ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 26 января 2012 г.

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ


Մարտունու վետերանների համայնքային խորհրդում ամփոփվում է անցած տարին` իր հաջողություններով եւ ձեռքբերումներով: Ամփոփ տարվա արդյունքները ՙԳեղամա աշխարհին՚ փոխանցեց Մարտունու վետերանների համայնքային խորհրդի նախագահ Հայկ Ավետիսյանը: 
 ՀՀ վետերանների միավորման նախագահ գնդապետ Սիմոն Եսայանի ընտրվելուց հետո Հայաստանի Հանրապետության վետերանների հանդեպ վերաբերմունքը զգալիորեն փոխվեց,- կարեւորում է Հայկ Ավետիսյանը: Գնդապետ Սիմոն Եսայանը, նրա տեղակալներ գնդապետ Պետրոս Պետրոսյանը, գնդապետ Ստեփանյանը ինձ անձնապես աջակցել են համայնքային գործերում: 
Նրանց օգնությամբ արձանագրվել են դրական տեղաշարժեր վետերանների սկզբնական կառույցներում: Վերջին տարիներին ամրապնդվել է կապը ինքնակառավարման մարմինների հետ, եւ շոշափելի է նրանց ֆինանսական եւ բարոյական աջակցությունը: Այդ գործում իր ներդրումն ունի Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: 
 Նախորդ տարում մեծաքանակ ու բարձրակարգ միջոցառումներ են արվել` նվիրված մայիսի 9-ի հաղթանականերին: Կազմակերպվել են հանդիսավոր նիստեր, մեծածավալ պարգեւատրումներ: Այս միջոցառումների շրջանակներում ներդվել է շուրջ 2.5 միլիոն դրամ, որոնք ծախսվել են միջոցառումների, պարգեւատրումների եւ դրամական հատկացումների նպատակներով: Դրամական պարգեւների են արժանացել Արցախյան ազատամարտի մասնակիցները, զոհվածների ընտանիքները: Թույլ, հիվանդ կամ հաշմանդամ վետերանների համար կազմակերպվել են տնային այցելություններ: Կազմակերպված համաժողովրդական միջոցառումներում ներգրավվել են ինչպես Մեծ հայրենական եւ Արցախյան պատերազմների մասնակիցները, այնպես էլ քաղաքի բնակիչները: Միջոցառումները պարտադիր կերպով ուղեկցվել են զինվորական զորամասերի մարտիկների շքերթերով, որոնք մի առանձնակի շունչ եւ մարտական ոգի են հաղորդել հանդիսություններին: 
 Տոնակատարություններն ու միջոցառումները կազմակերպվել են ոչ միայն Մարտունի քաղաքի, այլեւ տարածքի գրեթե բոլոր համայնքներում, ուսումնական հաստատություններում: Բոլոր հավաքույթներն ունեցել են ռազմահայրենասիրության եւ արիության օրինակներ:
 Մարտունու վետերանների համայնքային խորհուրդը օգնում է զինվորական զորամասերին եւ գյուղապետարաններին` զորակոչերը բարձր մակարդակով կազմակերպելու գործերում:
 Մարտունու վետերանների համայնքային խորհուրդը գործում է ավելի քան 3 տասնամյակ: Կառույցն ունի 21 անդամ, ովքեր Մեծ հայրենականի վետերաններ են: Խորհրդի նախագահությունը բաղկացած է 7 անձից, նրանք համակարգում են տարբեր ոլորտներ` զինվորական, ռազմական, աշխատանքային վետերանների եւ այլն: Հայկ Ավետիսյանը ղեկավարում է Մարտունու վետերանների համայնքային խորհուրդը, ինչպես նաեւ համակարգում Սեւաստոպոլի հերոսական պաշտպանության մասնակիցների խորհրդի աշխատանքները: Հ. Ավետիսյանը հանդիսանում է նաեւ 386-րդ դիվիզիայի Հայաստանի բաժանմունքի նախագահը: 
 Նոր ձեռնարկված ծրագրերից Հայկ Ավետիսյանը կարեւորում է մի միջոցառում, որը նպատակ ունի Մարտունու տարածաշրջանի բոլոր համայնքներում հավաքել եւ արխիվագրել պատերազմի մասնակիցների մասին տվյալները, հուշերը եւ լուսանկարները: 
 Ծրագրի մեկնարկը տվել է Ձորագյուղ համայնքը, ուր ստեղծվել է հերոսների փառքի անկյուն, որտեղ կան պատերազմի մասնակիցների մասին տեղեկություններ, լուսանկարներ եւ ստենդներ: Կրթական բոլոր հաստատություններում նախատեսվում են դասախոսություններ, հանդիպում-քննարկումներ Մեծ հայրենականի եւ Արցախյան հերոսամարտերի մասնակիցների հետ: Բոլոր դպրոցներում սկսել են ստեղծել սենյակներ եւ փառքի անկյուններ` ստենդներով, հուշագրերով եւ արխիվային պատմություններով: Ստենդներ կտեղադրվեն նաեւ համայնքապետարաններում, վետերանների սենյակներում: Ինչպես հավելեց վետերանների խորհդրի նախագահը` Մարտունու տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում կան վետերանների սենյակներ, որոնք կահավորված են ու հարմարավետ` տարեցների ժամանցն ու շփումը կազմակերպելու համար: Մարտունի քաղաքի վետերանների սենյակը գտնվում է քաղաքի մշակույթի տանը, որը միշտ լեփ-լեցուն է տարեցներով:
 Ռազմի ու մաքառումի բովերում կոփված Հայկ Ավետիսյանը բոլորել է իր կյանքի 92 տարին` տարիների մաքրագրված հաղթանակներով, հայրենասիրությամբ, կամքով, ուժով եւ ազնվագույն գաղափարներով: Նա ոչ միայն պատերազմի վետերան  է, այլեւ կրթության եւ գիտության, արվեստի մշակ ու մարդկային բարձր արժեքները գնահատող: Հայկ Ավետիսյանը երիտասարդի եռանդով ու ջանասիրությամբ շարունակում է արարել: Նա հեղինակել է  ՙՃանապարհ դեպի անմահության՚ եւ ՙՄարտունի՚ երկու գրքերը: ՙՃանապարհ դեպի անմահության՚ աշխատությունը անդրադարձ է Մարտունի քաղաքի շուրջ 700 այրերի, ովքեր իրենց կյանքը, բազուկների ուժն ու  ռազմական հմտությունն  են դրել Մեծ հայրենականի  զոհասեղանին: ՙՄարտունի՚ գիրքը նվիրված է Հայկ Ավետիսյանի հայրենի եզերքին. այն արտացոլում է Մարտունի քաղաքի պատմությունը: Շուտով լույս կընծայվի նաեւ Հ. Ավետիսյանի երրորդ գիրքը, որն ունի երկու խորագիր` ՙՀայկ Ավետիսյանը` լույսի սերմնացան՚ եւ ՙԺողովրդին նվիրաբերած կյանք՚: Շուրջ 400 էջանոց գիրքը նվիրված է Հայկ Ավետիսյանի կյանքին եւ գործունեությանը: Գրքի էջերում տեղ են գտել ակնարկներ, հուշեր, որոնք հեղինակում են գիտնականներ, զինվորականներ, Հ. Ավետիսյանի զինակիցները, աշակերտները եւ ընկերները: Գրքի տպագրման գործում իր մեծ ավանդն ունի Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: 
 Հայկ Ավետիսյանը մեծ հպարտությամբ եւ սրտի թրթիռով է սպասում իր երրորդ հոգեզավակի ծննդին: 
 Մեծ մտքի ու լուսավոր հոգու տեր հայը, մեր կյանքը հայրենանվեր գործերով գեղեցկացնող հերոսը շարունակում է ապրել ու հաստաբուն կաղնու պես ճյուղավորվել` փառավորելով իր ու մեր աշխարհը:  
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More