ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 1 марта 2012 г.

Բ Ն Ա Կ Ո Ր ՈՒ Յ Ս Հ Ա Յ Ը


 Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն 16 տարի շարունակ համաշխարհային բարձրագույն ամբիոնները, հեղինակավոր պարբերականների էջերը, զանգվածային լրատվության այլ միջոցները օգտագործելով` վայնասուն է բարձրացնում կորսված տարածքների, մեկ միլիոնից ավելի փախստականների, իբրեւ թե անմեղ հազարավոր նահատակների մասին: Ասես թե ադրբեջանցիները անմեղ գառան նման նստած են եղել իրենց տներում ու առաջին սուր քաշողները չեն եղել: Մինչդեռ նրանք էին գայլացած այն ոհմակները, ովքեր մեր խաղաղ ու արդար պահանջին պատասխանեցին արյամբ: Տարիները շատ քիչ են` հարյուր հազարավոր հայերի վերապրած եղեռնը ամբողջացնելու համար: Մեզ մնում է դրանց անդրադառնալ անուն առ անուն, համար առ համար... Որ զոհն ու դահիճը զանազանվեն, որ ոչ մի անգամ գայլը չկարողանա գառան դիմակ հագած երեւալ համաշխարհային հանրությանը:
1988 թվականի փետրվարի 27-ից 29-ի Սումգայիթյան ոճրագործությունը, անպատժելիությունից թեւավորված, իր տրամաբանական շարունակությունը գտավ Ադրբեջանի հայաբնակ մյուս քաղաքներում: 1988  թվականի գարնանը Կիրովաբադ, Բաքու, Շամխոր, Դաշքեսան եւ մնացած հայաշատ բնակավայրերում սկսվեց հայության զանգվածային արտաքսումը, որն ուղեկցվեց կտտանքներով, թալանով ու սպանություններով: Մինչեւ 1988 թվականի ավարտը Ադրբեջանից  բռնագաղթված շուրջ 200 հազար հայեր օթեւան գտան Հայաստանի տարբեր բնակավայրերում: Այդպիսի մի բնակավայրերից է Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, որը  մինչեւ բռնությունների տարածումը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Ջարդերից հետո այն վերաբնակեցվել է բռնագաղթված հայերով: Գյուղն այսօր ունի 200 ծուխ ու 870 բնակչություն: Բնակիչները Ադրբեջանի տարբեր հատվածներից են: Ապրելով նույն լեռնագոգում, ընդհանուր երկնի լազուրի ներքո, միավորված ճակատագրի միեւնույն հեգնական  հարվածով`  այս համայնքի բնակիչները ստեղծել են կյանքի նոր պայմաններ, նոր միջավայր, մշակել գոյապայքարի նոր մեթոդներ: Բայց այստեղ ապրող յուրաքանչյուր ոք իր սրտում, իր հոգու խորքում ունի մի կսկծացող վիշտ, միշտ ծխացող ու մրմռացող մի վերք: Նրանք  իրենց տունն են կորցրել, տարիների դառը քրտինքով ստեղծածը, հարազատների թանկագին շիրիմները, կորցրել են իրենց մերձավորներին: Իրենց աչքերի առջեւով հոսել են արյան վտակներ, իրենք տեսել ու վերապրել են մարդկային ձեռքերով կերտված դժոխքը: Բայց կյանքը շարունակվում է, եւ պետք է պայքարել` ապրելու, վերապրելու, արարելու եւ բարի գործերով երջանկանալու համար...
 Մեր հանդիպման պահին ժամացույցի սլաքները ազդարարեցին աշխատանքային օրվա ուղիղ կեսը: Սոնան նայեց ժամացույցին. ՙՄեկ ժամ ունեմ, գնամ աղջկաս տուն, թոռներիս տեսնեմ, գամ՚: Շատվանում ահա այսպես աշխատանքով ու ամենօրյա հոգսերով սկսվում ու ուղեկցվում է Սոնայի ամեն մի օրը: 
  Խուդավերդյան Սոնան արդեն 60 տարեկան է: Ծնվել է Ադրբեջանի  Կիրովաբադ քաղաքում:  Մանկությունն անց է կացրել շեն ու շքեղ քաղաքում:  Կիրովաբադում հաճախել է մանկապարտեզ, ապա ստացել միջնակարգ կրթություն: Հետո ուսումը շարունակել է  Կիրովաբադի տեխնիկումում: Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կիրովաբադի կապի հանգույցում: Ընդունվել է ՍՄԿԿ շարքերը, ընտրվել քաղսովետի դեպուտատ: Կոմունիզմի ու ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարակված հայուհու համար ամեն ինչ, սակայն, տակնուվրա եղավ փոթորկաշունչ ու սահմռկեցուցիչ 1988 թվականին: Նա ականատեսը եղավ Կիրովաբադի կամ Գյանջայի հայության ահասարսուռ  ջարդերին, բոլոր իրադարձություններին ու տեղահանություններին, որոնք տեղի  ունեցան 1988 թվականի նոյեմբերից մինչեւ 1989-ի սկզբները: 
 -Հիշում եմ, այդ օրը նոյեմբերի 21-ն էր,- պատմում է Սոնան,- այդ ժամանակ ես արձակուրդում էի եւ հրավիրված էի կուսակցական ժողովի: Կիրովաբադը, մեր հայաշատ քաղաքը, բաժանված էր երկու  մասի` հայերի ու ադրբեջանցիների միջեւ: Այդ երկու մասերը միմյանցից բաժանվում էին կամրջով: Ավտոբուսով գնում էի ժողովի, երբ հեռվից տեսա մի հսկայական ամբոխ, որը զինված էր փայտերով,  երկաթներով ու զենքերով: Ես ճանապարհին իջա եւ թեքվեցի դեպի ՙԵկեղեցու դուռ՚ անունը կրող հայկական փողոցը: Նկատեցի, որ խուժանը գալիս է դեպի հայկական թաղամասի ուղղությամբ: 
 Կանգառում կանգնած ոստիկաններին, որոնց ես ճանաչում էի, հարցրեցի.
-Ի՞նչ է այստեղ կատարվում:
-Սոնյա Նիկոլաեւնա, դուք հեռու մնացեք փորձանքից,-պատասխանեցին ոստիկանները:
 Կատաղած ամբոխը թեքվեց  դեպի հայկական թաղամաս: Առաջինը գրոհեցին ծննդատան շենքի վրա, ջարդեցին ու փշրեցին դռների եւ լուսամուտների ապակիները: Ծննդատնից շուրջ 500 մետր հեռավորության վրա տեղակայված էր Գյանջայի ոստիկանատունը: Ոստիկանները ոչինչ չէին անում` կատաղած ամբոխին կասեցնելու համար, հակառակը` կանգնել, հրճվանքով նայում էին խուժանի գազանաբարո արարքներին:
 Հրոսակախումբը շարունակեց իր ավերածությունների ալիքը: Նա հասավ Նալբանդյան փողոց եւ բռնեց դեպի Գյանջայի հայկական եկեղեցի տանող ուղին: Նրանք ներխուժեցին եկեղեցուց ներս, ջարդեցին ու փշրեցին ամեն ինչ: Ապա ադրբեջանցիները բարձրացան եկեղեցու նախասրահի տանիք, հանեցին խաչն ու իրենց հետ տարան: 
 Կիրովաբադի քաղկոմի երրորդ քարտուղարը հայի կին էր, եւ նրա պահանջով չարագործները վերադարձրեցին առեւանգած խաչը:  Կիրովաբադի բոլոր անկյուններում այդ օրն արդեն սկսվել էին  հայերի զանգվածային ջարդերն ու հետապնդումները: 
 Համախմբվեցինք բոլոր հայերով եւ հայկական եկեղեցին դարձրեցինք կենտրոնական հավաքատեղի-ապաստարան: Այդտեղ էին բերում նաեւ տուժած հայերին, որտեղ էլ փորձում էինք օգնություն ցուցաբերել վիրավորներին: Առաջին տուժածները հայր ու որդի էին` Իջեւանից եկած: Նրանք եկել էին Կիրովաբադ`  տեղի համալսարանից փաստաթղթերը տանելու: Մենք դեռ բժիշկ չունեինք, ոչ էլ անհրաժեշտ դեղամիջոցներ: Այդ թաղամասում կար մի ադրբեջանցի բժիշկ` Մամեդովը: Նա շտապօգնության բժիշկ էր, կինն էլ` հայ: Հավաքվեցինք մի քանի հայերով, գնացինք նրանց տուն ու նրան խնդրեցինք` գալ եւ ցուցաբերել անհրաժեշտ բժշկական միջամտություն: Մամեդովը չմերժեց մեր խնդրանքը, եկավ, մշակեց, վիրակապեց հոր եւ որդու վերքերը: Գնալիս նա մեզ աղերսեց, որ հնարավորինս գաղտնի պահենք իր գթասիրտ արարքը: 
  Գնալով մեծանում էր վիրավորների թիվը: Հայերս եկեղեցու սպասավորներ պատրաստող հին ուսումնարանի շենքը վերածեցինք հոսպիտալի: Գնալով դժվարանում էր եկեղեցում պատսպարված ու հայկական թաղամասի մյուս հայերի վիճակը: Շրջափակման մեջ էինք: Փակվեցին հայկական թաղամասի բոլոր խանութները, մեր թաղեր այլեւս ապրանք չէին բերում, ուրիշ խանութներում հայերին հրաժարվում էին անգամ հաց վաճառել: Մեր միակ օգնությունը Գետաշենից էր գալիս: Այնտեղ հաց էին թխում, բերում էին սնունդ, պարեն, որն էլ կուտակում էինք ու փորձում ապաքինել մեր վիրավորներին: Մենք տաս օր այդպես գոյատեւեցինք: 
  Ադրբեջանցիները հատ-հատ գիտեին, թե որ թաղում քանի հայ է ապրում, որ շենքում, որ հարկում: Նրանք բավականին տեղեկացված էին, ունեին նույնիսկ աշխատավայրերի հասցեներն ու հեռախոսահամարները: Զանգահարում եւ ահաբեկում էին բնակիչներին: 
 Ենթադրում եմ, որ տեղեկատվությունը վերցրել էին անձնագրային վարչությունից:
Նրանք օրեր շարունակ հետամուտ էին լինում շենքերի ու բնակարանների բակերում` հայերին վնասելու համար: Այս նույնը նրանց համար դժվար էր տեղեկանալ հայկական թաղամասի բնակիչների մասին, այստեղ հայերը համախմբված էին, որն էլ բարդացնում էր ադրբեջանցիների սեւ գործը: Մի հայ  կին, ով ապրում էր Ուկրաինայում, ամուսնացել էր ուկրաինացի զինվորականի հետ, իմանում է ջարդերի մասին եւ ուղեւորվում է Կիրովաբադ` մորը ջարդերից փրկելու եւ երկրից դուրս տանելու համար: Հենց կանգառից հրոսակները հետամուտ են լինում հայ կնոջը, մինչեւ նա հասնում է ադրբեջանական թաղամասի իր մոր բնակարան: Շենքի նախամուտքում հասնում են նրան, բռնում խեղճին, բռնաբարում, մերկացնում ու, մազերից քարշ տալով, հասցնում մինչեւ քաղաքի հրապարակ: 
 Այնտեղ մենք գտանք հալածված հայուհուն, բերեցինք եկեղեցի, մշակեցինք ու դարմանեցինք վերքերն ու ցուցաբերեցինք հոգեկան աջակցություն, մինչեւ եկավ նրա ամուսինը եւ մորն ու նրան դուրս տարավ այդ դժոխային քաղաքից: 
 -Ծանր դեպքերը հաջորդում էին մեկը մյուսին, -վերհիշում է  տիկին Սոնան,-այնքան ահասարսուռ էր տեսնել այդ ամենը, զգալ ու վերապրել: Մի անգամ էլ  վաթսուն տարեկան մի հայ կնոջ բերեցին` դարձյալ հալածված, ծեծված ու անարգված: Այս կնոջ հանդեպ այնքան անմարդկային էին վարվել, որ նույնիսկ լեզուս  չի պտտվում` նկարագրելու նրա վիճակը: Մարդու մարմնով սարսուռ է անցնում, այս ամենը վեր է մարդկային բարոյական պատկերացումներից:
 Այդ օրերին եղբայրս իր երկու աշխատողների հետ գնացել էր գործուղման եւ պիտի վերադառնար: Ես անհամբեր սպասում էի լուրի: Հանկարծ եկան մեր տղաներն ու տեղեկացրին, որ ադրբեջանցիները ավտոկանգառում երեք հայ  տղաների են ջարդոտել: Ես ահաբեկված թողեցի ամեն ինչ ու վազեցի հայրական տուն: Բարեբախտաբար, եղբայրս անվտանգ տեղ էր հասել. նրան  փրկել էին իր շեկ մազերն ու ոչ հայկական դիմագծերը: Իսկ նրա երկու ընկերներին բռնել էին առանձին-առանձին: Բենիկը թիկունքից ստացել էր դանակի 7 հարված, իսկ  Խաչատուր Մոմձյանի գլուխը ծակծկել էին դանակով, ջարդել  կողերը: Նրան կիսաապաքինված  ուղարկեցինք Հայաստան:  
 Տեղի ազգային անվտանգության ծառայությունը դեպքերից մի քանի օր անց ինձ հրավիրեց անցնել իմ աշխատանքին` խոստանալով ապահովել իմ անվտանգությունը: 
 Տիկին Սոնան շարունակում էր քանդել իր տխուր ու ցավոտ հուշերի կծիկը:
-Այդ օրը ջարդարարները տեղեկացան իրենց աղբյուրներից, որ կապի հանգույցում հայ կին է աշխատում, եկան ու հսկիչներից պահանջեցին ինձ: Հսկիչները ապահովեցին իմ անվտանգությունը, մինչեւ ես հասա տուն: Այդ օրվանից ես այլեւս չգնացի աշխատանքի: Վերջապես  կառավարությունը փորձեց միջամտել` արյունահեղությունը դադարեցնելու համար: ԽՍՀՄ կառավարության որոշմամբ հայաբնակ բոլոր բնակավայրերում սկսեցին հսկողություն սահմանել խորհրդային ուժերը: Կիրովաբադում հերթապահում էր Ռոստովի տանկային դիվիզիան: Նրանք զրահամեքենաներով հսկում էին ամեն քայլ ու փորձում ապահովել ողջ մնացածների անվտանգ տեղափոխությունը Հայաստան: Ահա եւ ծննդատան բակից դուրս եկավ մի մեքենա, որի մեջ երջանիկ ադրբեջանցիների ընտանիքն էր. հայրը տուն էր տանում իր նորածին մանչուկին եւ կնոջը: Զինվորականները պահանջեցին  ընթացող մեքենային կանգնել, սակայն մեքենան կանգնելու փոխարեն ուժեղացրեց արագությունը: Հրամանատարին այլ բան չէր մնում, եթե ոչ՝ կրակահերթ բացել մեքենայի ուղղությամբ: Մեքենան ուղուց դուրս եկավ, հարվածեց տանկին ու կանգնեց, իսկ զինվորականները վազեցին դեպի վթարված մեքենան: Գնդապետը մեքենայից դուրս բերեց նորածնին, ով փրկվել էր ատրճանակի փամփուշտներից: Նա ապշած կանգնել ու նայում էր որբացած մանկիկին.
- Ի՞նչ անեմ ես հիմա, ախր ես մեղավոր չեմ, ես նրանց հրամայեցի կանգնել, ստացվեց այնպես, որ ես սպանեցի այս փոքրիկի ծնողներին, նրանք պետք է կանգնեին, ես ընդամենը կատարում էի իմ աշխատանքային պարտականությունը:
Ահա մի իրական ու վառ օրինակ, երբ իր փորած հորի մեջ ինքն ընկավ, երբ իր նետած բումերանգն իր ճակատին բախվեց:
1988 թվականի դեկտեմբերի 20-ին մենք փախանք Հայաստան: Տղաս 20 տարեկան էր, բանակից վերադարձել էր նոյեմբերի 11-ին, իսկ կռիվը սկսվեց նոյեմբերի 21-ին: Տուն էինք սարքել, գեղեցիկ վերանորոգել ու շքեղ կահավորել, նպատակ էինք դրել` որդուս բանակից գալուց հետո ամուսնացնել, սակայն... Մեկ օր անգամ որդիս իր նորաշեն տանը չքնեց. ստիպված էր տեղափոխվել:  Ամենաառաջին ինքնաթիռով ուղարկեցի երկու դստրերիս: Ունեինք բարեկամներ, տարեց կանայք, այդ ծանր ժամանակներում ես նրանց մեր տանն էի պահում: Նրանց դստրերիս հետ ուղարկեցի Հայաստան: Քույրս Հրազդանում էր ապրում, աղջիկներիս համար չէի անհանգստանում: Ես այդ ծանր պահերին ոչնչի մասին չէի մտածում, բացի մի անվտանգ անկյունից, ուր կարելի  էր ընտանիքիս հետ խաղաղ պայմաններում ապրել: Գալով Հայաստան` Կիրովաբադի մեր տունը փոխանակեցինք Շատվանի մի կիսավեր տան հետ: 1989-ի փետրվարից ես ընդունվեցի աշխատանքի Շատվանի գյուղապետարանում` որպես ֆինանսիստ: Ես այստեղ էլ էի օգնում փախստականներին: Ես մեր տուն բերեցի մի գերմանացի տատիկի, ով հետներս գաղթել էր Ադրբեջանից: Նա կույր էր, ճանապարհին կորցրել էր իր հարազատներին եւ հայտնվել էր Շատվանում` մենակ ու անօգնական: Ես մեր տանը խնամեցի տատիկին` մինչեւ եկավ նրա որդին, նա էլ որոշ ժամանակ ապրեց մեր տանը, մենք բարեկամացանք:
 Շատ դժվար էր հարմարվել գյուղի կենսակերպին: Կիրովաբադը շեն քաղաք էր, հարուստ ու գեղեցիկ, այնտեղ կյանք կար, շարժ կար, բայց մորթվեց այդ կյանքը, իսկ այստեղ ամեն ինչ ստիպված էինք զրոյից սկսել: Այստեղ սարսափելի էին թուրքերի փնթի տները: Մենք մաքրեցինք ու լվացեցինք տները: Ես արտասուքով եմ քերել այդ կացարանի կեղտերը: Դա տուն չէր, դա չորս պատ էր, որը փոխանակեցինք Կիրովաբադի մեր շքեղ բնակարանի հետ:
  Վերջին անգամ Կիրովաբադ մեկնեցի 1989 թվականի մայիսի 2-ին: Այդ օրը Կիրովաբադում Ծնողաց հիշատակության օր է, ամեն տարի այդ օրը մենք այցելում էինք գերեզմանոց, կատարում մեր հոգու պարտքը: Մեր կյանքի գնով մենք այցելեցինք հորս շիրիմին եւ նույն  օրվա գիշերը ես ու եղբայրս վերադարձանք Հայաստան` հետներս բերելով ռուսազգի մեր մորը, ում խնայել էին միայն իր ազգային պատկանելության համար: 
Վարժ հայերեն խոսելը երեխաներիս հետ սովորեցի: Ես այստեղ ամաչում էի, որ հայ եմ, ապրելու եմ հայոց հողի վրա, շփվելու եմ հայերի հետ` չիմանալով իմ մայրենին: Շատվանի միջնակարգ դպրոցի տնօրենը վերաբնակիչների համար այբբենարաններ բերեց, բայց ես դժվարացա այդ դասագրքով սովորել: Ես ձեռք բերեցի ՙՀայերենի կարճ կուրսեր՚ դասագիրքը, որով ուսուցումն անցկացվում էր ռուսաց լեզվի օգնությամբ: Ես կարճ ժանամակում համառ ջանքերի շնորհիվ, զավակներիս հետ սովորեցի իմ հայոց լեզուն: Մի օր աշխատավայրում անակնկալի բերեցի իմ աշխատակիցներին՝ վարժ ու մաքուր հայերեն խոսելով: Մենք հիմնովին ամրացանք մեր հայրենի հողում
 -Եթե հնարավորություն ընձեռվեր, կբնակվեի՞ք Կիրովաբադում, -հարցնում եմ տիկին Սոնյային:
- Ոչ, չէի բնակվի, չէի գնա: Ճիշտ է, այստեղ պայմանները շատ վատ են, բայց ավելի վատ էլ է լինում: Այստեղ ես  ունեմ համերաշխ ընտանիք, երջանիկ եմ իմ զավակներով ու թոռներով, իմ միջավայրով ու գյուղով, ուր ինձ սիրում ու հարգում են: Նրանցով ես ինձ լիարժեք հայ եմ զգում: Միայն մի երազանք ունեմ. փափագում եմ գեթ մեկ անգամ էլ լինել հայրական տանս: Մենք բակում ունեինք նռան յոթ ծառ, յուրաքանչյուր ծառի պտուղ ուներ իր համն ու բույրը: Կուզեի լինել հայրական տանը, շրջել մեր այգում, շնչել նռնենու բույրն ու գուշակել, թե որ պտուղը որ ծառից է, այնուհետեւ վերադառնալ այստեղ, ուր իմ տունն է, ուր հողն ամուր է ոտքերիս տակ, հող, որ արդեն իմն է, իմ հայրերի ու պապերի ու շարունակությունների քաղցր եզերքը: 
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More