ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 29 декабря 2011 г.

ԼՃԱՇԵՆ. ՀԻՆ ՓԱՌՔԻ ՆՈՐ ԲՌՆԿՈՒՄԸ


 Լճաշենի գյուղապետարանում ամփոփում են 2011 թվականի գլխավոր ձեռքբերումները, որոնց շնորհիվ համայնքում որոշակի առաջխաղացում է նկատվել բնակչության սպասարկման, ենթակառուցվածքների զարգացման, համայնքային ծառայությունների մատուցման եւ մի շարք այլ 
ոլորտներում: Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը ՙԳեղամա աշխարհին՚ մանրամասնում է գյուղապետարանի եւ համայնքի ավագանու կատարած մեկ տարվա աշխատանքները:  Առանձնակի ուշադրություն է դարձվել ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման վրա: Ներդրված 5 միլիոն դրամի հաշվին 2 կմ երկարությամբ փոսալցման աշխատանքներ են կատարվել Լճաշենի գլխավոր փողոցներում: 2 միլիոն դրամի ներդրմամբ փողոցային լուսավորվածության ցանցը ավելացել է 1.5 կմ-ով: Խճապատմամբ հարթեցվել են ներհամայնքային ճանապարհները մոտ 5 կմ երկարությամբ: Առանձնակի ուշադրություն է դարձվել խմելու եւ ոռոգման ջրամատակարարման ուղղությամբ: Գյուղապետարանի միջոցներով կառուցվել է 400 մետր խմելու ջրատար, ինչի արդյունքում խմելու ջրով ապահովվել է մեկ թաղամաս: Կառուցվել է ոռոգման ջրագիծ, որը 20 տնտեսություների հնարավորություն է տվել օգտվելու ոռոգման համակարգից: Այս ծրագրի վրա ծախսվել է 709 հազար դրամ: Հավելենք, որ Լճաշենում ոռոգման ջուրը բնակչությանը մատակարարվում է բացառապես անվճար, չնայած այն մղվում է 3 խորքային հորերից` ոռոգելով 150 հա տնամերձ, նույնքան էլ վարելահող: Մղվող ջրի եւ էլեկտրոաէներգիայի ծախսերը հոգում է համայնքապետարանը: Լճաշենցիները անվճար օգտվում են նաեւ արարողությունների սրահից ու նրա կողմից մատուցվող ծառայություններից: Բացի այդ, գյուղապետարանը տեղական բյուջեում շարունակել է շեշտը դնել սոցիալական ուղղվածության վրա` թաղման ծախսերի համար յուրաքանչյուր ընտանիքին հատկացնել 50 հազար դրամ, ծնունդների համար` 30 հազար դրամ: 2011 թվականի դեկտեմբերի դրությամբ տեղական բյուջեից թաղման արարողությունների նպատակով հատկացվել է 1.5 միլիոն, ծնունդները խրախուսելու նպատակով` 1 միլիոն 300 հազար դրամ: Գյուղի սոցիալապես անապահով խավին, որպես ուսման վարձ, բուժման ծախս կամ ամենատարբեր տեսակի օժանդակություններ` հատկացվել է 4 միլիոն 550 հազար դրամ: Լճաշենի դպրոցին հատկացված օժանդակությունը կազմում է 700 հազար, բուժամբուլատորիային հատկացված օժանդակությունը` 100 հազար դրամ: Թափառող շների ոչնչացման համար հատկացվել է 241 հազար դրամ: Միջոցառումն իրականացվել է մարտ ամսին, սակայն, նկատի ունենալով, որ թափառող շները բազմացել ու անհանգստացնում են բնակչությանը նաեւ ձմռան սկզբին, գյուղապետարանը որոշել է մինչեւ տարեվերջ իրականացնել նմանատիպ երկրորդ միջոցառումը: Համայնքի մաքրման, կանաչապատման եւ ծառապատման համար հատկացվել է 570 հազար դրամ: Ձեռք է բերվել 28 աղբարկղ, որոնցում կուտակված աղբը տեղափոխվել է ժամանակին: Պահվել է հաստիքային մեկ աշխատող, ով մշտապես հետեւել է փողոցների մաքրության եւ բարեկարգման աշխատանքներին: Թերեւս այս հանգամանքն է առիթ տվել ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովին` լավագույն ՙԿանաչապատ համայնք՚ անվանակարգում հաղթանակը Լճաշենին շնորհելու համար: 
 Շուրջտարյա գործել է մանկապարտեզը, որի համար տարեկան հատկացվել է հինգ միլիոն դրամ: Սպորտային միջոցառումներին հատկացվել է 502 հազար, մշակութային միջոցառումներին եւ պետական տոներին, որոնք նշվել են հանդիսավորապես` 800 հազար դրամ: 
 Գյուղապետարանի կողմից տրվել է 8 ճարտարապետահատակագծային առաջադրանք, որից 5-ը` անհատական բնակարաններ կառուցելու, 3-ը` համայնքային նշանակության օբյեկտներ: Արդեն պատվիրվել է Լճաշենի եկեղեցու, զբոսայգու կառուցման եւ մշակույթի տան հիմնանորոգման նախագծերը: Ավարտվել է Լճաշենի փողոցների անվանակոչության եւ բնակարանների համարակալման աշխատանքները: Ավարտական փուլում է Լճաշենի զարգացման հատակագծի նախագծումը, որի համար տեղական բյուջեից ծախսվել է 7.6 միլիոն դրամ: 
 Կատարած հանրօգուտ աշխատանքներում համայնքի ղեկավարը, օգտվելով առիթից իր երախտագիտությունն է հայտնում լճաշենցի բարերարներ Արմեն Տեր-Գրիգորյանին, Աշոտ Ավետիսյանին, Վանիկ Սարգսյանին, Վահան Մելիքյանին եւ մյուսներին, ովքեր անշահախնդրորեն ու տարիներ շարունակ համայնքապետարանին աջակցում են ամենատարբեր ձեռնարկններում:
Դեկտեմբերի երկրորդ կեսից սկսած` մի առանձնակի շուք է հագել գիշերային Լճաշենը: Գյուղապետի եւ գյուղապետարանի մտահղացմամբ ու ջանքերով, ավելի քան երկու ամիս է, ինչ մեկ մարդու նման համայնքապետարանի աշխատակազմը ձեռնամուխ է եղել Լճաշենի ամանորյա տոնակատարության նախապատրաստմանը` ստեղծելով լուսային անհամար ու վառվռուն երանգներ Լճաշենի ամբողջ լայնքով ու երկայնքով մեկ: Գյուղի կենտրոնում տեղադրվել է գլխավոր տոնածառը, որի շուրջ լճաշենցիները հավաքվեցին ու տարեմուտը նշեցին դեկտեմբերի 31-ին: Տարեմուտի երեկոն հանդիսավորապես կնշվի  դպրոցում ու մանկապարտեզում, ապա այն կտեղափոխվի սոցիալապես անապահով կամ տարեց թոշակառու ունեցող ընտանիքներ, որտեղ ձմեռ պապի դերում հանդես կգա Կորյուն Մարգարյանը: 
 Այս ձեռքբերումների կողքին գյուղապետ Կորյուն Մարգարյանը երջանկանալու եւս մեկ առիթ ունեցավ. դեկտեմբերի 15-ին լրացավ նրա ծննդյան 50 ամյակը: Նա իրեն իրապես երջանիկ մարդ է համարում, քանի որ երջանիկ ու հարուստ է իր երեք զավակներով, պատվով իրենց կյանքն ապրած լուսահոգի ծնողներով եւ հին օրերի փառքը նոր հաջողություններով նշանավորող Լճաշենով ու լճաշենցիներով: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More