ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 20 декабря 2011 г.

ՄԵՐ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՂՆԻՆԵՐԸ. ՖԱՀՐԱԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


 Հողեղեն ու ոգեղեն որքան այրեր ունի մեր աշխարհը, որոնք արեւի նման   լուսավորում են շրջապատը եւ հալվում մոմի նման` թողնելով իրենց մնայուն հետագիծը: Մենք շատ դեպքերում նկատում ենք ու գնահատում մեր գրի ու մշակույթի հեռավոր դարերի տիտաններին`  Խորենացուն, Եղիշեին, Շնորհալուն, Նարեկացուն, Մոմիկին, Տրդատին, քան թե մեր կողքին ապրող ու ամենօրյա տքնանքով գիր ու մշակույթ երկնող մարդկանց: Գուցե թե նրանք նկատվելու կարիք կամ ժամանակ չունեն, քանի որ նմանների նպատակը նկատվելը չէ, այլ` պատմամշակութային արժեքները մնայուն պահելն ու մոռացությունից փրկելը, ազգի ու հայրենիքի անաչառ կենսագիր լինելը: Իսկ դա մի կոչում է, որը փառահեղ է, վեր ամեն մի կոչումից: Միշտ օրհնելով ու փառաբանելով հայոց գրչության մեծանուն մշակներին, ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ նրանց մտքի հեղեղից առաջացած ծովը ոչ մի տեղ չի կարող ցամաքել, քանի որ նրանք ունեն իրենց արժանի հետնորդներն ու շարունակողները: Ուզում եմ համեստաբար, բայց ակնածանքով տալ Դդմաշեն գյուղի արժանավոր զավակ Ֆահրադ Սողոմոնյանի անունը, որի ապրած կյանքն իրապես նման է սխրանքի` բաղկացած անվերջ մաքառման երկար շղթայից: Տեսնենք, թե ինչ է նա իր կյանքի 89-րդ տարում գրված ինքնակենսագրականում նշել. ՙԾնվել եմ 1923 թվականի հոկտեմբերի 23-ին, գյուղացու ընտանիքում: 1929-1939 թվականներին սովորել եւ ավարտել եմ ծննդավայր Դդմաշենիս միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել Գավառ քաղաքի ուսուցիչների պատրաստման եռամսյա դասընթացները եւ աշխատանքի նշանակվել Կաքավաձոր գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ: Մեկ տարի աշխատելուց հետո զորակոչվել եմ Կարմիր բանակ: Հայրենական մեծ պատերազմի սկզբից կրկին զորակոչվել եմ բանակ, սկզբում ծառայել Վրաստանի Ցխինվալի քաղաքում, ապա մեկնել ռազմաճակատ: Մարտնչել եմ  հայկական 89-րդ դիվիզիայի 400-րդ գնդի 2-րդ վաշտում: Հակատանկային հրացանի դիպուկահար եմ եղել: 1943 թվականի նոյեմբեր ամսին` Կերչ  քաղաքի գրավման օրերին, Հաջիմուշկա կոչվող թաղամասում ծանր վիրավորվել եմ: Մարտի դաշտից դուրս եմ եկել մեր վաշտի սանիտար Կնյազ Նիազյանի օգնությամբ: Այդ մարդն Ալավերդու շրջանի Աքորի գյուղից էր: Բուժվելուց հետո ճանաչվել եմ ծառայության համար ոչ պիտանի, վերադարձել հայրենի գյուղ եւ անցել իմ սիրած մանկավարժական աշխատանքին: 
Կենսաթոշակի անցնելուց հետո զբաղվել եմ գրական աշխատանքով: Մեկը մյուսի հետեւից լույս եմ ընծայել ՙԿաքավաձոր՚, ՙՈր մեղքի համար՚, ՙՀիշենք, որ հիշվենք՚, ՙԴդմաշեն՚ գրքի առաջին եւ երկրորդ հատորները: Հրատարակության է պատրաստ 6-րդ գիրքը` ՙԳյուղը ձորամիջում՚: Օրը կգա, բարին` հետը:
Ունեցել եմ հինգ զավակ, նրանցից երկուսին սրտիս անհուն ցավով կորցրել եմ: Երրորդ զավակս` Արամը, ոստիկանության գնդապետ է, դուստրս` Կարինեն, դաշնակահար: Իմ ավագ դուստր Էլեանորան իր ամուսնու եւ զավակների հետ բնակվում է ԱՄՆ-ում:
 2003 թվականին ես եւ իմ որդի Արամը Դդմաշենում մեր ծախսերով կառուցել ենք Արցախյան ազատամարտում զոհված դդմաշենցիների հուշարձանը, իսկ այս տարվա ընթացքում` Դդմաշենի մուտքը խորհրդանշող հուշասյունը՚:
Մեր ձեռքի տակ է Ֆահրադ Սողոմանյանի ՙԴդմաշեն՚ գիրքը: Թե ինչ անհուն սիրով ու տքնանքով է նա երկնել այդ կոթողային աշխատությունը, դրանում ընթերցողը կարող է համոզվել գիրքն էջ առ էջ կարդալիս: Այդ էջերից վեր են հառնում Դդմաշենի հեռավոր ու մոտ, անցյալ ու ներկա ժամանակները, հետաքրքրաշարժ պատմությունները, հիշարժան իրադարձությունները, նրա աշխատասեր, ավանդապաշտ ու անկոտրում մարդիկ, Մեծ հայրենականի ռազմադաշտերում ընկած կամ կենդանի տուն դարձած մարդիկ... Այս գիրքը հավերժական զրույց է հայոց աշխարհի ծաղկուն  շեներից մեկի` Դդմաշենի մասին, որը հայերեն է շնչել ու խոսել անհիշելի ժամանակներից, որն այժմ էլ բռնկված է արարչագործության զորեղ կրակով: Այս գիրքը գրված է Ոսկեղենիկ հայերենով, պարզ ու հյութեղ բառապաշարով, գիտակ ու սիրող, իր հող ու ջրին հազար թելերով կապված մարդու անհագ ձգտումով: Եվ այդ հողեղեն ու ոգեղեն այրը` Ֆահրադ Սողոմանյանը, շարունակում է հարստացնել մեր գրի ու մշակույթի անեզերք անդաստանը:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More