ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 11 марта 2012 г.

ԳԵՏԸ












Աշխարհը նորից այս գետի նման`
Հողին փարվելով, ափին զարկվելով,
Կմտնի մի նոր, երազային հուն`
Հազար բույրերով ու երանգներով:
Կգնա անվերջ, ջինջ ու կուսական,
Կվերադառնա անհայտ հրաշքով,
Կծնի արցունք, ցողիկ ու եղյամ
Եվ լույս մանուկներ` Աստծո պատկերով:
Կխայտա, ինչպես վտառը ձկան,
Իր քմայքներով, հույզերով անբավ,
Կզուգի լեռներ, ձոր ու անդաստան
Մի զուլալ հոգով, կրակոտ սիրով:
Կերթա իր գծած հավերժի Ճամփան`
Միշտ հուզված սրտով, վայրկյանից խռով,
Կձգվի դեպի անհունն ու հեռուն`
Ափերին ծիծաղ, հառաչ թողնելով:
Ջրերի վրա կպարի ոգին
Մի աներեւույթ, անսանձ սլացքով,
Շեմի դեմ հպարտ կնստի մի կին`
Որովայնը լի երկունքի բեռով:
Կզնգա գետի կանաչ ափերին
Երգը բնության կանչ ու կարկաչով,
Իր համար առողջ ունկեր կգտնի
Տարափը խոսքի այս հոսքի թափով:
Կհանդիպեն ու հրաժեշտ կտան
Մութն ու լույսն իրար գողտրիկ հայացքով,
Ջրի մրմունջն ու աղոթքը կառնեն,
Կտանեն երկնի արահետներով:
Թիթեռ ու ծաղիկ, գազան ու թռչուն
Կապրեն` միշտ կյանքին կարոտ ու ծարավ,
Անկանգ երթը մեր անխոս կցանի
Հաճույք ու վայելք, տառապանք ու ցավ:
Ձյան տակից հանկարծ կհորդի գարուն,
Հողը կպատվի ծիլ ու ծաղկունքով…
ՈՒխտավորների մի հոծ բազմություն
Տաճար կմտնի մոմ ու աղոթքով:
Հոգիս ջրի հետ կփարվի թաքուն,-
Ակունքից մինչեւ կապույտ, խորունկ ծով,-
Կտրվի դյութիչ կախարդանքներին,
Հեքիաթ կպատմի պապերիս լեզվով:
Ջրի ափերին աչքեր կշողան`
Ողողված պայծառ արեւի լույսով,
Անթիվ տաք սրտեր սիրուց կդողան,
Կվառեն իրար բոցե համբույրով…
Եթե հավերժ է ջուրն այս կուսական,
Եթե կանգ չունի դարերում անթիվ,
Կյանքն էլ կհորդի շռայլ ու խնդուն,
Կգնա-կգա նույն ճանապարհով:
Առեղծվածային այդ ճամփաներում
Նորից կքայլեմ նույն կարոտ հոգով,
Ջրին միացած, ջրից անբաժան`
Կխոսեմ ջրի զուլալ բարբառով:
Եվ ես չեմ լինի ուրիշ էություն,
Եվ ինձ չեն կերտի մի չեղած նյութով.
Մի կաթիլ ջրից նորից կծնվեմ,
Կգամ-կգնամ` միշտ կյանքին ծարավ:
Խոսրով Խլղաթյան

1 comments:

Մի կաթիլ ջրից նորից կծնվեմ,
Կգամ-կգնամ` միշտ կյանքին ծարավ:-Կյանքի յուրօրինակ փիլիսոփայություն, շատ խոհեր ծնող բանաստեղծություն: Շնորհակալ ենք հեղինակին այն գրելու համար:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More