ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 18 апреля 2012 г.

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔ Է

ՙՎերջապես եկավ ժամանակը, որ մենք խոսենք գրականության մասին եւ ապրենք գրականությամբ: Գրական ակումբ կայքի /armgrak.info/ եւ համանուն խմբի միջոցով միասին կստեղծենք մեր երազած գրական միջավայրը…՚ 
Այսպիսի խորագրով ամիսներ առաջ ստեղծված խումբը, որը հիմնադրվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, շատ կարճ ժամանակում կարողացավ հաստատվել համացանցային միջավայրում, ձեռք բերել հետեւորդներ ու ակտիվ մասնակիցները: 
ՙԳրական ակումբի՚  եւ armgrak.info գրական կայքի հիմնադիր Արմինե Պետրոսյանը պատասխանում է ՙԳեղամա աշխարհի՚ հարցերին:
-Ողջույն Արմինե: Կպատմե՞ս ՙԳրական ակումբի՚ եւ գրական կայքի ստեղծման մասին, ինչպե՞ս ծնվեց գաղափարն ու կյանքի կոչվեց:
-Քանի որ գրականությունը իմ էությունն է /համենայն դեպս ես այդպես եմ կարծում/, ես երկար մտածում էի մեր ներկա գրական տխուր վիճակի մասին, ելքեր որոնում: Մի բան գիտեի, որ պետք է սկսել ինչ-որ կետից եւ գնալ առաջ: Այդ կետը կարող էր լինել համացանցում գրական տարածք ստեղծելը: Համացանցը կարող էր օգնել միավորելու բոլոր գրականասերներին, որոնց մի կոնկրետ տեղում հավաքելը շատ ավելի դժվար կլիներ: Ահա եւ 2011 թ-ի դեկտեմբերի սկզբին ստեղծվեց ՙԳրական ակումբ՚ անունով ֆեյսբուքյան էջը, որը շատ կարճ ժամանակամիջոցում մասնակիցների հոծ խումբ ունեցավ: Մի քանի շաբաթ հետո կայքն արդեն պատրաստ էր: Այսպես բացվեց նոր գրական աշխարհը, որը բոլոր գրասերների սեփականությունն է:
-Ո՞րն է ակումբի նպատակը:
-Մեր նպատակը գրական ընդհանուր առողջ մթնոլորտ ստեղծելն է, նորեկ ստեղծագործողներին հայտնաբերելը, եթե մի փոքր շնորհ կա, ապա նրանց սատարելը, ոգեւորելը, ուղղություն տալը, թերությունները հնարավորինս շտկելը, դեպի կատարելագործում մղելը: Նաեւ կայքում միավորել ենք արվեստի այս ճյուղերը` գրականությունը եւ կերպարվեստը, քանդակագործությունը: Տարվա վերջում նպատակ ունենք մեր նորեկների լավագույն գործերից մի գիրք հրատարակել: Մեզ մոտ շատ շնորհալիներ հանդիպում են միմյանց, նոր ու հետաքրքիր ծանոթություններ են լինում, կտավների ներշնչմամբ բանաստեղծություններ են գրվում, արդեն որոշ հայտնիները հանդիպում են նոր շնորհալիների, մեր հեղինակներին տեսնում եւ գնահատում են ավելի երկար համացանցային կյանք ունեցող եւ գրական աշխարհում իրենց ազդեցիկ դերն ունեցող կայքերի խմբագիրներ:
-Ի՞նչ կպատմեք կայքի եւ կայքի բաժինների մասին:
-Կայքն ունի մի քանի մեծ բաժիններ եւ ենթաբաժիններ: ՙՔննարկումներ՚ բաժնում պարբերաբար դրվում են քննարկման գրական նոր թեմաներ, թեմաներ, որ հուզում են մեր ընթերցողներին, հասարակությանը, հաճախ շատ բուռն քննարկումներ ենք ունենում: Ունենք ՙՄանկական գրականություն՚ բաժինը, որտեղ մանկական բանաստեղծություններ են, հեքիաթները, հետաքրքիր պատկերներ հեքիաթներից, նաեւ ՙՄանկական թոթովանքներ՚ եւ ՙԵս հորինում եմ՚ ենթաբաժինները: Այստեղ իրենց գրվածքները կարող են ուղարկել ոչ միայն մեծերը, այլեւ մանուկները:
Ընդհանուր գրականություն բաժնում ունենք ՙԳրքեր՚ ենթաբաժինը, որտեղ արդեն կայացած եւ տպագրված, այսինքն` տպագրված գիրք ունեցող գրողներն են, իսկ ՙՆորեկ ստեղծագործողներ՚ բաժնում կայացման ճանապարհին կանգնած, դեռեւս չտպագրված շնորհալի հեղինակներն են: ՙԳրական տեղեկատու՚ ենթաբաժինը պարունակում է զանազան տեղեկություններ գրական աշխարհի մասին: Ընդ որում ասեմ, որ նյութերը եռալեզու են`չնայած մեծ մասը հայերեն է: Քանի որ խոսքը ընդհանուր գրականության մասին է, ապա լեզուն էլ պիտի հնարավորինս մատչելի լինի տարբեր լեզուներով խոսող գրասերների համար. մենք ունենք ռուսագիր եւ անգլիագիր այցելուներ էլ, նաեւ հետագայում գուցե կառանձնանան երեք լեզուներով բաժիններ: Գրականագիտական հոդվածների ենթաբաժիններ ունենք, որոնք եւս շատ կարեւոր են գրականության ասպարեզում: ՙՀետաքրքիր դեպքեր՚ ենթաբաժինն էլ բաղկացած է գրողների մասին հետաքրքիր եւ ուսուցողական նյութերից: Նաեւ կա ՙԻ՞նչ կարդալ՚ ենթաբաժինը, որտեղ համաշխարհային գրականության պարտադիր կարդացվելիք գրքերի ցանկն է` ներառյալ նաեւ մեր օրերը /չնայած դեռեւս ամբողջական չէ, ուղղակի ինձ միշտ հարցնում են` ինչ կարդալ, դրա համար էլ բացվեց այդ բաժինը/: Կայքում կան նաեւ իմ թե՜ գրականագիտական հոդվածները, թե՜ գրական ստեղծագործությունները:
Կայքը համագործակցում է գրական մի շարք բլոգների եւ այլ գրական կայքերի ու խմբավորումների հետ:
Նպատակ ունենք նաեւ համացանցից դուրս համագործակցել տարբեր մարզերի եւ Երեւանի գրական խմբակների հետ:
-Ո՞վքեր են Գրական ակումբի անդամները:
-Ակումբն ունի խմբագրական ընտանիք, որի անդամներն են կայքի ամենաակտիվ մասնակիցները, ովքեր բոլոր հարցերում օգնում են գլխավոր խմբագրին` ըստ իրենց մասնագիտության:
Քանի որ ՙՆորեկ ստեղծագործողներ՚ բաժնում բոլոր ստեղծագործություններին կցվում են հայտնի նկարիչների կտավներ, ապա մեր խմբագրական ընտանիքի անդամներից են նկարչուհի Հասմիկ Հոխանյանը եւ քանդակագործ Վահան Գալստյանը: Մյուսները` Մարիամ Վարդանյանը, Ռիմա Խաչատրյանը, Մհեր Դավթյանը, բանասերներ են, Վարդուհի Բադալյանը` իրավագետ, գրող:
-Քանի՞ այցելու եւ անդամներ ունի ակումբը:
 -Ֆեյսբուքյան անդամների թիվը 903 -ն է: Կայք օրական մինչեւ չորս հարյուր հոգի են այցելում, իսկ գրանցվածների թիվը 2011-ն է:
-Որպես գրականությանն ու երիտասարդությանն ավելի մոտ կանգնած գրական ակտիվիստ, ինչպե՞ս  ես կարծում, կարդում ու ստեղծագործում են երիտասարդները, ինչո՞վ են տարբերվում ավագ սերնդից, կարող ես նշել մի քանի առանձնահատկություններ:
-Ավագ սերունդը, որը մի ժամանակ եղել է երիտասարդ, բերել է իր նոր ու թարմ ուժը, այժմ էլ շարունակում է ընթերցել ու ստեղծագործել: Իսկ երիտասարդները երիտասարդ են կոչվում նրանով, որ գալիս են միաժամանակ հերքելու եւ լրացնելու արդեն եղածը: Գրականության մեջ պոստմոդեռնիզմի ուղղությունն է շարունակվում` տարբեր դրսեւորումներով եւ արտահայտման ձեւերով: Հայ գրականություն է մտել ղարաբաղյան պատերազմի թեման. ոչ միայն հերոսականի, այլեւ` ողբերգականի պատկերմամբ: Նոր է նաեւ կենցաղային մանրուքների նկարագրության մուտքը գրականություն, որը, սակայն, ոչ միշտ է որակ կազմում: Գրվում են խոհափիլիսոփայական, սարսափի, միստիկական նոր մոտեցումներով ստեղծագործություններ, որոնք այնքանով են նոր, որքանով մեր ժամանակների մարդու պատկերացումները:
 - Այսօրվա գրական խայտաբղետ արտադրանքի մեջ կան եւ լավ գրքեր ու ստեղծագործություններ, եւ կան հրատարակված գրքեր, որոնք ոչ միայն թույլ են, այլ չունեն ոչ մի աղերս գրականության եւ արվեստի հետ: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որ ձեր էջերում պահպանվեն համեմատաբար գրագետ ու բարձրարժեք ստեղծագործություններ:
-Մեզ դեռ հաստատվելու ու որակապես կայանալու համար ժամանակ է հարկավոր. միանգամից բարձր արդյունք ակնկալել չենք կարող: 
Գրական ակումբը եւ ես՝ որպես գլխավոր խմբագիր, ունենք մեր սկզբունքները՝ մերժել կեղծ գրականությունը, մերժել այն ստեղծագործողների գործերը, ովքեր նորարարական շնչով գրականության իմիտացիա են փորձում ստեղծել: Չենք ընդունում կեղծ պաթոսով, ընդամենը բառերի կույտով լեցուն ստեղծագործություններ: Իսկ հստակ ասված գեղարվեստական խոսքը, արժեքավոր ստեղծագործությունները գտնում են իրենց ուրույն եւ արժանի տեղը:
Մեր երիտասարդ զրուցակիցը, ով ընդամենը 26 տարեկան է, կենցաղային ու ընտանեկան հոգսերին զուգահեռ մեծ ուժով ու եռանդով նվիրվել է գրական կյանքին, համացանցային ու անիրական աշխարհում ստեղծել իրական այնպիսի խաղաղ աշխարհ, ուր ոչ միայն կուտակվում են նորածին մտքերը, այլեւ երկունք առնում նոր մտքեր ու ապագա գրական գոհարներ, այդ իրական ու անիրական գրական անկյունը գալիս է  վերակենդանացնելու, ակտիվացնելու եւ համախմբելու գրականասերներին, ովքեր ցանկանում են իրենց գրիչով ստեղծել ու վերակերտել աշխարհն ու իրականությունն այնպիսին, ինչպիսին տեսնում է բանաստեղծի բյուրեղյա հոգին ու ստեղծագործ միտքը:
Արմինե Պետրոսյանը ծնվել է 1986 թ-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում: 1993-2003թթ սովորել եւ ավարտել է Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2003-2008թթ սովորել եւ ավարտել է  Գավառի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը: 
Հեղինակում  է ՙԻրականի եւ պատրանքայինի հոլովույթում՚, ՙԳոյությունը պայքար է՚, ՙՙՎիրջինյա Վուլֆը՚ եւ կանացի գրականությունը՚, ՙՄիաժամանակ տղամարդ եւ կին՚, ՙՕռլանդո՚, ՙԱյս անգամ էլ կաշիս փրկեցի՚, ՙԱնիմանալիի փնտրտուքներում՚, ՙՏառապող անհատը գրականության մեջ՚ գրական աշխատանքները: Նրա գրչին են պատկանում ՙԱրդյո՞ք սիրում եմ՚, ՙՈրտե՞ղ ես՚ վիպակները, ՙԵս այլմոլորակային եմ՚ էսսեն եւ ՙԻմ երեք ես-երը՚ արձակ պատմությունը: Շարունակում է ստեղծագործել եւ կարծում է, որ անելու գործեր դեռ շատ կան:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 Հետգրություն-Երբ հարցազրույցը պատրաստ էր տպագրության, տեղեկացանք, որ Արմինեի հոդվածների թվին ավելացել է ՙՄերօրյա հայ կինը Ա. Սիսյանի պատմվացքներում՚ աշխատանքը: Կալիֆրնիայի հայ գրողների միությունը ՙԻմ երեք ես-երը՚ արձակ պատմությունը ընդունել են տպագրության ՙԲառուբանում՚: 
ՙՆախնյաց հետքերով՚ ՀԿ-ն գրական ակումբին գրասենյակ է հատկացրել Երեւանում: 
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More