ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 11 сентября 2011 г.

ԾԱՌԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԵՋ Է



Ռաֆիկ Խանդանյան - 83
 ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ
 Գավառ քաղաքում եւ նրա սահմաններից դուրս վաղուց է հռչակված  Խանդանյանների տոհմը, որից սերված մարդիկ իրենց մտքով, հոգով ու ձեռքերով անդուլ կերտել ու կերտում են հայոց հայրենիքը: Դժվար է մեկ էջի, անգամ մեկ թերթի սահմաններում պատմել հայրենասեր ու ժողովրդասեր այդ մարդկանց ուսումնական ու աշխատանքային հաջողությունների, մեր հայրենիքին մատուցած ծառայությունների մասին, քանի որ յուրաքանչյուրի կերպարն ու գործունեությունն անչափ հարուստ են ու բովանդակալից: Հարուստ  աշխատանքային կենսագրություն ստեղծած եւ կյանքի երկար ճանապարհ անցած Ռաֆիկ  Խանդանյանը նրանցից մեկն է, ովքեր  դեռ հզոր կաղնու նման կանգնած են հայրենաշինության հողի վրա եւ վաստակած մարդու ու հոր իրավունքով շարունակում են սիրո եւ արարման սերմեր սփռել շրջապատում՝  ջնջելով մարդկային տարիքի  սահմանները: Մի տեսակ ուրիշ համուհոտ կա այդ սերնդի մարդկանց մեջ, որ սպառվելու փոխարեն ավելի է տարածվում ու հաստատվում երիտասարդ ու մատաղ սերնդի հոգիներում՝ նրանց մղելով դեպի վեհն ու գեղեցիկը, բարին ու արդարը, ընտանիքն ու հայրենիքը, արարչագործության անվերջանալի եզերքները:
Ռաֆիկ  Խանդանյանն ասես ծնվել է իր հայրենի հող ու ջրի հետ՝ ծիլ տալով նոր իրականության, նոր աշխարհի ու աշխարհաստեղծման, առատ բերքերի ու քաղցրահամ զրույցների: Իր սերնդակիցների պես, ովքեր աշխարհ են եկել անցած դարի առաջին տասնամյակներում, նա կրել է մեր հայրենիքին պարտադրված բոլոր նեղությունները, սովի ու պատերազմի տխուր հետեւանքները: Ռազմաճակատից տուն չի վերադարձել նրա ավագ եղբայրը, իսկ ինքը մանկության եւ պատանության տարիները, դպրոցից բացի, անցկացրել է  հանրային դաշտերում, ծնողների եւ ավագ եղբայրների կողքին՝ օգնելով նրանց բերքահավաքի դժվարին աշխատանքներում: Նա հիմա այդ օրերը ոչ միայն վառ, այլ նաեւ մի տեսակ քաղցր կարոտով է հիշում՝ մանկական հրճվանքով վերարտադրելով այն օրերի գիշերներն ու ցերեկները, երբ ինքն իր տանեցիների հետ  բերք ու բարիք էր տուն բերում: 
ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Անգիր վեպի պես, բայց մի տեսակ հպարտորեն, նա պատմում է իր անցած կյանքի ճանապարհի, իր ստեղծած բարու աշխարհի՝ իր տան ու երեխաների, թոռների, իրեն սրբություն մնացած ծնողների եւ մերձավորների մասին: Հիշում է լամպի ճրագը, որի տակ գիշերները դաս է սովորել, թանաքամանն ու գրչածայրը, որոնցով տետրի վրա նկարելու պես սահուն ու գեղեցիկ պատկերել է մաշտոցյան տառերը, հիշում է դպրոցական ընկերներին եւ սիրելի ուսուցիչներին, որոնց տված դասերը տպավորված են այնքան, որ հիմա էլ կարող է նույնությամբ վերապատմել: Հիշում է, թե իրենց տանը դժվարությամբ վաստակած հացը, շատ դեպքերում ցամաք, ինչ հանգիստ ու երջանկաբար էին վայելում  ծնողները եւ նրանց ինը երեխաները:  
Նա իր կրթութունը միայն դպրոցից, տեխնիկումից ու ինստիտուտից չի առել եւ երբեք չի համարել, որ լիարժեք կրթություն ստանում են դասասենյակներում ու լսարաններում: Ուսմանը զուգընթաց եւ ուսումն ավարտելուց հետո նա սովորել է հայրենի դաշտերում ու լեռներում, սովորել անասնապահներից ու հողագործներից, որմնադիրներից ու մեղվաբույծներից, հնձվորներից ու ջրվորներից, հեքիաթասացներից ու գիտնականերից, համարելով, որ կյանքի յուրաքանչյուր օր մարդու համար մի առանձնահատուկ դաս է, միայն թե այն կարողանաս ընկալել ու անմիջապես վերցնել:
Ռաֆիկ  Խանդանյանը, իր աշխատանքային գործունեությունը սկսելով հասարակ անասնաբույծից, բարձրացել է ղեկավար աշխատանքի ամենատարբեր աստիճաններով, բարձր դիրք ու անուն գրավել ոչ միայն պետական պաշտոններում, այլ նաեւ ժողովրդի մեջ: Տարիներ շարունակ նա ղեկավարել է Արծվաքարի, ապա՝ Հայրավանքի պետական տնտեսությունները, մի կարճ ժամանակ՝ Կամո քաղաքի պանրագործարանը:
Նրա ժամանակակիցներն այսօր էլ չեն մոռացել իրենց ղեկավարի եռանդուն, հանրօգուտ, միշտ սրտացավ աշխատանքը: Բերքահավաքի, գարնանացանի, ծնի շրջաններում Ռաֆիկ  Խանդանյանի համար աշխատանքային ժամերը եղել են գրեթե շուրջօրյա, եւ նա միշտ պատվով է դուրս եկել իրեն վստահված աշխատատանքներից: Նրա աշխատանքային կենսագրության մի պատասխանատու եւ պատվաբեր շրջանն էլ համարվում է ՀԽՍՀ ժողովրդական դեպուտատների Կամոյի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ աշխատած տարիները՝ 1977-1987 թվականները: Ինքնամոռաց նվիրումով նա  շենացրել է հայրենի եզերքը, մտածել ժողովրդի բարօրության, երկրի տնտեսության բարձրացման ու վերելքի մասին: Դրանք այն տարիներն էին, երբ մեր երկրում վերջապես բարձրանում էր ժողովրդի կենսամակարդակը, գալիս էր լուսավոր կենցաղը, զարգանում էր մեր տնտեսությունը: Ինչքան էլ այդ տարիները որակվեն որպես ՙԼճացման տարիներ՚, այդուհանդերձ, դա նաեւ մի ժամանակաշրջան էր, երբ հայ մարդն իր հողի վրա տուն էր շինում, աճում ու բազմանում, կառուցում լուսավոր ու գեղեցիկ առանձնատներ, փողոցներ, գործարաններ, անասնապահական համալիրներ: Դրանք անգնահատելի ձեռքբերումներ էին մեր ժողովրդի համար, ձեռքբերումներ, որոնք  այսօր էլ մեր կյանքի անբաժան ուղեկիցներն են, ձեռքբերումներ, որոնք ստեղծվում էին անդուլ աշխատանքով եւ մեծ դժվարությամբ: Տուն կառուցող եւ երեխա  ծնող ու դաստիարակող այդ սերնդի ստեղծած հավաքական ուժն էլ շատ շուտով կարողացավ նետվել Արցախի ազատագրության բոցերում՝ կյանքի ու արյան գնով մայր Հայաստանին միացնելով նրա  գերված զավակին:
Հետո շատ բան տակնուվրա արեց ժամանակը՝ քարուքանդ անելով աշխարհի հզորագույն կայսրություններից մեկը՝  Խորհրդային Միությունը: Նրա  քաղաքացիները ոչ միայն կորցրին դիրք ու պաշտոն, ունեցվածք, վաստակ ու տուն, այլ նաեւ մոլոր մնացին  ժամանակի ծանր փորձություններին դեմ հանդիման: Շատերն ապահովություն ու հաց փորձեցին փնտրել դրսերում, շատերը փորձեցին հարմարվել նոր հասարակարգին ու պայմաններին... Իսկ Ռաֆիկ  Խանդանյանը նորից ամուր կաղնու պես կանգնեց իր հողին՝ տարիների վաստակն ու եռանդը ցանելով նրա կենարար ակոսներում, կրկին ապավինելով ատեղծագործ աշխատանքին: Ոչ այնքան թոշակի սակավությունը, որքան տանը պարապ  նստելու եւ անգործության մատնվելու  մտավախությունը նրան մղեց դեպի մեղվաբուծություն եւ հողագործություն: Ընդ որում, ինչպես ինքն է հպարտանում, ինքը մեղվաբուծությամբ զբաղվում է 12 տարեկանից՝ արդեն 70 երկար տարիներ: Բահի ու գերանդու պաշտամունք ունեցող մարդը գտավ իրեն արժանի նոր զբաղմունք, միշտ համարելով, որ բնության մեջ գոյություն չունի անպատվաբեր աշխատանք, եւ միակ անպատվաբերությունը պարապ ապրելն ու որեւէ արժեք չստեղծելն է: Նրա կյանքի իմաստը ոչ միայն հանրօգուտ աշխատանքն է եղել, այլ նաեւ իր երեք զավակներն ու ութ թոռները եւ մեկ ծոռը, որոնց կրթության ու դաստիարակության խնդիրներով զբաղվել է ամեն օր, ամեն ժամ: Նրանք ստացել են բարձրագույն կրթություն, տեղ ու դիրք գրավել կյանքում, դարձել մեր երկրի ու հասարակության համար պիտանի մարդիկ: Բայց այսօր էլ իր 83 տարիների բարձունքից Ռաֆիկ  Խանդանյանը շարունակում է սիրելով խրատել ու գուրգուրել նրանցից յուրաքանչյուրին՝ ապրելով բոլորի հոգսերով, հաջողություններով, երազանքներով:
 Իր կյանքի որոշակի ժամանակահատվածում Ռաֆիկ  Խանդանյանը, որպես Խորհրդային երկրի քաղաքացի, ջանադրաբար նվիրվել է  սոցիալիստական շինարարության գաղափարին: Նա ազնվորեն է անդամակցել ինչպես կոմերիտմիությանը, այնպես էլ կոմունիստական կուսակցությանը՝ կոմունիստական գաղափարախոսության մեջ պատկերացնելով արդարության, հավասարության ու երջանկության բանալին: Այլ խնդիր էր, որ մարդկանց իսկ կողմից ձեւախեղվեցին ինչպես այդ գաղափարները, այնպես էլ կոմունիստական կուսակցության պատիվն ու անունը: Իր անբասիր ծառայությունների ու մեծ վաստակի համար նա արժանացել է բազմաթիվ կառավարական պարգեւների ու մեդալների: 
 Նա նաեւ գրչի առանձնահատուկ պաշտամունք ունի:  Այն տարիներին, երբ ԽՍՀՄ գրաքննությունը խստորեն արգելում էր ազգային գաղափարախոսության տարածումը, Խանդանյանը համառորեն ուսումնասիրում եւ խնամքով կազմում ու վերարտադրում էր ականավոր հայդուկապետ ու ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի կենսագրական պատումները, որոնք ժամանակի ընթացում տպագրվել են մեր թերթի էջերում: Ռ.  Խանդանյանը վերջերս կազմել եւ հրատարակել է ՙԿարապետ Խանդանյանի տոհմածառը՚ ճանաչողական գիրքը, ուր մանրամասնորեն ներկայացվել են Խանդանյան տոհմի մի ճյուղի մարդկանց կերպարներն ու գործունեությունը: Իր աշխատանքային գործութնեության տեւական ընթացքում նա հանդիպել է նշանավոր բազմաթիվ մարդկանց, որոնց մեջ առավել տպավորիչ է մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ հանդիպումը:
 -Այդ հանդիպումը կայացավ Գավառ քաղաքում, շրջկոմի շենքում,- վերհիշում է Ռ. Խանդանյանը: Բաղրամյանը անսպասելիորեն ցանկություն էր հայտնել այցելել մեր քաղաք եւ հանդիպել շրջանի ղեկավարության հետ: Զրույցը տեւեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում Բաղրամյանն արտահայտեց իր հիացմունքը մեր ժողովրդի հանդեպ, պատմեց դրվագներ Հայրենական մեծ պատերազմից, իր եւ Իոսիֆ Ստալինի փոխհարաբերություններից: 
 Սեպտեմբերի 11-ին Ռաֆիկ Խանդանյանը բոլորում է իր կյանքի 83-րդ տարին կայտառ հոգով, եռանդով, արարչագործ հոգով եւ լուսավոր երազներով: Նա շրջապատված է բազմանդամ գերդաստանով, սիրող ընտանիքով, զավակներով ու թոռներով, իրեն մեծարող հարգող ու սիրող շրջապատով: Եվ հիմա դեռ ամուր կենում է հայրենաշինության հողի վրա:
Խոսրով Խլղաթյան

0 comments:

Отправка комментария

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More