Արդեն հինգ տարի է, ինչ ֆրանսիացի կամավորներն օգնում ու աջակցում են Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքին: Իհարկե, նախաձեռնությունն այստեղ ֆրանսիահայ երիտասարդներին է, ովքեր տարիներ առաջ ստեղծելով ՙCSOE՚ բարեգործական կազմակերպությունը՝ ձեռնամուխ եղան հայրենիքի կառուցման ու շենացման գործին: Նրանց միջոցները հավաքվում են Ֆրանսիայում բնակվող հայերի եւ ֆրանսիացիների գումարների ներդրամամբ:
Ինչպես տեղեկացնում է Լճափի համայնքապետ Հայկ Սիմոնյանը՝ ՙCSOE՚ բարեգործական կազմակերպության ղեկավարը Սեւան Կարյանն է, իսկ Լճափ եկած երիտասարդ անդամները 23-ն են, որոնցից միայն հինգն են ազգությամբ հայ, մյուսները՝ օտարերկրացիներ: Այս տարի նրանք Լճափում կմնան 12 օր: Կամավորները համայնքը տարիներ առաջ շատ պատահական են ընտրել, իսկ հինգ տարիների ընթացքում արդեն դարձել լճափցիների իսկական բարեկամները: 
-Լճափում անցկացրած օրերն իմ կյանքի լավագույն օրերից են: Ես աշխատանքից չեմ հոգնում եւ անչափ ուրախ եմ, որ հայ ժողովրդի համար գործ եմ անում, -ասում է ծագումով իսպանացի, Ֆրանսիայում ապրող Սինդի Վեթլը: Կազմակերպության անդամների կազմը յուրաքանչյուր տարի փոփոխության է ենթարկվում, սակայն նրանց մեջ կան երիտասարդներ, ովքեր Լճափ են այցելում անընդմեջ: Նրանց՝ Սեւան Կարյանին, Բալիկ Կարաօղլյանին, Միքայել Չափառյանին, ֆրանսիաբնակ ֆիլիպինցի Պիեր Դաղոնժին համայնքի բնակիչները, մասնավորապես դպրոցականները, հարազատ մարդիկ են համարում, իսկ կազմակերպության մյուս անդամներին՝ մեծ սիրով սպասում ու ընդունում ամեն տարվա ամռանը:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий