունում պահում է  հանրահռչակ դարբին ու արհեստավոր հոր արհեստանոցը, նրա գործիքներն ու կերտած իրերը, նշանավոր ազգակիցների մասին գրավոր նյութերը, արժեքավոր գրականություն ու արվեստի գործեր, որոնք շնչում են անսպառ հայկականությամբ: Նա ստեղծել ու սրբորեն պահպանում է  նահապետակ
ան իր ընտանիքը, սիրո ջերմության մեջ դաստիարակում իր զավակներին ու թոռներին, օրնիբուն ապրում ստեղծարար աշխատանքի ու հայրենանվեր ձեռնարկների մեջ: Նրա ձեռնարկները սկսել են խրախուսել անգամ օտար ափերում հաստատված գետիկցիներին: Եվ այն նվերը, որ գյուղի համար նախապատրաստում է գետիկցի բարերար Ռոբերտ Ղուլյանը եկեղեցու կառուցմամբ, կարելի է համարել շարունակությունն այն հայրենաշեն գործերի, որ սկսել է Այունց Սարգիսը: Եվ նորօրյա Գետիկը, վաղվա բարետես Գետիկը նախեւառաջ գծագրվում են Սարգիս Այունցի ստեղծարար հոգում, նոր միայն դառնում կյանք ու իրականություն:
Խոսրով Խլղաթյան









0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More