ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 13 июля 2013 г.

ՆԱ ԱՊՐՈՒՄ Է ԿՈՒՏԱԿԱՆԻ ՇԵՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՆԽՄԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ

1988 թվականը բեկումնային եղավ շատ հայերի ճակատագրում: Իրենց բնակավայրերը, շեն ու բարետես տները, բարվոք կենցաղը թողած` Հայաստանի Վարդենիսի շրջանի լեռնային ու սահմանամերձ բնակավայրեր եկան Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթի ենթարկված հայ ընտանիքները: Նրանք էլ հենց մեր մարզում դրեցին ադրբեջանաբնակ երեք տասնյակից ավելի բնակավայրերի վերահայացման հիմքերը: Նրանց  ազգանվեր ու պատմական գործին միացան նաեւ Հայաստանի տարբեր բնակավայրերի երիտասարդ ընտանիքներ` կազմավորելով նոր համայնքներ, նոր  պետական ու կրթական հաստատություններ: Եվ անցնող տարիների հետ ավելի տեսանելի դարձավ, ավելի արժեւորվեց այդ մարդկանց գործը, թափած ջանքն ու քրտինքը, մինչեւ որ կայացան համայնքերը, դպրոցները, թեկուզ առայժմ թույլ, բայց շնչող տնտեսություններն ու ենթակառուցվածքները: Ամեն դեպքում այդ մարդկանց շնորհիվ ոտքի կանգնեց ու դեպի պատմության խորքերն ընթացավ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, այդ մարդկանց շնորհիվ է այսօր Հայաստանի սահմանամերձ գոտին ապրում, շնչում, խոսում ու տրոփում հայկականությամբ: Նմաններից մեկն էլ   ծնունդով Գեղարքունիքի մարզի  Ակունք գյուղի բնակիչ Ռաֆայել Ավետիսյանն է, ով Կուտական գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն է աշխատում 1992 թվականից մինչ օրս: Նա գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, որն էլ ավարտել է գերազանց գնահատականներով: Սակայն նա իր հետագա կյանքը կապել է ոչ միայն հայ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության, այլ նաեւ սահամամերձ գյուղի ստեղծման, կայացման ու զարգացման գործին: Նա  երեք տարի միաժամանակ աշխատել է Սոթքի, Շատջրեքի եւ Շատվանի դպրոցներում, որից հետո տեղափոխվել է Կուտական, նշանակվել դպրոցի տնօրեն եւ ընտանյոք կյանքը կապել այս գյուղի հետ: Այս գյուղում են ծնվել ու հասակ առել նրա հինգ զավակները` 3 աղջիկ եւ 2 տղա: Մեծը 20 տարեկան է, իսկ փոքրը՝ 6: Երեքն ուսանող են, սովորում են Երեւանի մանկավարժական համալսարանում: Կինը՝ Աննան, նույնպես մանկավարժ է եւ աշխատում է ամուսնու հետ: 
-Ուզում եմ, որ երեխաներս հայրենիքի համար պիտանի մարդիկ դառնան եւ իրենց համեստ ներդրումն ունենան Հայաստան երկրի առաջընթացի գործում,- ասում է Ռաֆայել Ավետիսյանը,- միայն թե նրանք ու մյուս երիտասարդները ցանկություն հայտնեն կյանքը կապել այս գյուղի հետ, մարդացնեն ու շենացնեն մեր աշխարհը:  
Երիտասարդներին այսօր վանում են առկա խնդիրներն ու սոցիալ-տնտեսական ոչ բարվոք պայմանները: Նրանց շահագրգռելու, գյուղի ու դպրոցի հետ կապելու համար անհրաժեշտ է  ստեղծել ժամանակակից կյանքի համար բավարար պայմաններ. միայն հայրենասիրական քարոզներով գյուղ պահել չի լինում:
Դպրոցի տնօրենը ցավով նշում է, որ բնակիչներն իրենց երեխաներին գյուղից հեռացնում են նաեւ դպրոցի վատ պայմանների համար: Այսպես, 1992 թվականին դպրոցն ունեցել է 129 երեխա, իսկ այսօր արդեն  ընդամենը 38 երեխա է այստեղ սովորում: Դասարանները կոմպլեկտավորված են: 2012-2013 ուսումնական տարում դպրոցը թվով 3 առաջին դասարանցի է ընդունել՝ փոխարենը տալով 4 շրջանավարտ, իսկ գալիք ուսումնական տարում այն կընդունի եւս 4 առաջին դասարանցիների: Բարեբախտաբար, բոլոր տարիքային խմբերին պատկանող աշակերտներ դեռ կան այս դպրոցում, իսկ դպրոցն էլ ապահովված է համապատասխան մանկավարժական կադրերով: Կան ուսուցիչներ, ովքեր ամեն օր հարեւան գյուղերից՝ Մեծ Մասրիկից, Ակունքից են գալիս եւ նորից վերադառնում իրենց գյուղ: Դպրոցում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, աշակերտները մասնակցում են մրցումների, օլիմպիադաների: 
Կուտականի միջնակարգ դպրոցի շրջանավարտներն այսօր աշխատում են դպրոցում, պետական եւ ոչ պետական տարբեր հիմնարկներում, նրանցից շատերը հայրենիքի պաշտպան զինվորներ են դարձել: Դպրոցը համագործակցում է Սոթքի զորամասի հետ, ավագ դասարանների աշակերտները մասնակցում են զորավարժությունների:
 Արցախյան ազատամարտի ժամանակ գյուղը չորս զոհ է տվել: Այդ ծանր տարիներին գյուղացիները ռազմաճակատին օգնում էին այն ամենով, ինչով կարողանում էին, չնայած որ իրենք ավելի շատ օգնության կարիք ունեին: Ռմբակոծությունների արդյունքում դպրոցի մեկ մասնաշենքը հիմնովին քանդվել է, իսկ մյուսի ապակիներն են ջարդվել ու ճաքճքվել: 
Կուտական գյուղն ունի 314 բնակիչ, սակայն այսօր էլ այստեղից հեռանում են ոչ միայն նախկին քաղաքաբնակները, այլ նաեւ նրանք, ովքեր վաղուց հարմարվել էին հողագործությանն ու անասնապահությանը: Բնակիչները հեռանում են գյուղից մի շարք դժվարությունների պատճառով: Կուտականն այսօր դեռեւս ունի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, գազաֆիկացման, խարխուլ բնակարանների ամրացման, փողոցների բարեկարգման խնդիրներ: Կիսաավեր են նաեւ գյուղի ակումբը, գրադարանը, բուժկետը: Սակայն  առավել անմխիթար վիճակում է գտնվում կիսախարխուլ դպրոցը, որի շենքը  կառուցվել է 1948 թվականին, կավի եւ հողի շաղախով, հատակն ու տանիքը փտած են, առաստաղից  հողը թափվում է ներքեւ,  պատուհանները միափեղկ են, դռները՝ կիսաջարդ, կահույքը՝ շատ հին: Դպրոցը երբեմն ենթարկվել է կոսմետիկ վերանորոգման, սակայն դա չի կարող փոխել այն տխուր պատկերը, որի մեջ են ամեն օր Կուտականի աշակերտներն ու մանկավարժները:
Կուտականի 2000 հեկտար վարելահողը, 3000 հեկտար խոտհարքը եւ արոտավայրերը գյուղատնտեսության զարգացման համար շատ նպաստավոր են, սակայն բազում են նաեւ այդ զարգացմանը խանգարող հանգամանքները: 
Թեեւ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ երեք տարի առաջ հիմնանորոգվեց Մեծ Մասրիկ-Տրետուք-Կուտական ավտոճանապարհը, որը հսկայական տնտեսական նշանակություն ձեռք բերեց Կուտականի եւ Տրետուքի համար, այդուհանդերձ, մարդիկ գերադասում են հեռանալ, ավելի հեշտ, ապահով ու բարեկեցիկ կյանք  փնտրել դրսերում: Ռաֆայել Ավետիսյանը հավելեց, որ շատ ընտանիքներ, օգտվելով փախստականի իրենց կարգավիճակից, վերջին տարիներին ապաստան են գտել եվրոպական մի շարք զարգացած երկրներում, այն դեպքում, երբ մեր հայրենիքին այնքան պետք են աշխատող ձեռքերը:
-Հողն այստեղ շատ բերրի է, ցանկության դեպքում կարելի է ստանալ բանջարաբոստանային կուլտուրաներից գրեթե բոլոր տեսակները: Հողագործությունը սիրում եմ, մշակում այն ամենը, ինչ-որ աճում է Կուտականի կլիմայական պայմաններում, զբաղվում եմ նաեւ անասնապահությամբ, խնամում եմ 11 գլուխ խոշոր եւ 40 գլուխ մանր եղջերավոր անասուն, որ կարողանամ ապահովել ընտանիքիս բարեկեցությունը,- ասում է անընդմեջ մտավոր եւ ֆիզիկական աշխատանքներում ծանրաբեռնված դպրոցի տնօրենը:
Եվ եթե այսօր դեռ ամուր ոտքերի վրա է մնում Կուտականը, ապա դա միայն լինում է Ռաֆայելի եւ նրա նմանների ջանքերով:
Կուտականի դպրոցի տնօրեն Ռաֆայել Ավետիսյանը
-Գյուղում քիչ չեն հողի ու բնության հետ կռիվ տվողները,- շարունակում է Ռաֆայելը,- բայց երբ խնդիրները չափից շատ են, արդեն կռիվ տալն էլ դժվար է դառնում. ցանք իրականացնելու համար սերմացուն դիզվառելիքը, պարարտանյութը մատչելի չեն գյուղացուն, իսկ ստացած բերքը՝  հացահատիկ, կարտոֆիլ, շատ էժան են` նույնիսկ ցանքի ծախսերը չեն հանում: 
Մեր ժողովրդի ձեռք բերած խաղաղության պահպանման, երկրի զարգացման ու առաջընթացի համար առաջին հերթին արժե սահմանամերձ գյուղերը զարգացնել, որպեսզի Կուտականին եւ նրա նման մի շարք գյուղերին չսպառնան դատարկվածությունն  ու լքվածությունը: 
Պատմական տեղեկությունների համաձայն`  Կուտականը հնում եղել է հայաբնակ, որի իրեղեն ապացույցը հայկական խաչքարերն են: Այն 1988 թվականին վերաբնակեցվել է Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթի ենթարկված հայերով: Գյուղը  Ադրբեջանի հետ ունի 17 կիլոմետր երկարությամբ սահման:
Այս դժվար ու անբարվոք կենցաղում, սակայն, դեռ ապրում են մարդիկ, ովքեր շարունակում են մտահոգվել իրենց գյուղի հոգսերով ու խնդիրներով, ովքեր շարունակում են արարել, կռիվ տալ դժվարությունների հետ ու նաեւ բազմանդամ ընտանիք ստեղծել: 
Այդպիսի նվիրյալներից է միջնակարգ դպրոցի տնօրեն Ռաֆայել Ավետիսյանը, ով  շարունակում է սրտացավ աշխատել բոլոր ճակատներում` կրթությունից ու դաստիարակությունից մինչեւ հողագործություն ու անասնապահություն, մինչեւ որ հայրենի պետության հայտարարած ՙՏարածքային համաչափ զարգացման հայեցակարգ-ծրագիրը՚ ողջ ծավալով մտնի Կուտական ու այստեղից ջնջի աղքատության, հոգսերի եւ դժվարությունների հետքերը, նոր կյանք, շունչ ու թափ հաղորդի Հայոց բանակի անմիջական թիկունքում գտնվող ռազմավարական նշանակության այս ու մյուս բնակավայրերին:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More