ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԻՇԵՆՔ ՄԵՐ ՑԱՎԸ


 Ամեն ապրիլի 24-ին մոտենալիս հաճախանում են հայոց Ցեղասպանության մասին տարաբնույթ մտորումները: Դա, իհարկե, բնական է. անգամ հարյուրամյակներ անց մեր ժողովուրդը կհիշի այն: Հարցը այլ է՝ ինչի՞ն ենք մենք ձգտում:
 Անգամ սովետական տարիներին, երբ խոսվում էր Ցեղասպանության մասին, անպայման նշում էինք այդ զարհուրելի ոճրի իրականացման վայրը` Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության այլ վայրերում: Այսօր, ուշադրություն դարձրեք, թե պետական այրեր, թե բազմաթիվ մտավորականներ, անգամ Ցեղասպանության պատմությամբ զբաղվողներ, նշում են միայն Օսմանյան կայսրությունում բառակապակցությունը՝ դուրս թողնելով Արեւմտյան Հայաստան անվանումը: Ի՞նչ է սա, հիշողության կորու՞ստ, թե ՙԷրգրի՚ կորստյան հետ հաշտված այրերի զառանցանք:  Անգամ գտնվում են հայ կոչվածներ, որոնք տեղյակ էլ չեն, թե Արեւմտյան Հայաստան է գոյություն ունեցել, իսկ որոշ ՙմտավորականներ՚ նույնիսկ գովերգում են Թուրքիայի ՙփառքը՚, ամեն կերպ փորձելով բարեկամանալ նրանց հետ:
Բարձր մակարդակով հայտարարվում է անգամ, թե Արեւմտյան Հայաստանը սոսկ պատմաաշխարհագրական մի տերմին է եղել, ինչպես ժամանակին` Սպարտան, Ռուսական կամ Օսմանյան կայսրությունները...
 Այս ֆոնի վրա ի՞նչ է մեր ուզածը` նյութական փոխհատուցու՞մ...
 Կներեք, ես նման մտադրություն չեմ ունեցել եւ երբեք չեմ ունենա: Ես արմատներով Կիլիկիայից եմ, Զեյթունից, եւ իմ երազանքը տիրոջ իրավունքով ՙԷրգիր՚ գնալն է: Ո՜չ մեկ այլ բան:
 Մենք այսօր ծվարել ենք մեր լեռնաշխարհի մի փոքր անկյունում ու փոխանակ վերքերը բուժենք, զորանանք, Փողը մեր աստվածը դարձնելով իրար կոկորդ ենք կրծում, ջարդում ազգի սերուցքը համարվող մտավորականի մեջքը, որ պիտի ազգ առաջնորդեր: Շատերին օրվա մի չոր հացի կարոտ դարձնելով ստիպել ենք պանդուխտի ցուպը վերցնել…Թուրքը հայոց եղեռնը սկսեց իրագործել առաջին հերթին հենց մեր լավագույն մտավորականությանը ոչնչացնելով: Այս դասը մեզ բավական չէ՞... Մեծ եղեռնը տեղի ունեցավ: Ինչու՞…


 Հայաստանի պատմության այս շրջանի բոլոր ուսումնասիրություններում կարող եք շատ բան գտնել Եղեռնի կազմակերպիչների, իրագործողների, այն խրախուսողների մասին… Բայց ուշադիր զննեք, որեւէ տեղ կգտնե՞ք տողեր այն մասին, թե ինչու՞ մենք Ցեղասպանության ենթարկվեցինք, ո՞րն էր մեր մեղքը: Այո՜, մե՜ր մեղքը, ինչու՞ թույլ տվեցինք, որ մեզ կոտորեն, տիրանան հազարամյակների ընթացքում մեր իսկ ստեղծած աշխարհին:
 Մինչդեռ սա մեզ հուզող ամենակարեւոր հարցն է, որը մեզ դասեր պետք է տար: Անցյալի սխալներին անդրադառնալով՝ մենք կարող էինք ավելի ճիշտ կողմնորոշվել Եղեռնից հետո, այսօր, ապագայում, մինչդեռ այդպես չէ, եւ այսօր ունենք այն, ինչին արժանի ենք եղել եւ կանք:
 Մեզ հաջողվեց ազատագրել Արցախի մի հատվածը: Եվ փոխանակ զինադադարին, որ ի դեպ կնքվեց պարտված ագրեսորի խնդրանքով, հաջորդեր հաշտության պայմանագիր պարտադրելը, սկսվեց անվերջ ու անվերջանալի  բանակցությունների շղթան, ու այսօր պարտված ագրեսորը ինքն է պայմաններ թելադրում… Պատմության ողջ ընթացքում կարո՞ղ ենք նման բան հիշել… Ծիծաղելի է: Հողը պահում է նա, ով ապրում է այդ հողում, մինչդեռ ազատագրված տարածքները գրեթե անմարդաբնակ են… Դեռ ավելին, շատերը լքում են նաեւ այսօրվա Հայաստանը…
 Իրոք մենք լավ չենք սերտել պատմության մեր դասը… 
  Ամեն ապրիլի 24-ի նախօրյակին  բազմաթիվ խնդրագրեր ենք ուղղում ՙնոր ռուսաց ցարին՚` ԱՄՆ նախագահին, որ վերջինս արտաբերի ՙՑեղասպանություն՚ բառը կամ ԱՄՆ եւ այլ երկրների օրենսդիր եւ գործադիր մարմիններին, որ դատապարտեն Ցեղասպանությունը, ծախսում ենք հսկայական միջոցներ: Ինչի՞ համար: Ի՞նչ է տալու դա մեզ: Ավելի քան 20 երկրներ ճանաչել ու դատապարտել են Ցեղասպանությունը: Հետո ինչ: Անգամ եթե թուրքերը ընդունեն իրենց կատարած ոճիրը եւ ՙմի ներողություն՚ խնդրեն: Ի՞նչ է,  կարծում եք, մեզ կնվիրաբերեն մեզանից խլածը կամ անգամ միջազգային ընդունված բոլոր օրենքների համաձայն ՙկպարտադրե՞ն նրանց՝ գնալ այդ քայլին: Քսաներորդ դարասկզբին Ազգերի լիգայի պաշտոնական փաստաթխթերում Օսմանյան կայսրությունից անկախացած երկրների շարքում նշված է նաեւ` ԶԵՅԹՈՒՆ,  ԿԻԼԻԿԻԱ: Ինչ է, այսօր անկա՞խ է Զեյթունը: Կամ ավելի ուշ` Սեւրի իրավարար վճիռը, որի տակ ստորագրել է նաեւ Թուրքիան… Միամիտ չլինենք. Հողը արյունով են նվաճում, արյունով էլ վերադարձնում են: Պատմությունը այլ ճանապարհ չի տեսել. մարդկային քաղաքակրթությունների պատմությունը մշտապես գոյության կռիվ է եղել, այդպես է այսօր եւ մշտապես այդպես կլինի:
 …Իսկ մեր խնդիրը հողային պահանջն է եւ ոչ մեկ այլ բան:
 Իզուր չե՞ն վատնվում մեր միջոցները Ցեղասպանության դատապարտման համար այս ու այն ՙցարին՚ խնդրագրեր ուղարկելով: Ավելի ճիշտ չէ՞ր դրանք ուղղորդել տնտեսություն հզորացնելուն, երկիր շենացնելուն, որ հայը թեկուզ մեզ մնացած այս մի կտոր հողի վրա շարունակեր արարել, շարունակեր զորանալ, նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն սրեր կռեր, այն գիտակցումով, որ աշխարհագրական այս միջավայրում անընդհատ պատերազմների մեջ պիտի լինենք… Կասեն՝ ճիշտ չեմ դատում, աշխարհը փոխվել է, թուրքը փոխվել է… Միամիտ չլինենք: Ցանկացած պատերազմի ավարտ հաջորդ պատերազմին նախպատրաստվելու սկիզբն է, քանի որ մարդկային պատմությունը գոյության կռիվ է… Այսօր փոխվել են միայն պատերազմելու ձեւերը… Իսկ մենք մշտապես պետք է պատրաստ լինենք:
  Աշխարհը կցանկանա դատապարտել հայոց Ցեղասպանությունը, թե` ոչ, դա իր գործն է, իր ազնվության, մարդկային հատկանիշների ցուցիչը: Մ՜ենք պետք է հիշենք մեր ցավը: Մենք պետք է դասեր քաղենք մեր անցյալից: Իսկ թե որքանով կհաջողվի մեզ իրագործել մեր խնդիրը, կախված է մեզանից, միայն ու միայն մեզանից… 
Զոհրաբ Մուղդուսյան
արեւելագետ, հնէաբան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More