Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության կայանում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանից մարտի 13-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ահազանգ են ստացել այն մասին, որ գյուղում առողջական ծանր վիճակում է գտնվում 23-ամյա Սուրեն Ղարիբյանը, ով բուժօգնության խիստ կարիք ունի: Վերին Շորժան Վարդենիս քաղաքից գտնվում է 19 կմ հեռավորության վրա, իսկ Վարդենիս- Վերին Շորժա ավտոճանապարհը ոչ միայն անբարեկարգ է, այլ նաեւ անանցանելի` ձմռան ամիսների ընթացում:
Ինչպես <<Գեղամա աշխարհին>> տեղեկացրեց «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ տնօրենի տեղակալ Ռոլանդ Խաչատրյանը, կանչը ստանալուն պես շտապօգնության կայանի բժիշկ Հրաչյա Հակոբյանը եւ բուժքույր Գալյա Մելքոնյանը մեկնում են դեպքի վայր: Սակայն դա այնքան էլ հեշտ չի եղել իրականացնել, քանի որ Վարդենիս-Այրք- Վերին Շորժա ճանապարհը ձնաբքերի պատճառով այս օրերին հիմնականում դարձել էր անանցանելի:
Գյուղապետ Արտյոմ Երանոսյանի աջակցությամբ, ճանապարհը մաքրող տրակտորի եւ ամենագնաց մեքենայի օգնությամբ բուժանձնակազմին հաջողվել է անցնել ճանապարհի մեծ մասը մի քանի ժամերի ընթացքում: Սակայն մինչեւ հիվանդին հասնելը հարկավոր է եղել 1 կմ-ից ավելի ճանապարհը ձնաբքերի միջով ու խստաշունչ ցրտին անցնել ոտքով: Հիվանդի վիճակը եղել է անհուսալի. նա գտնվել է գրեթե անգիտակից վիճակում: Բժիշկը եւ բուժքույրը ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ եւ ուշքի են բերել Սուրեն Ղարիբյանին:
Հերթական դժվարությունը առաջացել է հիվանդին հիվանդանոց տեղափոխելու խնդրում: Բուժանձնակազմը ստիպված է եղել նույն ճանապարհը դարձյալ անցնել ոտքով` տեղափոխելով նաեւ հիվանդին մինչեւ ավտոմեքենա: Ճանապարհին ցրտահարվել են բուժքույր Գալյա Մելքոնյանի ոտքերը: Դարձյալ ժամեր են պահանջվել, որպեսզի շտապօգնության մեքենան, ձնաբքերի արգելքը հաղթահարելով, հասնի Վարդենիսի հիվանդանոց: Ընդունարանում հիվանդին բուժօգնություն են ցուցաբերել հերթապահ բժիշկ Ռոլանդ Խաչատրյանը եւ բուժքույր Ամալյա Մանուկյանը, որոնց ձեռնարկած լրացուցիչ միջոցառումների արդյունքում հիվանդի վիճակը կայունանում է: Մարտի 14-ին Սուրեն Ղարիբյանն իր ցանկությամբ դուրս է գրվել հիվանդանոցից եւ վերադարձել իր ընտանիք:
0 comments:
Отправить комментарий