ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

 (սկիզբը՝ նախորդ համարներում)
 Մակարը քար լռության մեջ իր կուսակցության զինվորի ու ղեկավարի առջեւ է թափում Գուրգենից հիշատակ մնացած հրացանն ու փամփշտակալները, սպիտակ խենչալը, ատրճանակը: Դաժան հրամանը ենթակա է անվերապահ կատարման: Մակարի զինաթափմանը պիտի հաջորդեր նաեւ մյուս ըմբոստների զինաթափումը: Անասելի անպատվություն կրած Մակարի կողքին անպատվություն է սպասվում նաեւ մյուս առյուծներին, որոնք թշնամու, բանտի ու մահվան սպառնալիքի դեմ վիզ չեն ծռել, բայց ահա շվար ու անօգնական կանգնել են հեռուներից եկած անհայտ ու փոքրամարմին մեկի դեմ ու պիտի բաժանվեն իրենց անդավաճան, սուրբ ընկերներից՝ զենքերից. ՙՇենիկի Ղազար եւ Լաճկանցի Արթին իրենք իրենց զինաթափ եղան:
Իսկ Շենիկի Մանուկ, որպես կատաղած վագր, ամուր բռնած իր հրացանը, հեծկլտող ձայնով կաղերսե. ՙԶենքս չեմ իտա. գնդակ մը տուր էսա ճակտիս.դու իմ պատվի հետ հորի՞ կը խաղաս՚: Սպաղանաց Մակար աչքերը կը չռե Մանուկի վրա. յանկարծ հրացան մը կը վերցնե մոտի ընկերեն եւ կը մոտենա հպարտ Մանուկին, ղոնտաղով հարված մը կիջեցնե թիկունքին, եւ, հրացանը խլելով, կը բերե, կը դնե առաջս: Այնուհետեւ քաշվելով ծառերու տակ, վիրաւոր առյուծի նման հոնգուր-հոնգուր արտասուք կը թափե իր զինվորներու գլուխը իր կրծքին քաշած: Տեսարանը խիստ յուզիչ է: Կարտասվե նաեւ Գեւորգ Չաուշը, որ այլեւս չդիմանալով կը մոտենա Մակարին եւ անոր վզին փաթաթուելով միասին կուլան: Ես կը մնամ միայնակ.սիրտս սաստիկ լեցուած է եւ կուզեմ լալ, բայց որոշած եմ զինվորական օրենքը գործադրել անշեղ... Այս դեպքը բոլոր ֆետայիները միացուց, մեկ հոգի դարձուց...՚:
 Ֆիդայիների զինաթափման, նրանց զինվորական կարգապահության բերելու դեպքի գեղարվեստական արտացոլումը իր տեղն է գտել Խաչիկ Դաշտենցի ՙՌանչպարների կանչը՚ վեպում: Սակայն գեղարվեստական այդ կտորում բացառապես անտեսված է Ռուբենի անունը: Որպես Սպաղանաց Մակարին ու մյուս քաջերին զինաթափող ու կարգի հրավիրող՝ հանդես է գալիս Քարայր անունը կրող հեղափոխական առաջնորդը, որը նույն Արմենակն է կամ Դժոխք Հրայրը:
 Վեպը չի կարելի նույնացնել պատմության եւ փաստագրական աշխատության հետ եւ գրողից ակնկալել դեմքերի ու դեպքերի անսխալ շարադրում: Դաշտենցին հաջողվել է իր վեպում հասնել գլխավոր նպատակին՝ ֆիդայիների ու ֆիդայական շարժման գեղարվեստական կերպավորմանը, նրանց գործի եւ անունների հերոսացմանը, մեր ժողովրդի երկրորդ հերոսավեպի կերտմանը: Սակայն ցավալին ոչ այնքան ֆիդայիների զինաթափման դրվագի ձեւափոխումն է, որքան՝ Ռուբենի անվան ու գործունեության շուրջ ստեղծված բանադրանքի խորացումը, մի բան, որ արվել է նրա անունը մոռացության տալու նպատակով: ՙՌանչպարների կանչի՚ շատ հատվածներ, որ ուղղակի քաղված  են Ռուբենի հուշերից, նույն կերպ ու զարմանալիորեն շրջանցել են Ռուբեն Տեր-Մինասյանի անունը, գոյությունն ու մասնակցությունը այդ իրադարձություններին: Անգամ այն տեսարանը, երբ Սոլուխի պատմական կռվից առաջ Ռուբենը երազ է տեսնում Գեւորգ Չաուշի համբառնալու մասին ու երազը պատմում Չաուշին, Դաշտենցի կողմից այսպես է ներկայացվում ընթերցողին... ՙՖիդայիներից մեկը երազ էր տեսել...՚: Այդ մեկի անունը ողջ վեպում մի աննշան դրվագում ընդամենը հիշատակելը խոսում է այն մասին, Ռուբենի շուրջ հյուսված բանադրանքից Դաշտենցը չի կարողացել վեր կանգնել: Մինչդեռ, որքան պատմականությունը ճշմարտության կարիք ունի, այդքան էլ՝ գեղարվեստական ստեղծագործությունը:
 Եթե հակվենք այն մտքին, որ Դաշտենցին խանգարել է խորհրդային գրաքննությունը, ապա դա էլ կասկածի տեղիք է տալիս, քանի որ ՙՌանչպարների կանչը՚ տպագրելու տարիներին շատ անուններ կարող էին արգելվել նույն գրաքննության կողմից եւ ուղղակի դուրս բերվել գրքից: Մասնավորապես հիշատակենք Դրաստամատ Կանայանին, ում անունը քանիցս հիշատակվում է վեպում, այն էլ քաջության ու վճռականության կերպարի մեջ: Ռուբենը քիչ ավելի մերժված անուն էր Խորհրդային Միության համար, քան Դրոն, ում շուրջ ավելի շատ բանադրանք էր հյուսվում Երկրորդ աշխարհամարտում Ֆաշիստական Գերմանիայի հետ գործակցելու համար: Այս հարցի մասին խոսել է գրականագետ Կարո Վարդանյանը: Իր ՙՍասուն աշխարհի բանասացը՚ գրքում նա նշում է, որ ժամանակին Ռուբենի հարաբերությունները լարված են եղել Մշո Առյուծի՝ Սմբատ Բորոյանի հետ: ՙՌանչպարների կանչի՚ գլխավոր հերոսի՝ Սմբատի կամ Մախլուտոյի կարծիքն ու վերաբերմունքը Ռուբենի հանդեպ եղել է մերժողական ու բացասական մի շարք պատճառներով, նաեւ՝ Միսաք Բդեյանի պատճառով: Չմոռանանք, որ ՙՌանչպարների կանչի՚ գլխավոր աղբյուրներից ու ոգեշնչողներից մեկը եղել է Մախլուտոն: Այս մարդու գործն ու անունն էլ արտացոլված են թե Ռուբենի ՙՅիշատակներում՚, թե՜ Դաշտենցի ՙՌանչպարների կանչում՚: Միսաք Բդեյանը՝ Սմբատ Բորոյանի քեռին, եղել է Մուշի նշանավոր հեղափոխական գործիչներից մեկը: Նա ոչ միայն զենքի, այլ գրչի մարդ է եղել՝ հեղինակելով ՙՀարազատ պատմութիւն Տարոնոյ՚ գիրքը: Եվ այս անձնավորության մասին առանց դատափետելու, քննադատելու, ինչ-որ տեղ նույնիսկ ակնածանքով է խոսել Ռուբենն իր հուշերում:
  Խոսրով Խլղաթյան
 /շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More