ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՖԻԴԱՅԻՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ ՙՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԸ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ՚ ԳՐՔՈՒՄ


(սկիզբը՝ նախորդ համարներում)
 Եղսոյի կյանքն էլ է խոտորված իր ճանապարհից: Նրա համար առավել ծանր է միանգամից երկու կարծրացած սովորույթների վրայով ցատկելը: Գեղջկական ու նահապետական դարավոր սովորույթների կողքին դրվել են ֆիդայական կարգուկանոնով սահմանված ավանդույթները: Կինը մի կողմից պիտի հնազանդ լինի իր ամուսնուն, մյուս կողմից՝ հանգիստ պիտի թողնի զենքի հետ պսակված ֆիդայիներին: Եղսոն թերեւս գիտակցում է, թե ինչ է իրեն սպասում Պըճուկի ապահով տունը թողնելուց հետո: Գիտի, սակայն գնում է վեհ ու փորձանքներով լի սիրուն ընդառաջ: Գնում է, որ որսա սիրո իր անկրկնելի, թեկուզ միակ ակնթարթը: Եվ ոչ մի ուժ նրան չի կարող հետ պահել այդ ճանապարհից: Անգամ սարսափազդու ֆիդայիների տեսքը նրան չի վախեցնում. ՙՎարդապետը արցունքն աչքերուն մեջ՝ անոնց կը յանձնե դժբախտ Եղսոն, որ միայն մեկ խնդիրք ուներ անխոս Գալեեն ու լուռ Մանուկեն՝ սպանվելե առաջ տեսնել Գեւորգը: Մանուկ կը շշնջե Եղսոյի ականջին. ՙԵս քու ախպերն եմ, ինձմե մի վախնար՚:  Եւ ձին քաշելով վանքին գոմեն՝ կը նստեցնե Եղսոն անոր վրա եւ դուրս կը տանի, միաբանության մեջ այն կարծիքը թողելով, որ Եղսոն կը տանեին սպանելու համար, իբրեւ ՙանառակ՚ կին՚:



  Թվում է, թե Սերոբի նախատինքների տպավորության տակ հարազատ հորեղբորը գնդակահար արած բիրտ տղամարդը հրացանի փողը կուղղի կնոջ կրծքին՝ իր ոտքը ֆիդայության ճանապարհից այն կողմ չդնելու համար: Բայց Գեւորգը զարմանալիորեն հանձնում է իրեն սիրո փոթորկահույզ ալիքներին՝ իր դժվար կյանքին եւս մի քաղցր ու ծանր բեռ ավելացնելով. ՙՁիավորներն արդեն երկրորդ գիշերը հասեր են Ս. Կարապետի անտառը: Հոն Գեւորգ Չաուշը կը բերեն Եղսոյին մոտը: Գալեի լեզուն երկու օրվան մեջ առաջին անգամ կբացվի: Կարծես թե ան Գեւորգի մեծավորն եղած ըլլար: Այլայլած եւ շշմած զույգին դառնալով՝ հրաման կու տա՝ անմեղ արիւնին մեջ մի մտնեք, դուք այսօր եւեթ պիտի պսակվիք. ես պատասխանատու եմ ազգին առջեւ՚:
 Բացառիկ պատկեր է հավերժացրել հեղինակը՝ ֆիդայու պսակադրության պատկերը: Անառիկ ու կուսական լեռների գրկում մարդկանց աչքերից ու օրենքներից հեռու իրար սրտերն են միացնում հայ գեղջուկն ու գեղջկուհին՝ անարատ ու անկեղծ սերը վեր բարձրացնելով նահապետական բարքերից եւ ֆիդայական ժուժկալ օրենքներից:
 ՙԿես գիշերվա մթութեան մեջ, լուսնի աղոտ փայլին տակ, Ս. Կարապետի անտառին մեջ, գիրքը ձեռքը, պսակման ծեսը կը կատարե Ստեփան վարդապետը: Փոքրիկ խաչ մըն ալ անոնց գլխուն վրա բռնած է Գալեն, իբրեւ քավոր, իսկ համեստ Մանուկը իբրեւ հարսնեղբայր՝ կանգնած էր Եղսոյի կողքին՚:
  Սերն այսքանով չի հասնում փրկության կամ երջանկության հանգրվան: Երկու սիրող սրտերն էլ գիտեն, որ այդ սերը պիտի թաքնվի մարդկանց չար ու ստոր աչքերից, պահ մտնի ծմակներում, անտառներում, անձավներում: Այդ սերը դեռ երկար պիտի ալիքվեր ու կռիվ տար. ՙԳեւորգ պսակված էր: Անոր կինն էր Եղսոն: Բայց Մշո դաշտի համար այդ  չտեսնված խայտառակութիւն մըն էր, եւ ֆետայներու մեծամասնութեան համար մահացու մեղք մը: Այդ պատճառով՝ երկար ատեն  ծածուկ կը պահվի ամուսնութիւնը: Հարսնեղբայր Մանուկը իր ընկերներեն հեռու ծմակներու մեջ կանցներ իր ժամանակը Եղսոյի հետ... Բայց այդ գաղտնիքը երկար չէր կրնար ծածուկ մնալ...՚
 Եղսոյի սերը Գեւորգի համար դառնում է անձնական վիշտ ու բեռ, նրան տանում գժտության իր քաջարի զինվորների հետ: Բայց հաղթահարվում է այդ արգելքը, եւ ֆիդայիները, նամանավանդ Սպաղանաց Մակարը, Եղսոյին ու նրանից ծնված Վարդգեսին համարում են իրենց ընտանիքի անդամը, պատիվն ու հարսը:
***
Ինչպես են դիպվածները միահյուսում մարդկային ճակատագրերը: Գեւորգ Չաուշի ու Եղսոյի յուրօրինակ սիրավեպն է մասամբ լինում պատճառներից մեկը, որ Տարոն է բերում ընդամենը 24 տարեկան Մինաս Տեր-Մինասյանին, որին մկրտել են Ռուբեն հեղափոխական անվամբ: Հազար ու մի հնարներով, վտանգներով ու տառապանքներով լի ճանապարհներով Ռուբենը կարողանում է հասնել Վան, գործակցել Արամ Մանուկյանի, Վանա իշխանի, Մալխասի եւ այլ նշանավոր ազգային գործիչների կողքին: Ռուբենի եւ Իշխանի միջեւ ծագած անհամաձայությունը, որին կանդրադառնանք հետագայում, նաեւ նպաստում է նրան, որ Ռուբենը բռնի այսպես կոչված Կետան-Կեալմազի ճանապարհը: Գնացողը հետ չի դառնա՝ սա է Կետան-Կեալմազի բացատրությունը: Վանի դաշնակցական ժողովում քննվող հարցերից մեկը եղել է Ռուբենի եւ Իշխանի միջեւ ծագած սառնությունը եւ վիճաբանությունը, մյուսը՝ Գեւորգ Չաուշի նամակում առաջ քաշած պահանջը. ՙԻմ հոգս չէ, այսօր կամ վաղը ես պիտի սպանվիմ: Պարզ է ինձ համար, որ իմ վերջը եկած է, թեեւ, եթե ուզենամ ամենուն պես լքել  ժողովուրդը եւ հեռանալ, ես ալ իբր հերոս երկար, շատ երկար տարիներ կրնամ ապրիլ: Ես յուսահատ եմ ամենքեն, բացի ձեզմե: Իմ խնդրանքն է, որ անպայման մեկը ձեզմե ճամփեք այս Երկիր: Այդ ընկերը կամ կը հասնի իմ ողբերգությանը կամ չի հասնի, այդ միեւնույն է: Ճամփեցեք մեկը, որ այս ժողովուրդին գլուխն անցնի՚:
 Կետան-Կեալմազ գնալու համաձայնությունը տալիս է Ռուբենը: Եվ այստեղից հյուսվում է կլանող, հոգեցունց, սրտառուչ, աննման, առաջին տողից ու բառից սիրելի պատմությունն ու ասքը, որ մեզ կապում է Արեւմտյան Հայաստանի հող ու ջրին, նրա վրա ապրող ու արարող ժողովրդի կերպարին ու կեցությանը, կենցաղին ու բնավորությանը, պայքարին ու ձգտումներին, տառապանքին ու հերոսականությանը: Այստեղից հյուսվում է Տարոն աշխարհի հեղափոխական գործիչների եւ ֆիդայության կյանքի պատումը, առասպելը, գիրքը, նորօրյա էպոսը:
 Իր դաժանության եւ դժվարության մեջ ֆիդայությունը Ռուբենի գրքում պատկերվում է որպես հպարտության եւ հերոսացած փառքի մի աշխարհ, ուր ջնջվում են վախի, երկյուղի բոլոր սահմանները, ուր ֆիդայու զենքը, բազուկը, եւ քաջարի հոգին չեն երկնչում ոչ մի ուժի ու զրկանքի առաջ եւ մաքառում են հանուն ազգի փրկության: Ի դեպ, այս անզուգական գրքերը, տողերն ու բառերը ստեղծվել են այն նույն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանում Չեկան  ժողովրդի թշնամու անվան տակ մահավճիռ էր կարդում հայրենի հողին կառչած ֆիդայիներին ու ազգանվեր գործիչներին:
 Վանում հեղափոխական մկրտություն ստացած Ռուբենը Կետան-Կեալմազում, կամ որ նույնն է, Տարոն աշխարհում ձուլվում-միանում է ֆիդայիներին, դառնում  նրանց գլխավորը, ընկերը, խորհրդատուն, կռվի մղողը, եւ որ ամենակարեւորն է՝ կերպավորողը՝ պատմության եւ գրականության դատին հանձնելով նրանց կյանքի շատ մանրամասներ՝ լի վավերականությամբ եւ գեղարվեստական տպավորիչ պատկերներով:
 Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More