ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 13 апреля 2012 г.

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՈՎ ՄԱՐԶԻ ՎԻՃԱԿԸ ԿԲԱՐՎՈՔՎԻ 40 ՏՈԿՈՍՈՎ


 ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի որոշմամբ հաստատվել է Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2012-2015 թվականների ծրագիրը:
ՙԳեղարքունիքի մարզի առանձնահատկությունները, տնտեսական միջավայրի եւ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում առկա իրողությունների համակողմանի վերլուծությունները հստակ ուրվագծված եւ ներկայացված են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի ռազմավարական ուղղություններում, որոնք կխթանեն մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությանը, մարզի համայնքների շարունակական եւ համաչափ զարգացման ու ազգաբնակչության պայմանների բարելավմանը՚,- նախաբանով է սկսվում մարզի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրը:
Մարզի զարգացման քառամյա ծրագրի շուրջ ՙԳեղամա աշխարհին՚ պարզաբանումներ տվեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, ծրագրի համակարգող Արտուշ Ղուկասյանը:
Ծրագիրը կազմվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ: Ծրագրի նախագիծը համաձայնեցվել է բոլոր նախարարությունների հետ:
Ծրագրի գերակա ուղղություններն են գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքների ու փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը եւ տուրիզմը:
 Գեղարքունիքի մարզի զարգացման քառամյա ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 91 միլիարդ 946 միլիոն դրամ: Ծրագրի հիմնական աղբյուրն է հանդիսանում ՀՀ պետբյուջեն: 
Ըստ ՄԶԾ ֆինանսավորման՝ նախատեսվում է այս տարվա համար հատկացնել 22 միլիարդ 879 միլիոն դրամ, 2013 թվականին՝ 23 միլիարդ 84 հազար դրամ, 2014 թվականին՝ 23 միլիարդ 192 միլիոն դրամ, 2015 թվականին՝ 22 միլիարդ 790 միլիոն դրամ:
Մարզի զարգացման ռազմավարական ծրագրի գլխավոր անելիքներից է հանդիսանում մարզային ենթակառուցվածքների զարգացումը: Մարզային ենթակառուցվածքների զարգացումը ներառում է ջրամատակակարումը եւ ջրահեռացումը, կոյուղագծերի բարելավումը, գազամատակարարումը, էլեկտրաէներգիայի մշտականոն ապահովումը, համայնքային ճանապարհների բարեկարգումը, հիդրոէներգետիկայի զարգացումը եւ այլն:
Քառամյա ծրագրի ֆինանսական հատկացման ամենամեծ բաժինը կտրամադրվի ենթակառուցվածքների զարգացման ոլորտին՝ կազմելով 46 միլիարդ դրամ, որը կազմում է ՄԶԾ ամբողջ բյուջեի շուրջ 42 տոկոսը: Ենթակառուցվածքների զարգացման շրջանակներում նախատեսվում են ստեղծել համայնքային կենտրոններ, որոնց օգնությամբ կլուծվեն համայնքային խնդիրների շուրջ 40 տոկոսը, կբարելավվի համայնքների վիճակը:
Մասնավոր հատվածի եւ ՓՄՁ ոլորտում չորս տարվա ընթացքում կներդրվի 380 միլիոն դրամ, գյուղատնտեսության ոլորտում՝ 3 միլիարդ դրամ, բնապահպանության ոլորտում՝ 794 միլիոն դրամ, կրթության ոլորտում՝ 26 միլիոն 801 հազար դրամ, մշակույթի եւ կրոնի ոլորտում՝ 273 միլիոն դրամ, առողջապահության ոլորտում՝ 11 միլիոն 900 հազար դրամ, սոցիալական ապահովության ոլորտում՝ 260 միլիոն դրամ: Տարածքային կառավարման, ՏԻՄ եւ  քաղաքացիական ծառայության գործունեության եւ զարգացման համար կներդրվի 42 միլիոն դրամ /համայնքային ֆոնդային բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումները կկազմեն 1 միլիարդ 948 հազար դրամ/:
Ճանապարհաշինության ոլորտում ներդրումները կկազմեն  25 միլիարդ դրամ: Նախատեսվում է 2012 թվականին հիմնանորոգել Կարմիրգյուղ-Արծվաքար-Նորատուս համայնքային 9.2 կմ երկարության ճանապարհը,  կհիմնանորոգվի Վերին Գետաշեն-Մադինա 10.2 կմ երկարության ճանապարհը, Սեւան-Վարսեր 3.3 կմ ճանապարհահատվածը, հիմնանորոգումներ կլինեն նաեւ միջհամայնքային բազմաթիվ այլ ճանապարհներին:
Գյուղատնտեսության ոլորտի հիմնական ռազմավարական ուղղությունները կլինեն մարզի հողային եւ մարդկային ռեսուրսների հետեւողական եւ արդյունավետ օգտագործումը, կընդարձակվեն ոռոգելի ցանքատարածքները, անմշակ ցանքատարածքները կմշակվեն, կիրականացվի սերմաթարմացում, ինչպես նաեւ կներմուծվի նոր տոհմային անասնագլխաքանակ: Մարզի 5 տարածքներում կտեղակայվեն հակակարկտային կայաններ:
Քառամյա ծրագրի ռազմավարական նշանակության անելիքներից մեկն էլ տուրիզմի զարգացման ծրագրերն են: Գեղարքունիքի մարզը տուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ ունի, որին սակայն խանգարել է մի շարք կենսական նշանակության պայմանների բացակայությունը: ՄԶԾ ներդրումներով զարկ կտրվի գյուղական տուրիզմին, կմշակվեն նաեւ տուրիստական երթուղիները: Մարտունիում, Վարդենիսում եւ Սեւանում արդեն գործում են տուրիստական գրասենյակներ: Կապահովվի նաեւ ինֆորմացիոն հոսքը, որը կարվի ուղեցույցների, բուկլետների միջոցով: Տուրիզմի զարգացմանն իր մեծ նպաստը կբերի նաեւ ենթակառուցվածքների զարգացումը:
Տուրիզմի զարգացման համար նախատեսված ներդրումների չափը կազմում է շուրջ 20.5 միլիոն դրամ: 
Մարզի զարգացման քառամյա ծրագիրը կօգնի բարելավել մարզում սոցիալ-տնտեսական վիճակը, կբացվեն հիմնական եւ ժամանակավոր աշխատատեղեր ծրագրում ներառված բոլոր ուղղություններում:
Մարզի զարգացմանը միտված խնդիրների լուծումը բարդ համակարգ է, շղթայական ծրագիր: Քառամյա ծրագրի ավարտին մի շարք խնդիրներ կլուծվեն, սակայն կծնվեն նոր խնդիրներ: Ուստի եւ երկարատեւ եւ հետեւողական զարգացման ծրագրերը հնարավորության սահմաններում պետք է փորձեն նվազագույնի հասցնել ծառացած խնդիրները:
Այժմ արդեն նախագծվում է 2012 թվականի Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքային պլանը եւ միջոցառումների ծրագիրը:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More