ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 10 ноября 2016 г.

«ՈՒՏԵԼ ԱՅՍՕՐ, ՄԱՀԱՆԱԼ ՎԱ՞ՂԸ», ԹԵ՞ ՄՆԱԼ ՍՈՎԱԾ

 «Ի՞նչ եփել այսօր», հարցից առավել արդիական է դարձել «Ինչ ուտել այսօր» հարցադրումը:
Ուտել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ հանդիսացող միջատի, բակտերիայի գենով կարտոֆի՞լ, ձկան գենով լոլի՞կ, հորմոններով աճեցված ձուկ կամ մի՞ս, նույն հորմոններով սնված հավ կամ հավի ձու՞, սննդային հավելանյութերով հարուստ երշիկեղե՞ն, թե՞ մնալ սոված:
Պարենային անվտանգության տնտեսական ու ֆիզիկական մատչելիություն
Այս հարցը շարունակ մտահոգում է բոլորին՝ մարդկանց, ովքեր ֆինանսապես կայուն են և փորձում են հետևել սննդի ընդունման տեսակին, ձևին ու քանակին, եւ մարդկանց, ովքեր գտնվում են ծայրաստիճան աղքատության մեջ ու մտածում են՝ ինչ ուտեն, որ ապրեն:
Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման մասին օրենքի կետերից  մեկն է ապահովել  բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական
նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունըինչպես նաև նախադրյալներ ստեղծել՝ դիմակայելու սննդամթերքիներքին և արտաքին շուկայի անբարենպաստ փոփոխություններին ու հնարավոր արտակարգ իրավիճակների բացասական հետևանքներին:
Անապահով ընտանիքները՝ ռիսկի խումբ

ՀՀ բնակչության սնուցման վիճակի ուսումնասիրության հաշվետվության մեջ http://foodsecuritysc.com/wp-content/uploads/2016/06/Nutrition-report-FINAL_arm.pdf այն հարցին, թե արդյո՞ք անցած 12 ամիսների ընթացքում եղել են ամիսներ, երբ սնունդը չի բավարարել ընտանիքին, հարցվողների 46.4%-ն «այո» են պատասխանել, իսկ 53.6%- ը՝ «ոչ»,Գեղարքունիքի մարզում հարցվողների 76.60% -ը պատասխանել է «այո», իսկ 23.40%-ը՝ «ոչ»:Սոցիալապես անապահով ընտանիքի մայրիկին ուղղված իմ այն հարցին՝ «Արդյոք տեղեկացված եք, որ ԳՄՕ-ները կամ սննդային հավելանութերը վտանգավոր են առողջության համար»,- մայրիկը պատասխանում է,-«Ինչքան էլ որ ես տեղեկացված եմ, միևնույնն է, ես նախապատվությունը տալիս եմ ավելի էժան սննդին: Չունենալով ապրուստի բավարար միջոցներ՝ ես ստիպված գնում եմ ավելի մատչելի սնունդ՝ երկրորդ պլան մղելով նրա վտանգավորությունը, քանի որ, եթե ես այսօր ընտրեմ առողջարար սնունդ, որն ավելի թանկ արժե, վաղը երեխաներս սոված կմնան: Գիտեմ նաև, որ լիարժեք սնունդը պետք է բազմազան լինի, բայց քանի որ մշակում ենք կարտոֆիլ, հիմնական սնունդը դառնում է կարտոֆիլը»,- նշում է Գայանեն: «Հիշում եմ, երբ հայրս պահակ էր աշխատում, մայրս նրա հետ ընդմիջման համար սնունդ էր դնում, հայրս կատակում էր՝ ասելով մորս. «Մի օր կտեսնես՝ իմ շորերով կարտոֆիլ է տուն հետ գալիս»,- ասում է Գայանեն և ավելացնում, որ իրենց ընտանիքում դեռ փոքրուց չեն հետևել առողջ սնման կանոններին:

Տեղեկատվության պակաս

Մի բան են հայեցակարգում նշված կետերը, մեկ այլ բան՝ հայեցակարգի կետերի պահպանումը արտադրողների կողմից, մեկ այլ՝ վաճառվող սննդի որակն ու վտանգները: Խոսելով պարենային անվտանգության մասին՝ պետք է անդրադառնալ նաև մարդկանց տեղեկատվության և կրթական մակարդակին, այսինքն հայեցակարգում նշված կետերը որքանով են պահպանվում արտադրողի կողմից, և արդյո՞ք սնման վտանգների մասին տեղյակ է հասարակ սպառողը: «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում նշված են գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների, ինչպես նաև սննդային հավելանյութերի մասին: Քաղաքացին, անկախ բարձրագույն կրթությունից, ունեցած հնարավորություններից, որտեղի՞ց պետք է տեղեկանա օգտակար ու վնասակար սննդամթերքների մասին. ՀՀ սպառողի համար չկա տեղեկատվություն, օրինակ՝ ո՞ր բուսատեսակն է պարունակում ԳՄՕ կամ ո՞ր սննդատեսակը սննդային հավելանյութ, և վերջինս ինչքանով է վտանգավոր, իսկ եթե բացակայում են համապատասխան մակնշումները կամ գուցե առկա են, պարզ չէ, թե օրինակ E տառով և համապատսխան թվերով մակնշումը ինչի՞ համար է վնասակար կամ միգուցե «պիտանի»:Վերջերս հանդիպում ենք առանց ԳՄՕ-ի մակնշմանը,արդյո՞ք սպառողը գիտի, թե ինչ է ԳՄՕ-ն: «ԳՄՕ պարունակող արտադրանքները իրենց տեսքով և համային հատկանիշներով էականորեն չեն տարբերվում նորմալներից, բայց տեսակին ոչ բնորոշ գեների առկայությունն արդեն իսկ ինձ համար վատ ցուցանիշ է, որպեսզի ես խուսափեմ ԳՄՕ պարունակող մթերքներ գնելուց: Պետք է նշել, որ երբեմն արտադրողները պիտակների վրա չեն կատարում համապատասխան նշագրումներ: Օրինակ, ես ընդհանրապես չեմ գնում չիպսեր կամ սոյայի յուղով պատրաստված մթերքներ: Հարցի լուծման առաջնային գրավականներից մեկը բնակչության իրազեկելն է»,-նշում է կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մարգարյանը:
Սննդի պիտանելիությունն ու կալորիականությունը

Յուրաքանչյուր մարդուն օրական անհրաժեշտ է երկու հազար չորս հարյուր կկալ էներգիա, իսկ այդ կալորիաները նորմալ սնման դեպքում պետք է գոյանան տարբեր սննդամթերքներից:Արդյո՞ք քաղաքացու սնունդը բազմազան է, հարուստ վիտամիններով, ածխաջրերով և ճարպերով, եթե սնուցումը նորմալ է, օգտագործվող սնունդը՝ օգտակար, ապա ինչի՞ հետևանքով են Հայաստանում շատանում թերաճ և գերքաշ ունեցող երեխաները, յուրաքանաչյուր հինգերորդ զույգն անպտուղ է, բազմաթիվ հիվանդություններ երիտասարդացել են: Ինչպես ասում են սննդաբանները՝ «դու այն ես, ինչ ուտում ես» արտահայտությունն այս դեպքում վկայում է ընդունած անորակ սննդի մասին: Որպես պաշտպանական միջոց՝ սպառողները ընտրում են այն սննդատեսակները, որոնք ունեն պահպանման կարճ ժամկետ,բայց արդյո՞ք կարճ ժամկետը սննդի անվտանգության երաշխիք է: 
Անվերահսկելի շուկա

Աշնան վերջին, երբ տեղական բուսատեսակներն ու մրգերը սպառվում են, բանջարեղենի խանութներում ցուցափեղկերին կարծես չի նշմարվում եղանակի փոփոխությունն ու ձմռան ներկայությունը. ինչպես կային մրգերն ու բանջարեղենը, այդպես էլ պահպանվում են: Ի՞նչ քիմիական նյութերով կամ եղանակներով են պահպանվում մրգերը՝ սպառողին հայտնի չէ: Եթե առանց որևէ քիմիական նյութի՝ ինչու՞ բանջարեղենը նույն տեսքով չի պահպանվում մեր տներում:Շատ հաճախ, երբ գարնանը գնում ենք մեզ անհրաժեշտ միրգը, չենք հետաքրքրվում, թե ինչպես է, օրինակ, խնձորը մայիս ամսին պահպանում իր արտաքին թարմ տեսքը:Եվ միգուցե միայն արտաքի՞ն տեսքն է, իսկ օգտակար նյութեր քի՞չ կան: Կամ, օրինակ, ինչպես է ստացվում, որ տեղական միրգը, օրինակ՝ խնձորը, շատ մատչելի է, իսկ ներկրված խնձորը, որը մի քիչ ավելի մեծ է մի փոքր էլ՝ փայլուն, չնայած որ մինչև Հայաստան հասնելը երկար ճանապարհ է անցել, և տեսքը պիտի որ այդքան էլ լավը չլիներ, անհայտ պատճառներով թարմ թվացող խնձորը՝ չգիտես օգու՞տ, թե վնաս տվող միրգը, տեղական խնձորից մի քանի անգամ ավելի թանկ է:

Պիտանելիության ժամկետի խնդիրը

 Այսօր շուկայում հանդիպում ենք սննդամթերքի, որի պիտանելիության ժամկետը, կախված օգտագործված սննդային հավելանյութերի քանակից, տարբեր է. ո՞վ է վերահսկում պիտանելիության ժամկետից դուրս մնացած ապրանքի հետագա ճակատագիրը, և արդյո՞ք պիտանելիության ժամկետը լրացած ապրանքը չի փաթեթավորվում և կրկին վերադառնում շուկա՝ դժվար է ապացուցել:Տեղական արտադրության խնդիրներՏեղական հումքը շատ դժվար է իրացվում, օրինակ՝ էկոլոգիապես մաքուր կաթը ավելի էժան է, քան ջուրը, իսկ կաթն ավելի մատչելի է, քանի որ Հայաստան ներկրվում է կաթի փոշի, ինչն էլ փոխարինում է էկոլոգիապես մաքուր կաթին, և այդ համատեքստում գյուղացուն ձեռնատու չէ կաթի արտադրությունը:Շարունակ էժանացող կաթին հակառակ՝ շուկայում թանկանում է կաթնամթերքը. կա՞ արդյոք մակնշված պանիր կամ այլ կաթնամթերք,որտեղ նշված լինի կաթի փոշու առկայությունը. հարց է առաջանում՝ որտե՞ղ է անհետանում ներկրված կաթի փոշին, ինչու՞ է շուկայում թանկ կաթնամթերքը:Իսկ եթե տեղական արտադրանք է կամ էկոլոգիապես մաքուր սնունդ, այն չիրացվելու դեպքում շուտ կորցնում է իր տեսքն ու համը և վնասում արտադրողին, քանի որ առանց հավելանյութերի սննդամթերքը երկար կյանք չունի:

Սնուցման մարտահրավերները

«Սննդամթերքի պահպանման ժամկետի երկարացման, արտաքին տեսքի, համային հատկությունների բարելավման, որակի պահպանման և արտադրման ժամանակահատվածի կրճատման նպատակով սննդի մեջ ավելացվում են հավելանյութեր, որոնք ի սկզբանե հանդիսանում են էմուլգատորներ, կոնսերվանտներ, անուշաբույր նյութեր, ներկանյութեր։ Յուրաքանչյուր հավելանյութ ունի E տառով մակնշում։ Տվյալ հավելանյութերը ազդում են մարդու օրգանիզմի վրա և առաջացնում առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով որոշ երկրներում չի թույլատրվում օգտագործել մի շարք հավելանյութեր, իսկ մանկական սննդում դրանք ընդհանրապես արգելված են։ Անհրաժեշտ է կրճատել սննդային հավելանյութերով սննդամթերքի օգտագործումը, ուշադիր ուսումնասիրել պիտակը, որի վրա նշված կլինի E տառով մակնշումը»,-նշում է տեխնիկական գիտությունների թեկնածու Արտաշես Թադևոսյանը։

Սպառողին մնում է միայն աղոթել, որ արտադրողները դառնան «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց որովհետեւ այս է օրենքը եւ մարգարեները» /ՄՏԹ. 7:12/ աստվածաշնչյան տողերի հետևորդները ու հանուն սպառման ծավալի մեծացման քիչ թունավորեն հասարակությանը՝ հիշելով, որ «առողջությունն ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ ոչինչ է, երբ չկա առողջություն» արտահայտությունը:

Նոնա Մուրադյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More