ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 27 января 2012 г.

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ



Ամեն մի թանգարան, անկախ նրա կառուցվածքից /պրոֆիլից/ բնական նյու­թե­րի և մարդու կերտած արժեքների գիտականորեն համակարգված հավաքածու է, որն ունի գիտական, գիտատեսական և ճանաչողական բացառիկ նշանակություն:

Գավառի պետական համալսարանում շուտով կբացվի բազմակա­ռուց­ված­քային /բազմապրոֆիլ/ թանգարան` մի քանի բաժիններով` հնագիտական, պատմա­կան, ազգագրական, ռազմա-հայրենասիրական:   
Թանգարանը խնդիր ունի նաև առարկայական ձևով ցուցադրելու համալ­սա­րանի հիմնադրման օրվանից, նրա ոչ դյուրին պատմությունը, նրա հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի գործադրած ջանքերը, յուրաքանչյուր շրջադարձային փուլերում ունեցած ձեռքբերումները և ընդհանրապես կրթության բնագավառում` հատկապես Գեղարքունիքի մարզում նրա կատարած անգնահատելի դերի և  ավանդի մասին:
Բոլոր նախադրյալները կան, որպեսզի նորաստեղծ թանգարանը` իր տեսակի ու դերի առումով Հանրապետության կրթական համակարգում դառնա եզակի և օրինակելի թանգարան:
Արդեն ձեռք են բերվել շուրջ մեկուկես հազարի հասնող հնագիտական, ազ­գագ­րական, դրամագիտական, արվեստագիտական  արժեքավոր նյութեր ու վավե­րագ­­րական փաստաթղթեր: Դրանք շուրջ հինգ տասնյակ տարիների ընթացքում` պե­ղումներով, նվիրատվությամբ, անձնական միջոցներով գնելով, ձեռք է բերել հա­մալ­սա­րանի դասախոս Վարշամ Ավետյանը և սիրահոժար, անվարձահատույց նվիրել հա­մալսարանին, որով էլ հիմնադրվում է թանգարանը:
Ավարտված են նախապատրաստական աշխատանքները: Համալսարանի ռեկ­տոր Ռուզաննա Հակոբյանի ջանքերով հատկացվել է թանգարանի պահանջներին հա­մապատասխան շենքային հարմարություն, ձեռք է բերվել այդ նպատակին ծա­ռա­յող անհրաժեշտ կահույք, օժանդակ միջոցներ, որով հնարավոր եղավ հավաքված նյու­թերի նախնական դասավորմանը:
Արդեն իսկ ցուցադրման են դասավորվել եզակի նմուշներ, որոնք իրենցից գիտական մեծ արժեք են ներկայացնում և կարող են պատիվ բերել ցանկացած կառուցվածքի ամենանշանավոր թանգարաններին անգամ:  Դրանց շարքին են դաս­վում շուրջ 40-50 միլիոն տարվա հնության ծովային խխունջների խեցիները, որոնք հայտնաբերվել են Եղեգնաձորի քարհանքերի ստորին շերտից և լավագույն վկա­յություն են անհիշելի ժամանակներում մեր հանրապետության տարածքում ծով լինելու իրողության:
Հավաքածուներում կան մաքուր ցորենի հինգ հազար տարվա հնության նմու­շներ, որոնք հայտնաբերվել են Լոռու մարզի Լորուտ և Արարատի մարզի Նոր Կյանք գյու­ղերի վաղ բրոնզեդարյան հուշարձաններից:
Բազմաթիվ առանձնատիպեր կան խեցեղեն արտադրանքի /կավակերտ­վածք­ների/ նմուշների մեջ, որոնք վերաբերում են հնագիտական տարբեր դարաշրջանների /մ.թ.ա. 3-1 հազարամյակներ/, նաև երկու տասնյակից ավելի մարդկային կմախքների և գանգերի մնացորդներ, որոնցով կարելի է  ուսումնասիրել Հայկական լեռնաշ­խար­հում ապրած մարդկանց մարդաբանական տիպերը:
Մեծ արժեք են ներկայացնում բրոնզե աշխատանքային գործիքների, զենքերի, զարդերի, ծիսական նպատակների համար պատրաստված կենդանակերպ և մար­դակ­երպ պատկերազարդերով բրոնզե գոտիները, ինչպես նաև հին մետա­ղա­դրամ­ները:
Որպես թանգարանային մասունքներ, թանգարանի ցուցանմուշների շարքը կհա­­­մալրեն Համշենահայերից ձեռք բերված կենցաղային իրերը:

Թանգարանի ստեղծումը չափազանց բարդ, դժվարին, տքնաջան աշխատանք պա­հանջող գործ է, սակայն պատվաբեր, քանզի թանգարանային նյութերը վաղ անց­յա­­լի խոսուն վկաներ են, հավերժ մնայուն և ժառանգություն ապագա սերունդներին: Դրանք ոչ միայն կնպաստեն տեսական գիտելիքների առարկայական ամրա­պնդ­մանը, հայրենասիրական ոգու բարձրացմանը, այլև կորստից կփրկվեն և հավերժ կպահ­­պանվեն  ժողովրդի անցյալ ժամանակներում ստեղծած և որպես թանկարժեք մա­սունք դարձած գանձերը:
Իհարկե, ինչպես բոլոր, այնպես էլ նոր բացվող այս թանգարանը, հարս­տաց­վե­լու է նորանոր նյութերով: Համոզված ենք որ կարճ ժամանակամիջոցում համալսա­րա­նի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ անձնակազմը, ուսանո­ղութ­յունը, նրանց ծնողներն ու մարզի բնակիչները , թանգարանային արժեք ներ­կա­յացնող նյութեր` հին իրեր, առարկաներ, նկարներ, աշխատանքային գործիքներ, զեն­քեր, ծիսական առարկաներ կնվիրաբերեն թանգարանին` համապատասխան ձևա­կեր­պում­ներով և շնորհակալագրերի արժանանալով:
Թանգարանի հիմնադիր` Վ.Վ. Ավետյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More