ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 30 мая 2011 г.

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԸ ՉԿՈՐՉՈՂ ՈՏՆԱՀԵՏՔ


Ձորի Նոթոդ  քարափից քիչ վերեւ գանգուր ճյուղավորումով ծառանման մի բույս է աճում: Բունը արդեն կնճռոտվել է, գաճաճությանը չնայենք, բավականին տարիքոտ է:
Քարափի, ձորի, ողջ բնապատկերի հետ մերված` ապրում է իրեն` գարուններին սպիտակ աստղիկների նման ծաղիկներով հրդեհված, աշուններին` թթվաշ, կանաչավուն պտուղների լիության մեջ: Եվ ես գիտեմ այդ բույսի կենսագրությունը:
Տարիներ առաջ էր, վաղ գարնան օրեր էին: Անասունների ոտքի տակ քրքրած, լերկ ձորալանջին ծնկել էր հարեւան Ժորան եւ ասեղ կորցրած մարդու ուշադրությամբ ինչ-որ բան էր զննում:
-Ի՞նչ ես կորցրել, Ժորա, - հարցրեցին:
-Դու գտնելուց խոսիր, տես թե ինչ եմ գտել, - եւ մատնացույց արեց քարերի արանքում, գորշ հողի մեջ ծլած մի նազուկ բույս:
-Գիտե՞ս ինչն է զարմանալի, - ասաց նա,- այս բույսի տերեւները իսկ եւ իսկ ծիրանենու տերեւների են նման, բայց ցողունը այնքան բարակ է, որ կորիզից առաջացած չի լինի, ուրեմն հարց է ինձ համար, որտեղից է սրա սկիզբը…
Ձորից մեղմ քամի էր բարձրանում, փոքրիկ բույսի տերեւները դողդողում էին քամուց: Ժորան մտասույզ հակել էր գլուխը. երեւի ջանում էր գտնել մազի պես բարակ ցողունով այդ վտիտ բույսի ծագման հանելուկը: Իսկ ես մտածում էի  Ժորայի մասին: Ութսուն տարեկան է, սակայն աչքերի կայտառությունը հերքում է դա: Հիմա նա զինվոր, հանքափոր, կապրար, սայլվոր կամ հովիվ չէ, ինչ եղել է անցած տարիների երկար շարանում: Այնուհետեւ լինել անգործ, բազմոցի փափկությանը գերի, վեր է նրա ուժերից, դա ես գիտեմ, հավաստի է:
-Ես պիտի պահեմ այս թուփը, տեսնեմ ի՞նչ դուրս կգա, - ասաց Ժորան: Եվ պահել է ու դուրս է եկել քարափի քիվին այնքան մոտիկ, գանգուր ճյուղավորումով այն բույսը, որ ծառի է նման եւ Նոթոդ քարափին ասես կենդանության շունչ է հաղորդում:
-Վայրի բույսի հանդեպ մարդկային հոգածությունը, անշուշտ, բարոյական արժեք է, - մի անգամ ասացի Ժորային:
 -Իսկ ոչխար պահելը ի՞նչ արժեք է,- իր բնատուր հումորով հարցրեց նա, ու հաշվեց, որ երեսունհինգ տարի հովիվ է եղել, եւ, իր բառերով ասած, բազում բլուրների ու դաշտերի մտերիմը: Հետո ափսոսաց, որ հովվի ոտնահետքերը կորչում են, հիշվելու բան չի մնում:
Չկորչող ոտնահետք թողնելու եւ թե բնության հանդեպ հովվական անխաթար սիրո մղումով Ժորան իր զբաղմունքների շարանում հավելեց նաեւ մի նորը, եթե կարելի է այսպես ասել, անտառագործությունը: Իր տանը մերձակա լերկ ձորալանջին նա մի կտոր անտառ հիմնեց, շրջակա վայրի թփուտներից բերված, պապենական բարդիներից եւ այլ ծառատեսակներից կազմված մի փոքր անտառ, ուր գործում են սակայն մեծ անտառի բոլոր օրենքները: Ծառերի սոսափ կա այնտեղ, թռչունների ճռվողյուն ու կյանք… Այսպիսով, գանգուր ճյուղավորումով այն ծառանման բույսը, որը առաջինն էր Ժորայի խնամակալության ներքո, մենակ չմնաց: Նրա կողքին մի շառաչուն ծառաստան կա, որը իր հաճելի գոյությամբ դարձյալ պարտական է մադինեցի Ժորա Սարգսյանին եւ մնում է որպես նրա ստեղծարար աշխատանքի հիանալի արդյունք եւ չկորչող ոտնահետք…
Խորեն Կարապետյան
գյուղ Մադինա

2 comments:

Հարգելի հեղինակ, Խ. Կարապետյան՝
հաճույքով եմ ընթերցում ձեր ստեղծագործությունները... Ակնառու է ձեր սերն ու նվիրվածությունը դեպի հայրենի հողն ու բնությունը...
Ապրելով գյուղացու երեկվա և այսօրվա անվերջանալի թվացող հոգսերով՝ դուք ամուր կանգնած եք հայրենի հողին, գնահատում ու տեսնում եք ԳԵՂԵՑԻԿԸ , որն ապրում է , լույս աշխարհ գալիս յուրաքանչյուր թփի ու ծաղկի ծննդյան հետ, աճում ու զորանում հոգատար ծերունու խնամքի ներքո ու խոստանում վաղվա օրը...
Գնահատելի է ձեր ՀԱՐՈՒՍՏ ներաշխարհը , հարգելի հեղինակ, դուք հոգի ու զգացմունք եք հաղորդում ձեր խոհերով...

Հարգելի հեղինակ, Խ. Կարապետյան՝
հաճույքով եմ ընթերցում ձեր ստեղծագործությունները... Ակնառու է ձեր սերն ու նվիրվածությունը դեպի հայրենի հողն ու բնությունը...
Ապրելով գյուղացու երեկվա և այսօրվա անվերջանալի թվացող հոգսերով՝ դուք ամուր կանգնած եք հայրենի հողին, գնահատում ու տեսնում եք ԳԵՂԵՑԻԿԸ , որն ապրում է , լույս աշխարհ գալիս յուրաքանչյուր թփի ու ծաղկի ծննդյան հետ, աճում ու զորանում հոգատար ծերունու խնամքի ներքո ու խոստանում վաղվա օրը...
Գնահատելի է ձեր ՀԱՐՈՒՍՏ ներաշխարհը , հարգելի հեղինակ, դուք հոգի ու զգացմունք եք հաղորդում ձեր խոհերով...

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More