ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ (սկիզբը՝ նախորդ համարներում)/մաս 6/


 ՙԴրամական խնդիրները մեր կուսակցութեան մեջ դրված են խստապահանջութեան հողի վրա: Բայց երբեմն անձնկան հակառակութեան մղումներով կը մտնեն հաշիվներու մեջ եւ կամ մեկու յանցանքը կընդհանրացնեն: Մեկ փաստ կար միայն, որ կատարվեր էր դեռ 1903-ին, բոլորովին տարբեր մարդու ձեռոք, բայց բերնեբերան ծամոն դարձուած էր: Այդ Բդէեան Միսաքի դրամական հաշիվն էր: 


Այս մարդը եղեր է նախ հնչակեան, յետոյ դաշնակցական, հանդիսացեր է քաղաքի կարեւոր գործիչներեն: Հարուստ ընտանիքե էր եւ ինքն ալ հարուստ, նիւթապես ալ շատ է օգնած յեղափոխական գործին, շարունակ բանտերն է եղած եւ միշտ ալ ազատուած կաշառքի շնորհիվ: Միսաք տանջուած է յեղափոխութեան գործով, ատամները քաշուած, մազերը փետած, բայց երբեք դավաճանութիւն չէր ըրած՚:
 Ապա Ռուբենը նշում է, որ 1904 թվականին դաշնակցության գրասենյակը 300 ոսկի է ուղարկում Սասուն՝ Բդեյան Միսաքի հասցեով: Այդ դրամը ստացվում է այն ժամանակ, երբ ճնշված է լինում Սասունի ապստամբությունը, իսկ Միսաքը՝ հայտնված արդեն թուրքական բանտում: Միսաքը, օգտագործելով առիթը, այդ դրամն ամբողջությամբ կաշառք է տալիս թուրքերին՝ բանտից դուրս գալու համար: Մուշի դաշնակցության կոմիտեն նրանից պահանջում է՝ կամ վերադարձնել դրամը, կամ մահով քավել իր հանցանքը: ՙՄիսաք ո՜չ միայն պարտական կը մնար դրամները վճարելու, այլ նաեւ պարտական էր զոհաբերվելու անձամբ, որպեսզի Մուշի պատիվը մաքրուի...՚ 
 Ռուբենը կոմիտեից պահանջ է ստանում՝ տեռորի ենթարկել Միսաքին: Եվ այստեղ էլ հարկ է լինում կատարել վճռական հերթական քայլը: Ռուբենն անձամբ հանդիպում է Բդեյան Միսաքին, քննում խնդիրը եւ նրա վրայից հանում  տեռորի որոշումը՝՝ հաշվի առնելով շատ մեղմացուցիչ հանգամանքներ եւ այն, որ Միսաքն իսկապես մեծ ծառայություններ է մատուցել ազգին ու հայրենիքին: ՙՈւստի որոշեցի՝ Միսաքը տեռորի պիտի չենթարկուի. բայց ան իրավունք չուներ դրամները բուն նպատակեն դուրս ծախսելու, ուստի Միսաքի կալուածները պետք է դարձուին կուսակցութեան՝ դպրոցի եւ եկեղեցիի անունով: Այս որոշումը տալով՝ առի տան եւ Խասգիւղի հողերուն գոչանները: Այս վճռին համար Միսաք մինչեւ վերջ թշնամի մնաց ինծի, թէեւ ենթարկուեցավ որոշմանս, իսկ ընկերներ մեղադրեցին զիս, թե խաբուած եմ, նույնիսկ ոմանք ալ ըսին, թե կաշառուած եմ...՚
 Վերադառնանք Գեւորգ Չաուշի եւ Եղսոյի սիրավեպին եւ նրա թողած ազդեցությանն ու հետեւանքներին: Սպաղանաց Մակարն ու մյուս անվանի ֆիդայիները ներքուստ շարունակում են անվստահություն ցուցաբերել Գեւորգի հանդեպ, դժգոհել Գեւորգի եւ Եղսոյի հանդիպումներից, կնոջ ներկայությունից եւ վերջապես այն հանգամանքից, որ իրենց ղեկավարը խախտել է ֆիդայական օրենքը, եւ կարող է դա  մյուսների համար եւս վատ օրինակ ծառայել: Ֆիդայիների շարքերում առաջացած այդ ներքին լարվածությունը, սակայն, հանկարծ, վերածվում է մեկ զարմանալի, մեկ՝ անքակտելի, կյանքի հատուցմամբ հաստատված երդման: Նորից կատաղորեն բախվում են անվեհեր երկու այրերը դեմառդեմ՝ առաջ բերելով Եղսոյի խնդիրը: Կուռթիկի լանջին, ուր հավաքվել են ֆիդայիները, Ռուբենը բացում է հերթական դատը կամ առերեսումը, իր ասելով՝ խնդիրը մեկընդմիշտ փակելու եւ ներքին լարվածությանը վերջ տալու նպատակով: Եվ դա անում է այն պահին, երբ Գեւորգն ու Մակարը կատակներ են անում իրար հետ: Ռուբենի հարցը, թե ում է Մակարը Էշխիա անվանել եւ ով է այս նստածների մեջ Էշխիան, միանգամից փոխում է բոլորի տրամադրությունը եւ սրում իրավիճակը. ՙՄակարը լուռ մնաց քանի մը վայրկեան. խոշոր աչքերը արիւնով լեցուած ուղղեց աչքերուս, կարծես զիս պիտի լափեր ու համարձակորեն ըսավ© ՙՊարոն, սրտիս եկածը ասած եմ Ավրանում, Ցրոնքում եւ Սուլուխում: Ասած եմ, թե Գեւոն յեղափոխութեան անունը բարձր չի պահի, որ նա Էշխիա է: Հարցրու իրանից, հըմլա չէ՞© ես մեղավո՞ր եմ, որ նա Գուրգիկ չէ՚: Գեւորգ Չաուշի հոգում կրկին լեռնանում է ցավը: Նա դառնում է համակ զայրույթ ու որոտ՝ պարտադրելով Մակարին՝ ապացուցել, թե ինչով է ինքը ցածր պահել հեղափոխության ու ֆիդայության անունը: Եվ Մակարն արագ գտնում է փաստարկը: ՙԳեւորգ, Գեւորգ, թե որ կը բարկանաս, ապա ինչու՞ դու մեր ուխտ խախտեցիր, ինչու՞ դու օրենքին հակառակ կնիկ առար ու ամուսնացար: Դու չէի՞ր մեկը, որ Սերոբի դեմ կը բողոքեիր, կըսերիր անոր՝ Սոսեն թողնելու ես, ֆետայութիւն ճիժ ու կնիկ չընդունիր: Հորի՞ Էղսոյին ճամբախ չես դնի հերանց տուն...՚: Եվ ըմբոստ Մակարը հավելում է, որ այդ փաստից դուրս ինքը Գեւորգին հակառակվելու որեւէ խնդիր չունի: Ավելի ուժգին է փոթորկվում Գեւորգի հոգին: Ցասման մեջ նա քիչ է մնում կորցնի ինքնատիրապետումը, մինչդեռ սառնասիրտ Մակարը թափել է իր փեշի քարերը եւ սպասում է իր հրամանատարի պատասխանին կամ բանակռվի հանգուցալուծմանը, որը կարող է արյուն թափելով վերջանալ նույնիսկ: ՙՈրքան որ Մակարը հանգիստ էր, Գեւորգ լեցուած էր կատաղութեամբ. վտանգավոր շարժումներ կըներ ու խենչալի կոթը կը սեղմեր. ՙԱյ դու խըռըֆուկ, հոգիս հանեցիր. իմ կինս է Էխսոն, Վարդգեսի մայրը. կուզես, որ նրանց մորթեմ, սպաննե՞մ՚:
Գեւորգ փոխուած էր, ծունկի էր չոքած, խենչալը հանած, դեմքը կատարեալ վագրի նման. ուղղակի ահռելի էր: Բոլորս ալ սմքած ենք, Մակարը շփոթուած է. ՙԱխո, Ախո, ձգուկ, ձգուկ, ատրճանս տուր՚,- պոռաց նա տեղեն եւ ոտքի ելավ, կուծքը դեմ դրավ Գեւորգի խենչալին ու ըսավ. ՙԳեւո, հարամ դու Գեւո, ինձ զարկ, զարկ, հանգըստացիր՚:
 Գեւորգը խենչալը Մակարի կուծքը չմխեց, ամուր նետեց խոտերու մեջ եւ հեռացավ յուզված: Մակար հետեւեցավ անոր՝ դիվահար եղար, ձգուկ իմ Գեւո ըսելով: Մակար իրավունք ուներ զիջելու, մտահոգվելու: Ան գիտեր, որ եթե Գեւորգ անկարող էր ընկերասպան լինել, կարող էր երթալ եւ իր կինն ու երեխան սպանել, ինչպես սպաննած էր իր հորեղբոյրը Սերոբ Փաշայի անփափկանկատութեան պատճառով:
 Երկու վաղեմի ընկերներ առանձնացած՝ իրար կը յանդիմանեին: ՙԱնաստուած Մակար՚ բացականչությունը կը լսվի Գեւորգի բերնեն: ՙՎարդգեսը իմն է, Էխսոն իմ նամուսն է՚, - կը լսվի ձայնը ծերունի Մակարի՚:
 Գեւորգ Չաուշի հերոսական մահից հետո Եղսոյի ու Վարդգեսի անվտանգությունը դառնում է ֆիդայիների գլխավոր խնդիրը եւ Սպաղանաց Մակարի համար կենաց-մահու հարց: Թուրքական կառավարությունը չի դադարեցնում հետապնդումները Եղսոյի նկատմամբ՝ նպատակ ունենալով այդ ճանապարհով ձեռք գցել ֆիդայիներին եւ վերջնականապես կոտրել նրանց դիմադրությունը: Թուրքերն ու քրդերը կարողանում են մտածված թակարդ լարել, իմանալով, որ ֆիդայիները իրենց հրամանատարի կնոջ պատվի ու նրա որդու պաշտպանության համար մահացու կռվի են բռնվելու: Իրապատում զրույցը Ռուբենը վերածել է հոգեպարար դյուցազներգության՝ կանգնեցնելով Սպաղանաց Մակարի, Շենիկցի Մանուկի, Մշեցի Ռուբենի, Ախոյի, Իսրոյի, Գըբրոյի, Շենիկի Ղազարի եւ այլոց փառքի ու վեհության հուշարձանները: Այդ մարդիկ, հիրավի, հերոսական են ոչ միայն կռվի, այլ նաեւ խաղաղ օրերին կամ կյանքի զանազան դրվագներում: Նրանց տված ամեն մի երդում գործադրվում է, թեկուզ կյանքի գնով: Սա հիշեցնում է ՙՍասնա ծռեր՚ էպոսի հերոսներին, ովքեր եւս, եթե չէին կատարում իրենց երդումը, հատուցում էին  կյանքով:
Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More