ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 18 апреля 2012 г.

ԱՐԾԿԵԻ ՓՐԿՎԱԾ ՀԱՅԻ ԲԵԿՈՐ ԱԼԵՔՍԱՆԸ

 Երեք տարի անց լրանում է հայոց Մեծ եղեռնի 100 տարին: Սակայն մեկ դար անց էլ հայ ժողովրդի ցավն ու մրմուռը մնում են անամոք, եղեռնի ծրագրողներն ու իրականացնողները` անպատիժ: Մեկ դար անց էլ թարմ են մնում Մեծ եղեռնը վերապրած մարդկանց հուշերը, որոնք ցանկացած բանական մարդու հոգեկան աշխարհը ցնցում են հիմնովին ու ամբողջապես, ստիպում մեկ անգամ էլ թերթել այն ողբերգական օրերի մութ էջերն ու ծալքերը, գնահատել ու զգալ թուրքաքրդական վայրագությունների ահասարսուռ պատկերները, դատապարտել հայության դեմ կատարված անասելի ոճրագործությունները, անսխալ սերտել պատմության դասերը եւ միշտ հիշել, թե ովքեր են եղել հայասպան մեր հարեւանները: Պատմաբան Մերի Քեշիշյանը, տպագրության ներկայացնելով Ալեքսան Խլղաթյանի հուշերը, մոռացումից ոչ միայն փրկում է Մեծ եղեռնը վերապրած մարդու հուշերը, այլ նաեւ սերունդներին պատգամում` թանկ պահել հայ անմեղ նահատակների հիշատակը եւ Հայոց պետականությունը, որը բարձրացել է մեր դաժան  գոյապայքարի մոխիրների եւ կրակների միջից, բազմաթիվ զոհերի ու մաքառումների գնով: Միշտ պետք է հիշել, որ բոլոր հայերը, թե 1915-ին, թե Սումգայիթում, Մարաղայում, Արցախյան գոյամարտում, սպանվել են միայն մի պատճառով` հայ ծնվելու եւ հայ լինելու համար: 
ՙԳեղամա աշխարհ՚ 

Ալեքսանը իր քույր Ռեհանի հետ

 Տարիներ շարունակ ինձ հանգիստ չէր տալիս մի հարց, ովքե՞ր են վասպուրականցի իմ նախնիները, որոնց մեծ մասի կյանքի եւ անցյալի պատմության թելը կտրվել էր 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ: Փնտրում եւ հավաքում էի նրանց առնչվող ամեն ինչ եւ դրանով իսկ փորձում  վերականգնել անցյալի հուշ-պատառիկները: Միշտ մտածում ու հավատացած էի, որ այս աշխարհում ամեն հայ իր պատմությունն ունի, իսկ դրանից զատ ամեն մի հայ՝ ունի ցեղասպանության հետ կապված իր պատմությունը, որոնցից հազարավորներն, ո՞վ գիտե, անվերադարձ գուցե կորսվել են կամ մոռացվել:
Վերջերս ՙԳեղամա աշխարհ՚ թերթում իմ հեղինակությամբ տպագրվեց ՙԲասարգեչարցի որսորդ Ալեքսանը՚ ակնարկը: Արդեն պատմվել է, որ Բասարգեչարցի համարվող Ալեքսանը բնավ էլ Բասարգեչարցի չէր, այլ՝ Վանի նահանգի Արծկե՝ Ալջավազ, քաղաքից: Գաղթի ու կյանքի քառուղիները նրան բերել էին դեպի կապուտակ Սեւանի ավազանը: Հայրենի օրրանի կարոտը մեղմել էր Սեւանը, որ այնքա՛ն նման էր Վանա լճակին...  Եվ հաստատվելով Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում՝ Ալեքսան Մկրտիչի Խլոյանը /Խլղաթյան/ մի օր թղթին հանձնեց իր կյանքի պատմությունը: Սա ոչ թե որսորդի, այլ գաղթի ճանապարհով անցած հայ մարդու պատմություն է, մեկը՝ միլիոնավորներից ու Գողգոթայի ճանապարհը անցածներից: Այն նրանով է ավելի դառնում նշանակալի, որ գրվել է հենց Խաչաղբյուր գյուղում: Ո՞վ է ինձ համար այս որսորդը, ում ճանաչում էին շատերը, գրում նրա մասին: Նրա քույրը՝ մեծ տատս՝ Ռեհան Մկրտիչի Խլոյանն է /Խլղաթյան/, ով նույնպես անցել է գաղթի իր ճանապարհը: Իր ավագ եղբոր պատմությունից, որ գրվել է, մի քիչ տարբեր է Ռեհանի պատմությունը, նա իր սեփական, մանուկ աչքերով կրտսեր եղբայր Ղազարի հետ տեսել էր, թե ինչպես են թուրքերը չարչարել իր Հայկանուշ մորը, ումից փորձել են տեղեկանալ, թե որտե՞ղ են իր ամուսինն ու Ալեքսան որդին: Սակայն ոչ մի խոսքի չեն արժանացել. այս մասին Ալեքսանը չի գրել, բայց Ռեհանը պատմել է իր զավակներին... Հետեւապես Ալեքսանի պատմությունը նաեւ իմ պատմությունն է, իմ հոգու անդարմանելի ցավը, որ տասնամյակներ շարունակ ժառանգաբար  փոխանցվել է: 
Այս պատմությունը հետաքրքիր է նաեւ նրանով, որ 1915 թվականին Արծկե գյուղաքաղաքի 200 տուն հայ ընտանիքից փրկվել են երկուսը, իսկ այդ երկուսից մեկը՝ Խլոյանների /Խլղաթյանների/ ընտանիքն է, ու այդ գերդաստանի ականատես վկան հետագայում պատմում է հայի իր պատմությունը: 
Տատիս պատմած հուշերից աղբյուրի ճերմակ ջրակաթիլի նման հյուսում էի իմ պատկերացրած ու երազած աշխարհը Վանա: Նրա խոսքերով միշտ տպավորված մնացի, որ. ՙԹե իմ տունն ինձ տան, չոքեչոք կգնամ ու կգտնեմ...՚: Իսկ տատիցս ժառանգություն ինձ մնաց Երազանքը... Ամենանվիրականը... Արծկե՝ Ալջավազ, անունն էլ հավերժացավ Դիլիջան քաղաքի հին գերեզմանատան 1924 թվականի մի տապանաքարի վրա, որին փորագրված է. ՙԱստ հանգչի Վանա Ալջավազ քաղաքում ծնված Մկրտիչ Խլոյան՚: Նա իմ տատի հայրն է:
Այս ձեռագիրը պրպտումներով գտա... Եվ շնորհակալ եմ, որ այն ինձ հանձնեց Ալեքսանի որդին՝ Լեռնակ Խլոյանը, ով ծնվել է Խաչաղբյուրում՝ 1931 թվականին եւ բնակվում է Դիլիջանում: Ծանր էր առաջին անգամ կարդալը: Մեծ հուզմունք ապրեցի, եւ վերապրեցի ամեն հայի պատմության հետ: Այս հիշողության մասունքով ես գտա նաեւ ինձ, լրացրի իմ նախնիների պատմության բաց էջերը... 
 Ալեքսանի նման իմ սիրտն էլ միշտ Սիփան լեռան ստորոտին ծվարած Բզնունյաց աշխարհի Արծկե քաղաքում է: Հետաքրքիր է նաեւ, որ արծկեցիները Սիփան սարը համարել են իրենց սեփականը... Հավատացած եմ, ոչի՜նչ չի կարող մեր հիշողության պաստառից ջնջել այդ սեւ տարին, մեր հիշողությունը, պատմությունը, այն մերն է, որքան էլ դժվար ու ծանր լինի այն կրել հոգում: Արյան ծովերով անցան, խաչելության գողգոթաներով:
Ցավով սուզվելով անցյալի մեջ՝ այս հիշողությունները գրվել են որպես կտակարան... Իր կրունկներն այրած կյանքի ու բախտի ճանապարհի հորիզոններով անցած՝ նա ուժ գտավ գրելու, նորեն սրտաթրթիռ հույզերով հիշելու իր Արծկեն, իր Վանը: Պետք էր նորեն հիշեր, թեեւ երբեք չէր մոռացել, պետք է թղթի վրա թողներ իր այրված պատանեկության օրերը...
Պիտի դառնար իր գրքի վկան... 
Շնորհակալություն ՙԳեղամա աշխարհ՚ թերթի խմբագրությանը, որ սիրով հանձն առավ՝ առաջին անգամ տպագրելու այս ձեռագիր հուշագրությունը: 


Մերի Քեշիշյան
պատմաբան-հնագետ
Գրեց՝ Ալեքսան Խլոյանը /Խլղաթյան/ 


1914 թվականն էր, որ Տաճկահայաստանի անզեն ու անօգնական հայի արյունով ներկվեցին Վանի ու Վասպուրականի նահանգի հայկական գավառները, նույնպես` Բիթլիսի, Տարոնի եւ մնացած նահանգների գավառները: Սա մի հոծ հրդեհ էր, եւ այդ հրդեհից զերծ չմնաց ոչ մի հայ ընտանիք:
Երբ Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Տաճկաստանին, Տաճկաստանի վայրագ կառավարությունը գաղտնի հրաման տվեց բոլոր նահանգապետերին, կուսակալ վալիներին՝ ի մի բերել հայի արյան ծարավ քուրդ, չերքեզ եւ տաճիկ ցեղերին՝ հայերին կոտորելու համար: Ի վրեժ եւ ի հատուցում ռուսական հարձակման, գաղտնի հրամանով հայտնված էր բոլոր մուսուլմաններին, թաղապետերին եւ գյուղապետերին, որ եթե մեկ տաճիկ կամ քուրդ համարձակվի իր ծանոթ կամ դրացի հայ ընտանիքին ապաստան տալ, այդ տաճիկը կամ թուրքը, քուրդը կճանաչվի որպես թուրք կառավարության դավաճան, Մուհամեդ Մարգարեի թշնամին եւ թուրքական կիսալուսին դրոշակը սրբապղծող: Բացի այս հրամաններից` հրամայված էր, որ հայի ամբողջ գույքը, անասունները եւ գեղեցիկ հարսները, աղջիկները նույնպես պատկանում են հայեր կոտորողին եւ բնաջնջողին: Այս հրամանը մի խրախուսանք էր, որ ոչ մի թուրք կամ քուրդ զիջող չհանդիսանա: Հրամանը ստորագրել էր տաճկաց սուլթան Ռաշիդը՝ Սուլթան Համիդի եղբայրը, որ Համիդի գահակալությունից հետո թագավորում էր Տաճկաստանում եւ դաշնակից էր գերմանական Վիլհելմ կայսրի հետ: 
Ռուսական բանակը հաղթանակով առաջ էր շարժվում Բարդուղիմյան լեռնաշղթայից դեպի Ալաշկերտ, Դութաղ, Ղարաքիլիսա  ուղղությունով: 
Իսկ նահանջող տաճկական զինվորները, քուրդ հեծելազոր բաշիբոզուկները, քրդական զանազան ցեղերը, իրենց ճանապարհին եղած հայկական շեն գյուղերը ավերակ դարձնելով, կոտորելով նրանց բնակիչներին՝ հետ էին նահանջում, իրենց սրտի թույնը թափելով անմեղ ժողովրդի գլխին, կարծես թե հայն էր մեղավոր, որ տաճկական զինվորը չի կարող դիմանալ ռուսական օրհնած սվինի դեմ: 
Հենց այդ ժամանակ էր, որ տաճկական ՙհոգեւորական շեյխերի օջախ՚-ը հայտարարեց երկրորդ գաղտնի հրամանը. ՙԲոլոր մոլլաներին եւ շեյխերին. թող լավ իմանա ամեն տաճիկ եւ քուրդ ու չերքեզ, ով որ չի սպանի պիղծ եւ անօրեն հային, նա հանդերձյալ աշխարհում դրախտին արժանի չի լինի՚:
Այդ իսկ պատճառով բոլորը ձգտում էին ինչ գնով էլ լինի իրենց ձեռքերը հայի արյունով շաղախել, որ դրախտում տեղ ունենան: Ահա մի ցայտուն եւ զազրելի օրինակ: Մեր դրացի, երկու աչքից կույր Մուստաֆան, իր թոռ Ահմոյի ձեռքը բռնելով, նրան ասաց.
- Որդի՜, տար ինձ այնտեղ, որտեղ որ կա ընկած հայի սպանված դիակներ:
Ահմոն տարավ նրան իմ ընկեր Արսենի եւ Հովսեփի դիակների մոտ: Մուստաֆայի ձեռքին թոնրից հաց հանելու մի երկաթյա  շամփուր կար: Նա այդ շամփուրով ծակոտեց սպանված երկու դիակների սրտերը եւ հարցրեց իրեն ուղեկցող Ահմոյին.
- Որդի՜, ասա տեսնեմ՝ շամփուրը արնոտվե՞ց…
Եվ երբ թոռը դրական պատասխան տվեց, այն ժամանակ Մուստաֆան դեն շպրտեց շամփուրը եւ, երկու ձեռքը երկինք բարձրացնելով, այս խոսքերը մրմնջաց.
- Հե՛յ, Ալլահ, ես կույր եմ, չկարողացա կենդանի հայ սպանել, որ ջեննեթին արժանի լինեմ: Բայց իմ կույր տեղովս էլի իմ շամփուրով  երկու հայի սիրտ ծակեցի` հանելով նրանց արյունը: Իմ ուխտը ընդունելի համարիր եւ ջեննեթում ինձ տեղ տուր: 
Ահա  այս եւ նման ստոր ու կեղտոտ հոգով էր դաստիարակված քուրդը, տաճիկը, չերքեզը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ: Այդպես էին քարոզում թուրքի Շարիաթը եւ Ղուրանը, որ հայն ՙանօրեն է, նա պիղծ է, միշտ պետք է նրան ատի մուսուլմանը: Հայի ունեցածը հալալ է մուսուլմանին, հայի արյունը թափել մուսուլմանի ձեռքով՝ դա սրբազան գործ է՚…






 Վանա լիճը՝ Բզնունյաց ծովակը, խիստ ալեկոծման մեջ էր այդ օրը, շաչով ու շառաչյունով ահեղ ալիքները խփվելով իր շրջակա քարե կայաններին՝ ուզում էին դուրս գալ ափերից ու տակով անել ամեն ինչ: Մրրկահավերը, ճայերը, չարագուշակ կերպով թռչում էին՝ ալիքների վրայից ձկնիկներ տանելով: 
Սիփան լեռը այդ օրը նույնպես գեղեցիկ չէր: Նրա` մշտնջենական ձյունով ծածկված գագաթին սեւ եւ ահաբեկ ամպեր էին կուտակված: Սպասվում էր մի ահեղ ամպրոպ` հեղեղներ առաջացնելու, ավելի սաստկացնելու ծովի ալեկոծումը: Ի՞նչ էր դա այդպես, մի՞թե բնությունը եւս մի դարավոր քեն ու վրեժ ուներ իր հայ կոչվող բնակչից: Դա այն Բզնունյաց ծովակն էր, որը կրում էր Բզնունյաց նախարարական տոհմի անունը, իր մեջ ունենալով Լիմ, Կտուց եւ առտեր կղզիները, իր Աղթամարա վանքով, իր ափին ունենալով գեղատեսիլ Արծկեն  իր Երաշխավորաց վանքով, որ կոչվում է  Ս. Սքանչելագործա վանք: 
Արծկեն՝ Ալջավազը, զարդարված է գեղատեսիլ այգիներով, ծառաստաններով: Սիփանի ստորոտներից բխող հարյուրավոր սառն ու ջրառատ աղբյուրները, սնունդ տալով բոլոր ծառաստաններին, թափվում են Բզնունյաց ծովակ, որի թափման վայրում որսվում է առատ տառեխ ձուկը:
Բզնունյաց ծովակի հարավում է  գտնվում Շատախի, Թիմարի, Ռշտունյաց լեռները, այդ շարքում է Հայոց Ձորը, որտեղ կռվել է Թորգոմի որդի Հայկը՝ մեր նախահայրը: Այդտեղ է Արծրունյաց նախարարության ոստանը՝ Վասպուրական նահանգը, իր Վան ծառաստան քաղաքով, Շամիրամա ջրանցքով, Շամիրամա բերդով: Իսկ հյուսիսարեւմտյան ափին են գտնվում Նեմրութ, Քոքուռ լեռները:
Դեռ նոր էր Արծկեի հրաբխի խառնարանը հանդարտվել, երբ նորից իր խորքից վիժեց մի սոսկալի հրաբուխ. լեռները իրենց տեղից պոկվեցին` տակով անելու ամեն ինչ…
Ես լսեցի մի կրակոց` առաջին որոտը: Կարծես արեւը խավարեց, երկինքը փուլ եկավ, գետնի տակից գեհեններ դուրս եկան` վառելու ամեն բան, որ կենդանի էակ էր, այն էլ՝ հայ: Գոռում-գոչյուն, լաց-աղաղակ. սպանեցին Միսակին, Պողոսին, դռները ջարդեցին, տարան ամեն բան, անասուն: Միսակը իմ հորեղբայր Հարութի տղան էր, իսկ Պողոսը` իմ փոքր հորեղբայրը: Չնայած թուրք կառավարության վայրագ միջոցառումներին` դեռ կային բարի, ազնիվ, մարդասեր թուրք հարեւան անհատներ, որ պաշտպանում էին իրենց հայ հարեւանին, այդպիսի մեկն էր մեր դրացի Սադխ Չավուշը: Մորս, քրոջս, փոքր եղբորս՝ Ղազարին եւ ինձ հասցրին Սադխ Չավուշի տունը: Երեխաներից մեծը ես էի, ինձ նստեցրին քիչ սառած թոնիրի մեջ, ոտքերիս տակ դնելով մի քար, իսկ թոնրի վրա քուրսին էր: Քուրսու շուրջը  նստեցին Սադխ Չավուշի կինն ու մյուսները: Ես առավոտվա մոտ ժամը 9-ից մինչեւ իրիկվա ժամը 7-ը մնացի վառված թոնրի մեջ: Օդ չկար, խեղդվում էի, քրտինքս կաթում էր կրակի վրա  եւ փոքր գոլորշի բարձրացնում: Հնար չկար, պիտի սպասեի մինչեւ մութն ընկնելը, քանի որ հայրս թողնելով մեզ, փախել էր մոտակա լեռները:
Մեր քաղաքի հայկական անունն էր Արծկե, թուրքական անունը՝ Ալջավազ կամ Ադլջավազ, այսինքն, ՙադլի ջեւուզ՚ նշանակում է ՙանվանի ընկույզ՚, քանի որ մեր քաղաքում շատ պտղատու ծառաստան այգիներ եւ պարտեզներ կան, որտեղ տարածված են ծիրանի եւ ընկույզի ծառերը: Ընկույզները ծառից վայր ընկնելիս, այնքան բարակ կլեպ ունեին, ջարդվում էին եւ միջուկը սպիտակ ճրագուի պես դուրս էր գալիս: Դրա համար մեր քաղաքի անունը կոչվում է Ադլջավազ:
Մեր քաղաքն ունի յոթ թաղամաս հետեւյալ անուններով՝ Տկես, Բերդ, Բերդի Վիզ, Վերին Թաղ, Միջնաբերդ, Բտրախպուր, Չայիր Մահլան: Մենք ամռանը ապրում էինք Տկես թաղում, իսկ ձմեռը տեղափոխվում էինք Բերդ: Դա այն հռչակավոր Բերդն է, որ խորտակվել է Տուղրիլ սուլթանի ¥խան) ձեռքով: Դա Բզնունյաց անառիկ բերդն է եղել՝ իր հսկա բարձր պարիսպներով եւ աշտարակներով, ջրամբարներով: Պարսպի մի ծայրը հարավից միանում էր ծովի հետ, իսկ արեւելյան կողմից՝ անանցանելի Չալաղան Բազեն կոչվող գետն էր (ճահիճ), հյուսիսից՝  բարձր ժայռերն են: Ունի երկու դուռ՝
 արեւելյան եւ արեւմտյան: Բեր
դը իր կանգուն ժամանակ ե
ղել է մի անառիկ 
ամրոց, սակայն ինձ ան
հայտ ժամանակ
ներում ավերվել է Տ
ուղրիլ սու
լթանի ձեռքով, ի
սկ քաղաքի բ
ազմաթիվ ժող
ովուրդը՝ կո
տորվել եւ 
գերեվարվել 
է: Բերդը
 քրիստոնեա
կան ժամանակ
աշրջանի 
կառույց է:

  
/շար
ունակությ
ունը հաջո
րդ համարնե
րում/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More