ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ԱՐԳԱՍԱԲԵՐ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ


Ապրիլի 7-ին Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այցելեց Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում բնակվող 12 երեխաների մայր Գոհար Գաբրիելյանին եւ նրա ընտանիքին: Մարզպետը, շնորհավորելով սահմանամերձ գյուղում բնակվող բազմազավակ մորը եւ նրա ինը դուստրերին, միաժամանակ նրանց հանձնեց 100 հազար դրամ եւ սննդամթերք: Ապա մարզպետը զրույցի ընթացքում ծանոթացավ բազմաշունչ ընտանիքի հիմնախնդիրներին: Ընտանիքի հայրը` Մեխակ Վարդանյանը, նշեց, որ իրենց նորակառույց բնակարանում դեռ հնարավոր չէ բնակության տեղափոխվել, քանի որ տարածքը զուրկ է կոմունիկացիաներից, մասնավորապես՝ խմելու ջրատարից եւ էլեկտրահաղորդման գծերից: Մարզպետը խոստացավ ՙՎարձատրվող հասարակական աշխատանք՚ ծրագրի շրջանակներում մոտ ժամանակներս լուծում տալ այդ խնդիրներին եւ այս ընտանիքին օժանդակել բազմաբնույթ հարցերում: Գոհար Գաբրիելյանը եւ իր ամուսին Մեխակը իրենց երկու զավակների հետ 1988 թվականի նոյեմբերին բռնագաղթել են Ադրբեջանի Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից եւ բնակություն հաստատել Ջիլ գյուղի մի անշուք եւ փոքրիկ բնակարանում: Հիսունյոթամյա Մեխակի եւ քառասուներեքամյա Գոհարի անդրանիկ զավակը` Վոլոդյան, արդեն ավարտել է ծառայությունը Հայոց բանակում, իսկ երկրորդ որդին` Գրիգորը, այժմ ծառայության մեջ է: Ավագ դուստրեր Շողիկն ու Վալյան ամուսնացել են եւ արդեն լույս աշխարհ են բերել մեկական զավակներ: Հաջորդ հինգ դուստրերը` Մարիամը, Վարդենին, Ռոզան, Սոնան եւ Էմման դպրոցահասակ երեխաներ են եւ ուսման առաջավորներ: Իսկ Լյուդմիլան, Էլինարը եւ Համբարձումը դեռ գտնվում են նախադպրոցական տարիքում: Մի խոսքով` առաջնեկը բոլորել է իր կյանքի 20 տարին, իսկ վերջին զավակը` մեկ տարին: Տան միակ եկամուտը աղքատության ընտանեկան նպաստն է, որն ամսական կազմում է 77000 դրամ, մնացած պակասը չարքաշ ամուսինները լրացնում են հոգսաշատ աշխատանքով կամ օգնությունների միջոցով: 2008 թվականից Փախստականների հարցերով Նորվեգական խորհրդի Երեւանյան գրասենյակի ֆինանսական միջոցներով Ջիլում այս ընտանիքի համար նոր տուն է կառուցվել, որն առայժմ բնակեցված չէ: Բազմազավակ մայրը հույս հայտնեց, որ մարզպետի աջակցությամբ իրենք շատ շուտով կարող են տեղափոխվել իրենց նոր բնակարան, որին հատկապես անհամբեր սպասում են երեխաները:
Գոհարի տրամադրությունն ավելի բարձրացավ, երբ մեր զրույցի պահին նա հեռախոսազանգ ստացավ Հայոց բանակում ծառայող իրենց զավակից:
-Գրիգոր ջան, ցավդ տանեմ, -որդուն ուրախացրեց մայրը,- մարզպետն ա էկալ մեր տուն, էրեխեքին սնունդ ու փող ա բերալ, որ գանք, քեզ էլ տեսակցենք:
-Էսօր դեռ շատ դժվար է, զրույցը շարունակեց Գոհարը,- բայց մի օր էրեխեքս կմեծանան, մեզ ու մեր աշխարհին թեւ ու թիկունք կլինեն: Նրանց համար ամենաուրախ օրն այսօր եղավ, երբ առաջին անգամ ոտք դրեցին նորակառույց այս բնակարան: Էլ երեխա չեմ ունենալու, արդեն թոռներ ունեմ: Հիմա հերթը որդիներիս ու դուստրերիս է հասել: Պապ ու տատերից վաստակել ենք բազմազավակությունը եւ այն փոխանցելու ենք մեր զավակներին, որ մեր աշխարհը միշտ շեն մնա:
Ափսոս միայն, որ հիմա, ի տարբերություն նախորդ դարի, մեր աշխարհում նման բազմազավակ ընտանիքներ կարելի է հաշվել արդեն ձեռքերի վրա:

2 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More