ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 8 мая 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ՈՒՂԵՐՁԸ


 Հարգելի հայրենակիցներ
Վաթսունվեց տարի առաջվա այս օրը պատմության մեջ մտավ որպես Մեծ հաղթանակի օր` ազդարարելով Երկիր մոլորակի ազատագրումը ֆաշիզմի չարաղետ ուժերից, աշխարհակործան պատերազմից` կանխելով տասնյակ միլիոնավոր անմեղ մարդկանց համատարած սպանդը:
 Այդ հաղթանակը կռեցին նաեւ հարյուր հազարավոր հայորդիներ հսկայածավալ ռազմաճակատների յուրաքանչյուր հատվածում: Նրանք հերոսաբար մարտնչում էին ոչ միայն Խորհրդային հայրենիքի ազատագրման, այլ նաեւ նրա կազմում խաղաղություն ու արարչագործություն գտած Հայաստանի փրկության համար, որին ամեն պատեհ առիթի դեպքում սպառնում էր ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիան: Հաղթականորեն հայրենի տուն վերադարձած այդ փառապանծ սերունդը, ցած դնելով զենքը, ոչ միայն մկաններով, սիրով ու եռանդով երկիր կառուցեց, այլ նաեւ ազատասեր ու հայրենաշունչ ոգի ներարկեց նորելուկ սերունդների երակներում: Եվ այդ ոգով զինված` նրանց թոռները նետվեցին հայոց հայրենիքի մի հատվածի` Արցախի փրկության կռիվների ու բոցերի մեջ` Շուշիի գրավմամբ վերաիմաստավորելով եւ կրկնելով մայիսի 9-ի հաղթական փառքը: Մեկ դարում գործած հաղթական երկու սխրանքները Հայաստանի վրա ծագեցրին կյանքի ու խաղաղության, ազատության եւ արարչագործության արեւը: Մայիսյան հաղթանակները կռող հայորդիները` մարտի դաշտերում ընկած, թե փառքի դափնիներով տուն դարձած, հիշվում ու մեծարվում են անուն առ անուն` հավերժացնելով հայոց լինելության  ճանապարհը: Եվ ապրողներիս այժմ մնում է գլուխ խոնարհել մեր հայրերի ու եղբայրների անձնազոհության ու քաջության, հերոսական սխրանքների առջեւ` միշտ զգալով մեզ հայրենի հողի տիրոջ ու պաշտպանի վեհ դիրքերում:
 Մայիսի 9-ի Հաղթանակների տոնի կապակցությամբ շնորհավորում եմ իր պետականության ուղին վերանվաճած, ազատ ու անկախ ապրելու ժամանակը վերագտած համայն հայությանը` մաղթելով բոլորիս նոր նվաճումներ ու հաղթանակներ, արեւավառ մայիս, ծնունդներ ու բերկրանք, երջանիկ գալիքներ:
Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ
Նվեր Պողոսյան 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More