ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ԴՈՒՄԱՆ ԱՂԱԲԵԿ


Դուման Աղաբեկի հորեղբայրները

 Ստորեւ ներկայացվող նյութերը գրի են առնվել իմ հոր` Դուման Աղաբեկի որդի Հարութ Հակոբյանի եւ ականատեսների պատմածներից: 
 Հուշերը համապատասխանում են իրականությանը:
 Ձորագյուղի Տեր-Գրիգոր քահանա Օհան-Վարդապետյանի թոռ, Հակոբ Գրիգորյանի որդի Դուման Աղաբեկը  ծնվել է 1880 թվականին: 12 տարեկան հասակում նա զրկվում է հորից եւ մնում մոր՝ Անահիտի /Բալլի/ խնամքին: Ճաշակելով կյանքի դժվարությունները՝ Աղաբեկը հույսը կապում է միայն իր սեփական բազկի հետ եւ հասկանում, որ ազատության կարելի է հասնել զենքի ուժով: Նա ամուսնանում է եւ ունենում երկու որդի:
Իր հորեղբոր որդու` Ավետիս Գրիգորյանի շնորհիվ Աղաբեկը անդամակցում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը: Նա մինչեւ իր կյանքի վերջը հավատարիմ է մնում ՀՅԴ գաղափարախոսությանը եւ այդ սկզբունքայնության հետեւանքով, նույնիսկ, ճաշակում  աքսորի ու բանտի դառնությունը:
 Ավետիսը Աղաբեկի հարազատն էր ու մտերիմը: Նա ավարտել էր Գեւորգյան ճեմարանը, այնուհետեւ զինվորագրվել բանակ` ստանալով շտաբս-կապիտանի կոչում: Ավետիսը ծառայության էր անցել սկզբից Թիֆլիսի, այնուհետեւ` Գավառի գնդերում: 
 Աղաբեկը ուներ  Սրապիոն անունով եղբայր: Նա զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` կյանքը նվիրելով Կարսի ազատագրմանը: Սակայն նորապսակ Սրապիոնի ու  նրա նմանների թափած արյունը զուր էր... Անդրկովկասյան սեյմի ղեկավարները, անտեսելով հայերի պայքարը, հրամայում են՝ նահանջել եւ Կարսը հանձնել թշնամուն: 
 Եղբայրները՝ Աղաբեկն ու Սրապիոնը, Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին` 1914 թվականի աշնանը, կամավոր են մեկնում ռազմաճակատ: Պատերազմի դաշտում Դուման Աղաբեկը կերտում է հերոսական էջեր, որոնց մասին ակնածանքով են պատմում ականատեսները` մեր սերունդներին փոխանցելով արժեքավոր տեղեկություններ: Դրվագներ են պատմում նրա անվրեպ նշանառության  ու դիպուկ կրակելու մասին: Եղեգնաձորի շրջանի գյուղերը թուրք հրոսակների ավարառությունից պաշտպանելու ժամանակ, երբ հայ մարտիկները քայլում էին կողք-կողքի`սթափ հետեւելով իրենց ամեն վայրկյան սպառնացող, յուրաքանչյուր քարի ու թփի տակ թաքնված մահաբեր վտանգին, Ավետիսը նկատում է դիրքավորված թշնամուն, ով զենքը ուղղել էր հայ զինվորների կողմը եւ պատրաստվում էր կրակել: Մինչ Ավետիսը կզգուշացներ Աղաբեկին, թշնամու գնդակից վայր է ընկնում վերջինիս գլխարկը, սակայն Դուման Աղաբեկը, արագ կողմնորոշվելով, շուռ է գալիս ու մեկ կրակոցով լռեցնում  թշնամուն: Երբ հայ զինվորները մոտենում են վիրավորին, նա խնդրում է չսպանել իրեն, ասելով, որ նոր է նշանվել, սակայն  Աղաբեկը պատասխանում է, որ ինքն էլ փոքր երեխաներ ունի, որոնք կարող էին որբանալ այդ դարանակալ կրակոցից ու սպանում է թալանչի թուրքին, ում հագին հայ վարդապետից խլված շուրջառ էր: 
 Հետագայում պարզվում է, որ շուրջառը  թալանվել էր Դավալուի /Արարատի/ վանքից: Այդ հագուստը ուղարկում են Ավետիսի հորը` Տեր-Պետրոսին: Մի քանի տարի հետո, երբ Սուրբ Կարապետ /Մասրուց Անապատ/ վանքում մեծ շուքով տոնվում է Վարդավառը եւ այդ տոնին հրավիրվում են տարբեր վանքերի վանահայրեր, Դավալուի քահանան մոտենում է Տեր-Պետրոսին, լաց լինելով համբուրում  շուրջառի փեշը եւ ցույց տալիս մեծ, սեւ կոճակների հետեւում գրված թվերն ու հոգեւորականների անունները, ովքեր կրել են այդ հագուստը տարբեր ժամանակներում: Նա հարցնում է, թե ինչպե՞ս են գերությունից ազատել շուրջառը, ապա պատմում, որ մի գիշեր իրենց գյուղի վրա են հարձակվում թուրքերը, այրում ու թալանում են ողջ գյուղը, այդ թվում՝  իրենց տունն ու եկեղեցին: 
 Քահանան հրաժարվում է  Տեր-Պետրոսի առաջարկից եւ իր պապերի շուրջառը չի տանում իր հետ: Նա միայն աղոթելով փառք է տալիս Աստծուն, որ այդ սուրբ մասունքն ազատվել է  անօրեն թալանչիների եւ անհավատների  ձեռքից:
 Այդ նույն թուրքի թալանից Աղաբեկը տուն է բերում նաեւ մի թեյնիկ ու երեք կաթսա, որոնցից մեկը մինչեւ հիմա պահվում է որպես հիշատակ:
 Այդպիսի մի հետաքրքիր դրվագ էլ պատմում են Դուման Աղաբեկի համագյուղացիներ Արտուշ Մանուկյանն ու Սարգիս Շահնազարյանը, ովքեր մասնակցել են Բասարգեչարի կռիվներին. ՙՄի քանի օր Բասարգեչարը /Վարդենիս/ ձեռքից ձեռք էր անցնում եւ բաժանվել էր երկու մասի: Արեւելյան մասը թուրքերն էին գրավել, իսկ Մեծ վանքը մնացել էր կենտրոնում: Այդպես ձգվեց երեք օր: Թուրքերը ամեն կերպ ջանում էին բարձրանալ վանքի գմբեթ, ցած բերել խաչը եւ նրա փոխարեն բարձրացնել իրենց դրոշը: 
 -Եթե մեր խաչը ցած բերեն ու իրենց դրոշը պարզեն, այլեւս մեր չարչարանքն  իզուր կլինի, -ասում է Ավետիսը եւ հորդորում Աղաբեկին` դիպուկ կրակով ցած գցել թշնամուն: Աղաբեկն այդպես էլ անում է: Մեկ օրվա ընթացքում երեք անգամ անվրեպ կրակոցով ցած է բերում թշնամիներին, եւ թուրքերը հրաժարվում են այդ  մտքից, ու Հայոց խաչը անսասան է մնում վանքի գմբեթին՚:
Սամվել Հակոբյան 
Համլետ Հակոբյան 
  /շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More