ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 29 декабря 2011 г.

ԱՄԱՆՈՐԸ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ


 Բոլոր ընտանիքների պես Գավառի մանկատան մեծ ընտանիքում էլ ամանորը գալիս է ջերմությամբ ու ակնկալներով, նվերներով: Մանկատանը ապրում է 63 երեխա, 3-18 տարեկան, նրանցից 25 աղջիկ է եւ 28 –ը`տղա: Նախորդ տարիների պես այս տարի էլ մշակվել էր միջոցառումների ցանկ, սաների նախասիրությամբ կազմվել ամանորի գիշերվա ճաշացանկը: 
 Տոնական տրամադրությունն ու պատրաստություններն այստեղ սկսել էին դեռ դեկտեմբերի կեսերից: Շքամուտքում տեղադրված տոնածառը, որը ձգվում է հատակից մինչեւ առաստաղ, սաների երեւակայությամբ եւ ձեռքի աշխատանքներով զարդարված պատերը հուշում են, որ այստեղ ամանորն ամենասպասված տոներից մեկն է:
 Տոնական միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի վերջին տասնօրյակում Գավառի մանկատուն այցելեցին ՙԳրանդ Քենդի՚ ընկերության ներկայացուցիչները`  կազմակերպության խորհրդանիշ փղիկի հետ: Երեխաների համար կազմակերպեց երգ ու պար, եւ վարդագույն փղիկը սաներին քաղցրավենիք նվիրեց: 
 Դեկտեմբերի 25-ին մանկական ֆիլհարմոնիկ թատրոնի համույթը հյուրընկալվեց մանկատանը:
 Դեկտեմբերի 26-ին մանկատանը կազմակերպվեց գեղեցիկ Ամանորյա տոնակատարություն, որտեղ երաժշտական, պարային ու թատերական համարներով հանդես եկան մանկատան սաները: Նրանց ողջունեցին եւ նվերներ հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: 
 Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի ֆինանսավորմամբ կազմակերպվեց եւ իրականացվեց մանկատան սաների մասնակցությունը ՙՀայֆիլհարմոնայի՚ դահլիճում կազմակերպված ներկայացմանը: Ծրագրի շրջանակներում Ա. Պետրոսյանը մանկատանը տրամադրեց 70 անվճար տոմս, ինչպես նաեւ հոգաց  նրանց փոխադրումը մայրաքաղաք: 
Ինչպես տեղեցացրեց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը` մանկատան բարերարների թվին է ավելացել նաեւ Աբովյան քաղաքի բնակիչ Բալաբեկ Քոչարյանը: Նա նախապես վերցնելով  սաների ոտքերի եւ հագուստների չափսերը,  պատրաստել է հագուստ եւ կոշիկ բոլոր  երեխաների համար: 
 Ամերիկահայ բարերար Աննա Բեդրոսյանը, ով մանկատան բարեկամն է ու մշտական բարերարը,  Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մանկատան սաների համար ԱՄՆ-ից ուղարկեց նվեր-ծանրոցներ: 
   Դեկտեմբերի 31-ի երեկոյան, ժամը 21-ից արդեն մանկատանը սկսվում է տոնական սեղանի պատրաստությունը: Ամանորի գիշերվա արարողությանը մասնակցում են բոլոր սաները` մանկատան դաստիարակների եւ աշխատակիցների հետ միասին:  Համատեղ մի սեղանի շուրջ են դիմավորում Նոր տարվա մեկնարկը, այնուհետեւ մանկատան բակում կազմակերպվում է հրավառություն բոլորի համար: Հետո երգ ու պար, հումոր ու քրքիջ, եւ մանկատան պատերից կրկին հառնում են մանկության թեւերը` դառնալով երազանք ու պայքար:
 Հունվարի մեկի առավոտյան երեխաները ստանում են իրենց նվեր-տոպրակները: Ավանդույթի համաձայն` տոպրակները պարունակում են ավանդական նարինջ, աղանդեր ու քաղցրավենիք: Տոնական օրերին սեղանները ճոխ են լինում` կաղամբով եւ տերեւով տոլմա, խմորեղեն, միրգ, հյութեր եւ աղանդեր: Հունվարյան օրերին ավելանում են նաեւ հովանավորներն ու հյուրերը: 
Տոնական օրերն ավելի հագեցած ու հետաքրքիր կազմակերպելու եւ անցկացնելու համար սաներին նախապես տրվել է հանձնարարություն. յուրաքանչյուր խումբ իր ուժերով ու կարողույթուններով նախապես պիտի պատրաստի հաշվետու միջոցառում, ուր պիտի դրսեւորի ձեռքբերած գիտելիքները, կարողությունները: Օրական պիտի հանդես գան խմբերը` համեմելով օրը գիտելիքների արտահայտմամբ, երգ ու պարով:   
Մանկատան սաներից 15-ը այս տարի իրենց ամանորը նշեցին իրենց ծնողների հետ, տներում:
 Մանկատանը աշխատակազմի ջանքերով ու հոգատարությամբ արվում է ամեն ինչ՝ սաների օրերը պայծառ ու անհոգ դարձնելու համար: Բոլոր նոր տարվա երազանքների պես, այս տարի էլ մանուկները երազում են ընտանիքի ու ծնողների, ընտանեկան ջերմության մասին, մնում է հուսալ, որ անընտանիք երեխաների թիվը գալիք տարում կնվազի, եւ մանկատան աշխատակիցներին ցանկալ համբերություն եւ առողջություն, որ շարունակեն իրենց սիրով ու ջերմությամբ պարուրել մանկատան սաներին:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More