ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԿԱԾԱՆՆԵՐՈՎ ՔԱՅԼՈՂ ԲԺԻՇԿԸ


 Մասնագիտությամբ ինժեներ եւ բժիշկ Ռաֆիկ Տեր-Գրիգորյանն ընթերցողի սեղանին է դրել ՙԱշխարհի վիշտը աշխարհի չափ է...՚ խորագրով ժողովածուն, որը նրա երկրորդ գիրքն է: Այստեղ զետեղված են հեղինակի գրեթե բոլոր ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, հոդվածներ, մանրապատումներ, փշոտ մտքեր, երգիծական տողեր...
 Հիշողությունը բացառիկ հատկություն է, որով օժտված են մարդիկ:
 Կարելի է ասել, որ Ռ.Տեր-Գրիգորյանի ստեղծագործություններում մեծամասամբ առկա է այդ բացառիկ զգացումը՝ հուշը Մեծ հայրենականի դառն ու դաժան օրերի, հիշողությունը անուրախ մանկության, զրկանքներով լի պատանեկան տարիների, պատերազմում զոհված հոր հանդեպ անսահման կարոտի, հազար ու մի կորուստներով անցած-գնացած տարիների:

...Դեռ ծնված օրից ես վշտացել եմ,
Հորս կորստով
Եվ այն բազմաթիվ փոքրերի վշտով,
Ովքեր ինձ նման ՙՀայրիկ՚ ասելուն չվարժվեցին...
 Բանաստեղծական գեղեցիկ պատկերները զարդարում են չափածո ամեն մի խոսքի էությունը եւ վկայում  հեղինակի գեղարվեստական մտածողության ուժի ու հմայքի մասին: Նման պատկերները քիչ չեն ժողովածուում տեղ գտած բանաստեղծություններում, որոնցում կարմիր թելի պես անցնում են հայրենի բնաշխարհի եւ ապրող ու անցավոր մերձավորների հանդեպ ունեցած անհույս սիրահարության անվերջ ձգտումները, ինչպես, օրինակ, Սեւանա լճին ձոնած ստեղծագործության մեջ.
Կոհակներդ սպիտակ փաթաթեցիր իմ գլխին,
Հիմա ես եմ փրփրում՝ մանկությունս ու՞ր տարար...
Անցյալի եւ ներկայի գեղեցիկ զուգորդություն է ՙՄանկության հուշեր՚ բանաստեղծությունը, որն իր տաղաչափական կառուցվածքով ու անկեղծ զգացումով ժողովածուի լավագույն գործերից մեկն է համարվում: Ահա բանաստեղծությունն ամբողջապես.
Նորից մանկության հետքով եմ գնում,
Հին ճամփաներով դեպի Ցորնասար,
Նույն հին կարոտով շուրջս եմ նայում,
Ողջույնս է առնում ճամփիս ամեն քար:

Նույն քարաքոսը՝ նույն քարին կպած,
Նույն քարին կանգնած ճնճղուկն է երգում,
Հայացքը ինչ-որ մի կետի հառած՝
Նույն ծերպի գլխին արծիվն է խորհում:

Եվ նույն կածանով մայրս է գնում՝
Հին սպասումով՝ գուցե նոր լուր գա,
Վառ այտերի տեղ կնճիռն է նստել,
Մղկտում է սիրտս՝ Աստված է վկա:

Ինչ որ փոխվել է, իմ մեջ է փոխվել,
Հանուրի վիշտն է ծանրացել վրաս,
Եվ ամբողջ ձայնով ուզում եմ ձայնել՝
Չեմ ուզում, որդի՜ս, ինձ պես մեծանաս:

 Հուշն ու հիշողությունը թեեւ գլխավոր հենքն են կազմում շատ ու շատ գործերի, սակայն քիչ չեն նաեւ հայրենիքին, սիրո թեմային նվիրված բանաստեղծությունները, խոհափիլիսոփայական մտորումները, այլ թեմաներով գրված մանրապատումներ: Ահա սիրային մի բանաստեղծություն, որի տակ իր ստորագրությունը կդներ ժամանակակից ցանկացած պոետ.
Լինեիր դու էս պահին
Մասրենու տակ մեր սիրած,
Մազերդ փունջ-փունջ թափվեին
Դեմքիս վրա կոշտացած,
Քո շուրթերից, քո շնչից,
Քո բուրմունքից արբեցած,
Ձեռքս պարզած դեպ երկինք,
Շշնջայի՝ ՙՏեր Աստված...
Թող էս պահը հավերժի,
Սիրով լցվի ամեն քար,
Քնքշանքը թող տիրի,
Թող աշխարհը վեհանա...՚
Դու լինեիր էս պահին
Մասրենու տակ մեր սիրած,
Էնպես իրար հպվեին
Մեր սրտերը կարոտած,
Որ մասրենու հովի տակ
Ջերմանայինք մեր սիրով,
Ու արեւը այդքան տաք
Մեզ նախանձեր իր հրով:
  Ռաֆիկ Տեր-Գրիգորյանի բառապաշարը զարմանալիորեն հարուստ է: 
 Բանաստեղծական մտածողությունը, պատկերավոր մակդիրները, համեմատությունները՝ տեղին ու դիպուկ, հանգավորումը բանատողերը դարձնում են սահուն, քնարական: Նաեւ պետք է ընդգծել, որ Ռաֆիկ Տեր-Գրիգորյանի համարյա բոլոր ստեղծագործություններում նկատվում է խաղաղ ու բարեհոգի մարդու խառնվածքը, կշռադատված մտորումները, հուզականությունը: Նման կարգի ստեղծագործություններից հիշատակման արժանի են հատկապես ՙՕ՛, ինչքան շատ են ծաղիկներ շուրջս...՚, ՙՇողիկին՚, ՙԻմ ունայն կյանքի...՚, ՙԱրեւածաղկի սերմ են վաճառում՚ եւ այլն: Ժողովածուում տեղ են գտել նաեւ երգիծական չափածո գործեր, որոնք դատապարտում են մեր կյանքի ստվերոտ կողմերը:
ՙԱրձակ էջեր՚ խորագրի տակ տպագրված հոդվածները եւս հետաքրքրությամբ են ընթերցվում:
  Կարծում ենք, որ Ռաֆիկ Տեր-Գրիգորյանի նոր ժողովածուն յուրօրինակ հայտնություն է, որն ընթերցելիս հաղորդակից ես լինում գրողի պարզ ու հասկանալի լեզվին, անկեղծ հույզերին ու մտորումներին, որոնք ծնված են առաքինի մարդու ազնիվ հոգուց, մարդու, որ կոչումով բժիշկ է, բայց նաեւ բանաստեղծական խոսքով մարդկանց հոգեկան թարմություն  ու հարստություն պարգեւող գրչի մշակ:

Տիգրան Հարությունյան
բանասեր

0 comments:

Отправка комментария

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More