Գավառի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1977թ. հուլիսից` գործելով որպես մանկական գեղարվեստի դպրոց: 2006 թվականից կառույցը դարձել է համայնքային ոչ առեւտրական կազմակերպություն եւ անցել Գավառի քաղաքապետարանի ենթակայության տակ:
Դպրոցն այսօր ունի 43 աշակերտ` 5 դասարանով: Դպրոցում սովորում են տարբեր տարիքային խմբի սաներ: Այս տարվա ամենաավագ սանը 17 տարեկան է, եւ, ինչպես նշում է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Սանոսյանը, դպրոցում սովորում են նաեւ ուսանողներ եւ ավելի բարձր տարիքի արվեստասերներ: Գեղարվեստի դպրոցն այս տարի ունի երկու առաջին դասարան` 15 աշակերտով:
Գեղարվեստի դպրոցում դասավանդվում է գծանկար, գունանկար, ստեղծագործություն/ կոմպոզիցիա/, կիրառական արվեստ /գորգագործություն, թաղիքագործություն, կարպետ, գոբելեն/, արվեստի պատմություն, նաեւ, ըստ աշակերտների ցանկության եւ նախասիրության, տրվում են լրացուցիչ գիտելիքներ եւ պարապմունքներ:

Գավառի գեղարվեստի դպրոցում կրթությունը վճարովի է. ամսական վարձը կազմում է 1200 դրամ:


Աշակերտների ներկերն ու վրձինները, անհրաժեշտ ուսուցողական պարագաները ձեռք են բերվում ծնողների ֆինանսական միջոցներով:
Դպրոցի 4 աշխատողների աշխատավարձերն ու մնացած ծախսերը հոգում է Գավառի քաղաքապետարանը:
Դպրոցի գույքը վերջերս համալրվել է Վիվասել ՄՏՍ ընկերության նվիրած մոլբերտներով եւ նկարչական աթոռակներով:
Դպրոցի հիմնախնդիրներից ամենաշոշափելին եւ ակնառուն գեղարվեստի դպրոցի շենքային պայմաններն են, կաթացող տանիքը, ճաքած պատերը, անհրաժեշտ շենքային պայմանների բացակայությունը: Դպրոցի դասարանները ջեռուցվում են փայտի վառարաններով, որոնք քամոտ եղանակին հաճախ են ծխով լցնում արվեստանոցները:
Դպրոցն այս օրերին պատրաստվում է մայրության եւ գեղեցկության ու Սուրբ Հարության տոներին նվիրված ցուցադրության, որտեղ ցուցադրվող աշխատանքների թեմաները կընդգրկեն երկու տոների խորհուրդները` համադրվելով ու զուգորդվելով իրար:
Հաղթահարելով բազմաթիվ խնդիրներ` դպրոցը շարունակում է մշակույթ կերտել: Դպրոցն իր ակտիվ մասնակցությունն ունի քաղաքային, մարզային եւ հանրապետական ցուցահանդեսներում:
Երբ հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, Գայանե Սանոսյանը մեզ տեղեկացրեց, որ Գավառի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել վերանորոգելու դպրոցի տանիքը:
Գայանե Սանոսյանը իր շնորհակալությունն է հայտնում Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին` դպրոցի հիմնախնդիրը լուծման փուլ մտցնելու եւ մնացած բոլոր հարցերում աջակցություն ցուցաբերելու համար:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий