ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՄԵԾԱՆՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՈՐԲԵՐԸ…



Մանկություն չունեցանք, որովհետեւ հայ էինք ու որբ էինք:
Անդրանիկ Ծառուկյան
 Մեծ եղեռնի մեծանուն դարձած որբեր…
Որբեր, որոնց կյանքն ու մանկությունը խաթարեց, հիմնովին ավերեց, դժվարին ուղի տվեց միայն մեկ տարեթիվ՝ 1915:
 Մորթված, տեղահանված մի դարավոր ժողովրդի կանաչ ծիլերն էին նրանք, որոնցից հազարավորներն, ի դեմս դժվարության, հաղթահարեցին կյանքի բարդը, գտան իրենց կյանքի ու նպատակի, ապրելու իմաստը: Այդ հազարավոր որբերից շա՛տ-շատերն ի շնորհիվ համառ տքնանքի, ջանասիրության, նպատակի ու հիշատակի, նույնիսկ որբանոցներում իսկ կրթվելով եւ դաստիարակվելով ապագայում լավ ու հայտնի մարդիկ դարձան:
 Անունները հազարավոր են, ո՞ր մեկը թվարկես բյուրերից, որ գաղթի ճանապարհներից, արաբական անապատներ Դեր-Զորից ու Ռաս ուլ-Այնից հասան մինչեւ որբանոցներ: Մանկատունն էր նրանց տունը եւ մանկատներում էր կարծես հավաքվել ողջ Արեւմտահայաստանը: Էրգրի ամեն մի բեկոր, առաջինը պիտի հոգու ցավը հաղթեր, փորձեր հիշողության սարսափի հետ միաժամանակ իր հոգու ամենախոր ու տաքուկ անկյունում վերհիշել ու պահել հայրենի տան, ծնողների ու ծննդավայրի լուսավոր ու կարոտալի դրվագները… Իսկ որքա՛ն հայ մանուկներ զրկված մնացին այդ վերհուշներից՝ իրենց դեռեւս չձեւավորված հիշողության պատճառով, որ միայն գիտեին, որ հայ են ու որբ՝ չհիշելով ո՜չ ազգանուն, ո՜չ ծննդավայր, ո՜չ էլ ծնող…
 Այդ որբերի թիվը 1915-23 թվականներին հասավ 200.000-ի, որոնց մեծ մասը զոհ գնաց սովին ու համաճարակին: Շատ էին բացված որբանոցները. Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Հունաստան, Պոլիս,  Հայաստան … Հոգատար ձեռքեր ընկան նրանք, եւ, կարոտ մայրական անուշ գուրգուրանքի, իրենց դաստիարակներին Մայրիկ կանչեցին: Մայրեր, որոնցից շատերը թեեւ ազգությամբ հայ չէին, բայց հայ էին հոգով ու հայերեն խոսքով:  Այդ մայրիկներից սիրելիներն էին դանիուհի Մարիա Յակոբսենը, Կարեն Եփփեն, էստոնուհի Հետվիգ Բյուլը, շվեդուհի Ալմա Յոհանսոնը:
 Այս մանկատներից էր, որ դուրս եկան ու իրենց ճկված մեջքները կամաց-կամաց շտկել սկսեցին գիտության եւ արվեստի նշանավոր մարդիկ: Որի՞ն հիշատակես… Մանկատնային ու որբի իր կյանքը ամեն մանրամասնությամբ հիշող սփյուռքահայ գրող Անդրանիկ Ծառուկյանի՞ն, ով սրտի կսկիծով էր հիշում իր անուն չունեցող մանկությունը, տառապանքն ու թշվառությունը, մերկությունն ու անոթությունը, գողության բոլոր ձեւերին ու մուրացկանության արվեստին կատարելապես տիրապետելը: Ապրված կյանք է ամեն որբի կյանք: Այդ որբերից էր  Խաչիկ Դաշտենցը, ով մեծանար պիտի ու գրեր.
 Ընկար մենակ մանկատան ցանկապատին ու լացիր,
 Վեր նայեցիր ամպերին, արցունքիդ մեջ քնեցիր,
 Կոպերիդ տակ լուսաշող ամպեր եկան -գնացին,
 - Ինձ դո՜ւրս տարեք այս բանտից, ամպե՛ր, ամպե՛ր,- ասացիր:

 Այդ Խաչիկ Դաշտենցն էր, որ հետո պիտի պատմեր, որ մանկատան ընկերներով անոթի են եղել՝ դաշտը բաժանել քառակուսիների, խոտի վրա աղ լցրել ու կերել… Այդ նա էր, որ հետո իր ՙՌանչպարների կանչը՚ գրքում պիտի գրեր այն հայդուկների անունները, ովքեր ֆիդայական հագուստի հետ միաժամանակ գյուղացու հագուստ հագան, խուրջին վերցրին ուսերին ու սարեսար, ձորեձոր ընկած՝ հայի բեկորներ, հայի ՙշիթիլներ՚ հավաքեցին …: Եվ այդ շիթիլները Արեւմտահայաստանի բեկոր-մասունքներն էին, որ հետո  պիտի դառնային հավաքական ուժ եւ կերպար:
 Այդ շիթիլներն էին, որ մանկատներից դուրս եկան որպես անվանի մարդիկ՝ գրողներ Հրաչյա  Քոչարը, Նաիրի Զարյանը, Գուրգեն Մահարին, Հարություն Մկրտչյանը, Վաղարշակ Նորենցը,  Խաչիկ Դաշտենցը, Գառնիկ Ստեփանյանը, Անդրանիկ Ծառուկյանը, Զարեհ Որբունին, Վահե Հայկը, Արամ Հայկազը, Անդրանիկ Անդրեասյանը, Սմբատ Փանոսյանը, Լեւոն-Զավեն Սյուրմելյանը… Հայի այդ բեկորներից էր նաեւ Միսաք Մանուշյանը, ով դուրս եկավ Լիբանանի Ձյունիա քաղաքի հայկական որբանոցից, ճանաչվեց որպես բանաստեղծ եւ հերոսացավ ու մահկանացուն կնքեց որպես Ֆրանսիայում գերմանական զավթիչների դեմ մղված Դիմադրության շարժման անդամ, պարտիզանական ջոկատի հրամանատար:
 Այդ որբուկներից էր ամերիկահայ գրող Լեւոն-Զավեն Սյուրմելյանը, ով, աշխարհի տիկիններին ու պարոններին դիմելով,  պատմեց իր տառապալից կյանքի պատմությունը եւ գրելու ողջ ընթացքում արեւային ակնոց կրեց աչքերին, որ մարդիկ չտեսնեն իր աչքերից գլորվող արցունքները…  Դիմեց ու ասաց. ՙՏիկիններ եւ պարոններ, ես ուզում էի ասել աշխարհին՝ ձեզ համար մի լուր ունեմ՝ անհետացող ցեղ չենք մենք: Մենք պիտի գոյատեւենք: Հավերժական է Հայաստանը՚: Նույն Սյուրմելյանի ու նրա  նման որբ հայ երեխաների մասին է, որ Վիլյամ Սարոյանը պիտի ասեր. ՙՈչնչացվեց նրանց աշխարհը, բայց ո՜չ կյանքը… ՚
 Եվ մի պահ սարսափելի է դառնում, երբ պատկերացնում, փորձում ես ապրել նրանց զգացածը. լինել երեխա ու զգալ, հասկանալ, թե ինչ է մահը, որն է այդ Չարը… Վերապրել նրանց կյանքն անհնարին է: Արդարեւ ճիշտ են այն խոսքերը, որ Բարու աշխարհը նորոգվում է հանձինս երեխաների, նույնիսկ այդ ամենի միջով անցած երեխաների, որոնց մեջ էր մեր ցեղի հրաշալի հարության շարունակական ճյուղի հատիկն ու արմատը:
 Այդ որբերից էին անվանի հնագետներ Հարություն Մնացականյանն ու Սանդրո Սարդարյանը: Առաջին որբը իր քաղցը մեղմելու համար մի օր Ղանթարի շուկայում հաց է գողանում: Սովն էր ստիպել, որ գողանա: Սակայն գողության սովոր չէր, բռնում ու ծեծում են` ջարդելով ատամները: Փոքրիկ որբը, գերադասելով ծեծը, մի ձեռքով ծածկում է գլուխը եւ առանց ծամելու հացը կուլ տալիս: Բայց այս ծեծով ոչինչ չունեցող որբը հասկացավ, որ չպիտի գողանա ուրիշի աշխատանքը, եւ որ իր քրտինքով ստեղծի ու վաստակի հանապազօրյա հացը ու միշտ հիշի, որ որբին հաց տվող չկա, խրատ տվող շա՛տ կա: Որբ, ով տեսել էր ծնողների ու երկու եղբայրների մորթվելը: Այս երկու որբերն էլ, որ տեսել էին ծնողների կորուստ, սով եւ գաղթ,  ապաստանեցին տարբեր որբանոցներում: Երկուսն էլ տքնաջան աշխատանքով, գործին նվիրված լինելու կարողությամբ ու նպատակասլացությամբ ուսում ստացան եւ իրենց հիմնավոր խոսքն ու գործը թողեցին հայ հնագիտության բնագավառում:
 Այդ անվանիներից էր նաեւ Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիայի լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանը: Ասում են` Ղրիմի ազատագրումից հետո հայ գեներալը երկար է կանգնել Սեւ ծովի ափին ու հիշել Վանա ծովը, նրա ափին ընկած հայրենի Արճեշը, իր  մանկությունը, ասկյարի ձեռքով մարագում այրված հորն ու հարազատներին…
 Շատ են որբերը, ովքեր պանդուխտ դարձան, թափառեցին, բռնի արաբացան ու թրքացան, քրդացան, մոռացան լեզուն ու հավատը: Վստահ եմ, որ իրենց հոգու անհատակ խորքում միշտ աղոտ ուրվագիծն է եղել հայրենի տան ու ծնողի: Ու մի օր էլ հասկացել, զգացել են նրանք իրենց ինքնությունն ու գիտակցել, որ կյանքի դաժան խարանը շեղել է իրենց ազգային ինքնության եւ լինելության ճանապարհը, խլվել ու բռնի պարտադրվել է օտարածինը, խեղվել է մանկությունն ու ճակատագրի ճանապարհը… Եվ մի օր, հասակավոր տարիքում, իրենց երկրային կյանքի հրաժեշտի պահին զավակների առջեւ որպես գաղտնիք բացել են դաժան պատմության ամուր փակած եւ ցավ տվող կծիկը` մի կողմ քաշելով հիշողության աղոտ եւ ծանր վարագույրը:
 Բազմաթիվ են նաեւ հայտնի եւ անանուն որբերի անուները: Ասում են` աշխարհում կան անունով շատ հայտնի ծաղիկներ եւ կան անանունները, որոնք ոչնչով պակաս չեն մյուսներից, նույն բուրմունքն ունեն: Այդպես էլ նայենք բոլոր այն հայ հայտնի եւ անհայտ որբերին, որոնցից շատերը կարողացան ամենադաժան իրականության մեջ անգամ շտկել իրենց ջարդված ճակատագիրն ու վեր բարձրանալ, ծաղկել, բույր տալ աշխարհին:
 Ես հավատում եմ այն իմաստուն խոսքին, որ ժամա նակին ասել է հայրենադարձ, անվանի գրող, Մեծ Եղեռնը վերապրած Գրիգոր Քեշիշյանը. <<Գերեզմանները խորհուրդ ունեն, նրանք իրավունքներ ունեն, որ ոչ ոք չի կարող նրանցից խլել>>:
 Այսօր էլ ամեն մեկ հատիկ որբի շիրիմ խորհրդով ընկալենք, հասկանանք, որ նրանք էլ ապրեցին, տոկացին մեռածների փոխարեն, դարձան շարունակությունն ու հիշողությունը Հայոց Էրգրի, եղան այն մեկ ոսկե հատիկը, որ ծլարձակեց, եւ արդար իրավունքի սպասողը չդադարեց լինելուց…  Ապրեցին, որ հիշեն, ապրեցին, որ պահեն եւ ապրեցնեն…
 Բոլորի հետ հիշենք նրանց՝ ամենափոքրերին, որ նույնիսկ իրենց դժբախտ, գորշ մանկությունը մտաբերելիս անուշ ու տաքուկ ջերմությամբ հիշել են տուն եւ օջախ դարձած մանկատներն ու գողտրիկ երազանքները.
 Երբ կփակեք առհավետ որբանոցը մեր վերջին,
 Բերեք դրա փականքը եւ բանալին առաջին,
Ու ինձ հանձնեք այն զանգը, որ մեզ համար հնչեց րին
 Եվ մեզ գունատ շարքերով մանկատներ կանչեցին: / Խաչիկ Դաշտենց/
Մերի Քեշիշյան
հնագետ-պատմաբան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More