ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿԸ

Հայրիկ Ղազարյան
 Ապրիլի 4-ին լրացավ հայ բանաստեղծ, երգահան եւ մանկավարժ Հայրիկ Ղազարյանի 89 ամյակը: Նա, իրավամբ, իրավունք վաստակեց` Հայոց Հայրիկ կոչվելու, քանի որ նրան ոչ միայն ճանաչում ու գնահատում, այլ սիրում են Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում` մրմնջալով նրա հայրենաբաղձ բառերը եւ հնչեցնելով նրա ստեղծված երգերն ու մեղեդիները:  Խրիմյան Հայրիկի ոգին էր նա կրում իր մեջ ու նրա վեհ անունը: Անցնող-դարձողներին, հեռու-մոտիկներին, ծանոթ-անծանոթներին նա հպարտությամբ ցույց էր տալիս իրենց հազարաշեն տան հին թախտը եւ ոգեղեն խոսքերով նկարագրում այն օրն ու ակնթարթները, երբ  Խրիմյան Հայրիկը մեր աշխարհի վրայով Տաթեւի վանք անցնելու ճանապարհին իջեւանել է  Ձորագյուղում, Հայրիկի հայրերի տանը, գիշերել է այդ նույն թախտի վրա, որն արդեն ոչ միայն Հայրիկի, այլ հայ ազգի համար է դարձել մասունք: Եվ, ի նշանավորում ու սրբագրում այդ օրվա, Ղազար պապը երդում է տալիս, որ իր տան առաջին արու զավակին Հայրիկ է անվանակոչելու: Այդ նույն տան պատերի ներքո, այդ նույն թախտի վրա Հայրիկ Ղազարյանը իր ողջ կյանքի ընթացքում շնչել ու շնչել է  Խրիմյան Հայրիկի ոգեղեն ներկայությունը, նրա տիեզերական հայրենասիրությունը… Եվ տարիների ընթացքում Հայրիկ Ղազարյանն իր բնատուր շնորհքներին ու ձիրքերին ավելացրեց հայրենաբաղձության մորմոքը, որից ցասում, պայքար, հատուցում է թափվում… Նրա բառերն ու երգերը մեզ տանում են Մշո դաշտերով ու Տավրոսի լեռներով, Արածանիով ու Մեղրագետով, Աղբյուր Սերոբի, Անդրանիկի ու Գեւորգ Չաուշի ոտնահետքերով, իր տերերից զրկված քաղաքներով, գյուղերով, վանքերով, աղբյուրներով: Տանում ու մեկիկ-մեկիկ հիշեցնում են ապրողներիս, թե ինչ ենք ունեցել մենք ու ինչ ենք թողել թշնամու երախում:

 Նրա ամեն մի օրն ու ժամը բացառիկ մենախոսություն ու խոհ էին մեր պատմության, գրի ու գրչության, ողբերգական ու հերոսական ճակատագրի շուրջ: Ի՛նչ սիրով էր հավաքում Շողագավանքի, Մասրուց անապատի շրջակայքի քարերն ու խաչքարերը, ի՛նչ սիրով էր տենչում, որ Ձորագյուղի այդ երկու վեհաշուք կոթողների վերականգնումը տեսնի իր աչքերով: Ի՛նչ ջերմությամբ էր կրկնում ՙՀայր մերը՚, ի՛նչ խոնարհումով ու ոգեւորությամբ էր ոտք դնում վանքերի, տաճարների ու մատուռների դռնից ներս: Ի՛նչ եռանդով ու սիրով էր աշակերտներին սովորեցնում Հայոց լեզուն, նրա մշակների վսեմաշուք քերթությունները: Ի՛նչ ավյունով ու մղումով էր բահը խրում հողի մեջ, ծիլն ու սերմը պահ տալիս հողին, գերանդի քաշում… Եվ այդ աստվածային շնորհների մեջ ինչպիսի կենդանի բանաստեղծություն էր դնում: Սիրո լույսի անսպառ աղբյուր է նա, որ մեզ սովորեցրեց պաշտել հայրենի հողը, նվիրվել ու ձուլվել նրան… Ու Հայրիկի ոգին իր անմահ երգերի հետ մեզ ոչ միայն մտքով ու հոգով, այլ բանակներով կառաջնորդի դեպի այնտեղ, ուր մեր գլխատված ծառի կենսունակ արմատները դեռ կյանք ու սեր են շնչում: Իր գործին ու այս երազին առաջին խորունկ հավատացողը Ղազարյան Հայրիկն էր…
 Խոսրով  Խլղաթյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More