ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 7 сентября 2012 г.

ԲԵՐԱՆՆ ԱՐՆՈՏ ՄԱՐԴԱԿԵՐԸ ԷՆ ԱՆԲԱՆ


Հիմա աշխարհի հետ ավելի բարձրաձայն ու վճռական է խոսում հայ մեծանուն բանաստեղծ Սիամանթոն, ով ժամանակին թուրքերի հայակեր քաղաքականությունը հովանավորող կամ չտեսնելու տվող քրիստոնյա Եվրոպայի եւ մյուս մեծ տերությունների կեցվածքը բնորոշել է հավերժական ու հանճարեղ մի տողով՝ ՙՈ՛վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատիդ՚: Ուրիշ ի՞նչ ասես ժողովրդավարական արժեքներ դավանող Եվրոպական Միության ճամբարի երկիր համարվող Հունգարիայի կատարած ստոր, ոճրագործին պաշտպանող ու կալանքի կապանքներից ազատող ձեռնարկի մասին: Արդյո՞ք այդքան միամիտ էին Հունգարիայի ղեկավարները, որ կարծում էին, թե հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած Ռամիլ Սաֆարովն իր հայրենի Ադրբեջանում արգելափակված կմնա ցմահ եւ երբեւէ չի գտնվի ազատության մեջ: Ո՜չ, քանի որ Ադրբեջանի հանրությունը եւ ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հրապարակավ փառաբանել ու ազգային հերոսի աստիճանի են բարձրացրել ողորմելի մի տականքի, ով հասցրել է մարդ սպանել ընդամենը նրա քնած վիճակում, այլ ոչ թե մենամարտում կամ կռվի դաշտում: Եթե այդ ՙհերոսը՚ տղամարդ է, թող գոնե հեռվից, առանց երկյուղի ու առանց տակը թրջելու նայել կարողանա Արցախի եւ Հայաստանի պաշտպանության դիրքերին :
Արդյո՞ք այս հարցում մաքուր են հունգարական իշխանությունների ձեռքերը, եւ կատարած քայլը՝ անշահախնդիր: Ո՜չ, որովհետեւ նրանք Ադրբեջանի եւ Ռամիլ Սաֆարովի սիրուն աչքերի համար չէ, որ քուն չունեին, այլ՝ մութ տեղը լույս տվող աստղաբաշխական գումարների: Կրու՞մ է պատասխանատվություն Հունգարիան Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Այո՜, որովհետեւ Ռամիլ Սաֆարովի գործած ոճրագործությունը կատարվել է նրա տարածքում, նրա ստանձնած միջազգային պարտավորության շրջանակներում կազմակերպված ուսումնառության ընթացքում: Ուրեմն՝ կրկնակի մեղսագործ է Հունգարիան. մեկ, որ չի կարողացել ապահովել հայ սպայի կյանքի անվտանգությունը, եւ երկրորդ՝ որ իր իսկ իրականացրած արդարադատությունը փոխել է՝ ազատության մեջ թողնելով ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովին:
Գորբաչովի գլխավորած Խորհրդային Միությունը Սումգայիթի բազմահազար ոճրագործներից քանի՞ հոգու դատապարտեց. մի քանիսին, այն էլ՝ ձեւականորեն, որպեսզի նրանք Ադրբեջանում բարձրացվեին ազգային հերոսի աստիճանի: Հիմա էլ Եվրոպական Միության անդամ երկրում է գործում նույն ձեռագիրը. շահի ու փողի գլուխը ցույց տուր, եւ ժողովրդավարությունը, արդարությունը, արդարադատությունը, միջազգային իրավունքը կորչում են գրողի ծոցը, դառնում երկրորդական ու անպետք մի բան: 
Դուք առհասարակ տեսե՞լ եք ադրբեջանցի մի հերոս, որ անզեն, անպաշտպան ու քնած մարդկանց սպանելուց բացի այլ ՙսխրանք՚ գործած լինի, տեսե՞լ եք ադրբեջանցի մի հերոս, որ իսկապես իր հողն ու տունը պաշտպանելիս զոհվի: Մոռացե՞լ եք, թե ինչպես էին այդ ՙհերոսները՚, ԽՍՀՄ բանակի զորքերի օգնությամբ մտնուոմ հայկական գյուղեր եւ ուժ բանեցնում ծերերի, կանանց ու երեխաների կամ զինաթափ ու վիրավոր տղամարդկանց դեմ, իսկ երբ հայտնվում էին հայ մարտիկները, նրանք դառնում էին դիակներ կամ լեղապատառ փախչում իրենց բերած բազմազգ վարձկանների հետ:
Դուք ինչու՞ եք զարմացած ու զայրացած. որ քնած մարդուն կացնահարած տականքը, ով գուցե թե աքլորի սիրտ էլ չունի, հայտնվել է ազատության մե՞ջ: Իզուր: Մոռացե՞լ եք, թե ժամանակին որտեղ էին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, Սայիդ Հալիմը, Բեհաեդդին Շաքիրը, երբ հեռակա կարգով մահվան էին դատապարտված դաշնակից բանակների ռազմական դատարանի կողմից: Մոռացե՞լ եք, թե ովքեր իրականացրին  այդ դատավճիռները՝ հայ վրիժառուներ Սողոմոն Թեհլերյանը, Արամ Երկանյանը, Արշավիր Շիրակյանը եւ մի շարք այլ փառապանծ անուններ: Եվ արդյո՞ք ստոր մարդասպանի միակ ապահով տեղը հունգարական բանտը չէր. ժամանակը ցույց կտա:
Ազատության մեջ չե՞ն Սումգայիթի եւ Մարաղայի հայոց ցեղասպանության զազրելի ոճրագործները, ազատության մեջ չե՞ն Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծած հրեշները, ովքեր այսօր էլ հայատյացության թույն են շարունակում սրսկել իրենց ձագերին… Սակայն, բարեբախտաբար, ինչպես Մաքսիմ Գորկին էր գրում՝ ՙՈվ ծնվել է սողալու համար, թռչել չի կարող՚:
Իսկ հայ ժողովուրդն ամենեւին էլ չի վախենում Ռամիլ Սաֆարովի՝ ազատության մեջ գտնվելուց, Իլհամ փաշայի պիղծ ու արնոտ ձեռքերով նրանից ազգային հերոս սարքելուց, թուրանաադրբեջանական սին հոխորտանքներից ու սպառնալիքներից: Քանզի նրանք, եթե քառասուն գազ խորության հորում էլ լինեն Ռամիլի նման, քառասուն ջաղացի քարերի տակ թաքնված, կելնեն նրանց դեմ, ինչպես միշտ, Սասնա Դավիթ, Թուր Կեծակին…
Եւ անգամ ականջալուր մի եղեք աշխարհիս փոքր ու մեծ  երկրների ափսոսանքին ու զորակցությանը. այդ խոսքերն ասվում են մեզ հանդարտեցնելու, քան թե քաջալերելու համար:Այդ երկրների կառավարությունները, եթե իրոք արդարադատության պաշտպաններն ու իրականացնողներն են, պետք է որ խորությամբ կշռադատեին մարդասպանին, այն էլ ցմահ ազատազրկված, ազատության մեջ թողնելու հետեւանքները եւ նպատակները, որոնք հող են նախապատրաստում հերթական հայատյացության ու հայասպանության համար: Եթե իրոք նրանք արդրարադատություն իրականացնող երկիր են, ապա Հունգարիայի եւ Ադրբեջանի նման զազրելի, արդարադատությունը ոտնահարող քայլից հետո թող ճանաչեին Արցախի անկախությունը: Եւ մեր ինչի՞ն են պետք նրանց ուշացած ափսոսանքներն ու անատամ զորակցությունները: Մեզ կրկին բռունցքվել ու զորանալ է պետք, որ մեր ձեռքերով իրականացնենք Հայոց Արդարադատությունը:
Խոսրով Խլղաթյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More