ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼ՝ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՆԽԱԽՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ


 Մայիսի 27-ին աշխատանքային այցով ԼՂՀ Մարտունու վարչական շրջան ժամանեց Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը, որը գլխավորում էր մարզպետ Նվեր Պողոսյանը: Պատվիրակության կազմում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Արտուշ Ղուկասյանը եւ Գագիկ Ստեփանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Մելքոնյանը,  գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, ՙԳավառի բժշկական կենտրոն՚ ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Կարապետյանը, ՙՄարտունու բժշկական կենտրոն՚ ՊՓԲԸ տնօրեն Եղիշե Հարեյանը, ՙՎարդենիսի հիվանդանոց՚ ՊՓԲԸ տնօրեն Բագրատ Ոսկանյանը, ՙՄարտունու ծննդատուն՚ ՊՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը եւ Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը:


Գեղարքունիքի մարզի պատվիրակությանն ընդունեց ԼՂՀ Մարտունու վարչական շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Ավանեսյանը: 2008 թվականի նոյեմբերին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ ԼՂՀ Մարտունու շրջանի միջեւ ստորագրված բարեկամության եւ համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացված  այցի հիմնական նպատակը  նույն հուշագրից բխող միջոցառումների ծրագրի իրականացմանն ու ամրապնդմանը նպաստող հարցերի քննարկումն էր, որը եւ տեղի ունեցավ Մարտունի քաղաքում,  ՀՀ եւ ԼՂՀ վարչական երկու միավորների ղեկավարների եւ աշխատակազմերի անդամների մասնակցությամբ: Արցախյան կողմից քննարկմանը մասնակցեցին ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ժիրայր Միրզոյանը, Մարտունու քաղաքապետ Նելսոն Մուսայելյանը, Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար  Վոլոդյա Գրիգորյանը, աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Գեորգի Սեւիկյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Անի  Խաչատրյանը, գյուղատնտեսության բաժնի վարիչ Միքայել Բաբայանը, Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Վալերի Հայրապետյանը: Գեղարքունիքի մարզպետի եւ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի առաջարկներով երկու կողմերի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտների ղեկավարները ներկայացրին համագործակցության հուշագրի ստորագրումից ի վեր կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, խնդիրները եւ առաջիկա անելիքները: Մոտ մեկուկես ժամ տեւած  քննարկման ընթացքում խոսք գնաց հուշագրով հաստատված բարեկամության եւ համագործակցության հետագա խորացման, ԼՂՀ Մարտունու վարչական շրջանում կրթության, առողջապահության եւ գյուղատնտեսական ոլորտներում համագործակցության հետագա շրջանակը ընդլայնելու եւ նոր ծրագրեր ներառելու շուրջ: Մասնավորապես խոսվեց ներառական կրթության, արվեստի, սպորտի եւ մշակույթի ոլորտներում  փորձի փոխանակում կատարելու եւ ուսուցողական դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտության մասին: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ներկայացնելով կրթության ոլորտում երկու կողմերի հաստատած փոխհամագործակցության եւ բարեկամության բարձր մակարդակը եւ կայուն ընթացքը, շեշտեց, որ սպորտի, մշակույթի եւ արվեստի բնագավառներում եւս հարկավոր է ավելացնել փոխադարձ շփումները, երկուստեք կազմակերպել արվեստի եւ երաժշտական դպրոցների ուսուցիչների եւ սաների փոխադարձ այցելություններ, համերգային համատեղ ծրագրեր, մասնագետ մանկավարժների կողմից՝ վարպետաց դասեր: Այդ շրջանակներում էլ այս տարի նախատեսված է  Գավառի պետթատրոնի հյուրախաղերի կազմակերպումը Արցախի Մարտունու շրջանում եւ Մարտունու ժողգործիքների ՙՔնար՚ համույթի հյուրախաղերի կազմակերպումը Գեղարքունիքի մարզում:  Առողջապահության ոլորտում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն առաջարկեց ԼՂՀ Մարտունու շրջանում առողջական խնդիրներ ունեցող անձանց հետազոտումը տեղում կատարելուց հետո պետպատվերի շրջանակներում նրանց բուժումը ցանկության դեպքում կազմակերպել նաեւ Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններում, մասնավորապես ՙԲի-Բի-Ջի՚ բժշկական կենտրոնում, որը զինված է ժամանակակից բուժսարքավորումներով, բարձրորակ մասնագետներով:  Այս ոլորտում հարկ համարվեց   Գեղարքունիքի մարզի բժիշկների կողմից ՙԲաց դռների օրերի՚  անցկացումը Մարտունու շրջանի գյուղական բուժամբուլատորիաներում դարձնել ավելի հաճախակի, նեղ մասնագետների կողմից տեղում իրականացնել բուժում եւ վիրահատություն, ինչպես նաեւ արցախցի եւ գեղարքունիքցի  բժիշկների համար համատեղ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպումը: Երկու կողմերի ղեկավարները եւ աշխատակիցները, շնորհավորելով միմյանց Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ, պարտավորվեցին ավելի ամրապնդել ու խորացնել հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը, տեր կանգնել այն արժեքներին ու ձեռքբերումներին, որոնց շնորհիվ իրականացել է համայն հայության դարավոր երազանքը՝ անկախ Հայաստանի կերտումը, որոնց շնորհիվ ազատագրված Արցախն ու Մայր Հայաստանը ձեռք-ձեռքի տված շարունակում են խաղաղ զարգանալ ու զորանալ, կերտել համամարդկային ու ազգային նոր արժեքներ: Գյուղատնտեսության ոլորտում առաջարկվեց հացահատիկի բերքահավաքի ընթացքում Գեղարքունիքի մարզից կոմբայններ ուղարկել ԼՂՀ Մարտունու շրջանի համայնքներ՝ տեղի երկրագործներին աջակցելու նպատակով եւ կարտոֆիլի բերքահավաքից հետո Մարտունու շրջանի համայնքների տնտեսություններին օգնության կարգով տրամադրել կարտոֆիլի  էլիտար եւ բարձր վերարտադրության տնկանյութ: Գեղարքունիքի մարզպետը ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարին եւ աշխատակազմի անդամներին հուլիս ամսին պաշտոնական այցով հրավիրեց Գեղարքունիքի մարզ, ինչը եւ սիրով ընդունվեց արցախցիների կողմից: Այնուհետեւ Արտյոմ Ավանեսյանը վավերացրեց համատեղ միջոցառումների ծրագրի ժամանակացույցում առաջարկված փոփոխությունները, որոնք կիրականացվեն 2011 թվականի ընթացքում: Նույն օրը Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը վերադարձավ Հայաստան:

ՙԳեղամա աշխարհ՚

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More