ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ԻՄ ԹԱՆԿԱԳԻՆ ՀՈՒՇ, ԻՄ ԹԱՆԿԱԳԻՆ ՀԱՅ ՀԱԿՈԲ

 Պատերազմի սկզբնական շրջանում, երբ թշնամին զավթել էր մեր երկրի զգալի մասն ու հասել Կովկասյան նախալեռներ, աշակերտներս էլ մեր ՙպատերազմական՚ նախապատրաստությունն էինք տեսնում: Յուրաքանչյուր դասարան ուներ իր պաշտպանական ՙզենքը՚ ու դպրոցի բակում՝ ՙխրամատը՚: Մենք միշտ պատրաստ վիճակում սպասում էինք ՙտագնապ՚ ազդանշանին: Եվ երբ լսվում էր այդ ազդանշանը, ՙդասակը՚, այսինքն դասարանը, ՙմարտական՚ վիճակում էր:
 1943թ. մենք ավարտեցինք դպրոցն ու  լծվեցինք գյուղատնտեսական աշխատանքներին, ուր աշխատում էինք գիշեր-ցերեկ: 1944թ. նոյեմբերին վերջապես եկավ մեր բանակ գնալու ժամանակը:
Մեր սկզբնական ծառայությունն անցավ վրացական Գորի քաղաքում, 88-րդ հրաձգային գնդում, որի հրամանատարն էր մեր հայրենակից, Խորհրդային Միության հերոս, փոխգնդապետ Գեդեոն Միքայելյանը:  Մի քանի ամիս այստեղ վարժվելուց հետո 1945թ. ապրիլի 1-ին մեկնեցինք ռազմաճակատ: Ապրիլի 15-ին մենք արդեն ռազմաճակատում էինք՝ 2-րդ բելոռուսական ռազմաճակատի 49-րդ բանակի 238-րդ դիվիզիայի 837-րդ գնդի կազմում: Ինձ հետ էին այստեղ Նորատուսից Ջանիբեկ Հակոբյանն ու Խաչիկ Խաչատրյանը, Բատիկյանից՝ Խաչիկ Ավետիսյանը, իսկ Սարուխանից՝ Բալաբեկ Կռոյանը, Ջանիբեկ Իրիցյանը եւ ես: Մեր մարտական ուղին սկսվեց Քյոնիքսբերգ քաղաքից: Մարտերով անցնելով Դանցիկ քաղաքը ու մի քանի գյուղեր, գյուղաքաղաքներ, ապրիլի 20-ին հասանք Օդեր գետը, որտեղ գերմանացիները պաշտպանական մեծ գործեր էին արել: 2 օր մենք Օդերի ափին էինք: Քանի որ գարուն էր, գետը հեղեղվել էր: Գետի բոլոր կամուրջները գերմանացիները իրենց հետեւից քանդել էին: Գետը անցնելու համար հարկավոր էր նոր կամուրջ կառուցել: Գետի արեւելյան ափին կանգնած հարյուրավոր հրանոթները ականանետները եւ փառաբանված ՙկատյուշաները՚ անընդհատ հազարավոր արկեր էին թափում գետի այն ափին դիրքավորված թշնամու վրա՝ հնարավորություն տալով մեր սակրավորներին գետի վրա կամուրջ կառուցելու: Ապրիլի 24-ին կամուրջը պատրաստ էր: 25-ի վաղ առավոտյան մենք՝ զինվորներս անցանք կամրջի այն ափը, մեզ հետ էին անցնում մեր տանկերը, կատյուշաները, հրետանիները եւ այլ տրանսպորտ: Մեզ հետ էր նաեւ լեհական մի հեծելազորային գունդ: Անցնելով այն ափը՝ մենք զարմացանք, երբ տեսանք, որ գետափի գերմանական բոլոր ամրությունները ավերվել էին, նրանց կողքին կային զինվորների դիակներ: Հողը կարծես մաղված լիներ՝ չկար մի մետր հող, որի վրա արկ պայթած չլիներ: Գերմանացիները նահանջել էին 7-8 կմ եւ դիրքավորվել էին Շտետին քաղաքի մոտ: Սակայն շուտով ընկավ նաեւ այդ բերդաքաղաքը, եւ քաղաքում երեւում էին միայն սպիտակ դրոշակներ:
 Այսպիսով, մեր մարտական ուղին սկսվեց Օդեր գետից մինչեւ Էլբա գետը մոտ 400 կմ, որը մենք մարտերով անցանք 12 օրում: Տեղ-տեղ հանդիպում էինք համառ դիմադրության: Բայց ընդհանրապես գերմանացիները փախչում էին, իսկ մենք էլ վազում էինք նրանց հետեւից: Գերմանական ՙանպարտ՚ բանակի զինվորները, սպաները, գեներալները մեզ դիմավորում էին հաճախ զենքը ցած գցած, ձեռքերը վեր բարձրացրած, տեսնելով, որ դիմադրությունն իզուր է:
 Այսպիսով, անցնելով Շտետին, Գրամբով, Գարդելեգեն քաղաքները ու հարյուրավոր գյուղեր՝ մայիսի 8-ին հասանք Էլբա եւ մի փոքրիկ քաղաքում՝՝ Գլովենում, հանդիպեցինք մեր դաշնակից ամերիկացիներին՝ ավարտելով պատերազմը մեր տեղամասում: Այդ քաղաքի կենտրոնով անցնում էր Էլբայի վտակներից մեկը, որը ջրանցքի էր նմանվում: Սրա արեւելյան ափը մենք էինք զբաղեցրել, իսկ արեւմտյանը՝ ամերիկացիները: Գետը դարձել էր մեզ համար սահման, իսկ մենք՝ սահմանապահներ: Քաղաքի կենտրոնում, որտեղ տեղավորվել էր մեր վաշտը, կար մի կամուրջ, որը նավարկության համար բարձրանում էր, իսկ մեքենաների համար իջնում: Ինձ հաճախ էին նշանակում այս կամրջի մոտ ժամապահ: Մայիսի 9-ը՝ հաղթանակի օրը, նշեցինք այստեղ: Մեզ էին միացել նաեւ մի քանի ամերիկացիներ: Ես շատ հպարտ եմ, որ մեր այդքան երազած հաղթանակը զենքը ձեռքիս դիմավորել եմ մարտադաշտում: Մենք մոտ մեկ ամիս այստեղ ծառայեցինք որպես սահմանապահներ, որտեղ մեր գլխով շատ միջադեպեր անցան, որոնք անմոռանալի են: 
Պատերազմի ավարտից 3-4 օր անց, երբ ես ժամապահ էի կանգնած այդ կամրջի մոտ, ավելի ճիշտ՝ նրանից  10-12 մետր հեռու ճանապարհի վրա հենց նոր կառուցած շլագբաումի մոտ, ինձ է մոտենում Խորհրդային բանակի մի բժիշկ-լեյտենանտ՝ սեւ-սեւ մազերով ու բեղերով: Նա ինձ խնդրում է, որ ես նրան թույլ տամ՝ մոտենալ բարձր դիրքում գտնվող կամրջին, որի վրա նստել էին 4 ամերիկացի զինվոր: Ես նրան առարկեցի, որ չի թույլատրվում շփվել ամերիկացի զինվորների հետ: Բայց նա շատ խնդրեց, այն էլ մի քանի րոպեով: Ես վերջապես նահանջեցի ու նրան թույլատրեցի մի քանի րոպեով զրուցել նրանց հետ, թեեւ, ինչպես պարզվեց, լեյտենանտը անգլերեն չգիտեր: Եվ նա մոտեցավ զինվորներին, ու սկսեցին աշխույժ ձեռքով-ոտքով զրուցել, մեկ էլ լեյտենանտը ինձ կանչեց իր մոտ: Ես, սուր սվինով հրացանը ուսած, մոտեցա նրանց: Ամերիկացիները կամրջի պռունկին նստած՝ տեղից վեր կացան ու կանգնեցին նույն տեղում: Եվ լեյտենանտը ցույց տալով նրանցից հասակով կարճին, ինձ ասում է. ՙՆայի՜ր, նա քեզ նման է եւ ինչ-որ լեզվով ինձ բաներ է հարցնում՚: Ես նայեցի, եւ իրոք, նշված տղան ինձ շատ հարազատ թվաց: Նա անմիջապես դիմեց ինձ հայերեն.
 -Դու հա՞յ ես: 
 Ես նրան պատասխանեցի, որ հայ եմ: Նա անմիջապես երկումետրանոց բարձրությունից ցատկեց ցած, այնպես, որ քիչ մնաց իմ հրացանի սուր սվինը խրվեր նրա փորը: Նա ինձ պինդ գրկեց, սկսեց համբուրել: Ես շփոթվել էի, չգիտեի՝ ինչ անել: Ցանկանում էի նրան մի կերպ հանգստացնել: Այդ դեպքից զարմացել էին թե ամերիկացիները, որոնք արդեն կամրջից ցած էին թռել, եւ թե՝ մեր լեյտենանտը: Այստեղ անմիջապես սկսվեց հարցուփորձը: Նա շատ ուրախացավ, որ ես Հայաստանի հայ եմ, դրա համար էլ իմ գլխին թափեց հարցերի տարափը: Ես չէի հասցնում պատասխանել նրա բազմատեսակ հարցերին: Իմ պատասխանները շատ էին ուրախացնում նրան, քանի որ նա շատ մեծ կարոտ էր զգում իր նախնիների հայրենիքի հանդեպ: Ինչպես ես զգում էի՝ այդ հայրենիքը նաեւ իրենն էր:
 Նրա ծնողները գաղթել էին Ալեքսանդրապոլից 1918 թվականին: Նրանց ընտանիքը բնավորվել էր ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում: Հակոբը, այսպես էր նրա անունը, եւ իր քույրը ծնվել էին այս քաղաքում: Նրանց ազգանունն էր Գուրջինյան: Հակոբը շատ էր խոսում իր ծնողների մասին, հատկապես՝ մոր, ով շատ էր կարոտում իր հայրենիքը: Անընդհատ մոր աչքերից թափվում էին կարոտի արցունքներ, եւ նրանք երազում էին վերադառնալ իրենց հայրենիքը: 
 Հետաքրքիր է, նրանք վերադարձա՞ն հայրենիք, չէ՞ որ 1946-47 թվականներին  Ամերիկայից էլ դեպի Հայաստան ներգաղթողներ  եղան: Ես Հակոբին տվել էի իմ հասցեն, եւ նա էլ իր հասցեն էր տվել, որը կորցրեցի Գերմանիայում 6 տարի ծառայելու ընթացքում: Մեր այդքան մտերիմ զրույցը զարմացրել էր թե ամերիկացիներին, եւ թե մեր լեյտենանտին, որոնք սկսել էին ինձ ու նրան տարբեր հարցեր տալ: Իսկ ես, կարելի է ասել, դառել էի ՙամերիկական՚ թարգմանիչ. լեյտենանտի խոսքերը իմ միջոցով Հակոբը թարգմանում էր անգլերեն: Ամերիկացիների խոսքերն էլ Հակոբի միջոցով ես էի թարգմանում ռուսերեն լեյտենանտի համար: Հակոբը ինձ առաջարկում էր, որ ես իրենց հետ գնամ ամերիկացիների զորամաս՝ մնացած զինվորների հետ ծանոթանալու համար եւ մասնակցելու մեր հանդիպման առթիվ կազմակերպվող մեծ միջոցառմանը /ըստ նրա ասածի/: Ես արդարանում էի, որ այդ հնարավոր չէ, քանի որ մեր զինվորներին հրամանատարությունը թույլ չէր տալիս շփվելու, մերձենալու ամերիկացիների հետ: Հակոբը չէր հավատում ու անընդհատ իրենն էր պնդում, իսկ ես արդարանում էի, որ դրա համար ինձ կբանտարկեն:
 -Ի՞նչ բան է բանտը, -ինձ էր հարցնում անհանգստացած Հակոբը: Ես մի կերպ ձեռքերի միջոցով նրան հասկացրի, թե ինչ է բանտը: 
-Հա~, հասկացա, - բացականչեց Հակոբը,- ուրեմն քեզ կգցեն զնդան: 
 Ես հաստատեցի նրա ասածը: Մենք պայմանավորվեցինք իրար հետ հանդիպել, որքան որ հնարավոր է: Ես շատ էի անհանգստացած, որ իմ պահակակետում գտնվելու պահին բավական ժամանակ զբաղվեցի ուրիշ գործով: Դրա համար խնդրեցի մեր լեյտենանտին գնալ, իսկ ես էլ վերադարձա իմ պահակատեղը: Հեռացան նաեւ ամերիկացիները, նրանց հետ նաեւ՝ ամերիկյան բանակի հայ պարաշյուտիստ Հակոբ Գուրջինյանը:
 Շուտով ես իմ հերթափոխը հանձնեցի, վերադարձա զորամաս: Այդ օրվա հետաքրքիր ու խոր տպավորություններով անցավ օրս: Տրվել էր օրվա ավարտի ազդանշանը, բոլորը քնեցին: Մեկ էլ մեր զորամասում սկսվեց մեծ աղմուկ: Հիմնականում աղմկում էր զորամասի օրապահը: Համարյա ամբողջ զորամասը ոտքի ելավ, այդ թվում ՝նաեւ ես: Աղմուկի գլխավոր մեղավորը ես էի, քանի որ իմ ծանոթ ամերիկացի հայ զինվորը մի լավ հարբել էր եւ իր ընկերոջ հետ անցել  գետը, գալիս էր ինձ մոտ: Բոլորը սկսել էին շոշափել իմ անունն ու ազգանունը: Ես դուրս եկա ու տեսա, որ Հակոբը լրիվ հարբած ինձ է կանչում,  որ իրենց հետ խմեմ գրպաններից հանած ու շշերի բերանը բացած ռոմը: Ինձ մի կերպ հաջողվեց խաղաղեցնել մեր նոր ծանոթներին ու հետաքրքրությունից իրար անցած իմ մարտական ընկերներին հասկացնել, թե ովքեր են նրանք, հատկապես՝ Հակոբը: Մեր վաշտի հրամանատարը, ով ինձ շատ էր հարգում, մի տեսակ մեղմացավ եւ  պատվիրեց, որ ՙսահմանախախտներին՚ տանեմ, անցկացնեմ սահմանը: Ես էլ կատարեցի նրա հրամանը:
Ահա մոտենում ենք մեր պահակակետին՝ կամրջին: Հեռվից իմ հերթափոխ ժամապահը հարցրեց  գաղտնաբառը: Ես ասացի գաղտնաբառն ու ժամապահ Մելնիկին  պատվիրեցի, որ ցածրացնի կամուրջը՝ ՙհյուրերին՚ անցկացնելու համար:
Հաջորդ օրը, կեսօրին, ես ու Հակոբը հանդիպեցինք գետափին, անտառի մեջ: Նա իր հետ շատ ուտելիք էր բերել: Հյուրասիրվեցին նաեւ իմ մի քանի մտերիմ ընկերները: Այստեղ Հակոբն ինձ ասաց, որ վաղը իրենց զորամասը տեղափոխվում է ուրիշ տեղ: Եկել էր ինձ հրաժեշտ տալու, հույսով, որ մի գուցե հետագայում մենք կհանդիպենք մեր մայր Հայաստանում, որի կարոտը խեղդում էր մեզ: Հիշատակի համար նա ինձ նվիրեց շվեյցարական մի սեւ ջրապաշտպան թանկարժեք ժամացույց, որը ես չկարողացա պահպանել նույնիսկ մեկ ամիս: Մինչեւ հիմա շատ եմ ցավում: Իսկ ես նրան նվիրեցի 4 գույնի միջուկներով մի շատ գեղեցիկ գրիչ, որը վերցրել էի գերի ընկած գերմանական մի սպայից:
 Այս դեպքերից անցել է ուղիղ 66 տարի, բայց երբեք նրանք, հատկապես՝ Հակոբը, դուրս չեն գալիս իմ հիշողությունից: Եվ ես միշտ մի հույս եմ փայփայում, որ այն հեռավոր տարիներին Հակոբը եկած կլինի իր ծնողների ու պապերի հայրենիքը: Գուցե դեռ կհանդիպե՞նք:
Գերասիմ Ավետիսյան
28.6.2011թ.

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More