ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 26 января 2012 г.

ՔՅԱՎԱՌԻ ԲԱՆՏԻ ՀԻՆ ԷՍՔԻԶՆԵՐԻՑ


Գավառի ՙԳորոյ՚ կամրջից քիչ վերեւ հայտնի բանտն է, որի տեսքը այսօր էլ ճնշող ազդեցություն է թողնում դիտողների վրա: Մոլականի դարի հյուսիսային կողմի զառիթափին դեռեւս ցարական կառավարության ժամանակ 1868 թվականին եղել է փոքրաքանակ զորախմբով նախկին բերդը, ուր ռուս անձնակազմի համար նաեւ եկեղեցի է շինվել: Սակայն բանտի մտահղացման ու կառուցման շարժառիթը եկավ 1874 թվականի մի գիշեր, երբ Թութունջյանների տանը սահմռկեցուցիչ սպանություն տեղի ունեցավ: Տան ընտանիքի ութ անդամներ նահատակ դարձան Ղազախից եկած հանցագործ մի խմբի ձեռքով: Չեն սպանում միայն տան ծառային, բայց լեզուն են կտրում: Բարեբախտաբար Թութունջյանների տան հարսը այդ գիշեր տանը չի լինում: Հղի լինելու պատճառով Կոլոտ Հայրապետ աղայի կնոջ փոքր քույրն այդ օրը գիշերում է քրոջ մոտ, Կոլոտի ընտանիքում:
 Պատահականություն չի լինում դրանում: Կոլոտին հայտնի է դառնում, որ տարածքում վխտում է հանցագործների մի խումբ: Այդ հանցագործ աշխարհի շշուկներից Հայրապետ աղի ականջին է հասնում, որ նրանք եկել են ունեւորների տները թալանելու: Այսպիսի ունեւորներից մեկն էլ Թութունջենք էին: Կնոջ միջոցով, նրա հղի քրոջը` Բալասանին, ապահովության համար գիշերները պահում է իրենց տանը: Կոլոտը հաճախ կարծիք է տանում Թութունջենց տան վրա, քանի որ նրանց տունը ընկած էր Գավառագետի ափին, կամրջի աղմկոտ ջրերից ոչ հեռու, եւ աղմուկը չէր հասնի քնածներին: Դժբախտաբար, չարագուշակ կասկածն իրականանում է: Լույսը բացվելուն պես լուրը կայծակի պես ճայթում է քաղաքում: Թութունջյանների կողոպտված ունեցվածքն ու ոսկիները առած` անհայտանում են հանցագործները:
Յոթ տապանաքարերը կողք կողքի մինչեւ այսօր խորասուզված են հողի մեջ, որոնց վրա մարդիկ գալիս, լվացվում են եւ շշեր ջարդում: Վախեցածները կամ անհաջողությունների մատնվածները ցանկանում են, որ Աստված իրենց զերծ պահի չարից: ՙԱյս է հանգիստ ոսկերացդ Պարոն Հարութին Թութունջյանցի, որ ննջէ այս տապանիս: Մինչ լույուս է եկ առիս…՚ Նրա կին Բալասանը մահացել է 1898թ. հոկտեմբերի 15-ին: Միակ երեխան, որ ծնվեց 1875 թվականին, Թադեւոսն էր: Թութունջյանների օջախի ծուխը չմարեց եւ շարունակեց ծխալ մանկան առաջին ճիչով:
 Այդպես էլ անհայտ մնացին ինչպես հանցագործների, այնպես էլ գանձերի հետքերը: 1970 թվականին Արմենակ Ղազանչյանը հիշատակել է, որ մեղադրյալների շարքին է դասվել նաեւ Ալեքսանդր Բաղդասարյանը, ով, ասում են, մեղք չի ունեցել սպանության գործում:
Բոլորովին անմեղ մարդուն տաս տարով քշում են Սիբիր` ծանր աշխատանք կատարելու ոսկու հանքերում: Սիբիրում բանտարկված տարիներին նա խնայում է բավականաչափ փող, ձախ ճանապարհով ոսկի ձեռք բերում եւ վերադառնում Նոր Բայազետ ու որոշում է կառուցել այնպիսի մի  բանտ, որ իր երկրի մարդիկ  բանտ չնստեն սիբիրներում, եւ տեղի պատժվածներին հնարավորություն լինի` հարազատների հետ գոնե տարին մի քանի անգամ շփվել: Արխիվային փաստաթղթերից երեւում է, որ Անդրբայկալյան բանտից վերադառնալուց հետո Ալեքսանդրը հաշվառվել է 1902 թվականին:
Թութունջյանների սպանությունների թանձր մշուշը մինչեւ այսօր էլ չի ցրվում սերունդների պատեհ, թե անպատեհ զրույցներից:
Թադեւոս Նալբանդյանի ՙՕջախներ եւ տխուր ճակատագրեր՚ ուշագրավ հոդվածում նշվում է, որ նախկին ռուսական անշուք բանտի տեղում Բաղդասարյանի նյութական միջոցներով կառուցվում է ժամանակակից Քյավառա բանտը: Բաղդասարյանը սերում էր ունեւոր տոհմի  ընտանիքից;
Սկսվում է ամուր ու բարձր պարիսպներով բերդի կառուցումը: Մեկ մետր պատերի հաստության համար գործածվող կավե շաղախը եւ խճաքարերը շարաքարերը այնպես են գրկում` ինչպես երկաթ-բետոնյա շաղախն է: Ծածկի հաստաբեստ հեծանները յուրաքանչյուրը 80 սմ հեռավորության վրա զարմանալիորեն մշակված, հղկված ու կանոնավոր են այնքան, որ չեն կորցրել թարմությունը նույնիսկ 70 տարի անց: Բանտի ներսի պատժախցերի պատերի կտրտվածքները, ձեւավորումները իրենց ինքնատիպությամբ երկրորդն են համարվում Պորտ-Ջեկսոն /Ավստրալիա/ ծովածոցի բանտից հետո: Այդպես էլ երբեմն անվանում են Գավառի բանտը` Սիդնեյի բանտ: 1917 թվականին վերջնականապես, բանտի գեղարարական հարդարումներից հետո, Բաղդասարյանը պատրաստում է մի շքեղ կառք եւ մեկնում Երեւան: Ֆայտոնի մեջ Գրիգոր Կարգանովն էր վերադառնում Նոր Բայազետ: Նա նոր էր ընտրվել ժամանակավոր կառավարության ներկայացուցիչ: Մայիսին էր: Կորգանովը, / Ղորղանյան/ ուշադիր դիտելով բանտը, շահագործման թույլտվություն է տալիս, միաժամանակ ապսպրում այն ապահովել ջրով, սանիտարա-հիգիենիկ ծառայությունով, բժիշկներով, պահակազորով եւ մի քանի մասնավոր խնդիրներով, որից հետո կնքում պայամանագիր` բանտը վարձով շահագործելու համար: Կորգանովը ֆայտոն նստելուց առաջ հետ է նայում. ՙԿուզեք վարձը միանգամից տամ, կամ տարին երկու անգամ վճարեմ՚:
 1918 թվականի մայիսի 1-ին Երեւանի նահանգային կոմիտեի հրամանով Չալդրանովին նշանակում են Նոր Բայազետի բանտի պետ, իսկ Ադամյանցին` Գավառի կոմիսարիատի քարտուղար:
Բանտի արեւմտյան լուսամուտների հարեւանությամբ գտնվում էր Բեգլար Նալբանդյանի երկհարականի գեղեցիկ պատշգամբով բնակարանը, որտեղ 1920 թվականին Նալբանդյանը ճաշկերույթ է տվել ի պատիվ մեծ զորավար Գարեգին Նժդեհի եւ նրա համահարզների: Բոլշեւիկների իշխանության գալուց մեկ տարի հետո այն բռնագրավվեց եւ օգտագործվեց որպես բանտի հիվանդանոց: Շատ հաճախակի բանտարկյալներին հանում էին աշխատանքի: Բանտարկյալների ձեռքով կառուցվեց Բայազետի եւ Արծվաքարի հիդրոկայանները, հանքային ջրի գործարանի` խաս քարերով շարված պատերը: Բանտում նստածին քննության տանելիս երկու ավտոմատավոր զինվոր, մեկը առջեւից, մյուսը` հետեւից, ուղեկցում էին քննության: Այդպես է հիշում 1944-45 թվականներին կոլխոզի հացահատիկի գողության համար դատապարտված կոմբայնավար Հովհաննես Ճաթեյանը: Այդ ժամանակ բերդի պետ էր նշանակվել Երեւանից, ում կինն էլ բերդի բուժքույրն էր, շրջանի դատախազը` Թումանյանը: Խորհրդային տարիներին շատերն են բանտ նստել քաղաքական հայացքների կամ բողոքներ արտահայտելու պատճառով: Բռնության տարիներին նրանցից ոմանք գնդակահարվեցին` Բ. Գ. Ավետիսյան, Ա. Խ. Բալագոզյան, Ի. Օ. Բուդումյան, Ռ. Գ. Ազիզյան, իսկ 10 տարի դատվեցին Հակոբ Գալուստի Շահումյանը /Ստ. Շահումյանի հորեղբայրը/, Նանագուլյանը, Ազատյանը եւ շատ ուրիշներ:
Բանտից կալանավորների փախուստը գրեթե բացառվել է: Բացառիկ է եղել 2 դեպք: Պատերազմից առաջ, իսկ վերջինը` 1968 թվականին: Ոմն Սամվել անունով, ծագումով բայազետցի, իր նկատմամբ անարդար դատավճիռ կայացնելու համար ամիսներով քանդում է բերդի պատը, հող ու քարը խնամքով թաքցնում իր նառի տակ: Բացված անցքից ծպտվում է Նորատուսի անտառները: Տեղեկություններով նա իմանում է, որ իր դատող դատավորը պիտի լինի տանը: Օրը ցերեկով նա թափանցում է Վ. Դադոյանի բնակարանը: Տանը միայն հարսն է լինում, որից եւ վրեժխնդիր է լինում փախստականը:
Երբ դատավոր Թորգոմյանը հետաքննություն անցկացնելու նպատակով լինում է բանտում եւ հանցագործ աշխարհի ՙմեծին՚ հարցնում է. պատը քանդողին օժանդակողի մասին, վերջինս խեթ-խեթ հայացքով նայում է Թորգոմյանին, հազիվ լսելի ձայնով պատասխանում. ՙԲա դա իմ գո՞րծն է՚…
1969 թվականին բանտից տեղափոխում են վերջին բանտարկյալին, որով եւ լուծարվում է Քյավառի` աշխարհին հայտնի բերդը: Վերջին բանտապետը երեւանցի Քոլարեցյանն է եղել:
Կիսաքանդ ու կիսավեր բանտի մռայլատես պատուհանները նայում են ՙԳորոյ՚ հին կամուրջից անցնողներին` ծանր տպավորություններ ստեղծելով անցյալի տխուր հուշերի եւ տառապյալ մարդկանց մասին: Ինչ լավ է, որ հիմա արդեն չկան երկաթյա կողպված դռներն ու ամուր ճաղավանդակները:
Խաչիկ Ենգիբարյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More