ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 1 августа 2012 г.

ՄԱՐՏՈՒՆԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻՆ...


Մարտունի քաղաքը նախապատրաստվում է քանդակագործության սիմպոզիումին, որը նախատեսված է անցկացնել այս տարվա օգոստոսին: Քանդակները լինելու են բազալտե մեծ քարերի վրա, ստեղծագործական թեմաները՝ ըստ հայեցողության: Քանդակները կտեղադրվեն Մարտունի քաղաքի գլխավոր հրապարակում ու փողոցներում` զարդարելով բնակավայրի ընդհանուր տեսքը: Քանդակագործական աշխատանքները կկատարվեն Մարտունու Գեղարվեստի դպրոցի բակում, որտեղ արվեստասեր երեխաները հնարավորություն կունենան  տեսնելու, թե ինչպես են կերտվում արվեստի գործերը: Սիմպոզիումի հաջող ավարտը կարող է ոչ միայն գեղեցկացնել քաղաքի տեսքը, այլեւ խթանել տուրիզմի զարգացմանը: Միջոցառման իրականացման համար, որը կտեւի մեկ ամիս, կպահանջվի մոտ 11 միլիոն ՀՀ դրամ: 
Սիմպոզիումի արդյունքում Մարտունի քաղաքը կզարդարվի 8-ից 10-ը բարձրարժեք քանդակներով, որը հնարավորություն կտա մարտունեցուն` արժանապատիվ ապրելու իր բնակավայրում, հպարտանալու իր համայնքով, Սեւանի գեղատեսիլ ափը դարձնելով հյուրընկալության յուրովի անկյուն:

ՙԳեղամա աշխարհի՚ հյուրասրահում Մարտունի քաղաքի քանդակագործական սիմպոզիումի գաղափարի հեղինակ, նախաձեռնության հեղինակ եւ նախաձեռնող խմբի ղեկավար, ՀՀ նկարիչների միության անդամ, քանդակագործ Արամայիս Խլղաթյանն է:
Հարց- Պարոն Խլղաթյան,  ինչպե՞ս ծնվեց Մարտունի քաղաքում քանդակագործական սիմպոզիում անցկացնելու գաղափարը: Ո՞րն է այս ծրագրի նպատակը:
Պատասխան-Գաղափարը երկար ժամանակ մտքումս ունեի, բայց վերջնականապես որոշեցի իրագործել: Չկա մշակույթ, չկա ազգ... Ցավալի է, որ տեսնում եմ, թե ինչպես իմ հայրենի քաղաքն ու երկիրը չեն ձգում երիտասարդին, բնակիչներին: Մի շարք խնդիրների կողքին ակնառու է մշակութային քաղցը: Սիմպոզիումի արդյունքում կծնվեն պայմաններ ու միջավայր, որ մարդիկ իրենց արվեստասեր ու քաղաքակիրթ երկրի քաղաքացիներ զգան:
Երկու ամիս է, որ ծրագրի նախագիծը մշակվել ու մեկնարկել է, բայց պիտի նշեմ, որ եղել են պահեր, երբ հիասթափվել եմ բռնածս գործից, ցանկացել դադարեցնել: Շատ ցավալի է, երբ մարդիկ այսպիսի ձեռնարկներում շահն են առաջնահերթ համարում: Հանդիպել են անհատներ, ովքեր չպատկերացնելով սիմպոզիումի նպատակն ու գաղափարի վեհությունը, շահադիտական հայացքներով են չափել նախագիծը:
Ծրագրի գաղափարի բուն նպատակը գեղեցիկը ստեղծելն է, որ իմ սերունդը չթողնի ու հեռանա այստեղից: Մնա ու սիրի իր երկիրը: Ծրագրի իրականացմամբ կստեղծվի ճաշակ ու քաղաքակրթություն: Սիմպոզիումի ստեղծումը պայքարի ձեւ է, որը կծնի հավատ ու մաքրություն: Նախաձեռնության միջոցով սոցիալական հոգսերի տակ կքած քաղաքացուն ցույց կտանք ավելի լուսավոր ու բարձր արժեքներ: Արվեստը կօգնի մարդկանց հասկանալ, որ իրենց տեսած ու ապրած կյանքից բացի կա ուրիշ աշխարհ, ավելի անաղարտ ու հոգեւոր, առավել արժեքավոր...
Հ.-Ձեզանից բացի, ովքե՞ր են նախաձեռնող խմբի կազմում եւ ովքեր կմասնակցեն քանդակների ստեղծմանը:
Պ.-Քանդակագործական սիմպոզիումի նախաձեռնող խմբի կազմում են Մարտունու պատկերասրահի տնօրեն, ՙՄարտունու կանանց համայնքային խորհուրդ՚ ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Դեկարդի մրցանակակիր Վարդան Սահակյանը,  ժողովրդական նկարիչ  Հաղթանակ Շահումյանը, Մարտունու ՙԶանգակ՚ հեռուստաընկերության  տնօրեն Դավիթ Երանոսյանը, Մարտունու գեղարվեստի դպրոցի տնօրեն, նկարիչ Արթուր Գասպարյանը, Մարտունի ԻնֆոՏան համակարգող Եղիազար Դավթյանը:
Սիմպոզիումին մասնակցելու են հանրապետության ութ անվանի քանդակագործներ, այդ թվում` Արտավազդ Քոչարյանը, Ռաֆիկ Սարգսյանը, Արմենակ Վարդանյանը, Գրիգոր Բաղումյանը, Գարեգին Դավթյանը, Գետիկ Բաղդասարյանը:
Սիմպոզիումին հրավիրված են Հայաստանի այնպիսի պատվավոր արվեստագետներ, որոնց ստորագրությամբ կնիքված քանդակներն արդեն իսկ կդառնան Մարտունի քաղաքի ու մարտունեցու  հարստությունն ու հպարտությունը:
Հ.- Ի՞նչ խորագիր է կրելու սիմպոզիումը: Ինչպե՞ս եք պատկերացնում սիմպոզիումի մեկնարկը, ընթացքն ու հետագա զարգացումը:
Պ.- Քանդակագործական սիմպոզիումը ես վերնագրել եմ ՙՈւզում եմ ծննդավայրս գեղեցիկ տեսնել՚: Երբ պատրաստ լինենք ծրագրին, ունենանք համապատասխան տաղավարներ, արդեն բերված բազալտե քարեր, համապատասխան ստեղծագործական գործիքներ ու սարքավորում, մեկնարկից օր առաջ կհրավիրենք քանդակագործներին, նրանք կծանոթանան քարերին, նյութին, որից հետո էլ արվեստագետների մոտ կհղանա միտքը: Սիմպոզիումի բացման օրվանից քանդակների ստեղծագործումը պարզ ու տեսանելի կլինի բոլորի համար: Սիմպոզիումի փակումից հետո ստեղծված արժեքները դառնալու են Մարտունի քաղաքի սեփականությունը: Ըստ թեմաների քանդակները կտեղադրվեն քաղաքի փողոցներում, այգիներում եւ համապատասխան վայրերում:
Ծրագիրը իր տեսակով շարունակական է, որից կաճի սեր ու վերաբերմունք ստեղծված արժեքների հանդեպ: Ըստ նախաձեռնության՝ արժեքները կլինեն նաեւ քաղաքի ոստիկանության եւ քաղաքապետարանի հսկողության ներքո:
Հ.-Ինչպե՞ս կապահովվի ծրագրի ֆինանսական կողմը, ծրագրի մեկնարկման օրվանից ներդնողներ եղե՞լ են:
Պ.- Ծրագրի կայացման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն: Մենք բացել ենք հաշվեհամար, որտեղ կարող է ներդրումներ կատարել ցանկացած քաղաքացի: Հաշվեհամարի միջոցով կազմակերպվում է դրամահավաք:
Որպես նախագծի ղեկավար՝ հանդես եմ եկել տեղական հեռուստաընկերությամբ՝ ներկայացնելով ծրագիրը եւ բնակչությանը կոչ անելով իրենց լուման ներդնել նախաձեռնությանը: Քաղաքացիների կողմից աջակցությունը կարող է կրել ոչ միայն ֆինանսական,  այլեւ  ֆիզիկական եւ բարոյական աջակցության բնույթ, որն արվում է ի նպաստ Մարտունի քաղաքի ծաղկման:
Թափանցիկ ու հստակ աշխատանքն ապահովելու նպատակով ստեղծվել է քանդակագործության սիմպոզիումի ինտերնետային էջ /http://smartuni.blogspot.com/ հասցեով, որտեղ հստակ երեւում է ծրագրի բյուջեն եւ նվիրատուների ցուցակը:
Ծրագրին իր ներդրումն է ունեցել Մարտունու քաղաքապատերանը, որը նախապես հատկացրել է 500 հազար դրամ: Ծրագրի ընթացքում Մարտունու քաղաքապետարանի կողմից ներդրումները կշարունակվեն: Ինձ ընդունել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ով ոչ միայն խրախուսեց նախաձեռնությունը, այլեւ խոստացավ ցուցաբերել իր աջակցությունը:
Մեր նվիրատուների շարքերում են Հայաստանի շախմատի ակադեմիայի  տնօրեն Սմբատ Լպուտյանը, ով մեր հաշվին փոխանցել է  200.000 դրամ: Հայաստանի քաղաքացիների կողքին հովանավոր նվիրատուներ կան նույնիսկ արտերկրից. Ֆրանսիայից Արտակ Ասպատուրյանը նվիրաբերել է  50 եվրո:
Երիտասարդներն էլ են  հետաքրքրված ու ոգեւորված նախագծով: Նրանք  պատրաստ են իրենց փոքրիկ լուման ներդնել այս գործին: Հրաշալի է, երբ երիտասարդությունը գնահատում է արվեստն ու մշակույթը, ապրում արվեստով ու արվեստի մեջ:
Այս ընթացքում հանդիպել են նաեւ բնակիչներ, ովքեր ցույց են տվել, որ գնահատում ու խրախուսում են նախաձեռնությունը, բայց երբ հարկ է լումա ներդնել, արդեն, չնայած իրենց կարողություններին եւ հնարավորություններին, հետ են քաշվում:
Հ.-Կա՞ն նախատեսված թեմաներ սիմպոզիումի համար:
Պ.-Սիմպոզիումի թեմաներն ազատ են: Միակ թեման, որ հստակ նախատեսվում է նախագծում, Արցախյան հերոսամարտի թեման է: Մարտունի քաղաքը չունի ոչ մի հուշարձան, որը կհավերժացնի Արցախյան հերոսամարտն ու հերոսամարտում զոհվածների անմար հիշատակը: Արցախյան թեմայի վրա կաշխատեն երկու քանդակագործ, որպեսզի հասցնեն տեղավորվել ժամանակի մեջ: Արդյունքում կստեղծվի առավել խոսուն, առավել մնայուն բազալտակուռ վկայություն:
Մնացած թեմաներն ազատ են, եւ եթե այս ծրագիրը հաջող ավարտ ունենա, մենք էլ հնարավորություն ունենանք հետագայում էլ սիմպոզիումներ կազմակերպել, կլինեն հստակ թեմաներ, կփոխվի նաեւ քանդակագործական նյութը, թեմաներն էլ կլինեն ավելի արդիական ու մոդեռն: Ժամանակն է եկել, որ հայերս մշակույթի միջոցով ուժ ու հաղթանակ ներշնչենք, քան թե տարիներ շարունակ ցավանք ու կսկծանք...
Հ.-Որպես նախագծի հեղինակ եւ մասնակից քանդակագործ, դուք ի՞նչ եք նախատեսել կերտել:
Պ.-Ներսումս տարբեր մտքեր էին հղանում: Սկզբում նախատեսել էի քանդակել Կոմիտասի ՙՀորովելը՚, որը մեր մշակույթի հզոր ու արժեքավոր գործերից է: Պատկերացնում էի, որ Հորովելը, տեղափոխվելով մարդաշատ վայր, բնակիչներին կստիպի մտածել իր մասին, խորհել, լսել Կոմիտաս ու հետաքրքրվել Կոմիտասով ու նրա ստեղծած արժեքներով:
Հետո մտքիս թռիչքը մի ուրիշ հորիզոնում կանգ առավ՝ կենտրոնանալով երկունք քանդակելու վրա: Երկունքն ամեն ինչի սկիզբն է, արարումն աշխարհի ու մարդու, որը կիրականանար հայուհու կերպարով: Բայց այս պահին միտքս թափառում է կատու քանդակելու գաղափարի շուրջ: Այն ավելի մոդեռն ու խոսուն կլինի, ավելի հավաքական ու խորիմաստ: Բացի այդ, ես ուզում եմ, որ կատվի քանդակի գոյությամբ մարտունեցիների վրայից վերջնականապես դուրս գա տարիներով նստած չար աչքը: Ես նպատակ ունեմ քանդակել ճկուն ու դինամիկ կատու, որը կլինի այնպիսին, որ անցորդին կշեղի իր մտքերից, կստիպի կանգ առնել ու զրույցի բռնվել իր հետ:
Հ.-Ի՞նչ կտա սիմպոզիումի ավարտը Մարտունու մշակութային կյանքին:
Պ.-Ինձ համար այնքան տհաճ ու տխրեցնող է, երբ քաղաքի կենտրոնական փողոցներով քայլելիս հանդիպում եմ դագաղի խանութներին, որոնք համառորեն մտնում են տեսած ու ընկալած աշխարհիս մեջ՝ ստեղծելով բացասական տրամադրություն: Միայն ես չեմ տխրում, շատերն էլ ինձ պես... Գեղեցիկ ու կառուցողական մտքերն ընդհարվում են դագաղների ու պսակների տեսարաններին: Ճիշտ է, բոլորս էլ մահկանացուներ ենք ու մի օր օգտվելու ենք այդ ծառայություններից, բայց միթե կարիք կա, որ այդ խանութներն այդքան մոտ լինեն բնակչին ու քաղաքի կենտրոնին:
Իմ նպատակն է, որ մատաղ սերունդը, փոքրիկները քայլելուց ոչ թե սգո կահույքներ տեսնեն, այլ՝ մշակութային կոթողներ ու արվեստի գործեր:
Ես հույս ունեմ, որ այս ծրագիրը կնպաստի գեղարվեստի դպրոցների ծաղկմանը: Կծնվի սեր նմանատիպ ուսումնական հաստատությունների հանդեպ:
Սիմպոզիումի ավարտը կփոխի մարտունեցու տեսակը: Այն կծնի մշակութային զարթոնք ու հեղափոխություն, կփոխի քաղաքի անհրապույր կյանքը: Ամեն անգամ խաչվելով մշակույթային արժեքներին ու արվեստին, մարդ սկսում է իրեն արժանապատիվ զգալ, մտածել վեհ երեւույթների մասին:
Ինչպես տունն է լինում գեղեցիկ, դասական ու ճաշակով կահավորված, ուր մարդ իրեն լիարժեք ու ներդաշնակ է զգում, նույն տունն էլ քաղաքն է ու հայրենի եզերքը:
Համոզված եմ, որ Մարտունու օրինակով մարզի մյուս քաղաքներն ու գյուղերն էլ կոգեւորվեն, կհրավիրեն սիմպոզիումներ արվեստի այլ ուղղություններից, արվեստի ու մշակույթի կերտմամբ կփոխեն մեր հասարակության հոգեբանությունն ու մտածելակերպը` դեպի Գեղեցիկի, Վեհի, Արարչագործության ընկալումը:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More