ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 21 июня 2013 г.

Ավագանիներն անգործ են, ընտրողներն` անտարբեր

Սևանի  քաղաքապետարան
2012թ. սեպտեմբերի 23-ին Սեւանում կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամի 33 թեկնածու պայքարում էր 15 տեղի համար: Պայքարին նախորդող քարոզարշավն էլ սկսվեց եւ ավարտվեց թեկնածուների կարճ ու երկար կենսագրությունների ներկայացմամբ, բարձրագոչ կարգախոսներով: Ոչ տեղական ինքնակառավարման աշխատանքում փորձ ունեցողները ներկայացան իրենց ընտրողներին արդեն իրականացված աշխատանքներով, ոչ էլ «նորեկները»` ծրագրային դրույթներով: Ու ստացվեց ինչպես միշտ. մրցակցությանը դիմացան նրանք, ովքեր մի քանի շրջան վայելել էին ավագանի լինելու պատիվը եւ ունեին ընտրողների իրենց կայուն բանակը, սակայն ավելի շատ նրանք, որոնց թիկունքում ընկերական մեծ շրջապատ կար, բարեկամական բազմաթիվ կապեր:
 Սուսաննա Խաչատրյանը, ով 1996թ.-ից, ՏԻՄ-երի հիմնադրման օրվանից, աշխատում է Սեւանի քաղաքապետարանում` որպես աշխատակազմի քարտուղար, զուգահեռներ է անցկացնում ՏԻՄ առաջին եւ վերջին երկու-երեք ընտրությունների միջեւ:
«1996թ-ին, երբ կայացան ՏԻՄ առաջին ընտրությունները, ավագանու ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքը շատ լուրջ էր. այն նորություն էր իր տեսակի եւ ձեւի մեջ, եւ ընտրություններին մասնակցեցին իսկապես պատրաստված, փորձառություն ունեցող մարդիկ: Նրանք իրենց ե’ւ գործունեությամբ, ե’ւ բարձրացված հարցերով կարողանում էին լուրջ դերակատարում ունենալ համայնքային խնդիրների լուծման գործում եւ կառավարման գործընթացում: Տարիների ընթացքում նշաձողն իջավ. ավագանի դառնալ ցանկացողների թիվը թեեւ աճեց, սակայն ոչ հօգուտ ընտրողի եւ համայնքի»,- ասում է Խաչատրյանը:«ՏԻՄ» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը  ավագանու անդամների իրավունքները թվարկելիս ամրագրում են. «Առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ. նախապատրաստել եւ ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների եւ ուղերձների նախագծեր»:

 
Սևանի ավագանու անդամ Հովակիմ Կարապետյան
Ավագանիների որոշ մասը տեսականորեն գիտի այս մասին, սակայն գործը գործնականին հազվադեպ է հասնում: Սեւան համայնքի ավագանու տարբեր տարիներին կայացած նիստերի օրակարգերը թերթելիս հատուկենտ կհանդիպեք ավագանու կողմից եւ նրա նախաձեռնությամբ բարձրացված հարցերի:
 1996-2008թթ. (4 շրջան) ավագանու պարտականությունները կատարած Հովակիմ Կարապետյանն իր գործունեությանն անդրադառնալիս վերհիշում է այն հարցերը, որոնք իր առաջարկությամբ են մտել օրակարգ: «Կարծում եմ` ավագանիները շատ դեպքերում կարող էին համայնքային նշանակության հարցեր բարձրացնել, որը չի արվել: Պատճառները ավագանիներից շատերի անպատրաստվածությունն է եղել, նաեւ` քաղաքացիական ոչ ակտիվ դիրքորոշումը: «Ավագանի» բառը պարտավորեցնող է, բայց մեր իրականության մեջ չի աշխատում, որովհետեւ ցենզի հետ կապված պահանջներ  չկան»,- փաստում է Հ. Կարապետյանը:
 
Սևանի ավագանու անդամ Սուսաննա Խաչատրյան
2012թ.-ի սեպտեմբերին ավագանու անդամ ընտրված Նելսոն Սարգսյանը գիտի իր իրավունքների մասին, սակայն չի օգտվում դրանից: Նա ունի իր պատճառաբանությունը. «Հրատապ հարցերը քիչ չեն, սակայն ավագանու նիստին չեն հասնում, լուծվում են մասնավոր հանդիպումների միջոցով: Կարծում եմ` դեռ կա ժամանակ, կհասցնեմ կարեւոր հարցեր բարձրացնել գործընկերներիս քննարկման համար»:
 Համաձայն ՏԻՄ օրենքի 12 հոդվածի` «Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձեւավորում են համայնքի ղեկավարը եւ ավագանու անդամները` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասը օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից: Հարցերի հեղինակները պետք է ներկայացնեն որոշման նախագծեր»:
 Աշխատակազմի քարտուղար Ս. Խաչատրյանը մասնավորեցնում է` ավագանիներին անգամ նիստ բերելն է հաճախ խնդիր դառնում, ուր մնաց` սեփական նախաձեռնությամբ հանդես գալը: «Ավագանիներից շատերը չունեն փորձ, անցած ճանապարհ, անգամ իրենց լիազորությունների շրջանակը լավ չեն պատկերացնում: Այս դեպքում խոսել հարցեր ձեւակերպելու մասին` ավելորդ է: Բարձրաձայնվում են մի քանի հարցեր, ավելի շուտ` տեղային, նեղ շրջանակ ընդգրկող: Կան ավագանու 2-3 անդամ, որոնք ունեն ակտիվ դիրքորոշում, հանդես են գալիս նախաձեռնությամբ, հարցեր են բարձրացնում եւ հետամուտ են դրանց լուծմանը»,- ավելացնում է աշխատակազմի քարտուղարը:
 Ավագանու անդամ Կամո Ավագյանն այն սակավաթիվ ավագանիներից մեկն է, ով 2002թ.-ից անընդմեջ օրենքով վերապահված իր լիազորությունները ոչ միայն գիտի, այլ նաեւ օգտվում է դրանցից: «Կարող եմ թվարկել իմ ներկայացրած հարցերը` լուսացույցների տեղադրումը խաչմերուկներում, Էներգետիկների փողոցին հարող ճանապարհի հիմնանորոգում: Կան հարցեր, որոնք անպայման պետք է լուծվեն նիստերի ընթացքում համապատասխան որոշումների միջոցով, սակայն պակաս կարեւոր չէ դրանք ճիշտ եւ հիմնավորված ներկայացնելը»,- ասում է Ավագյանը:    
 Ավագանիներից շատերն ի սկզբանե «գծում» են իրենց գործունեության սահմանները. շատերի համար այն սկսվում եւ ավարտվում է ավագանու նիստերին պարտաճանաչ ներկա գտնվելով եւ «կողմ» քվեարկելով: Մի քանիսն են միայն, որ ավագանու աշխատանքն իրականացնում են «դրսում»` բնակիչների հետ հանդիպելով, համայնքային կյանքում ակտիվ դիրքորոշմամբ եւ խնդիրներ լուծելով:
Ինչպես ցույց է տալիս տարիների վիճակագրությունը, բացակայում է ե'ւ նախաձեռնությունը, ե'ւ բնակիչների հետ կապը, ե'ւ սեփական լիազորություններից օգտվելու կարողությունը:
 Բնակիչների շրջանում անցկացված մեր հարցախույզի այն հարցադրմանը` «ովքե՟ր են ձեր համայնքի ավագանիները, վերջին ամիսներին հանդիպե±լ եք նրանց հետ», 70 հարցվածներից 43-ը կարողացան պատասխանել` հիշելով ավագանու անդամներից 3-4 անուն, 6-ը` 5-6 անուն, 2-ը` 8 անուն: Հանդիպումների հետ կապված էլ` ավելի շուտ անձնական եւ մասնավոր հանդիպումներ են եղել, ոչ ընդունելություններ:
 «Սեւան երիտասարդական ակումբ» հ/կ-ի ակտիվ անդամներից մեկը` Գոհար Մնացականյանը, կարծում է, որ ավագանիները պետք է իրենք իրենց ճանաչել տան, իրենց ակտիվ պահվածքով, քաղաքացիական նախաձեռնությամբ, անգամ համաքաղաքային միջոցառումներին մասնակցելով բնակիչներին մոտեցնեն իրենց: «Ավագանու անդամների հետ առանձնապես որեւէ առնչություն չենք ունեցել. 2-3 են, որ ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց մասին: Չնայած նման իրավիճակին` ավագանիները կարող են համայնքային կյանքում ունենալ լուրջ դերակատարում, որովհետեւ օրենքը տալիս է դրա հնարավորությունը»,- եզրակացնում է Գոհարը:
 Ավագանու անդամի պարտականություններից է պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասինմասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին (ՏԻՄ օրենք, հոդված 20, 2-րդ,  3-րդ կետեր):
 Ավագանու` 12-ամյա կենսագրություն ունեցող Հովակիմ Կարապետյանն իր անցած տարիների գործունեությանն անդրադառնալիս նկատում է. «Բնակիչների հետ անմիջական շփումների, նրանց հաշվետու լինելու շնորհիվ հնարավոր է ստեղծել վստահության մթնոլորտ, աշխատանքները ճիշտ կազմակերպել: Բնակիչները կարող են օգնել, պետք է օգտվել դրանից: Տարիներ առաջ համայնքային բյուջեի նախագծի մշակման ժամանակ մասնակից դարձրինք բնակիչներին: Պետք է նշեմ, որ շատ արդյունավետ քննարկում էր, որը, սակայն, շարունակություն չունեցավ»:
 Կամո Ավագյանը հանդիպումների չկայացման համար նշում է օբյեկտիվ պատճառ. չկա համապատասխան սենյակ կամ տարածք հանդիպումների, ընդունելությունների կազմակերպման համար: Չնայած այս բացթողմանը` նա գտել է հանդիպումների կազմակերպման իր տարբերակը. Գոմաձոր թաղամասի ակումբի շենքում բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում:
 Նելսոն Սարգսյանն էլ իր ընտրողների հետ հանդիպում է ամեն օր. Ցամաքաբերդ թաղամասում բոլորն են միմյանց ճանաչում, այդ թաղամասից ընտրված 2 ավագանի կա, որոնցից մեկը` Հունան Բաղդասարյանը,  ավագանու` մի քանի տարվա աշխատանքային փորձ ունի: «Եթե սենյակ լիներ, կհավաքվեին ոչ միան ավագանիները, այլ նաեւ ընդունելություն կկազմակերպվեր բնակիչների հետ»,- նշում է Սարգսյանը:
 Հովակիմ Կարապետյանն էլ հիշում է, որ 1996-1999 թթ.-ին Ցամաքաբերդ թաղամասում ուներ քաղաքացիների ընդունելության սենյակ, որը կապող օղակ էր: «Մարդիկ գալիս էին իրենց խնդիրներով, ինձ համար նիստին ներկայացնելու հարցեր էին նախապատրաստում»,- ասում է Հ. Կարապետյանը:
 «Հնաբնակներն» ասում են, որ շատ անգամ են ավագանու սենյակ ունենալու խնդիրը բարձրաձայնել, անգամ լուծման տարբերակ է գտնվել, բայց միայն այդքանը. կամ գումար չի գտնվել սենյակը կահավորելու համար, կամ էլ եղած սենյակը հատկացվել է այլ նպատակների: Ներկայումս ավագանին չունի իրեն հատկացված սենյակ. բնակիչներն էլ հաճախ փնտրում են իրենց ընտրյալներին, սակայն` ապարդյուն:
 Այն, որ ավագանի դառնալու հետ կապված եւ Ընտրական օրենսգիրքը, եւ ՏԻՄ օրենքը պետք է վերանայվեն, միանշանակ է, քանի որ ավագանու ներկայիս անգործությունը լուրջ ահազանգ է: «Ավագանու գործունեությունը համայնքի կյանքում անհրաժեշտություն է, կառավարման գործում` պահանջ, սակայն նման ձեւով եւ մտածելակերպով հնարավոր չէ շարունակել»,- եզրակացնում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
 Գոհար Մնացականյանն էլ համոզված է. «Ավագանու անգործությունը պայմանավորված է ի սկզբանե իրենց գործառույթներին ծանոթ չլինելով: Միաժամանակ անհրաժեշտ են նաեւ վերահսկողական մեխանիզմներ: Չնայած ամենամեծ հսկողը ընտրողն է, սակայն նա էլ դարձել է անտարբեր»:
 Նախկին եւ ներկա ավագանիներից գրեթե բոլորը, նաեւ բնակիչները, կարծում են, որ վճարովի աշխատանք չլինելն իր գործն անում է, սակայն ավագանի ընտրվել ցանկացող ցանկացած անձ գիտի, որ դրա համար չի վարձատրվելու, այն հասարակական հիմունքներով է, ուրեմն` անգործության արմատներն ավելի խորն են: «Շատերը չունեն մասնագիտական որեւէ կրթություն, չեն տիրապետում այն խնդիրներին, որ առկա են համայնքում: Կան մարդիկ էլ, որոնք անգամ չգիտեն ավագանու գործառույթները»,- ասում է Հ. Կարապետյանը:
 Կամո Ավագյանն էլ իր երկարատեւ աշխատանքի ընթացքում համոզվել է. «Շատ հարցերում ավագանիների մեծ մասը բանիմաց չէ, որն էլ պատճառ է որեւէ նախաձեռնությամբ հանդես չգալու համար»: Բնակիչը կարիք ունի իր ընտրյալի հետ հանդիպելու, նրան իր խնդիրները ներկայացնելու, որն առայժմ միայն ցանկություն է: «Ժամանակն է, որպեսզի ավագանու դերի բարձրացման համար հիմնարար քայլեր ձեռնարկվեն. տեղական ինքնակառավարման կայացման ճանապարհին ավագանու անգործությունը լուրջ խոչընդոտ է»,- ամփոփում է Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը:

 Արմինե Ղուկասյան
Սեւան



0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More