ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 11 сентября 2011 г.

ՇԱՀԵՆԻ ԱՂԲՅՈՒՐԸ


Դու տարին բոլոր ծորում ես, ծորում,
Հորձանքդ խառնում գետի ջրերին,
Ով որ եղել է մեր Բանդի ձորում,
Մնում է առմիշտ քո հլու գերին:
Քանզի դու ունես անանուն կարոտ՝
Համբավդ լսած ամեն մի մարդու,
Կանչում ես հազար ձեռքով դու քեզ մոտ
Ու տալիս պապակ սրտերին հագուրդ:
Շուրջդ ծաղիկներ կան հազարերանգ՝
Մեկը մյուսից բուրավետ, փարթամ,
Դու ե՞ս բուրմունքը ներարկել նրանց,
Թե՞ նրանք են քեզ տվել անուշ համ:
 Խմողը, անշուշտ, շատ է հիանում,
Հայացքն է հառում դեպի վեր՝ Աստծուն,
Քո դեմ իր սրտի գաղտնիքն է բացում
Ու խոսք մրմնջում անաղարտ սիրո:
Իրար ես կապում սիրահար սրտեր՝
Քեզ ծունր իջած սրբազան ուխտի,
Քանց ամենազոր տիրակալ ու տեր՝
Բացում ես նրանց դռները բախտի:
Բեզար, հոգնաբեկ հնձվորը շոգին
Գտնում է քեզ մոտ հանգիստ մի անկյուն
Ու հովացնում է պապակ իր հոգին
Քո անմահական ջրով սրբագույն:
Այսօր այցի եմ եկել ես կրկին
Քեզ, կախարդական Շահենի աղբյո՜ւր,
Դու սուրբ ուխտավայր, մասունք թանկագին՝
Քո շուրջը փռված ծաղկունք բազմաբյուր:
 Պատրաստ եմ իմ կարճ կյանքը անցողիկ
 Խառնել անվարան փառահեղ ուղուդ,
Որպես լուսայգու մի կաթիլ ցողիկ,
Փարվել ջրերիդ՝ սառնորակ ու լուրթ:
Որպեսզի ծափ տաս ու բարձր ցնծաս,
Զրույցդ դեպի գոռ դարեր ձգվի,
Քեզ, որպես լավի ու բարու ընծա,
Տեր Աստված թող կուռ երթեր պարգեւի:
Որպեսզի, աղբյո՜ւր, հավերժ կարկաչես
Ու շիթդ խառնես մեր մայր Սեւանին,
Փարվելով իրար տատ ու թոռան պես՝
Դառնաք մեր ցավի դեղ-սպեղանին:
Եվ դուք միասին գտնեք ամոքում
Մեր խոր վերքերին՝ տքնանքով անեղծ:
Հազար ողորմի թող նրա հոգուն,
Ով որ քեզ գտավ ու անուն կնքեց:

Գերասիմ Ավետիսյան
գ.Սարուխան
14.09.1993

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More