ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 29 декабря 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ


(սկիզբը՝ նախորդ համարներում)

ՌՈՒԲԵՆԻ ՄԱՅՐԸ
 Որդին մոր առջեւ բացում է իր սիրտը, պատմում նամակի մասին, երկընտրանքի մեջ հայտնվելու պատճառները: Եվ մայրը որդուն անվարան մատնացույց է անում վճռական ու ուղիղ ճանապարհը` բացելով որդու առջեւ մայրական հոգու ծալքերն ու խորքերը, հայրենիքին ու ժողովրդին նվիրվելու անսասան կամքն ու լուսավոր հորիզոնները.
ՙ-Մամա, դու չե՞ս քնի, ի՞նչ կը մտածես:
-Տղաս, կը մտածեմ անցեալը, երբ դու չկայիր: Քեզմով ծոցվոր էի, հիվանդացա: Ըսածիդ պես մահն ու կեանքը իրարու կողք տեսա: Բժիշկ բերին, մեծ բժիշկ Կազլովսկին: Ըսին, որ  եթե քեզ աշխարհ բերեմ, ինքս պիտի մահանամ. իսկ եթե ես կուզեմ ապրիլ, քեզ պետք է ոչնչացնել նախքան քու աշխարհ գալդ: Ողորմած հոգի հայրդ եւ իմ մայրը կաղաչեին, որ բժիշկներուն ըսածը  ընեմ, եւ քեզ ոչնչացնենք: ՙՉէ՚ ըսի եւ իմ չէիս վրա հաստատ մնացի: Բայց իմ մեջը վախը փարատեցավ, եւ  աչքիս առջեւ եկած մահն ու կեանքը իրարու քույր ու եղբայր երեւցան: Դուն ալ մի՜ վախենար մահեն եւ ոչ ալ  շատ ուրախացիր կեանքին վրա. անոնք անիմաստ չեն, մեկը մյուսին քույր-եղբայրն են: Ես մտքիս մեջ ուխտ արեցի եւ ոչ ոքի չըսի, թե որ մեռնիլ կա, ես ու իմ պտուղը թող իրարու հետ մեռնինք. թե որ ազատվենք, թող մեր ազգության մատաղը լինենք: Ուխտս կատարվեցավ... Մարդու մի՜ ըսե իմ ըսածը, նորեն կըսեմ` բարով ես եկել, բարով ալ գնաս: Թե որ չգնաս, երկու ոտքի վրա կանգնած կենդանի դիակ կը դառնաս...
Լույսը բացվելու մոտ էր, մայրս քաշվեցավ անկողինեն, եւ ես քնացա մանկան նման՚:
Գուցե թե այսպես կարող էր թելադրել հայ մոր սիրտը, գուցե թե այսպես կարող էր մտածել միայն հայ մոր միտքը, որ փրկության ելք էր որոնում գազանի որջում, բռնության երկար ու ծվատող ճիրաններում: Ահա թե ինչ առյուծ մայրերից պիտի ծնված լինեին հայ ֆիդայիները, որոնց մասին ժամանակին սրտաճմլիկ երգ է հնչեցրել ու անմահացրել հայ ժողովուրդը.
Թիփի, բորան, մութ գիշերին
Լուռ կը քայլե ֆիդային:
Ա~խ ֆիդայիներ, ջա~ն ֆիդայիներ,
Ձեր մայրերը Ձեզ մատաղ,
Մշո Սուլթան Սուրբ Կարապետ
Թող լինի ձեզ պահապան...
   

ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԳԱԼՇՈ ՄԱՆՈՒԿԸ

 Հայոց լեռների բարձրաբերձ պարիսպներն անգամ ի զորու չեն եղել իրենց կիրճերում ու խորքերում պարփակել առյուծասիրտ, առյուծատեսք ֆիդայիների գործերն ու դրանց մասին բերնեբերան շրջող զրույցները, որ պտտվել են առանձնակի ակնածանքով ու ոգեւորությամբ, անգամ` թուրքերի ու քրդերի կողից: Եվ այդ զրույցներն իրենց առասպելական զորությամբ ու բարձրությամբ շրջանցել են հայոց երկնաքերծ լեռներն ու լեռնագագթները ու ստացել համահայկական հնչեղություն` հարստացնելով հայոց դյուցազներգության գանաձարանը: Այդ առասպելական զրույցներից մեկը կապված է Տարոնի առյուծ Գալշո Մանուկի անվան հետ: Այդ զրույցը որքան հավատ ու թեւ է տվել թուրքական ու քրդական բռանակլության թաթի տակ ճզմվող հայությանը, այդքան էլ սարսափ է թափել մեր հողի ու արյան դարավոր թշնամիների վրա: Գալշոյի Մանուկի հերոսական կյանքի այս մի դրվագն էլ բավական է կարծելու, որ ֆիդայիների դյուցազնական ոգին վեր է ամեն մարդկայինից, հողեղենից:
 Գալշո Մանուկի առասպելը Ռուբենը գրի է առել Բիթլիսցի Մուշեղի շուրթերից, խոստովանելով, որ թեկուզ անձամբ ապրելով ու մարտնչելով նրա կողքին, նման զրույց լսում է առաջին անգամ, այն էլ` հեռավոր Պոլսում: Մուշեղն իր հերթին խոստովանում է, որ ինքը դեռ վաղուց է երազել Գալշոյին հանդիպել, իսկ նրա մասին լսել է մանկության տարիներին, երբ նրա անունը ահուսարսափ է եղել քրդերի ու թուրքերի համար: Եվ Ռուբենի համար հերոսի կենդանի մարմնացում ու մարտական ընկեր Գալշոյի Մանուկը Բիթլիսցի Մուշեղի համար մնացել է առասպելական ու հեքիաթային անձնավորության: Ու Պոլսի գիշերը երկարել է Գալշոյի մասին անմահական զրույցներով` ամբողջանալով Մուշեղի ու Ռուբենի պատումներում: Ահա թե ինչ է ասում Մուշեղի լսած ու պատմած պատումը. ՙԵս դեռ երեխա էի, երբ անոր անունը կը լսեի: Թուրքերը, քյուրտերը ավելի շատ կխոսեին, քան թե հայերը: Դեռ Արաբոյի, Մարգար Վարժապետի անունը չկար, որ Գալշոյի անունը բերնեբերան կերթար: Կըսեին, թե արնախում մարդ է, գլխեն ձեռ քաշած: Ով զոռբա է, անոր հետ կռվի դուրս կու գա, կը սպանե, կը թալանե եւ ձեռք բերածը կը բաժնե աղքատներուն: Կըսեին, թե ճամբաները կը կտրե եւ մանավանդ թասիլտարներու հոգին կը հանե: Օր մը, երբ պստիկ էի, Պիթլիսի քաղքցիք իրենց վախիցը իրարու փոր անցան. ըսին, թե Պիթլիսի ճամբան կտրված է, թե Խութա լեռներեն Գեալշոն իջած է եւ Ռահվա դաշտին մեջ, Բաշխանի կողքին նստած է: Ըսին` ով ձիավոր է, ան ձիեն կիջեցնե, ով հետեւակ է, գետին կը նստեցնե եւ ամենքին դատ ու դատաստան կընե: Մեղավորներուն գլուխը կը կտրե, արդարներուն նվերներ կու տա ու կը ճամբե: Լուր բերողը քյուրտ ծեր ոստիկան մըն էր, որ եկող-գացողին գլխուն եկածը կը պատմեր...՚
ժողովուրդը Գալշոյի կերպարը վիպել է ՙՍասնա ծռերի՚ հերոսների նմանությամբ` արդարներին, անմեղներին, խեղճերին պաշտպանելու եւ ժողովրդի թշնամիներին ու բռնակալներին գլխատելու անհուն երազանքով ու ցանկությամբ: Մեր էպոսի հերոսների պես ժողովրդական բանահյուսությունը Գալշոյի եւ նրա ընկերների կերպարում տեսել է իր փրկչին ու երազները մարմնավորողին: Արդարասեր, արդարամիտ, ժողովրդասեր, հալածվածների ու աղքատների պաշտպան Գալշոն ասես երկնային ու պաշտելի արարած լինի իր ժողովրդի համար` աստղերի պես գիշերները տիեզերական հեռուներից երեւացող: Սակայն այդ կերպարը Սասնա ծռերի համեմատ թերի կլիներ, եթե նա` Գալշոյի Մանուկը, բոլորին չվախեցներ, չզարմացներ ու չհիացներ իր առասպելական ուժով եւ արտասովոր բնավորությամբ` Սասնա ծռությամբ, ինչի մասին եւ պատմել է քուրդ ոստիկանը. ՙԵս ձիով Դատվան գացի: Կուսակալեն նամակ տարած էի գավառապետին: Ետ կը դառնայի անջրդի հովտի մեջեն, բարտի ծառի չափ բարձր, սեւ մազերով, սեւ աչքերով հսկա մը առաջս տնկվեցավ եւ ձիու սանձը բռնեց: Ուզեցի պաշտպանվել: Բայց ան այնքան ուժեղ էր, որ մեկ ձեռքով երեխայի պես զիս վերցուց թամբեն եւ գետին զարկավ: Զենքերս խլեց: Եւ այդ է, ես մտածեցի, թե վերջին ժամս եկած է: Հանեցի գոտիկես իմ դրամի քիսան, մեջը երկու ոսկի ունեի հավաքած, տվի այդ հսկային եւ խնդրեցի, որ հասցնի կնոջս ու երեխաներուս, որ անոնք ալ չմեռնին: Այս խոսքին վրա ավազակը քիսիկը ինձի դարձուց դեմս նստավ եւ ըսավ. ՙԳեալշոն երեխաներու հացը կտրող չէ: Ես շատ ծարավ եմ, այս անտեր տեղերը ջուր ու՞ր կրնամ գտնել՚: Երբ ըսի, թե Բաշխանեն բացի ուրիշ տեղ չեմ գիտեր, ան նայեցավ ինծի եւ ըսավ. ՙՁիուդ սանձը ամուր բռնե, ես ջրի աղբյուր գտա՚: Եվ ելավ ու դանակով ձիու վզի երակը բացավ եւ արյունը ջուրի տեղ խմեց: Երբ կշտացավ, պատվիրեց ինձ գնալ Բաշխան, ձիու վերքը կապել: Ինքը դեպի լեռ գնաց ու կորսվեցավ: Մեկնելեն առաջ ան ըսավ.ՙՍարը սարին չի հանդիպիր, մարդը մարդուն կը հանդիպի, ճիշդ տեսածդ կը պատմես, ոչ ավելի եւ ոչ պակաս՚:
Գալշոյի Մանուկի հոգու խորքերում, սակայն, թաքնված է բոլորովին մի ուրիշ ներաշխարհ, մի անկրկնելի բնավորություն` շաղախված մաքրության ու արդարության, գեղեցկության ու բարության, ուժի ու առաքինության նկատմամբ լուսե անխախտ հավատով: Եվ դա արտացոլվում է այնժամ, երբ արդեն Ռուբենն է Մուշեղին ներկայացնում Գալշոյի մասին իր զրույցը, որը վերարտադրել է կենդանի շփման արդյունքում:
Թուրքական բանակի հերթական շուրջկալից խուսափելու համար Շեյխլան գյուղի մերձակայքում` վարարած Արածանիի ջրերի կապանքում հայտնված մի կղզու թփուտներում, թաքնվում են Ռուբենն ու Գալշո Մանուկը: Նրանք հեռվից նկատում են, թե զորքն ինչպես է տակնուվրա անում գյուղն ու մերձակայքը` ոչ մի կերպ չգտնելով ֆիդայիների հետքը: Քաղցը սաստիկ նեղում է թաքնվողներին, եւ հնարը գտնում է Մանուկը` կրակելով ու ջրի փրփուրների միջից դուրս քաշելով մի մեծ ձուկ: Խորոված ձուկն ախորժակով ուտում է Ռուբենը, մինչդեռ Գալշո Մանուկը զարմացած է մնում, թե ինչպես է ուտողը կարողանում մարսել ՙպղտոր եւ մուրտար ջուրերու ձուկը՚: Եվ երբ Ռուբենը Գալշոյին փորձում է համոզել, թե ձուկը ձուկ է, ինչ մաքուր կամ հարամ ձուկ, Գալշոն բաց է անում իր իմաստասիրության եւ դիցական հավատքի զինանոցը` զարմանք ու հիացմունք պատճառելով ուսյալ մարդուն: Եվ ասես մեկ անգամ եւս վարարում են հայոց անմահ էպոսի ակունքները` բարբառ ու կենդանություն առնելով հավատավոր հայ գեղջուկի շուրթերին:
ՙԵրկու տեսակի ջուր կա: Մեկը սեւ է այս ջուրերու նման, տիղմ, դիակի եւ բույսերու փտածություններե կազմված, մյուսը` ճերմակ, անապական, որ կու գա զուլալ աղբյուրներեն եւ քարանձավներեն իննակնյա կամ Ծովասարի ջուրերու նման: Սեւ ջուրերը հարամ են, պիղծ են. ճերմակ ջուրերը սուրբ են եւ կյանք: Սեւ ջուրերու մեջ սատանաներ կապրին, որոնց հանելու համար պետք է ունենալ կավե կուլաներ, կամ կրակեն պիտի անցկացնել: Ճերմակ ջուրին մեջ կապրին երկնքի հրեշտակները եւ բոլոր սուրբերը՚:
 Անառիկ լեռների գրկում իր կյանքն ապրած, խարխուլ խրճիթի մրոտ պատերի մեջ մանկություն ու պատանություն անցկացրած անգրագետ գեղջուկն ասես երկնքից ընկած մարգարե լինի կամ ի ծնե իմաստուն: Եվ այնքա~ն կենդանի, այնքա~ն պատկերավոր է նկարագրում դեւերին ու սրբերին, հուրիներին ու հարամիներին, որ հավատի է բերում ամենաանհավատ մարդուն, որ թվում է, թե ինքն իսկապես գալիս է այդ հեռու-հեռավոր, անհայտ աշխարհներից.ՙՍեւ ջուրերու տերերը դեւեր են, որ երբեմն օձի, երբեմն կերածդ ձկան կերպարանքով կերեւան: Անոնք կատեն ճերմակ ջուրերը: Ճերմակ ջուրերու բնակիչները նույնպես ձկներ են: Բայց անոնց վրա նշաններ կան, կարմիր փուլեր, իսկ բոլորի գլխուն մեջ Քրիստոսի խաչը, որ ճառագայթաձեւ է: Այդ ձկները կապրին, որ կերակուր դառնան հավերժահարսներուն, որոնց պահապան է դրած Աստված` ճերմակ ջուրերու մաքրությունը հսկելու եւ անսպառ դարձնելու համար...՚
Խոսրով Խլղաթյան 
/շարունակելի/

0 comments:

Отправка комментария

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More