ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ


Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր մարզի համայնքներում խմելու ջրի մատակարարման խնդիրների բարելավմանը:   Խորհրդակցությանը մասնակցում էին ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ  Հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը, նույն կազմակերպության Գավառի, Վարդենիսի, Մարտունու, ճամբարակի եւ Սեւանի մասնաճյուղերի տնօրենները, Սարուխան, Գանձակ, Լճաշեն եւ Վարդենիս համայնքների ղեկավարները:
Մարզպետ Նվեր Պողոսյանը նշեց, որ ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ում  նկատվել են համայնքների հետ համագործակցված աշխատելու որոշակի միտումներ, եւ այսօր շատ կարեւոր է ամրապնդել եւ խորացնել այդ համագործակցությունը: Ջիվան Մարգարյանը հայտարարեց, որ սպասվում են ներդրումներ Սարուխան եւ Գանձակ համայնքներում` ուղղված  ջրամատակարարման համակարգի բարելավմանը: Նա խնդրեց վերոնշյալ համայնքների ղեկավարներին` նախագծերի վերաբերյալ ներկայացնել կոնկրետ առաջարկություններ: 
Սարուխանի եւ Գանձակի գյուղապետերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցության եւ պայմանագրերը վերակնքելու շուրջ, պայմանով, որ դատարաններում սպառողների նկատմամբ դադարեցվեն դատական հայցերը կամ դրանք դատարան ներկայացվեն համայնքի ղեկավարների գիտությամբ ու նրանց հետ համաձայնեցված աշխատանքով: Իր հերթին Ջիվան Մարգարյանը նշեց, որ իրենց նպատակը համակարգում կարգ ու կանոն հաստատելն է, ոչ թե մարդկանց դատի տալը, ուստի համայնքների ղեկավարները կարող են դատարաններում փաստաբանների օժանդակությամբ ապացուցել այդ պարտքերի անհիմն լինելը կամ նվազեցնել դրանք: Հնարավոր է նաեւ համատեղ ուժերով կազմել պարտքերի մարման ժամանակացույց եւ դրանք մարել ավելի երկար ժամանակի ընթացքում: Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը նշեց, որ փոխադարձ վստահության պայմաններում իրենց համայնքը համաձայն կլինի պայմանագրի վերակնքման ՙՀայջրմուղկոյուղու՚ հետ, իսկ գյուղապետարանը ջրամատակարարման համակարգի բարելավման գործում կունենա իր բաժին ներդրումը: Սարուխան համայնքի ղեկավար Վահան Գեւորգյանը նշեց, որ իրենց համայնքում 17 կիլոմետր  ներքին ցանցը ամբողջությամբ կառուցված է ազբոխողովակներով եւ ենթակա է հիմնովին փոփոխման: Նաեւ անհրաժեշտ է կառուցել օրվա կարգավորիչ ջրամբար: Մարզպետը հույս հայտնեց, որ փոխադարձ վեճերին ու դժգոհություններին արդեն կհաջորդեն հստակ անելիքները, եւ սպասարկող-բաժանորդ հարաբերությունները այս համայնքներում կմտնեն բնականոն հունի մեջ: Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը նշեց, որ վերջին խորհրդակցությունից հետո իրենց համայնքում էլ գործերի վիճակը շտկվել է դեպի դրականը, սակայն հարկավոր է կառուցել եւս մեկ կիլոմետր երկարությամբ ջրատարի ներքին ցանց, որպեսզի գյուղի մի թաղամասում ջրամատակարարման խնդիրը լիովին լուծված լինի: Ջիվան Մարգարյանը խոստացավ խորհրդակցությունից հետո  անձամբ այցելել Լճաշեն եւ խնդրին ծանոթանալ տեղում: Մարզպետի տեղակալ Գագիկ Ստեփանյանը հարց բարձրացրեց այն մասին, որ Սեւան քաղաքի բազմաբնակարան մի շենքում 20 օր է, ինչ խաթարված է կանոնավոր ջրամատակարարումը, իսկ հարցի լուծումը ձգձգվում է: Ջիվան Մարգարյանը խոստացավ այդտեղ եւս անձամբ այցելություն եւ ուսումնասիրություն կատարել: Այնուհետեւ քննարկվեց Վարդենիս քաղաքում առաջացած իրավիճակը խմելու ջրամատակարարման շուրջ: Քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը նշեց, որ Վարդենիսի ՙԲանդեր՚ կոչվող թաղամասում շատ տների նկուղներ ու տնամերձեր ողողված են ջրի մեջ` կրելով հսկայական նյութական վնասներ, մինչդեռ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ն ինքն է պարտք ու պահանջ ներկայացնում բնակիչներին` ջրի վարձավճարները այս եւ նախորդ տարիների համար գանձելու պահանջով: Քաղաքապետը պնդեց, որ Վարդենիս քաղաքում ջրաչափերի տեղադրումը կարող է արդարացված լինել միայն բազմաբնակարան շենքերում, որոնք հիմնականում գտնվում են Բանավան թաղամասում: Իսկ ահա ՙԲանդեր՚ թաղամասում եւ մյուս թաղամասերի առանձնատներում ջրաչափերի տեղադրումը կարող է վերածվել արտակարգ իրավիճակի, քանի որ այդ դեպքում մատակարարվող ջուրը հոսելով հեռանալու ելք չի ունենա եւ կողողի նոր տնամերձեր ու թաղամասեր: Մարզպետ Նվեր Պողոսյանը ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Հարավային մասնաճյուղի տնօրենին եւ Վարդենիսի քաղաքապետին առաջարկեց անձամբ եւ մանրակրկիտ ուսումնասիրել ՙԲանդեր՚ թաղի վիճակը, համատեղ մշակել համապատասխան միջոցառումների ծրագիր եւ համագործակցված աշխատանքի արդյունքում կարգավորել խնդիրը: Ամփոփելով խորհդակցությունը` մարզպետը նշեց, որ ջրամատակարարման համակարգի բարելավումը մարզի համար դարձել է հրամայական խնդիր, որտեղ պատկան մարմինները պետք է մի կողմ դնեն անձնական հարցերը եւ համատեղ աշխատանքի արդյունքում գտնեն բոլոր հնարավոր լուծումները:
<<Գեղամա աշխարհ>>

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More