ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 30 мая 2011 г.

ՆԱ ՎԱՍՏԱԿԵԼ Է ԻՐ ՊԱՏԻՎՆ ՈՒ ԿՈՉՈՒՄԸ


  Լռեցին ռազմի աստվածները, բաղձալի հաղթանակ նվաճած մեր ժողովուրդը իր սուրը փառքով դրեց պատյան, եւ վիրավոր ու արցունքոտ հողը վերջապես ազատ շունչ քաշեց:
 Հաղթանակների մայիսն է, եւ հայ ժողովուրդն ամեն անգան այս ամսին ամփոփում է իր պատմությունը, իր անցյալը, ու, կարծես, այս ամիսը հայ ժողովրդի պատմության հաղթանակների հրաբուխն է, շատրվանը՝ հպարտության ու հայրենանվիրության:

 Հերթական մայիսի իննին արդեն բոլորել է  Մեծ հաղթանակի վաթսունվեցերորդ տարին, մի իրադարձություն, որ դեռ հեռավոր հուշեր է արթնացնում պատմական հաղթանակը կռած ու դեռ մեր կողքին ապրող այրերի մոտ: Նրանցից մեկն էլ  Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի,  93 ամյա Եղիշե Ամիրխանյանն է:
 Նա  ծնվել է 1918 թվականի հունիսի 12-ին, Նոր Բայազետում /այժմ` Գավառ/, բազմանդամ ընտանիքում, ուր մեծացել են յոթ երեխա: Դեռ մանկուց Եղիշեն սովոր է եղել ծանր հոգսի ու դժվարությունների եւ, լինելով ընտանիքի ավագ որդին, հոր հետ ստիպված  էր աշխատել ու հոգալ  մեծ ընտանիքի կարիքները:
 Եվ չնայած ժամանակի ընթացքում Եղիշե Ամիրխանյանը հասել է մեծ հաջողությունների ու բարձունքների, նրան կյանքի ու աշխատանքի  պտուղները   հեշտ չեն տրվել: Նա անցել է կյանքի թեժ բովով, պայքարի ու անարդարությունների, ռազմադաշտի ու մահվան սարսուռների, զավակի կորստյան ցավի ու տառապանքների միջով:
Աշխատասեր ու անդադրում Եղիշեն վաստակել  է դեռ դպրոցական տարիքից` սկսելով գյուղտեսչության ցրիչի աշխատանքից: 
 Դեռ պատանի հասակում նա երազում էր ուսումը շարունակելու մասին, եւ 1938 թվականին իրականանում է նրա երազանքը: Նա ընդունվում է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:  Ուսմանը զուգահեռ Ե. Ամիրխանյանն աշխատել է Երեւանի Շահումյանի շրջանային դատախազությունում: 
…Պայթեց Մեծ հայրենականը՝ բոլորի համար անսպասելի: 
 Երկրորդ կուրսում էր Եղիշեն ու դատախազության աշխատակից, իսկ դատախազության  աշխատակիցներն ազատված էին բանակից: Սակայն Եղիշեն չօգտվեց իր այդ հնարավորությունից եւ կամավոր մեկնեց բանակ: Ռազմադաշտում Եղիշեն համալրեց հայկական 409-րդ դիվիզիայի  շարքերը:
-Հիշու՞մ եք մարտի դաշտ մեկնելու ձեր առաջին օրը,- նրան ուղղեցինք մեր հարցը:
 Նա հուզվեց, ձեռքերը դողացին, ու նրա կապույտ ու խորունկ աչքերից արցունքներ հոսեցին: Ինչե~ր չէին տեսել այդ աչքերը. այդ կապույտ ու թախծոտ աչքերի անկյունում ամբարված է շուրջ  մեկդարյա հավերժություն:
 -Կռվել եմ Հյուսիսային Կովկասում, եղել եմ վաշտի հրամանատար, ապա` քաղղեկ,- շարունակեց ռազմի շրջանի մտքերն իրար ագուցել պատկառելի ծերունին: 
  1943 թվականի նոյեմբերին նա ծանր վիրավորվեց Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքի մատույցների պաշտպանության ժամանակ: Ապաքինվելուց հետո նրան ցանկանում էին զորացրել, սակայն Եղիշեն ընդվզեց ու չլքեց մարտադաշտը: 
 Թեեւ վիրավորվելուց հետո հրամանատարները նրան չուղարկեցին առաջին գիծ, բայց եւ այնպես նա  զինվորագրվեց  ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զորքերին` մասնակցելով  երկաթուղիների  անվտանգության ապահովմանը: 
 Եղիշե Ամիրխանյանը զորացրվեց 1946 թվականին`  մայորի զինվորական կոչումով:
 Նա նույն տարում շարունակեց իր ուսումը` փոխադրվելով 4-րդ կուրս: Ուսումն ավարտելուց հետո  աշխատանքի անցավ Հայաստանի դատախազական համակարգում:
Նա աշխատել է Կալինինոյի /այժմ` Տաշիր/ շրջանում: Շուրջ երկու տասնամյակ աշխատել է Կիրովական /այժմ` Վանաձոր/ քաղաքում: Այնուհետեւ մեկ տասնամյակ էլ Երեւանում է զբաղեցրել  դատախազի պաշտոն: 
 Իրավապահ համակարգում ծավալած իր 35 տարվա գործունեության ընթացքում Եղիշե Ամիրխանյանը եղել է շատ արդար ու անաչառ: Թերեւս, դրա վառ վկայություններն են տարբեր տարիներին ու տարբեր բանտերից Եղիշեին որոշ դատապարտվածների կողմից ուղարկված ու  երախտագիտությամբ կնքված նամակները, որոնք այսօր էլ պահում է նախկին դատախազը`որպես գնահատական ու վկայություն իր աշխատանքի, նվիրումի եւ արդարադատության: 
 Դառնալով հանրապետական կարգի անհատական թոշակառու` անդադրում մարդը չի հեռացել իրավապահպան համակարգից  եւ 1976-1982 թվականներին աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես ավագ խորհրդական: 
 Դեռ 1972 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Եղիշե Ամիրխանյանին շնորհվել է ՙՀանրապետության վաստակավոր իրավաբանի՚ պատվավոր կոչումը: 
 Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքի պաշտպանության, ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում ներդրած անգնահատելի ավանդի, Հայաստանի դատախազության մարմիններում երկարամյա անբասիր, արդյունավետ ու արգասավոր աշխատանքի համար Եղիշե Ամիրխանյանին բազմիցս շնորհվել են կառավարական շնորհակալագրեր ու հուշանվերներ ու երեք տասնյակից ավելի հուշամեդալներ: 
 2007 թվականին  Գավառի ավագանու որոշմամբ նրան շնորհվել է Գավառի պատվավոր քաղաքացու կոչում:
 Անձնվեր աշխատավորն ու վաստակած վետերանը եղել է նաեւ օրինակելի ու ընտանիքին նվիրված հայր: Նրա կինը` Ելենան, ուկրաինուհի էր, ում հետ ընտանեկան առագաստը վարել է Եղիշեն շուրջ 6 տասնամյակ: Այսօր արդեն Ելենան ողջ չէ: Եղիշեն ու կինը համատեղ կյանքում ծնել են  երկու զավակ` որդի ու դուստր: Ունեն 5 թոռ եւ 9 ծոռ: Որդին, ցավոք սրտի, վաղ հեռացավ կյանքից, իսկ դուստրը` Սվետլանան, չնայած որ բնակվում է մեզանից հեռու` Ամերիկյան մայրցամաքում,  հոգով ու սրտով հոր հետ է, նրա կողքին, հեռվից ապրում է հոր ցավերով ու հոգսերով: 
 Հաղթանակի օրվանից անցել են երկար ու ձիգ տարիներ: Մայիսի 9-ը Եղիշե Ամիրխանյանի համար երեք խորհուրդ ունի: Այդ օրը խորհրդային ուժերը գրանցեցին իրենց Մեծ Հաղթանակը, իսկ Եղիշեն ու Ելենան վավերացրին իրենց ամուսնությունը:Եղիշեի այս երկու նվաճում-խորհուրդներին հայ մարտիկներն ավելացրին երրորդը՝ վերանվաճելով հայոց Շուշին: 
 Անցած վաթսունվեց տարիները դարձել են հուշերի փոշի եւ իմաստնացած ապրումներ` կուտակվելով Մեծ Հայրենականի մասնակցի հոգու ամբարներում:
 Այսօր իր կյանքի մայրամուտն ապրող մեր հայրենակցի տոնն է, տոն հաղթանակի ու հպարտության:  Եվ չնայած նա հուզվում է ու տխրում, սակայն ներքուստ երջանիկ է, եւ նրա ներսում թափ է առնում հաղթական օրերի երիտասարդ ու առնական ոգին՝ ներշնչելով ապրելու, արարելու ու ստեղծածը վայելելու ցանկություն: 
 Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More