ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 15 декабря 2011 г.

ՀԵՌԱՎՈՐ ԴԱՐԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԸ, ՊԵՂՈՂԸ, ՎԵՐԾԱՆՈՂԸ


/ՎԱՐՇԱՄ ԱՎԵՏՅԱՆ/
Հազարամյակների պատմություն կերտած հայ ժողովուրդը մշակույթի անփոխարինելի նմուշներ է թողել համաշխարհային քաղաքակրթության գանձարանում: Իսկ, թե որքա՞ն գանձեր է հայ հողը խնամքով թաքցնում` հետազոտում ու աստիճանաբար բացահայտում են հնագետները: 
 Թե հայ, թե օտարազգի հնագետներին միշտ ձգել է հայոց հողը` իր թաքցրած գանձերով: Անդրկովկասի տարածքում` Շուլավերում, Լալվարի փեշերին, Լոռիում, Արարատյան դաշտում, Սյունիքում, Սեւանի ավազանում տասնամյակներ շարունակ պեղումներ է կատարել հնագետ, Երեւանի մանկավարժական  եւ Գավառի պետական համալսարանների դասախոս, պրոֆեսոր Վարշամ Ավետյանը: Այդ աշխատանքով  նա մեծ չափով նպաստեց Անդրկովկասի բրոնզեդարյան մշակույթի առանձին հարցերի լուսաբանման եւ նորովի այն գնահատելու խնդրին: 
 Վարշամ Ավետյանը այն եզակի մարդկանցից է, ով տարիների իմաստությունը, փորձն ու գիտելիքները անմնացորդ նվիրում է իր երկրին ու ժողովրդին`սերունդներին փոխանցելով մի ահռելի ու անմահ գործ: Նրա երկարամյա եռանդը գնալով կրկնապատկվում եւ, ոչ մի կերպ չունենալով դադար,մի նոր լույս, մի նոր գաղափար է ծնում: Նա դարերի խորքից հազարամյակների գաղտնիքներն է բացահայտում, տարբեր խնդիրների լուծման համար նոր մոտեցումներ ու տեսակետներ առաջ քաշում:  
Հնագետի շնորհիվ, նրա սեփական միջոցներով եւ հայտնաբերված նյութերով Հայաստանում հիմնադրվել են մի շարք թանգարաններ` Լճաշենի, Շնողի, Երեւանի թիվ 57 միջնակարգ դպրոցների հայրենագիտական, Երեւանի  Խ. Աբովայնի անվան մանկավարժական համալսարանի պատմության, Սեւանի երկրագիտական թանգարանները, որոնցից երկուսը` Շնողի եւ Սեւանի թանգարանները, 1981 թվականի մշակույթի մինիստրության կոլեգիայի որոշմամբ, արժանացել են ՙԺողովրդական թանգարանի՚ պատվավոր կոչմանը: Առաջիկայում կբացվի նաեւ ԳՊՀ պատմության թանգարանը: Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի օծմամբ եւ կառավարության միջամտությամբ Երեւանի թիվ 57 միջնակարգ դպրոցի հայրենագիտական թանգարանը անվանակոչվեց ՙՀայկական ընդհանուր բարեգործական միության՚ նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի անվամբ: 
 Վարշամ Ավետյանը մեր այսօրվա համարի  հյուրն է ու զրուցակիցը:   
-Պարոն Ավետյան, որպես հնագետ եւ մեր հնավայրերին մոտ կանգնած մարդ, խնդրում ենք մանրամասնորեն անդրադառնալ մեր լեռնաշխարհում` մասնավորապես Սեւանի ավազանում, ապրած հասարակության ամենահին տեղեկություններին: Ինչպիսի՞ ժամանակներ են տանում նախաքրիստոնեական մշակույթի հետքերը:
- Մեր լեռնաշխարհին վերաբերող ուսումնասիրությունները ապացուցում են, որ հասարակության ամենահին հետքերը տանում են նախաքրիստոնեական ժամանակաշրջան: Պարզվել է, որ Հայկական լեռնաշխարհը համարվում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ձեւավորման գլխավոր կենտրոններից եւ մարդու հնագույն օրրաններից մեկը: Դա առաջին հերթին ապացուցվում է հայտնաբերված ոչ քիչ քանակությամբ հնագիտական գտածո նյութերի եւ ժայռապատկերների միջոցով:  
 Ժայռապատկերները համարվում են նախնադարյան հասարակության ուսումնասիրության կարեւոր սկզբնաղբյուրներից մեկը: Հայաստանում առաջին ժայռապատկերները հայտնաբերվել են 1910 թվականին, Կոմիտասի եւ Սահակ Տեր-Մովսիսյանի կողմից, սակայն ժայռապատկերների բուն հայտնաբերումը սկսվեց Հայաստանում 1920-ականներին եւ շարունակվում է առ այսօր: Առաջին գիտնականը, ով լրջորեն ուսումնասիրեց ժայռապատկերները, Աշխարհբեկ Քալանթարն էր: Այնուհետեւ խնդրին անդրադարձան Բորիս Պիատրովսկին, Սանդրո Սարդարյանը, Գրիգոր Կարախանյանը, Հարություն Մարտիրոսյանը, Արտակ Մովսիսյանը եւ ուրիշներ: Ժայռապատկերները սփռված են Հայաստանում` Գեղամա լեռներից մինչեւ Զանգեզուր: Դրանք հանդիպում են հազարներով, բաց երկնքի տակ, հիմնական բնակավայրերից հեռու ընկած վայրերում:
Հայկական լեռնաշխարհում, մասնավորապես Գեղամա լեռներում հայտնաբերված Ժայռապատկերները թվագրվում են Ք.ա. 7-րդ հազարամյակից մինչեւ 1-ին հազարամյակը: Դրանք դասակարգվում են հետեւյալ սկզբունքով` նեոլիթ-պալեոլիթյան, վաղ, միջին, ուշ բրոնզեդարյան, վաղ երկաթեդարյան, որից հետո այլեւս ժայռապատկերներ չեն հանդիպում:
 Ամենաուշագրավն այն է, որ Հայաստանի տարածքում հայտնաբերվածները ոչ միայն ժայռապատկերներ են, այլ նաեւ պատկերագրեր, գաղափարագրեր:

     Գաղափարագրեր      ժայռապատկերներ
-Ի՞նչ պատկերացումներ են տալիս ժայռապատկերները, գաղափարագրերը, գտածո նյութերը, հուշարձանները  մեր լեռնաշխարհում բնակվող մարդու ըմբռնումների, ապրելակերպի, մշակույթի եւ կենցաղի մասին:   

 -Մեր նախնիների կերտած մշակույթից այժմ փշրանքներ են մնացել: Դրանց մի մասը դարերի ընթացքում ոչնչացել ու կորել են, մի մասն էլ, անցնելով գետնի տակ, աժմ էլ անտեսանելի եւ նույնիսկ անհասանելի են: Մեզ հասած նյութական մշակույթից եւ հուշարձանների փշրանքներից, թերեւս, կարելի է պատկերացում կազմել դրանք ստեղծող  մարդկանց ստեղծագործական մտքի, շինարարական արվեստի, ըմբռնումների, մշակույթի ու կենցաղի մասին: Այդ տեսակետից Հայաստանն աշխարհում յուրահատուկ տեղ է գրավում անցյալի անխոս ու խոսուն վկաների առատությամբ: Ուստի պատահական չէ, որ Հայաստանը օտարների կողմից վաղուց վաստակել է ՙթանգարան բաց երկնքի տակ՚ անունը: Այդ թանգարանում իրենց ծանրակշիռ խոսքն ունեն ասելու նաեւ մեր լեռնաշխարհով մեկ սփռված ժայռապատկերներն ու գաղափարագրերը:

  Քարերի, ժայռերի վրա նախնադարյան մարդը պատկերել է իր շրջապատը, իր շրջապատի երեւույթները, զբաղմունքները, բուսական ու կենդանական աշխարհը, հավատալիքները եւ այլն: Մեծ տեղ է հատկացված որսի տեսարաններին, քանի որ մարդու գոյությունը պայմանավորված էր որսով: Պատկերված են որսի բազմաթիվ եղանակներ` միայնակ կամ խմբային, տարբեր թակարդների միջոցով, որոնք մեզ պատկերացում են տալիս մեր լեռնաշխարհում բնակվող նախնադարյան մարդու այդ զբաղմունքի վերաբերյալ: Ժայռապատկերներում ուշագրավ են արորի պատկերները, արորին լծված են եզները, որը կարեւոր աղբյուր է հայկական լեռնաշխարհում արորային երկրագործության վերաբերյալ: Ուշագրավ են երկանիվ եւ քառանիվ սայլերը, որոնց  օրինակները գտնվել են Սեւանի ավազանի հնագույն դամբարանների պեղումների ժամանակ: Պատկերված են նաեւ դահուկ կոչվող սահնակները, որոնցով բեռներ էին տեղափոխում: 
 Ժայռապատկերներում արտահայտված են Հայաստանի ողջ կենդանական աշխարհը, մարդու պայքարը վայրի գազանների դեմ: Այդ ժայռապատկերներն ու գաղափարագրերը, անցնելով հազարամյակներով,  19-րդ դարի վերջերին հայերիս են հասել մեծ ճշգրտությամբ: Դրանցում մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկական լեռնաշխարհի ցեղերին բնորոշ տարազի որոշ տարրեր: Ճիշտ է, նախնադարյան մարդը մեծ մասամբ մերկ է պատկերված, սակայն հանդիպում են նաեւ շատ արժեքավոր նյութեր տարազի վերաբերյալ: Ուշագրավ են ժայռապատկերներում հանդիպող հավատալիքային նյութերը` արեւի ու լուսնի, աստղերի պատկերումը, եւ դա պատահական չէր, քանի որ նախնադարյան մարդը կողմնորոշվում էր իր տեղաշարժերի ժամանակ երկնային լուսատուներով, հետեւաբար, ժայռապատկերներում նա մեծ տեղ պիտի հատկացներ դրանց պաշտամունքին: Առանց գաղափարագրերի, ժայռապատկերների անհնարին կլիներ հասկանալ նախնադարյան հասարակության պատմության շատ խնդիրներ: Հայաստանում գտնվել են հազարավոր ժայռապատկերներ, գաղափարագրեր, որոնց աննշան մասն է հրատարակված առ այսօր: Այդ ժայռապատկերներում հանդիպում են մինչեւ 50 պատկերներ` ստեղծելով ինքնատիպ կոմպոզիցիա: Հայագիտության մեջ դրանց  պատմական եւ ազգագրական արժեքային կողմերը բավարար ուսումնասիրված համարել չի կարելի: 
- Խնդրում ենք խոսել Գեղարքունիքի մարզի տարածքում գոյություն ունեցած պետական կազմավորումների եւ դրանց ժամանակագրության մասին:
-Պետական կազմավորումների մասին մեզ տեղեկություններ են հաղորդում ինչպես ուրարտական, այնպես էլ նախաուրարտական ժամանակաշրջանի աղբյուրները: 
 Մեր լեռնաշխարհում մեր թվարկությունից հազարամյակներ առաջ ձեւավորված ցեղերից ու ցեղային միավորումներից մի քանիսը 3-2 -րդ հազարամյակներում արդեն ստեղծել էին իրենց պետական միավորումները: Իսկ Արարատյան կամ Ուրարտական թագավորության ժամանակաշրջանում ինչպես պետական կազմավորումները, այնպես Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում եւ Սեւանի ավազանում ապրող ցեղային միավորումները մտնում են նրա կազմի մեջ: 
 Սեւանի ավազանում, մասնավորապես Լճաշենում, կատարած հնագիտական ուսումնասիրությունների մեջ ես կարեւորում եմ հայտնաբերված թաղումները, որոնց պեղումներից պարզ երեւում է, որ այս կամ այն դամբարանը թագավորական է: Հայտնաբերվել են թագի մնացորդներ, որը վերականգնելուց հետո հետաքրքիր տեսք է ստացել: Այդ դամբարաններից հայտնաբերվել են դիակառքեր եւ մարտակառքեր` ձիերով լծված, որոնց հետ նաեւ` կրծքազրահներ: Եթե համարենք, որ դա ընդամենը հասարակ տոհմապետի կամ ցեղապետի է պատկանել, ապա կստացվի, որ նրանք ավելի հարուստ են եղել, քան շումերական արքաները: Վերջիններիս թաղումներում ավելի քիչ հարստություն է հայտնաբերվել:
 Իմ կարծիքով Վելիքուխե երկիրը եղել է դաշնակցային: Ծովինարի սեպագիր արձանագրությունում ասվում է, որ Ռուսա Առաջինը գրավեց 22 քաղաքներ, բերդ-ամրոցներ: ՙ… 22 ամրոցների տիրակալներ դեմս եկան, ես նրանց ներեցի` հարկ վճարելու պայմանով: Նիդինին կուսակալ նշանակեցի, իսկ 10 տարի հետո նրա փոխարեն կուսակալ կարգեցի Մուրինին…՚.- ասվում է արձանագրությունում: Այսինքն, Վելիքուխե երկրի պետական կազմի մեջ ընդգրկված են եղել 22 ցեղային միություններ:
  Խալդ քաղաքի առկայությունն էլ է խոսում պետական կազմավորման մասին: Սիրելի եւ գլխավոր Աստծու պատվին հենց այնպես, ինչ-որ տեղ քաղաք չէին կառուցի: Հարկ եմ համարում նշել, որ հնարավոր է  Խալդ անունը ծագել է ոչ թե Աստծո անունից, այլ դա էպոնիմ է: Այսպես, հույները պղնձին խալդ կամ հայկական մետաղ` հայդ էին կոչում: Այս ամենը դեռ պետք է ուսումնասիրել, ստուգաբանել եւ բացահայտել:
- Խնդրում ենք անդրադառնալ այն հնագետներին, ուսումնասիրողներին, ովքեր աշխատել, ուսումնասիրություններ ու հետազոտություններ են կատարել Գեղարքունիքի մարզի տարածքում: 
-Տարածաշրջանում հայտնաբերված հսկայական քանակությամբ ժայռապատկերների վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարել Սուրեն Պետրոսյանը եւ առանց մեկնաբանության հրատարակել ՙԳեղամա Լեռների ժայռապատկերները՚ գրքում: Գաղափարագրերն ու ժայռապատկերները ուսումնասիրել են Հարություն Մարտիրոսյանը, Հասմիկ Իսրայելյանը եւ Սանդրո Սարդարյանը: Մի քանի դամբարաններ են պեղել Ա. Ա. Իվանովսկին եւ Ն. Ա. Նիկոլսկին` 1860-ական թվականներին, այնուհետեւ` Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը: Նրա ուսումնասիրություններից հատկապես կարեւոր են այն տեղեկությունները, որոնք վերաբերում  են բնակչությանը, ժողովրդագրական տեղաշարժերին: Իր ուսումնասիրությունները Սմբատյանցը ամփոփել է 1881 թվականին հրատարակված ՙԳեղարքունի-Ծովազարդ գավառ, որ այժմ Նոր Բայազետի գավառ կոչի՚ աշխատությունում: Մեր մարզում կատարած պեղումներով, հսկայածավալ աշխատանքով առանձնանում է հատկապես Երվանդ Լալայանը` ՙԴամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում՚ աշխատության մեջ ամփոփելով մեր մարզի վերաբերյալ բացահայտված արժեքավոր տեղեկություններ: Մյուս խոշոր ուսումնասիրողը Սեդրակ Բարխուդարյանն է` իր ՙԴիվան հայ վիմագրության՚ կոթողային աշխատությամբ: Գիտությունների թեկնածու Թադեւոս Ավդալբեկյանի գործը նույնպես մեծարանքի է արժանի: Նա է ուսումնասիրել Արգիշտի Առաջին արքայի թողած Լճաշենյան հայտնի արձանագրությունը: Նորատուսի, Լճափի մի քանի բրոնզեդարյան դամբարաններից հարուստ նյութեր է հայտնաբերել եւ պեղել Հարություն Մարտիրոսյանը: Սեւանի ավազանի նյութերը ըստ ժամանակաշրջանների  ի մի է բերել Հարություն Մնացականյանը: Լճաշենի հայտնի հուշարձանների պեղողը նա է եղել: Նա պեղումներ է կատարել Լիճքում, Գետաշենում, Վարդենիսի Ակունք համայնքում:  Խորհրդային Միության հերոս, մեր հայրենակից Գեդեոն Միքայելյանը ուսումնասիրությունների է ենթարկել Սեւանի ավազանի Կիկլոպյան ամրոցները, որոնք մեր մարզում թվով 57-ն են: Հատկապես Գավառի շրջանի ամրոցները չափագրել ու ժամանակագել են Բորիս Պիատրովսկին, Լեւոն Գյոզալյանը:
 Իհարկե, այսքանով չի ավարտվում Սեւանի ավազանի ուսումնասիրողների աստղաբույլը: Այստեղ տարիներ շարունակ հնագետները ուսումնասիրել, ուսումնասիրում են, եւ նոր սերունդը անպայման նորովի է հնագիտական ուսումնասիրություններ կատարելու: 
Հասմիկ Գրիգորյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More