ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 28 марта 2012 г.

ՄԱՏՆԵՐՈՎ ՄԱՐԴ ԿԵՐՏՈՂ ԿԻՆԸ


ՙԱմեն ճշմարտություն գեղեցիկ չէ, բայց ամեն գեղեցիկ ճշմարտություն է՚
Կոնստանտին Ստանիսլավսկի

 Շնորհալի ու տաղանդավոր մարդուն պատկերելիս մեծերը հաճախ են ասում` մատներով մարդ է ստեղծում… Տիկինը, ում դիմանկարը ցանկանում եմ պատկերել, շնորհաշատ է այնքան, որ չեմ շռայլի բառերս` եթե ասեմ, որ ակնարկիս հերոսուհին մատներով մարդ է կերտում:
Սվետլանա Առաքելյանը հրաշալի դերձակ է, նկարչուհի, ձեռագործի ու գոբելենի մեծ վարպետ, հրուշակագործ, մեծատառով մարդ, գեղեցիկը գնահատող, այն իրականություն դարձնող կին...
Սվետլանան ծնվել է Գեղարքունիք  գյուղում, միջնակարգ կրթությունը ստացել գյուղի դպրոցում, այնուհետեւ շարունակել ուսումը` ընդունվելով եւ ավարտելով Երեւանի ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումը: Ամուսնացել է 15 տարեկանում` տեղափոխվելով Գավառ: Ունի 3 զավակ,  8 թոռ եւ 2 ծոռ:
-Երազում էի նկարիչ դառնալ, -իր դեռահաս տարիների երազանքներն է հիշում տիկին Սվետան,- երբ դպրոցում ազատ դասաժամեր էին լինում, ես առանձնանում էի խաղացող դասընկերներիցս եւ նկարում: Նկարում էի մեր պատմության, գրականության եւ արվեստի հայտնի մարդկանց...
Ընտանիք, զավակներ... եւ Սվետան չի կարողանում իրականացնել իր երազանքը, փոխարենը նրա մեջ  չի լռում ստեղծագործելու, արարելու եւ գեղեցիկն ու երեւակայական եզերքներում ծնվածը իրականություն դարձնելու անկոտրում ուժը:
Սվետան սկսում է կարել, կարել այնպիսի հագուստներ, որոնց կարծես մատ ու եղունգ չէր կպել, ասեղ ու թել չէր դիպել... Ինչպես լինում է հեքիաթում:
Երիտասարդ տարիներին Սվետան Գավառի ամենահայտնի ու առաջատար դերձակն էր, նա կտրում ու կարում էր յուրաքանչյուր քմահաճ հաճախորդի պատկերացրած հագուստն ու զգեստը: Ապրում էր գեղեցիկն ստեղծելով ու գեղեցկացնելով կանանց ու աղջիկներին, ինչպես նաեւ իր ոսկե բիլազուկը կիսում սաների հետ` նրանց էլ սովորեցնելով կարուձեւի գաղտնիքներն ու հմտությունները: Նրա աշակերտների մեծ մասը հմուտ վարպետներ են դարձել եւ շարունակում են իրենց վարպետի ուսուցանած դասերով արհեստ կերտել ոչ միայն Գավառի, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս:
Մտերիմները պատմում են, որ յուրաքանչյուր տոնական զգեստ, որ կարում էր, տոն էր նրա համար, նա հաղորդակից էր լինում զգեստը հագնողի ուրախությանը. մեկը նշանվում էր, մեկի հարսանիքն էր, մեկը ավարտական երեկոյի էր:
Սվետան Գավառի N1 հատուկ դպրոցի բացման օրվանից ցայսօր աշխատում է նույն դպրոցում` ուսուցանելով տեխնոլոգիա առարկան, որի մեջ կարելի է հասկանալ կարուձեւը, նկարչությունը, ասեղնագործությունը, կերպարվեստը եւ այլն:
-Նախկին օժանդակ եւ ներկայիս հատուկ դպրոցում աշխատելիս միշտ ձգտել եմ սաների մեջ արթնացնել սերը կարուձեւի հանդեպ, մշակել հայացք գեղեցիկը տեսնելու հանդեպ,- խոստովանում է Սվետան,- վերջին տարիներին սկսեցի ասեղնագործել ու գոբելենագործել կտորի վրա:
 Նրա մատների նուրբ հպումի եւ ասեղին հաղորդած ծակոցների տակ ծնվում են գեղեցիկ գոբելենագործ նկարներ, ինչպիսիք են ՙԶորավար Անդրանիկի դիմանկարը՚, ՙՍայաթ Նովան՚, Պիկասոյի ՙԽավարից դեպի լույս՚ աշխատանքը, ՙԱստվածածնի պատկերը՚  եւ այլն: Իրենցից գունային եւ պատկերային ներդաշնակ ստեղծագործություններ են ներկայացնում ժապավենագործ եւ ուլունքագործ կտավները: Սվետայի աշխատանքները բազմիցս մասնակցել են ցուցահանդեսների եւ միջոցառումների:
Նրա աշխատանքները նվիրվել են մեծամասամբ արտասահմանցի հյուրերին, ովքեր մեծ հիացմունքով ու հպարտությամբ դրանք տարել են արտերկիր:
Տարիների վաստակաշատ հոգսերի բեռից չի խամրել Սվետայի ստեղծագործելու ձիրքը, որով նա գտնում է իր երջանկությունը, արարում ու արտահայտում իր սերն ու գնահատականը գեղեցիկի նկատմամբ:
Մոր հոգատարությամբ եւ ջերմությամբ է նա աշխատում հատուկ դպրոցի սաների հետ:
Իր նվիրումի ու վաստակի համար Ս. Առաքելյանը արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի եւ  պատվոգրերի,  նաեւ` ՙԱվագ ուսուցչի՚ կոչման:
Բայց այս ամենին զուգահեռ` նրա ամենամեծ գնահատականը մնում է իր սաների ձեռքբերումներն ու այն հնարավորը, որ նրանք սովորում ու տանում են իրենց հետ:
Սվետայի վաստակած ձեռքերում թխվածքներն ու տորթերը մի ուրիշ կերտվածք են ստանում, դառնում քանդակ, ապարանք ու մատուռ, ծաղիկներ ու ջրվեժ…
Սվետա Առաքելյանի մասին խոսելիս նրա գործընկերները կարեւորում են, որ նա գործին նվիրյալ մարդ է, կամեցող ու աջակից, ավագ ընկեր ու բարի խորհդատու:
Իր արեւանման ժպիտում ու խաղաղ հայացքում Սվետան ունի մի մեծ աշխարհ, արվեստագետի ու արհեստագետի նրա ներաշխարհում շարունակում են ծնվել ու կյանքի կոչվել նկարներն ու ձեռքի աշխատանքները:
Թող միշտ արեւ լինի Ձեր հոգում ու Ձեր բյուրեղյա երեւակայությունը միշտ երկնի նոր գեղեցկություն, ու Ձեր վաստակած մատներն այն դարձնեն իրականություն:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More